HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Առուշ Առուշանյանը ցուցմունք տվեց իրեն վերագրվող արարքներից մեկի վերաբերյալ

Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Անկախության փողոցում է գտնվում համայնքապետարանի շենքը: Նույն շենքի շարունակությունը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրն է: Հենց այնտեղ են ընթանում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստերը: Այսօր, նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, գործով հերթական դատական նիստ էր: Առուշանյանի վերաբերյալ մի քանի հոդվածներով մեղադրանքներ են առկա, դրանք այժմ միացված են մեկ վարույթում:

2017 թվականից Գորիսի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող Առուշանյանի վերաբերյալ գործերը դատարան են ուղարկվել 2021 թվականի ամռանը՝ հունիս և օգոստոս ամիսներին: Դրանք վերաբերում են ինքնիրավչություն կատարելուն, պաշտոնեական դիրքի չարաշահմանը, ընտրողներին կաշառք տալուն և այլ հանգամանքներին: Առուշանյանը մեղադրանքները չի ընդունում: Առուշանյանի հետ ամբաստանյալի աթոռնին են նաև նրան վերագրվող արարքների գործերին ենթադրյալ առնչություն ունեցող այլ մեղադրյալներ, որոնց թվում՝ Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը: Դատաքննության այս փուլում  հարցաքննվում են գործով վկաները: Այսօր դատարանում  նշանակված էր հերթական դատական նիստը: Դատարանը, նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, հարցաքննեց չորս վկայի, հրապարակեց վկաներից մեկի նախաքննական ցուցմունքները: Նիստին իրեն վերագրվող արարքներից մեկի վերաբերյալ ցուցմունք տվեց նաև Առուշ Առուշանյանը: Դատական նիստը շուրջ մեկուկես ժամ աշխատանքային ժամից ավել տևեց:

Այսօր դատարանում ցուցմունք տված վկաները խոսեցին Առուշայանին վերագրվող այն արարքին, ըստ որի՝ վերջինս «Բեսթ Ռոուդ» ՍՊ ընկերության միջոցով զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ և առանց պայմանագրի  ընդերքի օգտագործմամբ, որն էական վնաս է պատճառել Գորիս համայնքի և հասարակության օրինական շահերին, շրջակա միջավայրին և ընդերքում պարփակված օգտակար հանածոներին, առանձնապես խոշոր վնաս՝ անձանց և պետությանը:

Մասնավորապես, ըստ այս մեղադրանքի, Առուշ Առուշանյանը, նպատակ ունենալով Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում զբաղվել հանքարդյունաբերությամբ և հանքանյութի վերամշակմամբ, այսինքն՝ դրսևորելով շահույթ ստանալու շահագրգռվածություն, Սյունիքի մարզի Վերիշենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Վերիշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին ՀՀ կառավարության համապատասխան  որոշման հիման վրա Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ 23.04.2019 թվականին նախ գրանցել է Գորիս համայնքի սեփականության իրավունքը, այնուհետև՝ Գորիսի ավագանու որոշմամբ այն դրել է աճուրդի:

Միաժամանակ, վերոհիշյալ տարածքում լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ՝ հանքարդյունաբերությամբ և հանքանյութի վերամշակմամբ, զբաղվելու նպատակով Առուշ Առուշանյանն իր հորեղբոր թոռան՝ ռուսաստանաբնակ Հայկ Բաղդասարյանի անվամբ և վերջինիս միջոցով հիմնադրել է «Բեսթ Ռոուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

Այնուհետև նախաձեռնել է վերը նշված հողատարածքի ձեռք բերման գործընթացը, մասնավորապես ընկերության հիմնադրման հաջորդ օրը՝ 14.06.2019 թվականին, հրապարակային սակարկությունների ծանուցման «Ազդարար» կայքում հրապարակել է ձևական բնույթ կրող հայտարարություն՝ նշված հողատարածքն աճուրդի միջոցով վաճառելու մասին՝ նշելով, որ աճուրդը կայանալու է 2019 թվականի հուլիսի 15-ին:

Ըստ մեղադրանքի՝ Առուշ Առուշանյանի խնդրանքով որպես աճուրդի մասնակից է գրանցվել Հայկ Բաղդասարյանի լիազորված անձը` նրա եղբայր Հրայր Բաղդասարյանը, իսկ երկրորդ մասնակից է գրանցվել Առուշ Առուշանյանի մյուս հորեղբոր թոռը՝ Հայկ Ասլանյանը:

Դրանից հետո՝ 2019 թվականի հուլիսի 15-ին, Գորիսի համայնքապետարանում կազմակերպված աճուրդում հաղթող է ճանաչվել Հրայր Բաղդասարյանը, ում, համայնքի ղեկավարի 22.07.2019 թվականի որոշմամբ և 24.07.2019 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, օտարվել է նշված հողատարածքը, այսինքն՝ Առուշ Առուշանյանը Հրայր Բաղդասարյանի օժանդակությամբ ձեռք է բերել 0,555 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը:  

Այնուհետև առանց հողի նպատակային նշանակության փոփոխության, ինչպես վերը նշված հողատարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ տարբեր քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում իրականացվել են հողաշինարարական և հողօգտագործման աշխատանքներ, իսկ Առուշ Առուշանյանը, քաջատեղյակ լինելով այդպիսի աշխատանքների կատարման մասին և ունենալով շահադիտական ու անձնական այլ շահագրգռվածություն, այդ ուղղությամբ դիտավորությամբ որևէ միջոց չի ձեռնարկել:

Ավելին՝ Առուշ Առուշանյանն, ըստ մեղադրանքի, Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում՝ համայնքին պատկանող ընդհանուր 12,425 քմ մակերեսով արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում, 0,555 քմ, Հայկ Բաղդասարյանի անվամբ գրանցված ևս երկու՝ ընդհանուր 9146 քմ մակերեսով հողատարածքներում, ինչպես նաև տարբեր քաղաքացիների սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 9309,8քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում «Բեսթ Ռոուդ» ՍՊ ընկերության միջոցով և ընկերության մի շարք աշխատակիցների, տեխնիկաների և տրանսպորտային միջոցների ներգրավմամբ զբաղվել է ընդերքի ապօրինի օգտագործմամբ և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ:

Մասնավորապես, «Բեսթ Ռոուդ» ՍՊ ընկերությունը, առանց լիազոր մարմնի հետ ընդերքօգտագործման պայմանագրի կնքման, ընդերքօգտագործման իրավունքի (թույլտվություն), լեռնահատկացման ակտի, ջրօգտագործման, թույլատրելի սահմանային արտահոսքերի, սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվությունների, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության դրական եզրակացության, հողերի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի ձեռք բերման և դրանց նպատակային նշանակության փոփոխության, 2020 թվականի երկրորդ եռամսյակից սկսած՝ մինչև 2021 թվականի մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում, վերը նշված հողատարածքներում ապօրինաբար իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն և առանց պայմանագրի ընդերքի օգտագործում, այն է՝ ընդհանուր 25939,1ծավալի ավազակոպճային զանգվածի արդյունահանում, ջարդման և մանրացման կայանի միջոցով վերամշակում և իրացում՝ համայնքին, շրջակա միջավայրին և ընդերքում պարփակված օգտակար հանածոներին պատճառելով ընդհանուր 699,737  դրամի էական, անձանց՝ 774,198  դրամի, պետությանը՝ ընդհանուր 28,218,821  դրամի (27,718,821 դրամ բնօգտագործման վճար+ 500,000 դրամ թույլտվության տուրք) առանձնապես խոշոր չափի վնաս, որը տույժ տուգանքներով միասին կազմում է ընդհանուր 50,199,259  դրամ (28,218,821+ 5,000,000 դրամ տուգանք + 2,014,805 դրամ տույժ + 14,965,633 դրամ տուգանք = 50,199,259):

Այսօր դատարանում ցուցմունք տված անձանցից երեքը «Բեսք ռոադ» ընկերության վարորդներ էին, մեկը՝ Գորիսի համայնքապետարանի քաղաքաշինության և կոմունալ բաժնի պետը:

Վարորդները հայտնեցին, որ իրենք տեղյակ չեն «Բեսթ ռոադ» ընկերության և Առուշանյանի առնչության մասին, հայտնեցին, որ Առուշանյանին երբևէ ընկերությունում չեն տեսել:

Համայնքապետարանի քաղաքաշինության և կոմունալ բաժնի պետ Գարեգին Փարսյանից ազատ շարադրանքով ցուցմունք վերցնել չստացվեց: Վերջինս ասում էր, որ տեղյակ չէ՝ ինչ գործով է կանչվել հարցաքննության, որ ինքը քաղաքում կատարվող շատ հարցերից է տեղյակ: Ի վերջո, Փարսյանն  իրեն հայտնի հանգամանքների մասին պատմեց կողմերի ու դատարանի հարցերին պատասխանելու միջոցով:

Փարսյանը հայտնեց, որ «Բեսթ Ռոուդ» ընկերության հետ առնչվել է, այս ընկերությունը բետոնի գործարան է կառուցել Գորիսում, ինքն ընկերության հետ բնապահպանական քննարկումներ է ունեցել: Ընկերությունն, ըստ Գարեգին Փարսյանի, գործունեությունն իրեն պատկանող հողատարածում է իրականացրել, բայց մի հատվածում քաղաքացիների սեփական տարածք է մտել՝ մոտ 3 մետր: Տարածքը, որում գործունեություն է իրականացնում ընկերությունը, ըստ Փարսյանի, ունեցել է գյուղատնտեսական նշանակություն, հետո փոխվել է արտադրական նշանականության: Ընկերությունն, ըստ Փարսյանի, պատկանել է Հայկ Բաղդասարյանին, ում  լիազոր ներկայացուցչի՝  եղբոր հետ է ինքն առնչվել, չգիտի՝ վերջիններս Առուշանյանի հետ ազգական կապ ունե՞ն, թե՝ ոչ: Վկան նաև տեղյակ չէ՝ «Բեսթ ռոուդը» որտեղից է արտադրության համար հումքը ձեռք բերում:

Դատախազներից Մադոյանը հետաքրքրվեց՝  եղե՞լ է որ, որ համայնքը հումք տրամադրի «Բեսթ ռոուդին»: Փարսյանն ասաց, որ նման դեպք եղել է. Վարակն գետի հունը մաքրելու անհրաժաշտություն է եղել, և այդ ժամանակ «Բեսթ ռոուդը» դիմել է համայնքապետարան՝ քարերը տանելու համար, իրենց համար դա ցանկալի առաջարկ է եղել: Համայնքապետարանի աշխատակիցն ասում է, որ հիմա էլ պետք է մաքրել գետի հունը, և եթե որևէ քաղաքացի դիմի համայնքապետարանին, հիմա էլ կհամաձայնեն: Փարսյանը հայտնեց, որ «Բեսթ ռոուդն» իր մեքենաներով է տեղափոխել քարը: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ընկերությունն ընդերքօգտագործման գործունեություն է  իրականացրել, Փարսյանն ասաց, որ իրենք այդպիսի տվյալ չունեն:

Դատախազը հետաքրքրվեց՝ արդյո՞ք գետի հունը մաքրելու արդյունքում առաջացած հումքը հնարավոր չէր փողոցների բարեկարգման աշխատանքների համար օգտագործել, Փարսյանը պատասխանեց, որ դրանք մեծ քարեր էին, համայնքաների կարիքների համար պիտանի չէին,  լրացուցիչներ ֆինանսներ պետք է հատկացվեին՝ դրանք մանրացնելու համար:

Հարցին, թե Առուշանյանն ի՞նչ դերակատարություն է ունեցել հումքը «Բեսթ Ոոուդին» տրամադրելու թույլտվությունը տալու հարցում, համայնքապետարանի աշխատակիցն ասաց, որ Առուշանյանը, որպես համայնքապետ, համայքում կատարվող իրադարձությունների մասին մշտապես տեղյակ է եղել, ինչ վերաբերում է կոնկրետ այս հարցին, ասել է, որ սրանից լավ առաջարկ լինել չէր կարող: Այս հանգամանքն, ըստ Փարսյանի, իր մեջ որևէ կասկած չի առաջացրել, քանի որ, ըստ նրա, Առուշանյանը մի թերություն ունի. «բոլորին ուզում ա լավություն անել»:

Հարցին՝ Առուշանյանը բեռնատարներ ունի՞, Փարսյանը պատասխանեց՝ կարող է ունենալ, բայց ինքը չի ֆիքսել քարերը տանող մի բեռնատար, որը, կարող է պնդել, որ Առուշանյանինն է եղել: Վկան նաև ասաց, որ շրջանառվող  խոսակցություններ եղել են ու կան, որ «Բեսթ ռոուդը» Առուշանյանին է պատկանում:

Դատարանում հրապարակվեցին նաև Փարսյանի նախաքննական ցուցմունքներից հատվածներ: Ցուցմունքներից մեկի համաձայն՝ Փարսյանին Առուշանյանն ասել է, որ ցանկանում է քարերը իրենց կազմակերպություն տեղափոխել, այդ պատճառով ասել է, թե ինչ գրել թույլտվության մեջ: Փարսյանը նաև հայտնել է, որ Առուշանյանի մեքենաներն են քարերը տեղափոխել, բայց ուր՝ չգիտի։ Տեսել է, քանի որ իրենց տան ճանապարհով են դրանք անցել:

Երբ նախաքննական ցուցմունքների հրապարակումն ավարտվեց, Փարսյանն ասաց, որ ինքը խոսել է տարածված լուրերի մասին,  ինքը դրանց մասին որպես հաստատված ճշմարություն չէր կարող խոսել, քննիչն է սխալ շարադրել իր խոսքերը:

Առուշ Առուշանյանն ասաց, որ իր մեղադրանքի հիմքում դրել են օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում գաղտնալսված խոսակցություններ և դիտարկեց, որ իրեն գաղտնալսողները պետք է, որ լսեին նաև այլ ընկերություններին աջակցություն տրամադրելու մասին խոսակցություններ:

Առուշանյանն ասաց, որ եթե Վարակն գետի հունը մաքրելու արդյունքում առաջացած քարերը տեղափոխեին աղբավայր, հետո պետք է աղբավայրը մաքրելու խնդիր առաջանար, համայնքին «Բեսթ ռոուդի» առաջարկը շահավետ է եղել: Առուշանյանի համար զարմանալի է, թե նման առաջարկն ընդունելն ինչո՞ւ է իրեն կանգնեցրել դատարանի առաջ: Վերջինս կարծում է, որ նմանատիպ առաջարկները մերժելը պետք է իրեն կանգնեցներ դատարանի առաջ: Առուշանյանը նաև ասաց, որ «Բեսթ Ռոուդի» սեփականատեր Հայկ Բաղդասարյանի հետ արյունակցական կապ չունի, հեռու բարեկամներ են, համայնքապետարանը սկզբունքորեն իր մտորիմներին ու հարազատներին համայնքային սեփականություն հանդիսացող հող չի տրամադրում։

Առուշանյանը մեկ այլ դրվագով մեղադրվում է այն բանում որ իր ընտանիքին պատկանող, սակայն իր կողմից փաստացի ղեկավարվող «Արստալ» ՍՊ ընկերությունում 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին կատարված գույքագրմամբ արձանագրված 32,588,792  դրամի պակասորդի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և պատճառված վնասը հատուցելուն հարկադրելու նպատակով, իր ընտանիքին պատկանող խանութների ցանցի հաշվապահ Հայկ Մնացականյանի միջոցով, 2020 թվականի փետրվարի 8-ին ընկերության՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող «Շորին Ձոր» կոչվող տեղանքի պահեստ է կանչել այդ ընկերությանը պատկանող, Գորիսում  գործունեություն ծավալող շինանյութերի խանութի պատասխանատու վաճառող Գուրգեն Սամվելի Հովսեփյանին: Նույն օրը՝ ժամը 19-ից 21-ի սահմաններում, նշված պահեստի աշխատասենյակում Գուրգեն Հովսեփյանի հետ հանդիպման ընթացքում, երբ վերջինս հերքել է իր կողմից յուրացում կատարելու հանգամանքը, Առուշ Առուշանյանը ֆիզիկական բռնություն գործադրելով՝ մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ հասցնելով, ինչպես նաև հետագայում ևս այդպիսի բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես պատճառված ենթադրյալ վնասի դիմաց փոխհատուցման միջոց, Գուրգեն Հովսեփյանից պահանջել է իրեն հանձնել վերջինիս սեփականության իրավունքով պատկանող «Նիսսան Պայտֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն:

Մտադրությունն իրականացնելու նպատակով Առուշ Առուշանյանը Գուրգեն Հովսեփյանից, առանց նրա կամքն հաշվի առնելու՝ ֆիզիկական բռնություն գործադրելով և դա գործադրելու սպառնալիքով, վերցրել է ավտոմեքենայի բանալին, տեխնիկական անձնագիրը, ՀՀ քաղաքացու անձնագիրը, ինչպես նաև նրա կնոջ ծնողներին պատկանող՝ Գորիս համայնքում գտնվող բնակելի տան վերաբերյալ փաստաթղթերը: Այնուհետև տան գրավադրման գործընթացը նախաձեռնելու նպատակով դրա փաստաթղթերն իր տեղակալ Մենուա Հովսեփյանի միջոցով վերադարձրել է, իսկ ավտոմեքենան շուրջ 42 օր մնացել է Առուշ Առուշանյանի փաստացի տիրապետության տակ:

Այս դրվագով վկաներից մեկը Գուրգեն Հովսեփյանի եղբայրն է: Հովսեփյանը դատարանին հայտնեց, որ եղբայրը ՌԴ-ում է, հայտնի չէ, թե երբ է վերադառնալու: Մեղադրանքի կողմը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները: Վերջինս մեղադրող ցուցմունքներ էր տվել Առուշանյանի դեմ՝  խոսելով վերը նկարագրված հանգամանքների մասին:

Նկարագրվածից բացի՝ Առուշ Առուշանյանն, ըստ մեղադրանքի, 2020 թվականի օգոստոսի 28-ին իր ընկերների՝ Էրիկ Աղաջանյանի և Հարութ Լալազարյանի հետ խմբի կազմում, խուլիգանական դրդումներով Արթուր Գյուրջյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է կյանքի համար ոչ վտանգավոր մարմնական վնասվածքներ:

Մասնավորապես` 2020 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 1-ի սահմաններում, Արթուր Գյուրջյանն իրեն պատկանող ավտոմեքենայով երթևեկել է Գորիս քաղաքի տարբեր փողոցներով և հանդիպել Առուշ Առուշանյանի ավտոմեքենային: Հերթական խաչմերուկից թեքվելով՝ Արթուր Գյուրջյանը հարկադրված շրջանցել է Առուշ Առուշանյանի ավտոմեքենան, ինչը զայրույթ է առաջացրել վերջինիս մոտ և հրահանգել է կանգնեցնել ավտոմեքենան՝ այն իբրև անկարգ վարելու հետ կապված պարզաբանումներ պահանջելու նպատակով: Առուշ Առուշանյանը Արթուր Գյուրջյանին նախ հարցրել է՝ «էդքան կա՞ս, որ ինձ ինձ աբգոն անես» ապա վերջինիս՝ «ինձ ո՞վ պիտի ասի ես ոնց քշեմ» պատասխանը լսելով՝ կարգադրել է առաջանալ և կայանել ավտոմեքենան: Այնուհետև, ավտոմեքենաները Գորիս համայնքի Շահումյանի և Մարքսի փողոցների խաչմերուկին հարակից հատվածում կայանելուց հետո Արթուր Գյուրջյանն իջել է ավտոմեքենայից, իսկ Էրիկ Աղաջանյանը, Հարութ Լալազարյանը և Առուշ Առուշանյանը՝ վերջինիս վարած ավտոմեքենայից: Ավտոմեքենայից իջնելուց անմիջապես հետո Աղաջանյանը, Լալազարյանն ու Առուշանյանը մոտեցել են Գյուրջյանին, Առուշանյանը հայհոյել է վերջինիս, մյուս երկուսը, լրացնելով առաջինի գործողությունները, բռնել են նրա ձեռքերից ու Առուշանյանը նախ մեկ անգամ գլխով հարվածել է Գյուրջյանի քթի հատվածին, ապա՝ ևս մեկ անգամ ձախ աչքի շրջանին, որից հետո շարունակելով խուլիգանական գործողությունները՝ հայհոյանքներ տալուն զուգահեռ ձեռքերով այլ հարվածներ է հասցրել նրա նրա դեմքին և մարմնի տարբեր մասերին:

Այդ ընթացքում Առուշ Առուշանյանը մի պահ մոտեցել է Արթուր Գյուրջյանի ավտոմեքենայի հետնամասին և  քաշել-պոկել համարանիշը:

Վիճաբանությունը հանդարտվել է ժամը 1:30-ի սահմաններում, որից հետո բոլորով հեռացել են: Առուշ Առուշանյանի վերոգրյալ գործողությունների հետևանքով Արթուր Գյուրջյանը ստացել է գլխուղեղի ցնցումով ուղեկցված մարմնական վնասվածքներ, որոնք վերջինիս առողջությանը պատճառել են միջին ծանրության վնաս:

Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ 2021 թվականի հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել:

Բացի այդ, Առուշ Առուշանյանը, սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փաստով պայմանավորված կախվածության մեջ գտնվելն օգտագործելով, Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի երկու և ավելի ընտրողի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվերակելուն հարկադրելը:

2021 թվականի ապրիլի 28-ին Առուշ Առուշանյանի պահանջով Լուսինե Ավետյանը կազմակերպել է նրա հանդիպումը Քարահունջ բնակավայրի մի շարք բնակիչների հետ, ովքեր Առուշ Առուշանյանից տարբեր խնդիրների լուծման համար դրամական աջակցություն են խնդրել:

Այնուհետև, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի 2021 թվականի մայիսի 5-ի  որոշման հիման վրա, քաղաքացիներին բանկային փոխանցման միջոցով տրամադրվել է 100000-ից մինչև 220000 դրամ:

Հետագայում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, «Հայաստան» դաշինքի օգտին Սյունիքի մարզի Գորիս համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, կազմակերպել է սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փատով պայմանավորված կախվածության մեջ գտնվող երկու և ավելի ընտրողներին ընտրությանը մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվերակելուն հարկադրելը:

Վերջին երկու դրվագների վերաբերյալ այսօր դատարանում որևէ վկա չի հարցաքննվել, դատական նիստը կշարունակվի վաղը՝ մարտի 11-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter