HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Քերոբյանը աշխատանքային այցով Դոհայում է

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 9-ից երկօրյա աշխատանքային այցով Կատարի մայրաքաղաք Դոհայում է՝ Կատարի գործընկեր նախարարների և այլ պաշտոնյաների հետ քննարկելու առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները և մասնակցելու Կատարի Պետության գյուղատնտեսական և բնապահպանական 9-րդ միջազգային ցուցահանդեսին, որտեղ Հայաստանը կներկայանա իր ազգային տաղավարով։

Այս մասին հայտնում է էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Մարտի 9-ին Վահան Քերոբյանի առաջին հանդիպումը եղել է Կատարի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ շեյխ Խալիֆա բին Ջասեմ բին Մուհամմադ Ալ  Թանիի հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են պարենային անվտանգությանն առնչվող խնդիրները, փոխշահավետ համագործակցության հնարավորությունները։

Վահան Քերոբյանը, ըստ նախարարության հաղորդագրության, ներկայացրել է Հայաստանի տնտեսության հիմնական ուղղությունները, մասնավորապես անդրադարնալով հանքարդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, ներդրումային միջավայրին և Հայաստանի ներդրումային հնարավորություններին։ Նախարարը ներկայացրել է նաև կառավարության կողմից հաստատված Հայաստանի հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը և առաջարկել դիտարկել Կատարից պարարտանյութերի մատակարարման և այդ ոլորտում Հայաստանում ներդրումներ իրականացնելու տարբերակը։ Վահան Քերոբյանն առաջարկել է քննարկել նաև Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում Կատարի ներդրումային ընկերությունների հնարավոր մասնակցությունը։

«Կատարի գործարար շրջանակները մեծ հետաքրքրվածություն ունեն Հայաստանի գյուղմթերքի վերամշակման, մասնավորապես չրագործության նկատմամբ, ինչպես նաև ոչխարի մսի արտահանման հնարավորություններով», - հայտնել է նախարարը։

Համագործակցության ուղղությունները հստակեցնելու և երկու երկրների գործարարների շփումներին աջակցելու նպատակով Վահան Քերոբյանն առաջարկել է Հայաստանում անցկացնել հայ-կատարական գործարար համաժողով և այդ առիթով Կատարի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ շեյխ Խալիֆա բին Ջասեմ բին Մուհամմադ Ալ Թանիին հրավիրել է այցելել  Հայաստան։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter