HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջգերատեսչական հանդիպման շրջանակում քննարկվել է ԱՍՀՆ սոցիալական պաշտպանության ռազմավարությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանդիպում, որի շրջանակում քննարկվել է Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ռազմավարությունը։ Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետերի գրասենյակների, նախարարությունների և պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Ինչպես հայտնում են նախարարությունից, ներկայացվել են ռազմավարության իրավական և մեթոդաբանական հիմքերը, կառուցվածքը, հիմնական շեշտադրումներն ու արդյունքային շրջանակը։   

Անդրադառնալով ոլորտային բարեփոխումների անհրաժեշտությանը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը շեշտադրել է Միասնական սոցիալական ծառայության, զբաղվածության, ժողովրդագրության և սոցիալական բնակարանային ապահովության ոլորտներում նախատեսվող ծրագրերի կարևորությունը։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է միջգերատեսչական համագործակցության շրջանակում ստացված առաջարկների ու դիտարկումների դերը, ինչը հնարավորություն կտա նախատեսված բարեփոխումներն առավել արդյունավետ դարձնել։

««ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի» աջակցությամբ մշակվող աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի համապարփակ ռազմավարությունը մշակվում է ի կատարումն Կառավարության 2021-2026թթ ծրագրի և նպատակ ունի արձագանքելու ոլորտում առկա փոխկապակցված խնդիրներին։ Ռազմավարությանը կհաջորդի ոլորտային առանձին փաստաթղթերի մշակումը, որն արդեն ծրագրային մակարդակում լուծումներ կառաջարկի ռազմավարությամբ բարձրացված խնդիրներին»,- նշել է նախարարը։

Ներկայացնելով ոլորտային ռազմավարական նպատակները՝ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը շեշտել է, որ առաջին անգամ ռազմավարությունը մշակվում է՝ հիմք ընդունելով մարդու կենսացիկլերը՝ կենտրոնանալով երեխաների իրավունքների լիարժեք իրացման, արժանապատիվ աշխատանքի և զբաղվածության խրախուսմանը միտված աշխատանքների, տարեցների սոցիալ-տնտեսական, մտավոր և ֆիզիկական ակտիվությանն ուղղված նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությունների վրա։ Նա նաև էական է համարել մասնագիտական բարձր ներուժի, ժամանակակից տեխնոլոգիաների և փաստահենք կառավարման միջոցով աշխատանքի ու սոցիալական պաշտպանության համակարգի նախաձեռնողականության, արդյունավետության, դիմակայունության և արագ արձագանքման կարողության ապահովումը։ 

«Մեզ համար նպատակային է ունենալ մի փաստաթուղթ, որն աշխատանքի և սոցիալական պաշտպանության համակարգը կդարձնի առավելապես գործուն, արդյունավետ և ճկուն։ Ուստի, մասնագիտական թիմի հետ իրականացված աշխատանքի ընթացքում նախ գնահատվել է սոցիալական պաշտպանության համակարգի ներկայիս իրավիճակը, ապա մշակվել առաջնահերթությունները, նպատակներն ու ցուցիչները։ Այժմ ընթանում են միջոցառումների քարտեզագրման և բացերի դուրսբերման աշխատանքներ»,- նշել է Ա Ժամակոչյանը։

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով գործընկեր գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել առաջարկներով՝ ձեռք բերելով հետագա համագործակցության պայմանավորվածություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter