HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Պաշտպանը ողջույնի խոսքում բարձր է գնահատել դիվանագիտական առաքելության և Պաշտպանի գրասենյակի միջև առկա համագործակցության բարձր մակարդակը՝ ընդգծելով Անդրեա Վիկտորինի անձնական ջանքերն՝ ուղղված Պաշտպանի ինստիտուտի հզորացմանը։ Քրիստիննե Գրիգորյանն իր պատրաստակամությունն է հայտնել խորացնել համագործակցությունը՝ հասնելու այն մարդկանց կյանքի բարելավման իրական արդյունքների արձանագրմանը, ովքեր հավատում, վստահում և սպասում են մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի աջակցությանը: 

Անդրեա Վիկտորինն իր հերթին շնորհավորել է Քրիստիննե Գրիգորյանին՝ Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձնման կապակցությամբ՝ նշելով, որ բարձր է գնահատում նրա գործունեությունը նախկին պաշտոններում: Դեսպանը, միաժամանակ կարևորելով Պաշտպանի հաստատության անկախությունն, ընդգծել է, որ բազմաթիվ խնդիրների թիրախավորման և լուծման հարցում գործել են ՄԻՊ գրասենյակի հետ կառուցողական համագործակցությամբ:

Համագործակցության կարևոր ուղղությունների շրջանակում Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է կառույցի ինստիտուցիոնալ շարունակական զարգացման հեռանկարը, ներառյալ՝ Պաշտպանի աշխատակազմի մարզային ստորաբաժանումների ընդլայնման  և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում իրական, շոշափելի արդյունքների արձանագրման  կարևորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են պատերազմների բերած արհավիրքներին և այդ համատեքստում ընդգծել մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր սկզբունքների պահպանման, խախտումների արձանագրման և միջազգային կազմակերպություններում հետևողական բարձրացման կարևորությունը։

ՄԻՊ աշխատակազմի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Պաշտպանը դեսպանին մանրամասներ է ներկայացրել Արցախ կատարած իր այցի և արձանագրած խնդիրների վերաբերյալ, կիսվել մտահոգություններով: Քննարկվել են նաև ատելության խոսքի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման հնարավորությունները, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումներին առնչվող մի շարք այլ հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը ջերմ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter