
Առուշ Առուշանյանի գործով ցուցմունք տվեց Գորիսի համայնքապետարանից գումար ստացած անձը
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց Քարահունջի բնակիչ Նաիրա Սարգսյանը: Վերջինս Առուշանյանին և Ավետյանին վերագրվող ենթադրյալ ընտրակաշառքի դրվագով անցնող վկա է: Դատարանը վկաների հարցաքննության փուլում որոշում է կայացրել չթույլատրել դահլիճում ներկա գտնվող լրատվամիջոցների ներկայացուցիչներին ձայնագրություն և տեսագրություն իրականացնելու՝ նկատի ունենալով, որ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ վկաները պետք է հարցաքննվեն անջատ:
Վկան դատարանին հայտնեց, որ ճանաչում է Առուշյանյանին և Ավետյանին: Հարցին` ի՞նչ հանգամանքներում եք ճանաչել Առուշանյանին, վկան պատասխանեց` լավ, հետո ասաց, որ որպես քաղաքապետ է ճանաչել, Առուշանյանն իրենց ընտանիքին շատ է օգնել:
Վկան Ավետյանի հետ ևս նորմալ հարաբերություններ է ունեցել: «Ես առաջին անգամ չեմ դիմել պարոն Առուշանյանին, նա միշտ օգնել է»,- ասաց Սարգսյանն ու նշեց, որ «ընկեր Ավետյանն» էլ կաշառք չի տվել իրեն:
Սարգսյանը պատմեց, որ համագյուղացու` Ալինա Օհանջանյանի հետ թութ թափ տալուց հետո եկել են վերջինիս տուն, որտեղ երկու աղջիկ եկել ու հետաքրքրվել են` ճի՞շտ է, որ Գորիսի համայնքապետարանից իրենց փոխանցված գումարն ընտրակաշառք է եղել, ինքն ասել է, որ դա ընտրակաշառք չի եղել, հետո իրենց այցելած աղջիկներն ասել են, որ երկու մարդ ցանկանում են իրենց տեսնել: Ինչպես դատաքննության ընթացքում պարզվեց, աղջիկներից մեկը Նաիրա Սարգսյանի հորեղբոր աղջիկն է եղել, որի մասին, սակայն, Սարգսյանը չհայտնեց:
Իսկ երկու անձանցից մեկն, ով ցանկացել է տեսնել Սարգսյանին, ըստ նրա ցուցմունքի, եղել է Ներսես Խաչատրյանը:
Վերջինս Առուշանյանին վերագրվող մեկ այլ դրվագով անցնող գործով տուժողի ներկայացուցիչն է: Այդ դրվագն ընտրակաշառքի հետ կապ չունի: Գործում առկա են որոշ տվյալներ Ներսես Խաչատրյանի կողմից Սարգսյանի նկատմամբ ենթադրյալ անօրինական ազդեցության վերաբերյալ:
Նաիրա Սարգսյանի խոսքով` երբ Ներսես Խաչատրյանին հանդիպել են, վերջինս համոզմունք է հայտնել, որ իրենց տրված գումարն ընտրակաշառք է եղել, ասել է նաև, որ եթե ճիշտը պատմի, իրեն ոչինչ չի լինի, իսկ եթե ստի, ապա ոստիկաններն իրեն կձերբակալեն:
Դրանից հետո, ըստ վկայի, ինքը շոկի մեջ է եղել, վախեցել է գնալ Ոստիկանություն: Հետո ներկայացել է:
Այսօրվա նիստի ընթացքում Ներսես Խաչատրյանը կաշառքի դրվագի վերաբերյալ հարց տվեց վկային:
Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն առարկեց` նշելով որ այս գործով Խաչատրյանը ներկայացնում է մեկ այլ դրվագով տուժողի շահերը, ու թեև Քրեական դատավարության օրենսգիրքը գործերը մեկ վարույթում միացնելու դեպքում արգելք չի սահմանում տուժողի կողմից հարցեր տալու այն դրվագների վերաբերյալ, որոնք իր շահերին չեն առնչվում` չի կարելի նորմերը ֆորմալ ձևով մեկնաբանել, պետք է հասկանալ, թե տվյալ դեպքում իր վստահորդի ի՞նչ շահ է պաշտպանում Խաչատրյանը:
Պաշտպան Դավիթ Կարապետյանը հիշեցրեց, որ գործում հանգամանքներ են առկա Խաչատրյանի կողմից վկա Նաիրա Սարգսյանի նկատմամբ ենթադրյալ անօրինական ազդեցության վերաբերյալ: Պաշտպան Գայանե Պապոյան էլ չբացառեց, որ իրենք միջնորդություն ներկայացնեն Խաչատրյանին գործով որպես վկա հարցաքննելու վերաբերյալ:
Ներսես Խաչատրյանը հայտարարեց, որ ինքը հանգամանքներ է ներկայացնելու, որոնց միջոցով կպարզվի` ով է իրականում ցանկացել ազդեցություն գործադրել վկաների նկատմամբ:
Էրիկ Ալեքսանյանը դիտարկեց, որ Խաչատրյանն այժմ խոսում է ոչ թե տուժողի, այլ իր շահերի պաշտպանության դիրքերից:
Դատարանը որոշեց Խաչատրյանին չթույլատրել հարցեր տալ վկային այն դրվագների վերաբերյալ, որոնք առնչվում են վկայի վրա ենթադրյալ անօրինական ազդեցությանը: Քիչ անց Խաչատրյանը միջնորդեց, որ իրեն որպես վկա հարցաքննեն: Էրիկ Ալեքսանյանը դիտարկեց, որ, փաստորեն, տուժողի ներկայացուցիչ Խաչատրյանն այս գործով իրեն որպես վկա է դիտարկում, իսկ վկաները դատարանում անջատ են հարցաքննվում, ուստի Խաչատրյանը չի կարող ներկա գտնվել Նարինե Սարգսյանի հարցաքննությանը:
Դատարանը որոշեց Սարգսյանի հարցաքննության ժամանակ չթույլատրել Ներսես Խաչատրյանին ներկա գտնվել նիստերի դահլիճում:
Գործում առկա է Նաիրա Սարգսյանի կողմից տրված, ձեռագիր գրված հանցագործության մասին հաղորդում: Դրանում Սարգսյանն ասել է, որ իրեն պարտադրել են գնալ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավին:
Սարգսյանը նաև ցուցմունք է տվել այն մասին, որ հետագայում իրեն ասել են, որ իրեն որպես սոցիալական օգնություն տրամադրված գումարը ընտրակաշառք է եղել:
Սարգսյանն ասաց, որ հանցագործության մասին հաղորդումը գրել է Ներսես Խաչատրյանի հետ հանդիպումից հետո, վերջինիս մեկ անգամ էլ հանդիպել է Ոստիկանությունում, որտեղ Խաչատրյանը նրան հավատացրել է, որ ամեն ինչ լավ է լինելու:
Դատարանում պաշտպանական կողմի հարցերին պատասխանելիս` պարզ դարձավ, որ Նաիրա Սարգսյանը վատ է տիրապետում հայերեն գրավոր լեզվին, կարդալիս էլ դժվարանում է: Վերջինս հայտնեց որ ոստիկանն իրեն տառ-տառ թելադրել է հանցագործության մասին հաղորդումն ու ինքը գրել է, տառերը գրելու ընթացքում դրանց արդյունքում ստացված բառերի ու նախադասությունների միտքը չի ընկալել, վերջում մեկ այլ անձի են կանչել, ով իր փոխարեն կարդացել է իր գրած տեքստը, ինքը տակը ստորագրել է:
Պաշտպան Գայանե Պապոյանը հարցրեց` Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ո՞րերորդ նախագահն է, Սարգսյանը պատասխանեց` երրորդ: Պապոյանը նաև հարցրեց` իսկ ի՞նչ է քարոզարշավը, Սարգսյանը չկարողացավ պատասխանել: Հետո դատարանում փոքրիկ «քննչական փորձարարություն» իրականացվեց` Սարգսյանի գրելու կարողությունը ստուգելու համար: Վերջինիս առաջարկվեց գրել «Ռոբերտ Քոչարյան» անուն-ազգանունը և «հանցագործության մասին հաղորդում» արտահայտությունը:
Պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանի և Գայանե Պապոյանի պնդմամբ` վերը նշվածը Սարգսյանը չէր կարողացել վերարտադրել: Օրինակ` գրել էր «Ռոբե Քոչառ», իսկ «հանցագործության մասին հաղորդում» արտահայտությունը ավարտել չէր կարողացել, գրվածն էլ կրկին սխալներով էր:
«Ինձ տոն չունեմ, էս պահին վարձով եմ ապրում, փուլ ա կյամ»,- դատարանին պատմեց Սարգսյանն ու նշեց, որ 100 հզ դրամ գումարը, որը Սարգսյանի ընտանիքին է փոխանցվել բանկով, վերցրել է` տան պատուհանները փոխելու համար, սակայն դա էլ չի արել. խանութում հին պարտք է ունեցել, տվել է: Դատախազի հարցին` ու՞մ էր պատկանում խանութը, Սարգսյանը պատասխանեց` Ավետյանին: Խոսքն ամբաստանյալ Լուսինե Ավետյանի մասին է: Ստացվում է, որ սոցիալապես անապահով ընտանիքը գումարը վերցրել ու դրա մեծ մասով Քարահունջի վարչական ղեկավարին պատկանող խանութի հին պարտքն են մարել, որը կազմել է 65 հազար դրամ: Մնացած գումարով էլ Սարգսյանը հիվանդանոց է գնացել:
Հարցին` Լուսինե Ավետյանի հետ ընտրությունների հետ կապված խոսակցություն ունեցե՞լ եք, վկան պատասխանեց. «Ընկեր Ավետյանն ինձ ոչ մի բան չի ասել, չի ասել` այս մեկին ընտրի, կամ էն մեկին»: Վկան նաև ասաց, որ չգիտի` ամուսինը ունեցե՞լ է խոսակցություն, թե՝ չէ. վերջինս իրեն նման բան չի ասել:
Ընտրությունների օրը Սարգսյանն Ավետյանին դահլիճում է հանդիպել, ոչ մի խոսակցություն չի եղել, չի ուղղորդել` ում ընտրել:
Վկան Առուշանյանին դրական բնութագրեց, ասաց, որ շատ է շփվել հետը, ժողովրդին օգնելու հարցով վերջինս շատ է գնացել Քարահունջ:
Քննարկման առարկա դարձած սոցիալական օգնության համար Առուշանյանին ապրիլ ամսին է դիմել, Առուշանյանի հետ որևէ խոսակցություն չի եղել այն մասին, որ գումարը տրամադրում են` «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար:
«Շատ մարդիկ են օգնություն ստացել: Շատերին է օգնել, ոչ մեկին չի լսել, որ շահի համար ա օգնել»,- ասաց Սարգսյանը:
Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը Սարգսյանին հարցրեց` ի՞նչ է նշանակում հանցագործության մասին հաղորդումը:
«Դա շատ վատ բան ա»,- պատասխանեց Սարգսյանը, հետո ասաց, որ շոկի մեջ է եղել, երբ գրել է ձեռագիր հաղորդումը, քանի որ ոստիկանները գնացել էին իրենց տուն, ինքը 40-ն անց կին է, ոչ մի անգամ ոստիկանության հետ առնչություն չէր ունեցել նախկինում:
Հանցագործության մասին հաղորդում ներկայացրել է նաև Ալինա Օհանջանյանը: Պաշտպան Գայանե Պապոյանի խոսքով` Սարգսյանն ու Օհանջանյանը բառացիորեն նույն բանն են գրել: Պաշտպանը Սարգսյանին հարցրեց` հնարավո՞ր է, որ Օհանջանյանի հետ բառացի պայմանավորել եք, թե ինչ հաղորդում եք տալու, Սարգյանն ասաց, որ չեն պայմանավորվել:
Ամբաստանյալների պաշտպանները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է Սարգսյանը գնացել ոստիկանություն, Սարգսյանը պատասխանեց, որ Արթուր Գյուրջյանը եկել է գյուղ, ասել՝ ձեզ ոստիկանությունից կանչում են, պետք է ներկայանաք:
Գործի քննության սկզբնական շրջանում Լուսինե Ավետյանն ու ամուսինը` Մհեր Բաղդասարյանը, հանդիպել են փաստաբան Դավիթ Կարապետյանի հետ, վերջինս նրանց հորդորել է ցուցմունք չտալ: Մեղադրող կողմը Սարգսյանին հարցրեց, թե ինչպե՞ս, ու՞մ միջոցով են հանդիպել փաստաբանին, Սարգսյանն ասաց, որ ինքն է գտել փաստաբանին, գնացել են խոսելու, քանի որ իրենք վատ բան չեն արել, կաշառք չի եղել, իրենք օգնություն են ստացել: Հետագայում պարզվեց, որ Լուսինե Ավետյանն է իրենց հորդորել դիմել փաստաբանին:
Վկան հայտնեց, որ իրենց չեն պարտադրել մասնակցել Քոչարյանի հանրահավաքին:
«Ընկեր Ավետյանը զանգել ա, ասել ա՝ պարոն Քոչարյանը գալու ա, կարա՞ք գաք միտինգի, ասել եմ` չէ, ընկեր Ավետյան, մենք թոթ ենք թափ տամ, ասել ա լավ»,- պատմեց Սարգսյանը:
Տևական ժամանակ կողմերը փորձում էին հասկանալ` այն բանից հետո, երբ Ներսես Խաչատրյանն իրեն ասել է, որ ճիշտը չասելու դեպքում իրենց կձերբակալեն, ի վերջո, հանցագործության մասին հաղորդում ներկայացնելիս ճի՞շտն է ասել, Սարգսյանը պատասխանեց, որ ճիշտն այն է, որ ընտրակաշառ չի եղել:
Դատարանը որոշեց հրապարակել նաև Սարգսյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ դրանց և դատարանում տված ցուցմունքների միջև հակասություններ կային:
Ցուցմունքների հրապարակումից հետո վկան կրկին պնդեց, որ իրենց չեն հարկադրել մասնակցել հանրահավաքի և իրենց տրված գումարը սոցիալական օգնություն է եղել:
Վկայի հարցաքննությունն ավարտվեց:
Մեկնաբանել