Հաստատվեց 315 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային համաձայնագիր
Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկեց ու ընդունեց «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022 թվականի հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին որոշումը: Այն ընդունվեց 65 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Ըստ համաձայնագրի` Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից դեռևս 2019թ. մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատվել է 180 մլն հատուկ փոխառության իրավունք (ՀՓԻ) (248.2 մլն ԱՄն դոլար) արժողությամբ եռամյա պահուստային ծրագիր` ուղղված տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը:
Ծրագրի երկրորդ վերանայման շրջանակներում ԱՄՀ ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել ծրագրի նպատակայնությունը փոխելու և հասանելի միջոցները օգտագործելու կորոնավիրուսային համավարակի հետևանքների մեղման նպատակով` ներգրավելով հավելյալ 128.8 մլն ՀՓԻ (175 մլն ԱՄՆ դոլար) վարկային միջոց:
Այսպիսով, բյուջետային աջակցության վարկի ընդհանուր արժեքն է շուրջ 231.656 մլն ՀՓԻ (315 մլն ԱՄՆ դոլար):
Ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով` վարկային միջոցները բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար են: Ըստ նրա` վարկային միջոցների կարիք առաջացել է կորոնավիրուսի համավարակի դեմ տնտեսական խթանների օգտագործման համար, իսկ երկրորդ փուլով ներգրավվող վարկը նույնպես դեֆիցիտի լրացմանն է ուղղվելու:
Վարկի մարումը կատարվելու է 8 հավասար եռամսյակային մարումներով՝ մասհանումից հետո 3.25 տարուց:
Վարկի տոկոսադրույքը բաղկացած է շուկայական ՀՓԻ տոկոսադրույքից, որն ունի նվազագույնը 0.05% շեմ, և մարժայից, որը սահմանվում է յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար (ներկայում՝ 1%), միասին՝ բազիսային տոկոսադրույք, և հավելավճարից, ինչը կախված է չմարված վարկի գումարից և ժամանակից. քվոտայի 187.5%-ը գերազանցելու դեպքում վճարվում է տոկոսադրույքի հավելավճար՝ 2% դրույքաչափով, իսկ եթե 3 տարի անց վարկը մնում է քվոտայի 187.5%-ից բարձր, ապա հավելավճարը դառնում է 3%:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել