Մայիսին Սունդուկյանի անվան թատրոնը կմասնակցի Մեծ Բրիտանիայում անցկացվող Շեքսպիրյան փառատոնին
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը մայիսի 16-ին և 17-ին շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնում հանդես կգա «Ջոն արքա» ներկայացումով:
Ներկայացման փորձերի ընթացքի լուսաբանման և ստեղծագործական խմբի հետ հանդիպման նպատակով՝ Շեքսպիրյան փառատոնի կազմկոմիտեն Երևան էր գործուղել լրագրող Քլեր Օլֆրիին: Վերջինս ապրիլի 2-ին ներկա է եղել «Ջոն արքա» ներկայացման գլխավոր փորձին և իր տպավորություններով հանդես եկել անգլիական մամուլում: Բրիտանացի լրագրողի դիտարկմամբ՝ «չնայած, ներկայացումը հայերենով էր, այն հասկանալի էր և շատ տպավորիչ»:
2012 թ. ապրիլի 23-ին Մեծ Բրիտանիայում մեկնարկել է շուրջ 6 ամիս ընթացող մշակութային համաշխարհային օլիմպիադան, որի շրջանակներում կանցկացվի անգլիացի մեծանուն դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրին և նրա անմահ ստեղծագործություններին նվիրված «Globe to Globe» խորագրով թատերական փառատոնը:
Դեռևս 2011 թ. փառատոնի կազմկոմիտեն աշխարհի ավելի քան 200 երկրի թատրոններից ընտրել է 37 լավագույներին, որոնք էլ հանրահայտ «Գլոբուս» թատրոնում 37 լեզվով կներկայացնեն շեքսպիրյան դրամատուրգիան:
2011 թվականին հեղինակավոր այս փառատոնին մասնակցելու հրավեր է ստացել նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը՝ «Ջոն արքա» ներկայացմամբ (բեմադրիչ՝ Տիգրան Գասպարյան), որն ընտրել են փառատոնի կազմակերպիչները:
Փառատոնի պահանջներից բխող բոլոր մանրամասներն ու առանձնահատկությունները ներկայացնելու և քննարկելու նպատակով 2011 թ. Հայաստան էին ժամանել փառատոնի նախագահ Թոմ Բըրդը, թատրոնի գլխավոր պրոդյուսեր Մալու Անսալդոն և «Գլոբուս» թատրոնի հայազգի դերասան Գևորգ Մալիկյանը:
Ըստ փառատոնի պահանջների՝ «Գլոբուսի» բեմում բեմադրությունները պետք է ներկայացվեն առանց ձայնային, լուսային էֆեկտների (ցերեկային լույսի ներքո), երաժշտության կենդանի կատարմամբ, մասնակից երկրի մայրենի լեզվով, հանդիսատեսին տրամադրելով միայն պիեսի համառոտ նկարագրությունը՝ անգլերեն լեզվով: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել