HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եկամտահարկի միջոցով ուսման վարձի փոխհատուցման դիմումներն առաջարկվում է ներկայացնել բուհ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրավական ակտերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել եկամտահարկի միջոցով առկա ուսուցմամբ մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի սովորողների ուսման վարձավճարի փոխհատուցման կարգի և մասնագիտությունների ցանկի փոփոխության նախագծերը:

Առաջարկվող նոր կարգավորումներով հստակեցվել են եկամտային հարկի գումարների վերադարձի համար դիմելու ժամկետները, ինչպես նաև նախատեսվել է անմիջապես բուհին դիմելու պարտավորություն՝ ի տարբերություն դեռևս գործող կարգավորման, երբ ուսանողը դիմում է ՊԵԿ:

Սահմանվել է, որ ուսանողներն իրենց կողմից վճարված ուսման վարձավճարի չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով դիմումներն ու համապատասխան փաստաթղթերը ներկայացնում են բուհի ռեկտորին: Հաջորդ կուրս փոխադրվելուց կամ կրթական ծրագրով ուսումնառությունը ավարտելուց հետո դիմումները և փաստաթղթերը պետք է բուհի ռեկտորին ներկայացվեն սեպտեմբերի 1-ից 15-ը կամ մարտի 1-ից 15-ը ընկած ժամանակահատվածում: Միաժամանակ, ըստ նախագծի, եթե սահմանված ժամկետներում ուսանողը բուհում դիմում չի ներկայացնում, ապա կարող է դիմել հաջորդող երկու տարիների ընթացքում:

Ուսանողների տվյալները հավաքագրելուց հետո բուհերը դրանք սահմանված ձևաչափով ներկայացնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Նախարարությունը փաստաթղթերի ուսումնասիրությունից և ուսման վարձի փոխհատուցման իրավունքի հաստատումից հետո համապատասխան տեղեկատվությունը (փաթեթը) ներկայացնում է Պետական եկամուտների կոմիտե՝ փոխհատուցման նպատակով: Եկամտային հարկը վերադարձվում է ուսանողի կողմից փաստացի վճարված ուսման վարձի գումարի չափով: 

«Առաջարկվող նոր ընթացակարգը հնարավորություն կտա հարկային մարմիններին խուսափելու ռեսուրսների և աշխատաժամանակի հավելյալ ծախսից՝ հաշվի առնելով, որ եկամտային հարկի գումարների վերադարձի իրավունքի հավաստիության համար ՊԵԿ-ը ստիպված էր լինում ուսումնասիրել փաստաթղթերը և դրանց առնչվող հանգամանքները, կատարել հարցումներ և այլն: Նախկինում գործող կարգավորումը, նշված հանգամանքներով պայմանավորված, որոշակի խնդիրների և տարընկալումների տեղիք էր տալիս: 

Մասնավորապես, տարընկալումները վերաբերում են ուսումնական տարվա տևողության հաշվարկներին: Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական տարվա սկիզբն ու ավարտը սահմանվում են ուսումնական պլաններով և հաճախ, կախված կրթական ծրագրից, դրանք տարբեր են»,-նշում է ԿԳՄՍ նախարարությունը: 

Ընդունվելուց հետո կարգը կտարածվի նաև մինչև նոր որոշման՝ ուժի մեջ մտնելը եկամտային հարկի վերադարձի համար հարկային մարմին դիմած ուսանողների վրա: Նրանց համար կկատարվի վերահաշվարկ: 

Եկամտային հարկից ուսման վարձավճարի փոխհատուցման իրավունքից օգտվելու համար առաջարկվում է հաստատել մասնագիտությունների նոր ցանկ, որում ընդգրկված են արվեստի, կրթության, բնագիտամաթեմատիկական, հումանիտար, սոցիալական, ՏՀՏ, գյուղատնտեսության և այլ ոլորտների նոր մասնագիտությունները: Նշենք, որ կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ նշված ցանկի մասնագիտություններից որևէ մեկով մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորողների վրա:

Մեկնաբանություններ (1)

Մանիկ Վարդանյան
Խնդրում եմ ասեք, եթե վարձավճարի փոխհատուցումը մերժվել է հաշվեհամարը սխալ լինելու պատճառով, այդ դեպքում ինչ է սպասվում , ինչպես է ուղղվում և ինչ ժամանակահատվածում է իրականացվում փոխհատուցումը? Նշեմ որ հաշվեհամարը սխալ լինելը դիմորդի կողմից չի եղել, քանի որ դիմորդը բանակային տվյալները ուղարկել է ճիշտ, իսկ թե ինչպես է ստացվել որ սխալ է պարզ չէ !!! Խնդրում եմ ասեք ինչ անել: Նախապես շնորհակալություն...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter