HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ի աշխատակազմը չհայտարարված այց է կատարել Խարբերդի մանկատուն

Մարդու իրավունքների պաշտպանը մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

ՄԻՊ-ի հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակներում հատուկ ուսումնասիրվել են 2020 թվականին իրականացված այցի ընթացքում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը՝ հաշվի առնելով նաև 2021 թվականին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տեղեկություններն ու պարզաբանումները:  

«Այցի պահին արձանագրվել է, որ հաստատությունում խնդիրներ են առաջացել հատկապես սննդամթերքի որոշ տեսակների մատակարարման հետ: Այսպես, կենտրոնացված կարգով գնումների կազմակերպման գործընթացներով պայմանավորված՝ այցի օրը հաստատությունում սպառվել էր մսամթերքի պաշարը, իսկ նախորդ մեկ ամսվա ճաշացանկի ուսումնասիրությունը վկայում է, որ ոչ բոլոր խմբերում է ամեն օր միս մատուցվել: Այցի օրվա դրությամբ ալյուրի առկա պաշարը կարող է բավարարել հաջորդող մոտ մեկուկես օրվա համար անհրաժեշտ քանակությամբ հաց թխելուն: Անհրաժեշտ ապրանքների և սննդամթերքի առաջիկա մատակարարման ժամկետների վերաբերյալ հաստատությունը տեղեկություններ չունի: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ Պաշտպանն այն հրատապության կարգով կքննարկի իրավասու պետական մարմնի հետ: 

Այցի օրվա դրությամբ դիտարկումները վկայում են նաև, որ ինչպես նախորդ այցի, այնպես էլ այս այցի ընթացքում մի շարք համակարգային խնդիրներ դեռևս արդիական են: Այսպես՝ 

  • շարունակում է չլուծված մնալ հաստատության անձնակազմի ոչ բավարար լինելու հարցը: Մասնավորապես, սաների հետ աշխատող մասնագետների, այդ թվում՝  դայակների թիվը, բավարար չէ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար, ինչը բացասական է անդրադառնում թե՛ սաների, թե՛  աշխատակիցների իրավունքների երաշխավորման վրա։ Այսպես, հաստատության յուրաքանչյուր խմբում խնամք և աջակցություն է ստանում հիմնականում 13-15 սան, որոնց հետ մեկ օրվա ընթացքում աշխատում է մեկ դաստիարակ, մեկ հերթափոխային և մեկ ոչ հերթափոխային դայակ կամ բուժքույր: Ստեղծված իրավիճակում, օրինակ, հնարավոր չէ միաժամանակյա կազմակերպել ինքնասպասարկման դժվարություն ունեցող սաների կերակրումը: Անձնակազմի սղության պատճառով ոչ միշտ է հնարավոր լինում, ըստ սանի ցանկության, օրվա ընթացքում կազմակերպել նրա հանգիստը կամ սանի վարքային առանձնահատուկ դրսևորումներով պայմանավորված՝ հանդարտեցման նպատակով նրա զբոսանքը բակում կամ այգում կազմակերպել, քանի որ խմբի մյուս սաների խնամքը կազմակերպելու համար սենյակում բավարար թվով դայակ կամ մասնագետ չի մնում: Խնդիրն ավելի է սրվում, երբ անհրաժեշտություն է առաջանում սանին ուղեկցել բուժհաստատություն կամ սանի ստացիոնար բուժման դեպքում այնտեղ կազմակերպել նրա խնամքը։ Այս դեպքում հաստատությունում առանց այդ էլ ֆիզիկական և հոգեբանական տեսանկյունից ծանր աշխատանք իրականացնող անձնակազմն աշխատում է էլ ավելի դժվարին պայմաններում։ Աջակցող անձնակազմի սղության հետևանքով սաների խնամքը, կերակրման կազմակերպումը հիմնականում կազմակերպվում է փոխօգնության և հաստատության անձնակազմի բարեխիղճ աշխատանքի շնորհիվ:

Նշված խնդրի կապակցությամբ 2021 թվականին նախարարությունը հայտնել էր, որ «Աշխատողների աշխատաժամանակի և աշխատավարձերի խնդիրը մշտապես Նախարարության ուշադրության տիրույթում է։ 2020 թվականի ապրիլի 23-ի N 601-Ն որոշման համաձայն իրականացվել է վերաբաշխում՝ մանկատների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման նպատակով։» Հարկ է նշել, որ հաստատությունում աշխատում են 68 հերթափոխային և 11 ոչ հերթափոխային դայակ, 21 դաստիարակ, 32 բուժքույր՝ սահմանված գրաֆիկի համաձայն: Այցի ընթացքում հաստատության տեղեկությունների համաձայն՝ նախարարության կողմից ներկայացվել է աշխատավարձերի վերանայման առաջարկ: Այս պահին առկա տեղեկությունների ուսումնասիրությունը վկայում է, որ հաստիքների քանակի ավելացում ներկայում նախատեսված չէ: Մինչդեռ, միջազգային լավագույն փորձի համաձայն՝ առավել արդյունավետ «սան-անձնակազմ» հարաբերակցությունը յուրաքանչյուր 6 սանի համար մեկ դայակ հարաբերակցությունն է, եթե սաները մանկահասակ են կամ ունեն ինքնասպասարկման դժվարություններ,

  • խմբասենյակները և ննջարանները գերբեռնված են, սենյակների ընդհանուր մակերեսը ոչ միշտ է համապատասխանում սաների թվին: Դեռևս 2020 թվականի այցի ընթացքում արձանագրվել էր, որ հաստատությունը նախատեսված է 220 սանի խնամք և պաշտպանություն իրականացնելու համար: Ներկա պահին հաստատությունն ունի 236 (167 չափահաս և 69 չափահաս) սան: Այս դեպքում խնդիրը պայմանավորված է նաև նրանով, որ շարունակում է չլուծված մնալ նման հաստատություններում բնակվող այն 18 տարին լրացած անձանց իրավունքների երաշխավորման հարցը, որոնց խնամքի և կեցության ապահովումը հնարավոր չէ կազմակերպել այլ հաստատություններում: Նշված խնդիրը բազմիցս բարձրացվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից, որի կապակցությամբ աշխատանքային քննարկումների ընթացքում ներկայացված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է այս խնդրին անդրադառնալ փոքր տներում, ընտանիքներում կամ համայնքահենք այլ ծառայություններ մատուցելու միջոցով՝ հաստատություններից հաշմանդամություն ունեցող անձանց դուրս բերելուն ուղղված միջոցառումների շրջանակներում: Այնուամենայնիվ, հատուկ պետք է արձանագրել, որ տևական ժամանակ նշված խնդրի չկարգավորումը խնդրահարույց է նաև պետության կողմից ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջների կատարման տեսանկյունից,
  • սահմանված կարգի համաձայն հանդարտեցման և զսպման միջոցների կիրառման մատյաններ չեն վարվում: Մինչդեռ՝ անհրաժեշտ է ապահովել հաստատությունում ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների և հանդարտեցման մեթոդների կիրառման ներպետական պահանջների գործնական կատարումը՝ դրանց օրինաչափությունը գնահատելու նպատակով: Այս կապակցությամբ 2020 թվականի այցից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել էր, որ «Վեր հանված խնդրի վերաբերյալ նախատեսվել է քննարկում ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցչի հետ՝ համապատասխան լուծումներ գտնելու նպատակով, որից հետո կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ։» Պաշտպանի՝ անհրաժեշտ վերապատրաստումներ իրականացնելու առաջարկի կապակցությամբ նախարարությունը նշել էր, որ դրանք կկազմակերպվեն նախատեսված միջոցառումներից հետո։ Նշվածի հաշվառմամբ, այնուամենայնիվ, արձանագրվում է, որ խնդիրը շարունակում է արդիական մնալ: 

Հատուկ պետք է ընդգծել, որ այցի ընթացքում արձանագրված այս և այլ խնդիրները բնույթով համակարգային են, իսկ դրանց բացասական ազդեցությունը հնարավորինս նվազեցվում է առավելապես հաստատության աշխատակիցների բարեխղճության ու նվիրման շնորհիվ: 

Կարևոր է արձանագրել նաև, որ հաստատության ջանքերի շնորհիվ նախորդ այցից հետո ևս շարունակվել են ներքին հարդարման և վերանորոգման, սաների վերականգնողական ծրագրերի ներդրման աշխատանքները՝ միտված երեխայակենտրոն և կարիքահեն միջավայրի ձևավորմանը: Հնարավորության սահմաններում, հաշվի առնելով հաստատության գերբնակեցվածությունը, մասնագետների սղությունն ու սաների կարիքների առանձնահատկությունները, որոշ խմբերում ննջասենյակներն առանձնացվել են ըստ սաների սեռատարիքային կազմի: Հատկապես ողջունելի է հաստատության կողմից ձեռնարկված քայլերն այլ հաստատությունների հետ իրենց հաջողված փորձի փոխանակման հարցում, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների շահառու հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական ծառայությունների մատուցումը: Օրինակ, հիպպոթերապիայի ծառայություններից օգտվում են նաև այլ հասարակական կազմակերպության շահառուներ, ովքեր ունեն մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ:

Մշտադիտարկման արդյունքներն ամփոփման փուլում են: Արձանագրված այս և այլ խնդիրները լուծումների առաջարկներով կուղարկվեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և հաստատության տնօրենին՝ լրացուցիչ պարզաբանումների պահանջով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter