HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մանվել Փարամազյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց դատախազի վատառողջության պատճառով

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում քիչ առաջ մեկնարկեց ու րոպեներ անց հետաձգվեց  Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և մյուսների գործով դատական նիստը:

Գործով դատախազը չէր ներկայացել. դատարանին գրություն էր ուղարկել այն մասին, որ վատառողջ է, երեկ` մարտի 9-ին կորոնավիրոսի թեստ է հանձնել, որի պատասխանը դեռևս չի ստացվել: Առանց դատախազի նիստը շարունակվել չէր կարող, ուստի այն հետաձգվեց հաջորդ ամիս` ապրիլի 5-ին:

Նշենք,  որ այս գործը մեկ ամիս առաջ դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում էր, սակայն նրա լիազորությունները կասեցվել են քրեական հետապնդում հարուցելուց հետո: Կասեցման պատճառն այն է, որ Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել գործով ամբաստանյալներւց մեկին` Նվեր Մկրտչյանին կալանավորելու համար:

Դատախազությունը պնդում է, որ Մկրտչյանն ակնհայտ ապօրինի է կալանավորվել, որից հետո կալանավայրում նրա նկատմամբ ճնշում է գործադրվել` Փարամազյանի գործով վերջինիս դեմ ցուցմունք չտալու համար: Նվեր Մկրտչյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, միայն ասաց, որ պաշտպանից` Յուրի Ավայանից հրաժարվել է: Նշենք, որ Մկրտչյանը Բորիս Բախշիյանի որոշմամբ  կալանավորվել էր, քանի որ չէր ներկայացել իր և մյուսների գործով դատական նիստին: Կալանավորվելուց հետո դատախազություն գրություն է ուղարկել ու հայտնել, որ նիստին չի ներկայացել պաշտպանի հորդորով, ինչպես նաև՝ խնդրել պաշտպանին պատասխանատվության ենթարկել:

Այժմ Մկրտչյանի, Փարամազյանի և մյուսների գործը դատավոր Լուսինե Սեփխանյանի վարույթում է: Նա որոշել է գործի քննությունը վերսկսել:

Ամբաստանյալի աթոռին 5 անձ է:

Արմեն Անդրեասյանն, ըստ մեղադրանքի, խարդախությամբ հափշտակել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքը, ինչպես նաև՝ Նվեր Մկրտչյանի և Քաջարանի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վազգեն Ազարյանի օժանդակությամբ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին  առանձնապես խոշոր չափերով կաշառք է տվել:

Մանվել Փարամազյանն, ըստ մեղադրանքի, 2016 թվականի նոյեմբերի 18-ից ստանձնելով Քաջարան քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնը, ցուցումներով, խոչընդոտները վերացնելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը պարտակելու եղանակներով Արմեն Անդրեասյանին օժանդակել է հափշտակել Հայաստանի Հանրապետության Քաջարան համայնքի Լեռնագործների 18 հասցեում գրանցված մոլիբդենային, պղնձի և այլ գունավոր մետաղների արդյունահանմամբ ու հարստացմամբ զբաղվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 65, 403, 333 ՀՀ դրամ գույքը, Նվեր Մկրտչյանի և Քաջարանի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վազգեն Ռուշանի Ազարյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողությունների կատարմանը նպաստելու համար:

Բացի այդ, Մանվել Փարամազյանը Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի կառավարող Ռոզա Ժորայի Ստեփանյանի, նույն համայնքի ղեկավարի տեղակալ Զոհրապ Տիգրանի Առաքելյանի, ինչպես նաև Քաջարանի համայնքապետարանի՝ դեռևս ինքնությունները չպարզված այլ աշխատակիցների օժանդակությամբ, շահադիտական դրդումներով պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով և կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով 2018-2019 թվականների ընթացքում կատարել է պաշտոնեական կեղծիքներ:

Դրանից բացի, Մանվել Փարամազյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի կառավարող Ռոզա Ժորայի Ստեփանյանի, նույն համայնքի ղեկավարի տեղակալ Զոհրապ Տիգրանի Առաքելյանի, ինչպես նաև Քաջարանի համայնքապետարանի՝ դեռևս ինքնությունները չպարզված այլ աշխատակիցների օժանդակությամբ կատարել է Քաջարան համայնքի՝ իրեն վստահված զգալի չափերով գումարի (գույքի) յուրացում:

Նվեր Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է Արմեն Ռոբերտի Անդրեասյանի և դեռևս ինքնությունները չպարզված անձանց կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքը խարդախությամբ հափշտակելուն, ինչպես նաև Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Վրեժիկի Փարամազյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն:

Վազգեն Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնը, օժանդակել է Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Վրեժիկի Փարամազյանի կողմից Արմեն Ռոբերտի Անդրեասյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն:

Զոհրապ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2011 թվականի հունվարի 18-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 1-ը զբաղեցնելով Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, համայնքապետարանի աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը կազմող, համայնքապետարանի համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի կառավարող Ռոզա Ստեփանյանի հետ շահադիտական, ինչպես նաև անձնական այլ դրդումներից ելնելով՝ պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով և բովանդակությամբ ամբողջությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով 2018 թվականի հունվար, 2019 թվականի ապրիլ ամիսների ընթացքում երկու դրվագով կատարել է պաշտոնեական կեղծիքներ, որոնք հաստատելու, տրամադրելու և այդ կերպ խոչընդոտները վերացնելու, միջոցներ տրամադրելու եղանակով օժանդակել է ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով նրան վստահված համայնքի զգալի չափերով գումարների յուրացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter