
Անթալիայում ավարտվել է Միրզոյան-Չավուշօղլու հանդիպումը
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ավարտվել է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը։
Anadolu գործակալության փոխանցմամբ՝ այն տևել է մոտ կես ժամ և քննարկվել են Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորումը։
Մևլյութ Չավուշօղլուն Միրզոյանի հետ բանակցություններն անվանել է «շատ կառուցողական և արդյունավետ»։ «Քննարկվել են երկկողմ հարաբերությունների ամբողջական կարգավորմանն ուղղված քայլերը։ Կցանկանայի գոհունակությամբ արձանագրել, որ մենք ջանքեր ենք ներդնում Կովկասում խաղաղության համար։ Թուրքիայի և Հայաստանի միջև քայլերը դրական է ընդունում նաև Ադրբեջանը։ Բաքուն աջակցում է այդ գործընթացին։ Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ելնում են բոլոր կողմերի շահերից»,- ասել է թուրք նախարարը։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները նախկինում երկու հանդիպում են ունեցել։
Արարատ Միրզոյանն էլ իր հերթին հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել գործընթացն առանց նախապայմաների։ Հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Երևանը վճռական է տրամադրված Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն ուղղված հարցի վերաբերյալ։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել