
«Արցախում իրադրության որոշակի լարում ունենք»․ Նիկոլ Փաշինյան
«Վերջին օրերին, հատկապես Արցախում իրադրության որոշակի լարում ունենք, ինչն ընդգծվում է նաև Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ։ Այս պահին որևէ հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ»,- այս մասին կառավարության մարտի 10-ի նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը նշեց, որ այս պահին աշխատում են Արցախի իշխանությունների և միջազգային գործընկերների հետ իրադրությունը կայունացնելու համար։
Փաշինյանն անդրադարձավ նաև Փարիզում կայացած հայ-ֆրանսիական ֆորումին։
«Կարծում եմ, որ պետք է այդ համաժողովն օգտագործելով՝ նոր լիցք հաղորդենք Ֆրանսիայի և Հայաստանի տնտեսական համագործակցությանը, և ոչ միայն տնտեսական։ Փարիզյան այցում քննարկել ենք հարցերի լայն շրջանակ։ Կարևոր է ընդգծել Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր։ Ես առիթ ունեցա նաև ոչ պաշտոնական հանդիպում ունենալ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Քննարկվեցին ԵՄ-Հայաստան համագործակցության հարցեր»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ այցը բավական հաջող էր։
Մեկնաբանել