HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Buduart. Դիլիջանը հարուստ է ոչ միայն բնությամբ, այլեւ ստեղծագործող մարդկանցով

Դիլիջանի Buduart ցուցասրահ-արվեստանոցը արվեստագետների եւ արվեստի սիրահարների հավաքատեղի է: Այստեղ անց են կացվում  գեղանկարչության, պղնձյա զարդերի, վիտրաժի, խեցեգործության, բատիկի վարպետաց դասեր: Այն հիմնադրել են ամուսիններ Արման Բադեյանը  եւ Մարգարիտա Մալխասյանը:  Ցուցասրահ-արվեստանոցի շենքը, Մարգարիտայի պատմելով, 19-րդ դարի շինություն է, որն Ուլիխանյաններ ընտանիքի ամառանոցն է եղել: ԽՍՀՄ-ի տարիներին շենքը բաժանվել է բնակարանների եւ հատկացվել 7 ընտանիքի: Բնակարաններից մեկում Մարգարիտայի հոր ընտանիքն է ապրել: Երբ նա սովորում էր Դիլիջանի գեղարվեստի ակադեմիայում, ծնողները որոշում են Buduart-ի ներկայիս մասը գնել Մարգարիտայի համար՝ որպես արվեստանոցի տարածք:

  

«Արմանն ու մեր մյուս ընկերներն ակադեմիայից հետո գնացին բանակ: 2006-ին  վերադարձան, ու հայրս ասաց` ինչի՞ մենակ Մագայինը լինի արվեստանոցը, լավ ընկերներ եք, վերցրեք ձեզ համար ու աշխատեք: Մենք շատ եռանդուն սկսեցինք արվեստանոցի վրա աշխատել, ու քանի որ մեծ տարածք կար նկուղային հարկում, բոլորով մտածեցինք, որ բացի արվեստանոցը նաեւ ցուցասրահ կարող ենք ունենալ, որտեղ ոչ միայն մեր աշխատանքները ցուցադրենք, այլեւ մեր ընկերներինը, մեր քաղաքի բոլոր արվեստագետներին տրամադրենք: Ու այսպես՝  քիչ-քիչ իդեաները սկսեցինք վերածել իրականության»,- ասում է Մարգարիտան: 

2008-ին տեղի է ունենում «Buduart»-ի բացումը: Արմանի խոսքով՝ անունը կապված է «Բուդուար» գանձարան բառի հետ, իսկ «արթը» արվեստն է: Ներսի նկուղային հատվածը գաղտնի սենյակի տպավորություն է թողնում, իսկ դրսից շենքը հին դիլիջանյան ճարտարապետությանն է համահունչ: 

«Վերեւի հարկը գնել ենք, հիմա ուզում եմ թարմացնել ու նորից պահել մեր ոճի մեջ: Արվեստանոցում ապրում ենք, բայց կողքի սենյակները, որտեղ ցուցասրահն է ու պետք է վարպետաց դասեր անենք, վերանորոգման փուլում են»,-ասում է Արմանը: 

Նա մանկուց նկարել է: Սովորել է Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցում: Ապա ընդունվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղ, որտեղ էլ ծանոթացել է ապագա կնոջ հետ: Սկզբում ընկերներ են եղել եւ չեն մտածել, որ միասին ընտանիք կկազմեն:  

Միեւնույն մասնագիտությունն օգնում է նրանց աշխատանքում, քանի որ միշտ կողմնակի կարծիք է անհրաժեշտ լինում: Մարգարիտան կատակով ասում է՝  խանգարող հանգամանքը տարածքն է:   

«Ամենասթափ ու ամենաստույգ կրիտիկներն ենք իրար նկատմամբ, որը միանշանակ մեր աշխատանքի մեջ մեզ օգնում է, լրացնում է կիսատը: Երբեմն միաժամանակ նույն արվեստանոցում աշխատելը խանգարում է, որովհետեւ տարբեր բաներով ենք զբաղվում, ճիշտ է՝  նույն ֆակուլտետում ենք սովորել, բայց աշխատանքի բերումով հիմա ամեն մեկս տարբեր ուղղություններով է զբաղվում»,-ասում է Մարգարիտան:

Գեղանկարչությունից բացի, Արմանը զբաղվում է նաեւ զարդագործությամբ, դարբնագործությամբ, գորգագործությամբ, կավագործությամբ: Երբ Արմանին հարցնում են, թե ի՞նչ մասնագիտություն ունի, միշտ այսպես է պատասխանում. «Նայած՝ այդ օրը ինչ տրամադրությամբ եմ արթնանում: Նկարչության մեջ դու շփվում ես տարբեր նյութերի հետ, ու իմ մոտ  պահանջ է ստեղծվում նաեւ մետաղով ու  փայտով,  կավով ու գորգի հետ աշխատել: Այս արվեստն ու արհեստն է մնացել, որ պետք է ամբողջ ատամներով, ուժով կպած պահենք. դա էլ են տանում մեր ձեռքից: Եթե մենք՝ մասնագետներս, պարսկական, ադրբեջանական ու մեր հայկական գորգերի տարբերությունները հասկանում ենք, ապա դրսում այդքան էլ չգիտեն մեր  գորգերի մասին, որովհետեւ փառատոներին մենք ներկայանում ենք ընդամենը խղճուկ բուկլետներով, իսկ նման պետություններն այնպիսի ցուցադրություններ են կազմակերպում ու այնպիսի գորգերով են ներկայանում, որ մարդկանց համար ինչը տեսանելի եւ շոշափելի է, ասում են` ուրեմն տվյալ պետությանն է»: 

2011 թվականից Արմանը աշխատել է Դիլիջանի երկրագիտական թանգարան պատկերասրահում՝  որպես վերականգնող նկարիչ, իսկ 2019-ից թանգարան-պատկերասրահի տնօրենն է: Թանգարան-պատկերասրահում կա հնագիտական իրերի ցուցասրահ, որտեղ մ.թ.ա 1-ին, 2-րդ, 3-րդ հազարամյակներից պեղված բազմաթիվ զարդեր կան: Հին զարդերը մաքրելիս Արմանը նկատել է, որ այսօր նոր զարդեր չեն ստեղծվում, այլ ընդամենը ինչ-որ էլեմենտ  են ավելացնում հնին: Այդ պատճառով սկսել է զարդեր պատրաստել:

Գորգագործությամբ Արմանը զբաղվել է դեռեւս ուսումնառության տարիներին։ Բայց եւ շատ է ոգեշնչվել իր համաքաղաքացի, արվեստաբան Սերիկ Դավթյանից: Նա, Արմանի խոսքով, հայկական ժանյակի, կարպետագործության ու ասեղնագործության գիտական հավաքածուների հեղինակ է, դասավանդել է Դիլիջանի, Բաքվի, Սարատովի եւ Երեւանի դպրոցներում: Սերիկ Դավթյանի կյանքն ուսումնասիրելուց հետո Արմանը որոշում է իր դիպլոմային աշխատանքն անվանել «Սերիկ»: 

«Դա նորարարություն էր գորգի մեջ, դասական գորգից տարբերվող: Տեսեք, այս գորգը երիզներ ունի մեջը, իսկ իմ գորգը երիզ չուներ: Ես վերցրել էի մեծ կարպետի դետալներ ու ավելի շատ եռաչափ ձեւ տված՝ տարածության մեջ գործել: Այդպիսի հետաքրքրիր աշխատանք էր ստացվել, ու «Սերիկ» էի դրել անունը: Մենք հիմա թանգարանում առանձին անկյուն ենք պատրաստում, որտեղ տեղ կզբաղեցնեն Սերիկ Դավթյանի ծավալուն գործունեության նմուշները»,-ասում է Արմանը: 

Վարպետաց դասեր են իրականացվում նաեւ Դիլիջանի Երկրագիտական թանգարան-պատկերասրահում: Արմանը ցանկանում է, որ թանգարանի կյանքն աշխուժանա, միայն քանդակներ, նկարներ չլինեն, այլ մարդիկ իրենց ձեռքով պատրաստեն: Մարգարիտայի խոսքով՝ տարիների ընթացքում այցելուների թիվն ավելանում է. քաղաքի թանգարան-պատկերասրահը ճանաչելի է:

 

«Մի ժամանակ ուղղակի քաղաքի հյուրերն էին, քայլում էին, գալիս էին թանգարանը գտնում, իսկ հիմա հարցնում են, թե որտեղ է Դիլիջանի երկրագիտական թանգարան պատկերասրահը, գիտենք՝ մեր թանգարանի համար են գալիս»,-ասում է Մարգարիտան: 

Ամուսինները նկատում են, որ այսօր մարզերում շատ աշխատանք կա անելու, քանի որ մշակույթի ոլորտն ավելի շատ կենտրոնացված է մայրաքաղաքում:

«Ինչքան էլ  օնլայն հարթակները կան,  միեւնույն է,  մայրաքաղաքը ուրիշ է մնում, այս դեպքում ոչ միայն նկարչության, այլեւ արվեստի ցանկացած բնագավառում,- ասում է Մարգարիտան:

«Իսկ ես սիրում եմ Դիլիջանը, չեմ էլ պատրաստվում գնալ»,- պատասխանում է Արմանը:   

Մարգարիտան այժմ աշխատում է Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցում: Հիմնականում բատիկայի դասեր է տալիս երեխաներին, իսկ քաղաքի հյուրերի եւ տեղացիների համար վարպետաց դասեր են կազմակերպում:  

Արմանի ու Մարգարիտայի աշխատանքները մի շարք ցուցահանդեսների են մասնակցել, սակայն անհատական ցուցահանդես դեռ չեն ունեցել:  Ասում են՝ անհատական ցուցահանդեսը լուրջ քննություն է ինքդ քո առաջ եւ լուրջ նախապատրաստական աշխատանք է պահանջում: Արմանը որոշել էր այս տարի կազմակերպել, բայց աշխատանքները քիչ են: 

«Ուզում եմ՝ ոչ միայն նկար լինի ցուցադրված, այլեւ գորգ, կերամիկա, զարդեր: Այսինքն՝ այն, ինչ որ արել եմ: Տեսնում եմ, որ չի լինում, նկարները նորից վաճառվում են»,- ասում է Արմանը:

Արմանն ու Մարգարիտան երկու որդի ունեն` 9 եւ 5 տարեկան: Ամուսինների խոսքով՝ իրենց տան պատերին երեխաները ստեղծագործում են, սակայն չեն դժգոհում: Արմանի կարծիքով՝ պատերի այդ «խզբզած» նկարներից լավը չկան: 

«Թող նկարեն, պատը կներկենք, ոչինչ, բայց երեխեքն արտահայտվում են դրա միջոցով, իրենց էներգիան դուրս են տալիս: Ամեն տարիքի հետ էլ, որ հասակը չի հասնում, թաթերի վրա կանգնած, ավելի վերեւ են նկարում, նոր տարածք է պետք»,-ասում է Արմանը: 

Գլխավոր լուսանկարում՝ Արման Բադեյանը  եւ Մարգարիտա Մալխասյանը իրենց զավակների հետ

Անի Թամրազյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter