Արարատ Միրզոյանը մասնակցել է «Ֆրանսիա-Հայաստան համագործակցության հեռանկարներ» համաժողովի բացմանը
Մարտի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Փարիզում գտնվող արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի արտգործլիազոր նախարար Ժան-Բատիստ Լըմուանի համանախագահությամբ անցկացվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Ֆրանսիա-Հայաստան համագործակցության հեռանկարներ» համաժողովի բացման արարողությանը: Այս մասին հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Համաժողովի մեկնարկին իր ելույթում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև ձևավորված հարյուրամյակների պատմություն ունեցող ավանդական կապերը կարևոր հիմք են հանդիսացել հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարգացման համար:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ չնայած 30-ամյա հայ-ֆրանսիական հարուստ օրակարգին՝ առկա են համագործակցության ընդլայնման մեծ հնարավորություններ, մասնավորապես՝ տնտեսական, ենթակառուցվածքների, կրթական, առողջապահական, մշակութային և այլ ոլորտներում:
Ինչպես ասվում է հաղորդագրությունում, շեշտվել է, որ առկա է երկուստեք վճռականություն՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ոգով ընդլայնելու հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը՝ այն համահունչ դարձնելով երկու ժողովուրդների բարեկամությանն ու բարձրաստիճան սերտ քաղաքական երկխոսության մակարդակին։
Մեկնաբանել