
Աշխատանքային քննարկում`գազալցակայանների վառելիքաբաշխիչ աշտարակների վերաբերյալ
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նախաձեռնել էր քննարկում Առևտրի և ծառայությունների մասին օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է գազալցակայաններում և բենզալցակայաններում վառելիքաբաշխիչ աշտարակների վրա տեղադրել սարքեր, որոնք հնարավորություն կտան վերահսկողություն իրականացնել հեղուկ վառելիքի լիցքավորման պրոցեսի նկատմամբ:
Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ այս ոլորտում թերացումների վերաբերյալ պարբերաբար ահազանգեր են ստանում քաղաքացիներից: Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանն էլ ասաց, որ այդ սարքերը հնարավորություն են ընձեռելու վերահսկել լիցքավորման չափը, ժամը և այն պարամետրերը, որոնք անհրաժեշտ են լինելու հասկանալ՝ տնտեսվարողը սպառողին փորձու՞մ է մոլորության մեջ գցել, թե՞ ոչ:
«Շատ ժամանակ տնտեսվարողները հնարավորություն են ունենում միջամտել վառելիքաբաշխիչ աշտարակի աշխատանքին, որի հետևանքով թերլիցքավորումներ են լինում»,- ասաց Հակոբյանը:
Նախագիծը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումների արդյունքում որոշվել է հետաձգել, քանի որ շատ հարցերի պատասխաններ պատգամավորներն այդպես էլ չեն ստացել:
Պատգամավորների համար խնդրահարույց է նաև այդ սարքի գինը, որը կարող է տատանվել մեկ միլիոնից մինչև 1,2 միլիոն դրամի միջև, ըստ օրենսդիրների` տնտեսվարողների համար դա լրացուցիչ ֆինանսական բեռ է, և բարեխիղճ տնտեսվարողները կարող են էական ֆինանսական վնաս կրել:
Քննարկմանը ներկա էին նաև տնտեսվարողներ։ «Մուլտի գազ» ՍՊԸ տնօրեն Աղասի Մարգարյանն ասաց, որ ներկայիս աշխատարկները բոլոր պայմաններին բավարարում են, նաև հավելեց, որ այժմ վառելիքը վաճառում են կշռով և ոչ թե խորանարդ մետրով, կշեռքը փակ է, ոչ մեկ չի կարող ձեռք տալ, այն տեղական արտադրության չէ: Նա առաջարկեց վերահսկողությունն ավելացնել, որպեսզի բարեխիղճ տնտեսվարողները չտուժեն:
Բաբկեն Թունյանն արձագանքեց` տնտեսվարողների մեջ կան և՛ բարեխիղճներ և՛ ոչ բարեխիղճներ, և որքան էլ օրենսդիր մարմինը վերջին շրջանում փորձել է տարբեր կարգավորումներով չարաշահումների դեմն առնել, միևնույն է սպառողներից դժգոհություններ կան:
«Ասեմ, որ հանձնաժողովի նիստից հետո երբ հետաձգվեց հարցը, սպառողները մեզ մեղադրում էին գազալցակայանների շահերը պաշտպանելու մեջ, բայց պետք է բալանսավորված որոշում ընդունել»,-ասաց Թունյանը:
Նիստի վերջում տնտեսվարողները եկան այն եզրահանգման, որ կձևավորեն աշխատանքային խումբ:
Մեկնաբանել