
Ուր եւ ինչպես անհետացավ «Վանաձոր Քիմպրոմ»-ի 94 տոննա ամոնիակը
Հիմնական բացահայտումները
- Վանաձորում թունավոր ամոնիակը դիտավորությամբ կամ անփութությամբ բաց է թողնվել մթնոլորտ
- 2015-ին «Վանաձոր Քիմպրոմ»-ում եղել է 120 տ ամոնիակ, իսկ 2017-ին մնացել է 94 տ
- Գործարանի սնանկության գործով կառավարիչը հայտնել է, որ ամոնիակն իրացվել է
- Ամոնիակի իրացման վերաբերյալ փաստաթղթեր չկան
- 2020թ.-ին ԱԻՆ-ը պարզել է, որ գործարանում մնացել է 2 տ ամոնիակ
«Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ում առկա 94 տոննա ամոնիակի մասին առաջին անգամ բարձրաձայնվեց 2017թ.-ին: Լուծարման գործընթացում գտնվող գործարանում առկա վտանգավոր նյութերը, այդ թվում՝ ամոնիակը, այդ տարիներին չէին պահպանվում, կար հստակ վտանգ ոչ միայն մեծաքանակ արտահոսքի, այլ նաեւ հրդեհի ու զանգվածային թունավորման: Հասարակության անհանգստությունը իբր մեղմելու նպատակով մի շարք կառույցներ հայտարարություններ տարածեցին, ուսումնասիրություններ սկսեցին, հետո՝ 1 տարի անց, հայտարարեցին, թե ամոնիակը վաճառվել է սառնարանային տնտեսություններին, եւ անհանգստանալու կարիք չկա: Տարածած հայտարարությունում սակայն չէր նշվում, թե երբ, սառնարանային կոնկրետ որ ընկերությանն ու ինչ քանակի ամոնիակ է վաճառվել: Մասնավոր զրույցներում, սակայն, մի շարք պաշտոնյաներ պնդում էին, որ իրականում ամոնիակը չի վաճառվել ու շարունակում է վտանգ ներկայացնել:
Մենք փորձեցինք պարզել` նախ եթե վաճառվել է, ապա ում է վաճառվել, ինչպես է տեղափոխվել, ու գործարանում ներկայում որքան ամոնիակ է մնացել, ու արդյոք եղած ամոնիակը վտանգավոր չէ Վանաձորի բնակչության համար: Պարզվեց, որ ամոնիակի` սառնարանային տնտեսություններին վաճառված լինելու մասին որեւէ փաստաթուղթ առկա չէ:
Քիմիական գիտությունների թեկնածու Ռոզա Ջուլհակյանը, խոսելով ամոնիակի ու դրա վտանգների մասին, ասաց. «Ամոնիակի գոլորշիները, դուրս գալով օդ, ազդում են շնչառական ուղիների, թոքերի վրա ու առաջացնում հետագա բարդություններ ու բացասական հետեւանքներ: Սրա հետ մեկտեղ, օդի գոլորշիների, խոնավության հետ խառնվելով` առաջացնում է անուշադրի սպիրտ, որն ունի վառող ու քայքայող հատկություն, որպես ալկալի: Դա հիդրօքսիդ է, որը առաջացնում է NH4OH ամիակ, ամիակային թթու, որը ունի թթուներին բնորոշ հատկանիշ, ինչն էլ վնասում է շնչառական ուղիները: Շնչառական ուղիների, թոքերի ու առհասարակ մարդու առողջության վրա թողնում է բացասական ազդեցություն»:
Տիկին Ջուլհակյանն ասում է՝ ցանկացած նյութի նոսր կոնցենտրացիաները ագրեսիվ ազդեցություն չեն թողնում, բայց մեծ քանակը, ասել է թե` սահմանային թույլատրելի քանակից ավել արտահոսքը արդեն իսկ վտանգավոր է»:
Մասնագետը պնդում է՝ անգամ 2 տոննա ամոնիակն իրենից վտանգ չի ներկայացնում, եթե գլանատակառները հերմետիկ փակված են, ու եթե տարածքում չկա հրդեհավտանգ իրավիճակ: «Բայց եթե կողքը ջերմության աղբյուր լինի, այս դեպքում՝ հրդեհ, ապա պայթյունն անխուսափելի է: Գազը կընդարձակվի, ճնշումը կբարձրանա, ու պայթյուն կառաջանա»: Մասնագետը հիշեցնում է՝ ցանկացած գազ ունի իր պահման ու պահպանման անվտանգության հստակ կանոններ»: Մինչդեռ գործարանի, հատկապես ամոնիակի գլանատակառների տարածքը պատված է չոր խոտով, ինչն էլ կարող է հրդեհի պատճառ դառնալ:
Դեռ 2015թ.-ին, Արտակարգ իրավիճակների այն ժամանակվա նախարար Արմեն Երիցյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված գրության մեջ հայտնել էր, որ գործարանում առկա են մասնավորապես 120 տոննա ամոնիակ, 900 տոննա խտացված ծծմբական թթու եւ մի շարք այլ քիմիական վտանգավոր նյութեր: Նշված քանակությամբ քիմիական վտանգավոր նյութերի առկայությունը եւ գործարանի չաշխատելն արդեն իսկ տեխնածին վթարի աղբյուր են, իսկ պարտքի պատճառով էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումը կարող է հանգեցնել անկանխատեսելի բարդ հետեւանքների Վանաձոր քաղաքի բնակչության համար:
Վարչապետին ուղղված դիմումում նախարարը խնդրել էր Կառավարությանը հանձնարարել` էկոնոմիկայի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություններին, ինչպես նաեւ ՀԷՑ-ին ու «Վանաձոր Քիմպրոմի» տնօրինությանը գործարանում առկա վտանգավոր նյութերի քանակների հնարավորինս նվազեցման եւ դրանց պահպանման անվտանգության նպատակով անխափան էներգամատակարարման ապահովման խնդիրների լուծման տարբերակներ առաջարկել:
Ինչպես երևում է` 2015թ.-ին նախարարը հստակ մատնանշում է շուրջ 120 տոննա ամոնիակի գոյության փաստն ու ահազանգում Վանաձորի բնակչության համար հնարավոր վտանգների մասին:
Արդեն 2017թ.-ին, պաշտոնական փաստաթղթերով գործարանում մնացել էր շուրջ 94 տոննա ամոնիակ: Այս փաստը հաստատվում է մեր ձեռքի տակ հայտնված մի շարք փաստաթղթերով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից շարունակում էր անջատված մնալ գործարանի էլեկտրամատակարարումը, ինչի հետեւանքով չէին գործում նաեւ ամոնիակի բաքերի հովացման ու սառեցման համակարգերը, անվտանգության ազդանշանները: ԱԻՆ-ի կողմից համապատասխան մասնագետներ գործուղվեցին Վանաձոր՝ ուսումնասիրելու գործարանում առկա ամոնիակի քանակի մասին տվյալները, հնարավոր վտանգներն ու հետագա քայլերը:
Մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերից մեկում, որը կազմվել է 21.11.2017թ.-ին եւ որի տակ ստորագրել են ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության այն ժամանակվա պետը, «Քիմպրոմ մենեջմենթ» ՓԲԸ-ի տնօրեն Ա. Սնեգիրյովը, «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի տեխնիկական անվտանգության ծառայության պետ Ջ. Տեր-Ստեփանյանը եւ ընկերության սնանկության գործով կառավարչի ներկայացուցիչները, հստակ նշված է ոչ միայն առկա մոտ 94 տոննա ամոնիակի մասին: Նույն արձանագրության մեջ նաեւ նշվում է, որ տեղադրվել է վթարային շչակ, որը նախատեսված է վթարի դեպքում շրջակայքում բնակվողներին զգուշացնելու համար: Արձանագրության 3-րդ կետով նշվում է, որ ընկերության` պահեստարանում արտահոսքն ապահովող ավտոմատ համակարգը ապահովված է էլեկտրական հոսանքով եւ ջրով (մամուլում բարձրաձայնելուց հետո էլեկտրամատակարարումը կոնկրետ ամոնիակի պահման տարածքում ԱԻՆ-ի միջնորդությամբ վերականգվել է, մինչ այդ` տարիներ շարունակ, չի եղել): Արձանագրության վերջին կետում նշված է, որ եռօրյա ժամկետում կլուծվի նաեւ հերթապահ մասնագետ ընդունելու հարցը, որը կիրականացնի հսկողություն ամոնիակի պահեստարանում: Վերջին կետը եւս փաստում է, որ մինչ այդ հերթապահ-մասնագետ պարզապես չի եղել: Ասել է թե՝ անվտանգության որեւէ կետ չի պահպանվել ամոնիակի պահեստարանում:
Ամոնիակը որեւէ կերպ չի պահպանվել. պահման պայմանները խնդրահարույց են
2018թ.-ի հունիսի 6-ին ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Վահագն Օհանյանը «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Կ. Ասատրյանին պաշտոնական գրությամբ հայտնում է` նույն թվականի հունիսի 1-ին ընկերությունում ԱԻՆ աշխատակիցների իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ ամոնիակ պարունակող երկու գլանատակառը լցված է 25 տոկոսի չափով: Ձեռնարկությունում ապահոված չեն ամոնիակի պահպանման համար անհրաժեշտ անվտանգության նորմերը: Թվարկելով խնդիրները` աշխատակազմի ղեկավարն առաջարկել է սեղմ ժամկետում լուծել դրանք եւ գլանատակառների տարածքում իրականացնել շուրջօրյա հսկողություն:
Ամոնիակի պահեստարաններից կա արտահոսք
Մեր ձեռքի տակ հայտնված մեկ այլ փաստաթղթի համաձայն՝ 2018թ.-ի ապրիլի 13-ին ԱԻՆ բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի մասնագետները գործարանի պահեստարանում ամոնիակի առկայությունը պարզելու նպատակով իրականացրել են գործիքային հետազոտություն՝ FLIR E 50 ջերմային տեսախցիկով: Արդյունքում պարզվել է, որ առկա 60 տոննա տարողությամբ 5 պահեստարանից 3-ում ամոնիակը բացակայում է, իսկ 2-ում կա ամոնիակի որոշակի քանակություն: Նույն տեղում պաշտոնյան նախարարին զեկուցում է, որ վերոնշյալ հաստատված ամոնիակի 2 պահեստարանից տեղի է ունենում արտահոսք՝ ցածր կոնցենտրացիայով, բայց թույլատրելի(ՍԹԱ` Սահմանային թույլտարելի արտանետումներ) ծավալը չի գերազանցում։ Արտահոսքն արձանագրվել է DRAGER X 5600 տիպի քիմիական գազաանալիզատոր չափիչ սարքով: Թե կոնկրետ քանի տոննա ամոնիակ է հայտնաբերվել նշված գլանատակառներում եւ ինչքանն է արտահոսել, կամ արտահոսելու՝ չի նշվում: Փաստն այն է, որ կա ամոնիակ, եւ կա ամոնիակի արտահոսք: Չի նշվում նաեւ, թե ինչով է պայմանավորված արտահոսքը՝ գլանատակառի մաշվածությամբ, թե արհեստական ներգործությամբ կամ որեւէ դետալի խափանմամբ, եւ թե ինչ քայլեր են ձեռնարկվում ամոնիակի արտահոսքը կանխելու եւ բնակչությանը զգուշացնելու համար, քանի որ գործարանի տարածքում կան բնակելի տներ, բնակիչներն էլ հաճախ են օգտվում գործարանի հարեւանությամբ գտնվող անտառի բարիքներից:
Ուր անհետացավ 92 տոննա ամոնիակը
Ապամոնտաժվող ու թալանվող գործարանում պահվող ամոնիակի վերաբերյալ հասարակությունը հերթական անգամ հետաքրքրվեց 2020թ.-ի օգոստոսի 4-ին` Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյուններից հետո: Հասարակական աղմուկից հետո ընկերության սնանկության գործերով կառավարիչ Կարեն Ասատրյանը ԱԻ նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանին եւ Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանին 06.08.2020թ-ին հայտնեց. ««Վանաձոր Քիմպրոմի» սնանկության վարույթի շրջանակներում ամոնիակը վաճառվել է սառնարանային տնտեսություն ունեցող ընկերություններին, եւ տարողություններում առկա մնացորդը, որը տեխնիկապես հնարավոր չի եղել արտամղել, կազմում է մոտ 2 տոննա: Դատելով այս գրությունից` ամոնիակը վաճառվել է հունիսի 6-ից հետո:
Մենք փորձեցինք պարզել, թե կոնկրետ երբ, որ ընկերություններին ու գնման ինչ ընթացակարգով է վաճառվել գործարանի ամոնիակը, որի մասին պաշտոնական գրությամբ հայտնել էր սնանկության գործերով նախկին կառավարիչը: Ասատրյանին ներկայում փոխարինում է սնանկության գործերով կառավարիչ Սամվել Հարությունյանը: Շուրջ 1 ամիս տեւած հեռախոսազրույցներից հետո պարոն Հարությունյանը մեզ առաջարկեց այցելել Գյումրիում գտնվող իրենց գրասենյակ ու միասին ուսումնասիրել, փնտրել ու գտնել «վաճառված ամոնիակի գնորդներին»: Արդեն գրասենյակում ուսումնասիրելով հարյուրավոր փաստաթղթեր` գտանք գործարանից իրականացված բազմաթիվ վաճառքների մասին փաստող փաստաթղթեր, մինչդեռ կոնկրետ ամոնիակի մասով որեւէ փաստաթուղթ այդպես էլ չգտանք: Մինչ կնայեինք թղթերը, մեզ «առաջարկեցին» հեռանալ գրասենյակից, հիմա էլ հորդորելով գրավոր հարցում ուղարկել: Իսկ այն փաստաթղթերը, որոնք գտել էինք թղթապանակներում, մեզ արգելեցին լուսանկարել ու պատճենել, ինչպես նաեւ նոթատետրում նշումներ կատարել դրանց վերաբերյալ:
Սնանկության գործերով ներկայիս կառավարիչ Սամվել Հարությունյանին ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել էինք տալ տեղեկություն, թե կոնկրետ սառնարանային որ ընկերություններին ու գնման ինչ ընթացակարգով է վաճառվել ամոնիակը, որ թվականին եւ ինչ քանակությամբ: Ավելի քան 10 օր անց ուղարկված պատասխանում Ս. Հարությունյանը հայտնել էր միայն, թե ինքը երբվանից է նշանակվել այս գործով կառավարիչ՝ 12.04.2021 թ. «Հայտնում եմ, որ սույն գործով տեղեկություններ ինձ չեն հանձնվել»: Չստանալով մեր հարցերից ոչ մեկի պատասխանը` կրկին զանգահարեցինք պարոն Հարությունյանին, ևս մեկ անգամ հարց ուղղելով՝ եթե չի փոխանցվել, ուրեմն չկա՞ նման փաստաթուղթ, պարոն Հարությունյանը իր խոսքում հիշեցրեց՝ մեր՝ Գյումրիում փաստաթղթերի ուսումնասիրությունը` փաստացի հաստատելով, որ եթե նման թուղթ լիներ, ապա մենք էլ կտեսնեինք ու կգտնեինք:
Ամոնիակը, լինելով քիմիական վտանգավոր նյութ, ունի տեղափոխման հետ կապված անվտանգության հստակ չափորոշիչներ: Գրավոր հարցում ուղարկեցինք ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի անունով` խնդրելով տալ տեղեկատվություն` արդյոք 2017-2022թթ.-ին ոստիկանության, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվել է ուղեկցում՝ ամոնիակի տեղափոխման նպատակով: Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի պատասխանում նշված է, որ 2017թ.-ից մինչ օրս «Վանաձոր Քիմպրոմից» ամոնիակի տեղափոխման վերաբերյալ որեւէ գրություն, դիմում կամ առաջարկ չի ստացվել, չի իրականացվել նաեւ ուղեկցում ամոնիակի տեղափոխման ժամանակ:
Ստացվում է՝ ամոնիակը կամ չի տեղափոխվել, կամ էլ տեղափոխվել է անվտանգության նորմերի կոպիտ խախտումներում ու բնակչության կյանքը վտանգի տակ դնելով:
Մեզ տեղեկություններ հասան, որ 2018թ.-ին միայն «Երեւան գարեջուր» ընկերությունն է հետաքրքրվել գործարանից ամոնիակ ձեռք բերելով, որն էլ իրականացվել է ԱԻՆ-ի համապատասխան միջնորդությամբ: «Երեւան գարեջուր» ընկերությունից եկել են, սեփական ուժերով որոշակի քանակություն տեղափոխել իրենց մեքենայի վրա տեղադրված բաքի մեջ ու տարել, հետո արդեն հայտարարել են, թե գործարանում ամոնիակ չկա: Մինչդեռ, ինչպես հայտնեց մեր աղբյուրը, ամոնիակ եղել է, պարզապես դրա՝ բաքից բաք տեղափոխումն է սխալ իրականացվել: Բացի սրանից` ամոնիակի որեւէ տեղափոխություն գործարանից չի կատարվել, մանավանդ՝ համապատասխան մարմիններին պաշտոնապես տեղեկացնելու եղանակով:
Ավելի քան 2 ամիս տեւած հետաքննության ընթացքում բոլոր այն մարդիկ, ում հետ հանդիպումներ ենք ունեցել, պնդում էին՝ գործարանից ամոնիակ չի վաճառվել, նրանց խոսքով՝ բնակչության շրջանում աղմուկն ու խուճապը վերացնելու համար է հայտարարվել, թե ամոնիակը վաճառվել է սառնարանային տնտեսություններին: Եղան նաեւ մարդիկ, ովքեր պնդում էին, որ ամոնիակը օդ է բաց թողնվել:
ԱԻ նախարարության փրկարար ծառայության աղետների ռիսկերի նվազեցման եւ բնակչության պաշտպանության վարչության պետ Տիգրան Գիդաչյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ 2022թ.-ի փետրվարի 1-ի դրությամբ «Վանաձոր Քիմպրոմ»-ում առկա է 2 տոննա ամոնիակ: Ինչ վերաբերում է նշված թեկուզ 2 տոննա ամոնիակի պահման պայմանների ուսումնասիրությանը, հնարավոր վտանգների գնահատմանն ու չեզոքացմանը, վարչության պետն ասաց. «Այս պահի դրությամբ, քանի որ ձեռնարկությունը ճանաչվել է սնանկ, ԱԻՆ-ը տվյալ ոլորտում վերահսկողության իրականացնելու լիազորություններ պարզապես չունի: Դրանք տեսչական մարմնի գործառույթներն են…Այս պահի դրությամբ էլ մեր մասնագետները կարող են ինչ-որ չափով միջամտություն ունենալ, բայց դա արվում է հատուկ հանձնարարականով»:
Դիտարկմանը, որ խոսակցություններ կան, թե այս տարիներին գործարանը, ԱԻՆ-ի հետ համատեղ, օդ բաց թողնելու եղանակով ոչնչացրել է ամոնիակը, ասաց. «Դա բացառվում է, դա հնարավոր չէ, քիմիական նյութերից ամեն մեկն ունի ոչնչացման ու չեզոքացման եղանակ, եւ դրանք պահանջում են հատուկ ոչնչացում հատուկ տարբերակներով: Մթնոլորտ բաց թողնելու տարբերակը բացառվում է, որեւէ տարբերակով ամոնիակը չի ոչնչացվել»:
Վարչության պետը վստահեցնում է՝ 2 տոննա ամոնիակը իրենից վտանգ չի ներկայացնում. «Հաշվի առնելով գործարանի դիրքը մոտակա բնակչության հեռավորությունից, հաշվի առնելով տվյալ նյութի քանակն ու հատկությունները՝ գրեթե չէ: Դրա գոլորշիները ավելի շուտ կբարձրանան վերեւ ու կգոլորշիանան, քան թե կվնասեն»: Այստեղ կարեւոր է նշել, որ իրականում գործարանի դիրքն ու բնակչության շարժը բավականին մոտ տարածության վրա ՝ տեղ-տեղ մինչեւ 800 մետր:
ՇՄ «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության պետ Արմինե Գաբրիելյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով Վանաձորում 2018- 2022թթ ընկած ժամանակահատվածում օդի աղտոտվածությանն` ասաց՝ օդում ամոնիակի չափումներ իրենք չեն իրականացնում: Հետեւաբար՝ օդում ամոնիակի հայտնաբերման մասին խոսել կամ որեւէ տվյալ ներկայացնել հնարավոր չէ:
Կարելի է ենթադրել, որ այս տարիներին ամոնիակը պարզապես մթնոլորտ է բաց թողնվել: Պետական կառույցներից եւ ոչ մեկը սնանկության գործերով կառավարիչ Կարեն Ասատրյանից չի պահանջել գործարանի տարածքից իբր սառնարանային տնտեսություններին վաճառված ամոնիակը հավաստող հիմք, բավարարվել են միայն կառավարչի գրությամբ: Մինչդեռ ամոնիակը կամ ոչ ճիշտ պահպանման հետևանքով է արտահոսել օդ, կամ դիտավորությամբ է բաց թողնվել օդ:
Էդվարդ Արզումանյան
Մեկնաբանել