HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 17 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Մարտի 13-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

22:41

⚡️Ուկրաինայի արտաքին գործերի նախարար. «Ռուսաստանը կփորձի ստեղծել «Խերսոնի ժողովրդական հանրապետություն»»

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտնել է, որ Խերսոնում, որը գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ, փորձ կարվի ստեղծել «ժողովրդական հանրապետություն», ինչպես դա 2014 թվականին եղել է Դոնեցկում և Լուգանսկում։

«2014 թվականի մեթոդաբանությամբ ՌԴ-ն հուսահատ փորձում է անցկացնել շինծու «հանրաքվե» Խերսոնում «ժողովրդական հանրապետություն» ստեղծելու համար։ Մարդկանց շրջանում աջակցությունը զրոյական է, որովհետև լրիվ կեղծիք է։ ՌԴ-ի դեմ պետք է կոշտ պատժամիջոցներ սահմանվեն՝ այդ պլանների իրականացման դեպքում։ Խերսոնը եղել և կլինի Ուկրաինա»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Կուլեբան։

22:24

PayPal-ի ռուսական հաշիվները կարգելափակվեն մարտի 18-ին

Վճարային համակարգը ռուսաստանցի օգտատերերին խնդրել է մինչև նշված ժամկետը հանել իրենց միջոցներն առցանց դրամապանակից։

«Վերջին իրադարձություններով պայմանավորված, մենք որոշել ենք կասեցնել Ռուսաստան վճարումներ անելու և այնտեղից վճարումներ ստանալու մեր ծառայությունները։ Ներկայումս մենք պահպանում ենք միջոցների դուրս հանման գործառույթը։ Որպեսզի նվազագույնի հասցվեն սպասարկման հետագա հնարավոր խափանումները, մենք խնդրում ենք Ձեզ հաշիվներից ձեր միջոցները հանել մինչև 2022 թվականի մարտի 18-ը»։

22:06

⚡️Առցանց կայացել են ռուսական-ուկրաինական բանակցություններ

Այսօր՝ մարտի 12-ին Ուկրաինան և Ռուսաստանը հերթական բանակցություններն են անցկացրել, այս անգամ արդեն տեսակոնֆերանսի ձևաչափով։ Պատվիրակությունները պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծել հատուկ աշխատանքային ենթախմբեր։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, որը Ուկրաինայի բանակցային պատվիրակության անդամ է։

«ՌԴ պատվիրակության հետ բանակցությունները անդադար շարունակվում են տեսաձևաչափով։ Ստեղծվել են հատուկ աշխատանքային ենթախմբեր։ Ուկրաինայի դիրքորոշումները սահմանվել են նախորդ դիրեկտիվներով»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Պոդոլյակը։

Թե ինչ հարցերով են զբաղվելու աշխատանքային ենթախմբերը, ուկրաինական պատվիրակության անդամը չի մանրամասնել։

Բելառուսում արդեն իսկ կայացել են ռուս-ուկրաինական բանակցությունների երեք փուլեր։ Բանակցությունների երկրորդ փուլի ժամանակ ձեռք էր բերվել պայմանավորվածություն ապահովելու քաղաքացիական բնակչության տարհանման, սննդի, դեղամիջոցների մատակարարման համար ստեղծվելիք հումանիտար միջանցքների գործունեությունը, սակայն այդ պայմանավորվածությունը ոչ միշտ է իրագործվում։ Կողմերը միմյանց են մեղադրում դրանց տապալման համար։

21:55

Bloomberg. պատերազմի երկու շաբաթվա ընթացքում Ռուսաստանը կորցրել է 30 միլիարդ դոլարի ՀՆԱ

21:46

Լուսանկար Պոլտավա-Լվով էվակուացիոն գնացքից։

21:23

⚡️Ջո Բայդենն ստորագրել է հուշագիր, որը ԱՄՆ պետքարտուղարին հնարավորություն կտա մինչև 200 միլիոն դոլար լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային։ 

21:14

Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն միջազգային հետախուզում է հայտարարել Գերագույն ռադայի պատգամավոր Իլյա Կիվային։ Այդ մասին նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

2022 թվականի մարտի 10-ին Լվովի դատարանը հեռակա կարգով ձերբակալել էր Կիվային, որին ուկրաինական դատախազությունը կասկածում է պետական դավաճանության և տարածքային ամբողջականության խախտման հրահրման մեջ։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից մեկ օր առաջ Իլյա Կիվան խորհրդային բանակի օրվա առթիվ տեսաուղերձ էր հրապարակել և հայտարարել «Ուկրաինայի ազատագրման» անհրաժեշտության մասին։ 

Կիվան ներկայումս գտնվում է Ռուսաստանում։ Նա պարբերաբար հանդես է գալիս ռուսական դաշնային հեռուստաընկերություններով և տարբեր մեղադրանքներ հնչեցնում Ուկրաինայի գործող իշխանությունների հասցեին։ 

Բացի այդ, նա մի քանի անգամ պնդել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փախել է Կիևից, սակայն այդ տեղեկատվությունն այդպես էլ չհաստատվեց։

Կիվան ռուսամետ «Ընդդիմադիր հարթակ-Կյանքի համար» կուսակցության անդամ էր, սակայն մարտի 3-ին հեռացվել է այդ կուսակցությունից։

20:55

⚡️Վոլնովախա քաղաք այլևս գոյություն չունի

Նման հայտարարություն է արել Դոնեցկի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն։

«Իհարկե մեծ մասին տարհանել ենք, այդ իսկ պատճառով ես այդ մասին ասում եմ, որ Վոլնովախան՝ իր ենթակառուցվածքներով, որպես քաղաք, այլևս գոյություն չունի։ Մարտերն ընթանում են տարածքի համար, որպեսզի թույլ չտրվի թշնամուն նեղացնել օղակը և հասնել մարտավարական ու ռազմավարական խնդիրների կատարմանը»,- ասել է Կիրիլենկոն։

20:48

ՌԴ ՊՆ նոր ճեպազրույցը. Գլխավոտ մտքերը.

  • «Հատուկ գործողության» ժամանակ շարքից հանվել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 3593 օբյեկտ։
  • Ոչնչացվել է 61 ուղղաթիռ, 126 անօդաչու, 1159 տանկ և այլ զրահամեքենա, համազարկային կրակի 118 ռեակտիվ համակարգ։
  • Մարտի 12-ին խոցվել է 79 օբյեկտ, մեկ Ми-24 ուղղաթիռ և 3 անօդաչու, այդ թվում մեկ Bayraktar TB-2:
  • «ԼԺՀ» ուժերի վերահսկողության տակ է անցել Մոլոդյոժնոյե, Վոզգորյե բնակավայրերը, Պոպասնայա քաղաքի հարավային և կենտրոնական հատվածները, ինչպես նաև դուրս եկել Սևերոդոնեցկի մատույցներ։

20:36

⚡️Ելիսեյան պալատը առաջիկա ժամերին նոր պատժամիջոցներ է խոստանում Ռուսաստանի նկատմամբ

BFMTV հեռուստաընկերության տվյալներով՝ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ժամանակ «պատրաստակամություն չի հայտնել դադարեցնելու պատերազմը»։ 

Եվրոպական երկրների առաջնորդները Պուտինից պահանջել են «դադարեցնել Մարիուպոլի շրջափակումը»։

20:15

YouTube-ը սկսել է արգելափակել ռուսական պետական հեռուստաընկերությունների հետ կապ ունեցող յութուբյան ալիքները։ Մասնավորապես, արդեն իսկ արգելափակվել են Ռուսաստանի առաջին ալիքի, Россия 24,  НТВ, RT և այլ հեռուստաընկերությունների կայքերը։

Իսկ սա օրինակ «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման արգելափակված յութուբյան ալիքի սքրինշոթն է։

20:02

Forbes-ի ուկրաինական տարբերակի գնահատականներով՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանի կորցրած տեխնիկայի արժեքը կազմում է ավելի քան 5,1 միլիարդ դոլար։ 

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարել է, որ պատերազմի մեկնարկից ի վեր ոչնչացվել է ռուսական բանակի 2593 միավոր ռազմատեխնիկա, այդ թվում 58 ինքնաթիռ, 83 ուղղաթիռ, 363 տանկ և 1205 մարտական զրահամեքենա։

19:35

⚡️Մոսկվան և Կիևը տեսակոնֆերանսի ձևաչափով շարունակում են բանակցությունները։

«Այո, բանակցությունները շարունակվում են տեսաձևաչափով, պատվիրակությունը շարունակում է գլխավորել Վլադիմիր Մեդինսկին։ Մանրամասների վերաբերյալ մենք հիմա ձեռնպահ ենք մնում որևէ մեկնաբանություն անել»,- Интерфакс-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

19:19

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆյոդորովը ողջ է, բայց նրան տանջում են։

19:16

ՌԴ կառավարությունը որոշել է, թե որ շրջաններ կուղարկի Ուկրաինայից և Դոնբասից տեղահանվածներին

Համաձայն կառավարության որոշման՝ ավելի քան 95 000 մարդ կվերաբնակեցվի ՌԴ տարբեր շրջաններում, բացառությամբ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Սևաստոպոլի։

Այդ մարդկանց մեծ մասին կընդունեն Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի, Ռոստովի մարզերը, Ղրիմը, Կրասնոդարի և Կրասնոյարսկի երկրամասերը։

19:01

⚡️Շոլցի, Մակրոնի և Պուտինի հեռախոսազրույցը ըստ գերմանական կողմի տարածած հաղորդագրության

75-րոպեանոց հեռախոսազրույցի ժամանակ ԳԴՀ կանցլերն ու Ֆրանսիայի նախագահը կոչ են արել անմիջապես դադարեցնել կրակն Ուկրաինայում և հակամարտությունը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Հեռախոսազրույցի հետագա բովանդակությունը որոշվել է չհրապարակել։

18:52

⚡️Վլադիմիր Զելենսկին հերթական մամուլի ասուլիսն է անցկացրել արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների համար

Ահա հիմնական մտքերը.

  • Ուկրաինայի նախագահն առաջին անգամ հրապարակել է ուկրաինական կողմի զոհերի թիվը. «Մենք ունենք մոտ 1300 զոհված զինվորական»։
  • Եթե նույնիսկ այստեղ բերեն զոհվելու ռուսական միլիոնավոր քաղաքացիների, մեկ է ուկրաինացիներին բռնազավթել չի ստացվի։
  • Զելենսկին պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին։ Նա Իսրայելի վարչապետին առաջարկել է դրանք անցկացնել Երուսաղեմում։
  • Բանակցային գործընթացում բավարար ներկայացված չեն արևմտյան գործընկերները։ Իսրայելը կարող է լինել անվտանգության երաշխավոր երկրների շարքում։
  • Ուկրաինային անհրաժեշտ են ՀՕՊ համակարգեր։ Կիևը պատրաստ է դրանք նույնիսկ վարկով գնել։

18:39

Պատերազմի պատճառով գրեթե մեկ միլիոն ուկրաինացի մնացել է առանց լույսի, քառորդ միլիոնը՝ առանց գազի։

Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ էլեկտրամատակարարման հետ կապված ամենաբարդ իրավիճակը Դոնեցկի, Կիևի, Խարկովի և Չեռնիգովի մարզերում է։ 

Գազամատակարարումը խախված է Կիևի, Զապորոժյեի և Դոնեցկի մարզերում։

18:28

Զելենսկու խոսքով՝ ռուսական և ուկրաինական բանագնացները սկսել են քննարկել կոնկրետ թեմաներ, այլ ոչ փոխանակվել վերջնագրերով։

18:26

Ռոսկոմնադզորը ռուսաստանցիներին առաջարկում է վերադառնալ «Одноклассники» և «VK»:

18:23

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իսրայելի վարչապետին առաջարկել է Երուսաղեմում բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի հետ։

18:17

Լոնդոնի Լուտոն օդանավակայանում ստուգվում է մասնավոր օդանավերից մեկը։ Կասկածներ կան, որ այն կարող է կապ ունենալ Ռուսաստանի հետ։

17:54

⚡️Շոլցի ու Մակրոնի հետ Պուտինի բանակցությունների արդյունքներն ըստ Կրեմլի հաղորդագրության

Պուտինը Մակրոնին ու Շոլցին ներկայացրել է «գործերի իրական վիճակը»։

«Ներկայացվել են ուկրաինական ուժայինների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտման բազմաթիվ փաստեր. արտադատական հաշվեհարդար չհամաձայնվողների նկատմամբ, գերեվարում և խաղաղ բնակչությանը կենդանի վահանի տեղ կիրառում, բնակելի թաղամասերում, հիվանդանոցների, դպրոցների, մանկապարտեզների մոտ ծանր սպառազինության տեղակայում։ Միաժամանակ ազգայնական գումարտակները պարբերաբար տապալում են բնակչության փրկության գործողությունները, տարհանման փորձերի ժամանակ վախեցնում քաղաքացիական բնակչությանը»։

Պուտինը Մակրոնին և Շոլցին խնդրել է ազդել Կիևի վրա, որպեսզի այս ամենն ավարտվի։

17:19

Խերսոնի մարզում նախատեսում են ստեղծել Խերսոնի ժողովրդական հանրապետություն, պնդում է տեղի պատգամավորը։

Սերգեյ Խլանի խոսքով՝ Ռուսաստանը նախատեսում է կազմակերպել համապատասխան հանրաքվե։ Մարզային խորհրդի պատգամավորներին զանգում են և հարցնում, թե արդյոք նրանք պատրաստ են համագործակցության։

16:54

Google-ը Android-ի ուկրաինացի օգտատերերի համար միացրել է օդային տագնապի ծանուցումը

Դեռևս թարմացումը հասանելի է միայն որոշ օգտատերերի համար, սակայն առաջիկա օրերին այն հասանելի կդառնա այդ երկրում Android-ի բոլոր օգտատերերի համար։

16:28

⚡️Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

16:11

Բարիկադներ Օդեսայում։

15:44

Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության կառավարության ղեկավարի խորհրդական Յան Գագինը հայտարարել է, որ բոլոր ցանկացողները կարող են առանց խոչընդոտի Դոնեցկի մարզի անջատողականների վերահսկողության տակ անցած տարածքներից հեռանալ Ուկրաինա։

Գագինը նաև ուկրաինական բանակին մեղադրել է հետնահանջի ժամանակ ենթակառուցվածքների օբյեկտների մտածված պայթեցման մեջ։

15:14

Ռոման Աբրամովիչի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կարող են հանգեցնել «Չելսի» ֆուտբոլային ակումբի սնանկացմանը։ Այդ մասին գրում է The Telegraph-ը։ 

Չելսին զգուշացրել է Մեծ Բրիտանիայի կառավարությանը, որ Աբրամովիչի նկատմամբ սահմանված պատժամիջոցների էֆեկտը սպառնալիքի տակ է դնում խաղաշրջանն ավարտելու ակումբի կարողությունը։ 

14:57

Sony Pictures-ը դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում

Ընկերությունը հետաձգել է իր բոլոր նախագծերի թվային թողարկումները, մասնավորապես, Սարդ մարդու մասին նոր ֆիլմը։

Բացի այդ, սառեցվել են նաև հեռուստաընկերություններում բովանդակության ներկայացման հետ կապված պայմանագրերը, իսկ ռուսական օգտատերերի համար սահմանափակվել Crunchyroll անիմե ծառայության հասանելիությունը։

14:37

Դոնեցկի մարզի նահանգապետը հայտնել է, որ ուկրաինական զորքերը թողել են Վոլնովախան։

14:19

«Аэрофлот»-ի գլխավոր տնօրենի ռազմավարության, սերվիսի և մարքեթինգի գծով տեղակալ Անդրեյ Պանովը հեռացել է ընկերությունից և մեկնել Ռուսաստանից։ Այդ մասին հայտնում է РБК-ն։

Պանովը եղել է «Аэрофлота»-ի և նրա դուստր ընկերության «Победа»-ի ռազմավարության հեղինակը։ Գլխավոր տնօրենի տեղակալ էր նշանակվել 2018 թվականին։

14:13

Մարտի 11-ին Խարկովը արկակոծվել է 89 անգամ

Մեկ օրվա ընթացքում ռուսական զորքերը Խարկովի բնակելի թաղամասերն արկակոծել են 89 անգամ։ Այդ մասին հայտարարել է Խարկովի մարզի նահանգապետ Օլեգ Սինեգուբովը։

Խարկովն Ուկրաինայի ամենատուժած քաղաքն է։ Ներկայումս շարունակվում է դեպի Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաք, հումանիտար օգնության տեսքով, սննդի, ջրի, դեղամիջոցների ու տաք հագուստի առաքումը։

13:47

Վլադիմիր Զելենսկի. Ռուսական գերիների թիվը շատ մեծ է

Ուկրաինայի կառավարությունը ստեղծել է Ռազմագերիների հարցերով համակարգող շտաբ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Գերեվարված բռնազավթիչների թիվն արդեն հասել է այնպիսի մակարդակի, որ այդ հարցը չի կարելի թողնել այնպիսի կառույցների, որոնք մենք ունեինք մինչև պատերազմը։ Այդ իսկ պատճառով այսօր կառավարությունը ստեղծել է Ռազմագերիների հարցերով համակարգող շտաբ»,- հայտարարել է նախագահ Զելենսկին։

Նրա խոսքով՝ գերության հանձնված ռուսաստանցի զինծառայողների հետ վարվում են միջազգային կոնվենցիաների սկզբունքներին համապատասխան։

Կիևի տվյալներով, պատերազմի 16-րդ օրվա դրությամբ, ուկրաինական գերության մեջ է գրեթե 700 ռուսաստանցի զինծառայող։ 

13:39

Իտալիայի ֆինանսական գվարդիան ձերբակալել է ռուսական միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոյին պատկանող շքեղ զբոսանավը։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

Այն գնահատվում է 530 միլիոն դոլար։ Զբոսանավի երկարությունը 150 մետր է, ջրատարողությունը գրեթե 13 հազար տոննա։ Գործարկվում է 2008 թվականից։

13:27

ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը Ռուսաստանի առաջին ալիքին հարցազրույց է տվել ԱՄՆ հետ հարաբերությունների վերաբերյալ: Հիմնական մտքերը.

  • ԱՄՆ հետ շփումները չեն դադարում։ Կա հստակ երկխոսություն միջազգային հարթակներում։
  • Ամերիկացիների դեմ պատասխան անհատական պատժամիջոցների ցանկերն արդեն պատրաստ են։ Շուտով դրանք կհրապարակվեն։
  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի վերաբերյալ հայտարարությունը նյարդերի վրա խաղալու փորձ է։
  • ՆԱՏՕ-ին ուղղված անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները այլևս չեն գործում։ Հիմա իրավիճակն այլ է։
  • Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում վստահության մասին խոսել չի կարող։ Մենք Վաշինգտոնի մեղքով շատ ենք հետ շպրտվել։

13:09

Ղազախական Qazaq Air-ը դադարեցնում է թռիչքները Ռուսաստան

Նման որոշման պատճառ ավիաընկերությունում նշել են ապահովագրական ընկերությունից ցանուցումը, որը նշել է, որ դադարեցնում է Ռուսաստանի տարածքում և նրա օդային սահմանում ապահովագրական ծածկույթի ապահովումը։

Նուր Սուլթան-Նովոսիբիրսկ այսօրվա թռիչքն արդեն չի կայանա։

Նախօրեին, համանման պատճառով դեպի Ռուսաստան թռիչքները դադարեցրել էր ղազախական ևս մեկ ավիաընկերություն՝ Air Astana-ն։

13:04

Պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայում զոհվել է 79 երեխա։

Եվս գրեթե 100 երեխա վիրավորվել է։ Նման տվյալներ է հրապարակել Ուկրաինայի անչափահասների ծառայությունը։ 

Ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ ավերվել է ավելի քան 280 դպրոց, որոնցից 9-ը ամբողջությամբ վերացվել են։ 

12:49

Մադագասկարի մայրաքաղաք Անտանանարիվուում էլ բնակիչները դուրս են եկել իրենց աջակցությունը հայտնելու Ռուսաստանին։ 

12:37

Լուգանսկում ծնված և մեծացած ճանապարհորդ, բլոգեր Անտոն Պտուշկինը ռուսաստանցիներին ուղղված տեսաուղերձ է հրապարակել՝ վերնագրելով «Որտեղ եմ ես եղել այս 8 տարիներին»։

12:28

Մելիտոպոլի բնակիչները դուրս են եկել ցույցի՝ պահանջելով ազատ արձակել առևանգված քաղաքապետին

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրլ Տիմոշենկոյի տվյալներով՝ Մելիտոպոլի քաղաքապետարանի դիմացի հրապարակում հավաքվել է երկու հազար մարդ։

Մելիտոպոլը գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Մարտի 11-ին ուկրաինական իշխանությունները հայտարարել էին, որ քաղաքապետ Իվան Ֆյոդորովն առևանգվել է։ Նրա գտնվելու վայրը շարունակվում է անհայտ մնալ։ Ռուսական զինծառայողներն ու պաշտոնատար անձինք իրավիճակը ոչ մի կերպ չեն մեկնակաբանել։

12:17

Բրիտանական հետախուզությունը հայտնում է, որ ռուսական զորքերի հիմնական խմբերը, որոնք տեղակայված են Կիևի շրջանում, գտնվում են քաղաքի կենտրոնից 25 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Այնտեղ շարունակվում են մարտերը։

Ընդ որում, ռազմատեխնիկայի մի քանի տասնյակ կիլոմետրանոց շարասյունը ցրվել է։ Բրիտանական հետախուզության կարծիքով՝ դա կարող է խոսել Կիևի շրջափակման մտադրության մասին։

12:06

Airbnb-ում տարբեր երկրներից հարթակի օգտատերերն Ուկրաինայում բնակարաններ են ամրագրել 434 հազար գիշերվա համար։ Այդ մասին հայտնել է Airbnb-ի գլխավոր տնօրեն Բրայան Չեսքին։ 

Այդպիսով, ուկրաինական հոսթերը (հյուրընկալող կողմը) ստացել են 15 միլիոն դոլար ֆինանսական օգնություն։

11:49

Բողոքի ցույց Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ի աջակցություն Ուկրաինայի։

11:34

ՌԴ ՊՆ առավոտյան ճեպազրույցը. Հիմնական մտքերը.

  • Գերճշգրիտ զենքով շարքից հանվել են Վասիլկովի օդակայանն ու Բրովարիում գտնվող ռադիոտեխնիկական կենտրոնը։
  • ՌԴ զորքերը դուրս են եկել Նովոդոնեցկոյե, Նովոմայորսկոյե, Պավլովկա բնակավայրերի մոտ և շարունակում են հարձակումը։
  • «ԴԺՀ» ուժերը առաջ են շարժվել 9 կիլոմետր, իսկ «ԼԺՀ» ուժերը՝ վեց։ 
  • Մեկ օրվա ընթացքում ռուսական ավիացիան և ՀՕՊ-ը խոցել են հինգ անօդաչու։
  • Մարտական գործողությունների ողջ ընթացքում Ուկրաինայում շարքից դուրս է հանվել ռազմական ենթակառուցվածքների 3491 օբյեկտ։

11:23

eBay-ը դադարեցրել է ռուսական հասցեներով բոլոր գործառնությունները

Այդպիսի որոշման պատճառը վճարային պրովայդերների և առաքման հիմնական ծառայությունների աշխատանքի դադարեցումն է։ Ռուսաստանից բոլոր վաճառողների անձնական էջերում կդրվի «արձակուրդի մեջ է» գրությունը։

Ֆիքսված գներով նրանց բոլոր ակտիվ հայտարարությունները կթաքցվեն որոնման արդյունքներից, և գնորդները չեն կարողանա գնել այդ ապրանքները։ 

eBay-ը դեռ մեկ շաբաթ առաջ էր դադարեցրել Ռուսաստան ապրանքների առաքումը։

11:14

Չեռնիգովի իշխանություններ. քաղաքը մնացել է առանց էլեկտրականության, գազի, ջրի և հոսանքի

Չեռնիգովի մարզային պետական վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուղը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմել է քաղաքում առկա իրավիճակի վերաբերյալ։

  • Շարունակվում են հրթիռակոծվել քաղաքային ենթակառուցվածքները, այդ թվում ավիացիայի կիրառմամբ,
  • Այսօր ավերվել է «Украина» հյուրանոցը,
  • Առավոտյան քաղաքը մնացել է առանց էլեկտրականության, գազի, ջրի և ջեռուցման, սակայն քաղաքային ծառայություններն զբաղվում են վերանորոգմամբ։

11:00

Ի՞նչ է կատարվել մարտի 12-ի գիշերը՝ հակիրճ.

  • Ուկրաինայի մի շարք քաղաքներում ողջ գիշեր հնչել են օդային տագնապի ազդանշանները։ Կիևի մարզում արկերն ընկել են սառնարանային պահեստների, իսկ Չեռնիգովում՝ հյուրանոցի վրա։ Տուժածների մասին տվյալներ դեռևս չկան։
  • Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինական հակաօդային պաշտպանության կողմից դիմադրությունը Ռուսաստանին ստիպում է Ուկրաինայի տարածքի վրա հարձակվել մեծ հեռավորությունից՝ կիրառելով անկառավարելի հրթիռներ։ Այդպիսի զենքը համեմատաբար ոչ ճշգրիտ է և ոչ ընտրովի, այսինքն դրա կիրառումն էականորեն մեծացնում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
  • ՆԱՏՕ-ն ու նրա գործընկերները երկուշաբթի օրը՝ մարտի 14-ին կսկսեն Նորվեգիայում նախատեսված զորավարժությունները։ Cold Response-2022 զորավարժություններին, որը ՆԱՏՕ-ի այս տարվա ամենախոշոր զորավարժությունը կլինի, կմասնակցի աշխարհի 27 երկրի 30 000 զինծառայող, 200 ինքնաթիռ և 50 նավ։ 
  • Strava սպորտային սոցիալական ցանցն ու Deutsche Bank-ը հայտարարել են, որ դադարեցնում են իրենց գործունեությունը Ռուսաստանում։ Colgate-Palmolive ընկերությունն էլ որոշել է հրաժարվել Ռուսաստան իրականացվող ներկրումից և ներդրումներից։ 
  • YouTube-ը հայտարարել է ռուսական պետական լրատվամիջոցների հետ կապված ալիքների անհապաղ արգելափակման մասին։
  • Ռոսկոմնադզորը հայտարարել է, որ Ռուսաստանում Instagram-ը կարգելափակվի մարտի 14-ի գիշերը։

Լուսանկարը՝ Marcus Yam / Los Angeles Times

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter