HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունների կարգավորման հինգ կետանոց առաջարկ է արել

Ադրբեջանը Հայաստան է ուղարկել հարաբերությունների կարգավորման հինգ կետից բաղկացած փաստաթուղթ և սպասում է պատասխանի։ Այդ մասին թուրքական Anadolu պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ նշելով, որ եթե Հայաստանն անկեղծ ցանկանում է հարաբերությունների կարգավորում, ապա «սա հիանալի հնարավորություն է նրա համար»։

«Ուղերձը նրանում է, որ բռնազավթման գործոնն արդեն վերացել է։ Այս իրավիճակում ադրբեջանական կողմը, չնայած անցյալի բոլոր դժվարություններին և խնդիրներին, հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին»,- ասել է ադրբեջանցի նախարարը։ 

Բայրամովի խոսքով՝ արդեն շուրջ մեկ տարի է, ինչ Հայաստանը որևէ պատասխան չի տալիս Ադրբեջանի առաջարկին։ «Ադրբեջանը վերջերս նոր առաջարկ է ուղարկել Հայաստանին, որպեսզի ցույց տա իր բարի կամքը։ Մենք Հայաստանին առաջարկել ենք մի քանի հիմնարար սկզբունքներ, որոնք ներառում են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորում։ Մենք ասել ենք, որ պատրաստ ենք հարաբերությունները զարգացնել որոշ սկզբունքների հիման վրա։ Հայաստանը պետք է դիտարկի այդ հարցերն ու պատասխան տա։ Եթե Հայաստանը ցանկանում է հարաբերությունների կարգավորում, ապա սա հիանալի հնարավորություն է նրա համար։ Առաջիկայում հայտնի կլինի Հայաստանի պատասխանը, և, բնականաբար, մենք կձեռնարկենք համապատասխան քայլեր»,- թուրքական պարբերականին ասել է Բայրամովը։

Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հինգ կետանոց փաստաթուղթը մեկ էջից է բաղկացած։ «Սահմանվել և առաջարկվել են հիմնական սկզբունքները։ Եթե Հայաստանը ցանկանում է հարաբերությունների կարգավորում, նրանք պետք է անմիջապես հայտարարեն այդ առաջարկներին իրենց դիրքորոշման մասին։ Բայց ես կարող եմ ասել, որ փաստաթղթում ներկայացված բոլոր սկզբունքները հանդիսանում են միջազգային հարաբերությունների սկզբունքներ», - նշել է Բայրամովը։

Բայրամովը հավելել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը ևս մտնում են ադրբեջանական առաջարկների մեջ։ «Գործընթացի մեկնարկի համար նախապայմաններն ընդունելի չեն։ Պետք է ստեղծվի երկկողմ համագործակցության խումբ և այդ խումբը պետք է գործի անցնի։ Կան հինգ հիմնական կետեր։ Մեր առաջարկները բաղկացած են հինգ կետից»,- եզրափակել է Բայրամովը։

Հիշեցնենք, որ այս օրերին թուրքական Անթալիայում ընթանում է Անթալիայի դիվանագիտական ֆորումը, որին մասնակցում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Միրզոյանը կհանդիպի Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter