HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 18 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Մարտի 14-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

21:16

ՄԱԿ. պատերազմի մեկնարկից ի վեր առնվազն 596 խաղաղ բնակիչ է զոհվել Ուկրաինայում, այդ թվում՝ 43 երեխա։ Եվս 1067 մարդ վիրավորվել է։

Ինչպես գրում է The New York Times-ը, ՄԱԿ-ն ընդգծում է, որ սա միայն հաստատված զոհերի մասին տեղեկատվությունն է և իրականում զոհերի և տուժածների թիվը իրավամբ ավելի մեծ է։

21:04

Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ օրվա սկզբից ի վեր ռուսական զորքերը հիմնական ուժերը կենտրոնացրել են Կրիվոյ Ռոգի և Նիկոլաևի ուղղությամբ։ Նրանք նաև շարունակում են ռեզերվներ կուտակել Ուգլեդար քաղաքի վրա հարձակման համար և «ակտիվացնում դիվերսիաների անցկացումը» հումանիտար բեռներ և ռազմական օգնություն տեղափոխող տրանսպորտային շարասյուների ուղղությամբ։

20:48

Վլադիմիր Զելենսկին Meta-ին շնորհակալություն է հայտնել Ուկրաինային աջակցելու համար։

«Պատերազմը ոչ միայն զինծառայողների դիմադրությունն է, այլև կատաղի մարտը տեղեկատվական հարթակում։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Meta-ին և մյուս հարթակներին, որոնք ակտիվ դիրքորոշում են ստանձնել, օգնում են ուկրաինացիներին և կանգնում նրանց հետ մեջք մեջքի»,- գրել է Զելենսկին։

Ռուսական իշխանություններն այլ վերաբերմունք ունեն Meta ընկերության նկատմամբ։

20:37

Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանում վերականգնվել է էլեկտրասնուցումը։ Այդ մասին նշվում է Գերագույն ռադայի տելեգրամյան ալիքում։ «Մեր ուկրաինացի էներգետիկները, վտանգելով իրենց առողջությունն ու կյանքը, կարողացել են չեզոքացնել միջուկային աղետի հնարավոր ռիսկը, որը սպառնում էր ողջ Եվրոպային»,- նշվում է հայտարարության մեջ։

20:33

Լուսանկարներ Կիևի մետրոյից, մարտի 13:

20:23

Բիաթլոնիստ Անաստասիա Մերկուշինան, որը մասնակցել է Պեկինի օլիմպիական խաղերին, դարձել է սահմանապահ։ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ Մերկուշինան ասում է. «Իմ պատվին մի քանի անգամ բարձրացվել է Ուկրաինայի դրոշը։ Եկել է ժամանակը նրան պաշտպանելու և բիաթլոնի հրացանը փոխարինելու ինքնաձիգով»։

20:18

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի ճեպազրույցը։ Գլխավոր մտքերը.

  • ՌԴ զինված ուժերը «հատուկ գործողության ժամանակ» շարքից հանել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 3 736 օբյեկտ։
  • Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան և ՀՕՊ-ը խոցել են մեկ Су-24 և 11 անօդաչու։
  • ՌԴ զինված ուժերը գերճշգրիտ զենքով հարվածներ են հասցրել Ուկրաինայի ԶՈւ Լվովի մարզում գտնվող ուսումնական կենտրոններին։
  • ՌԴ օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիան մեկ օրվա ընթացքում խոցել են ուկրաինական զինուժի 46 օբյեկտ։
  • ՌԴ ԶՈւ-ն «հատուկ գործողության ընթացքում» իր վերահսկողության տակ է վերցրել հինգ բնակավայր, առաջխաղացումը կազմել է 9 կիլոմետր։
  • Ուկրաինայի տարածք ժամանած «օտարերկրյա վարձկանների ոչնչացումը կշարունակվի»։
  • Յավորովի ռազմական հրաձգարանի ուսումնական կենտրոններին ՌԴ ԶՈւ հարվածների արդյունքում «ոչնչացվել է մինչև 180 օտարերկրյա վարձկան և օտարերկրյա սպառազինության խմբաքանակ»։

19:58

Հակատանկային ոզնիներն Օդեսայի փողոցներում, մարտի 13:

19:38

Այսօրվանից լրագրողների համար փակվել է մուտքը Իրպեն քաղաք, որտեղ այսօր զոհվել էր դոկումենտալիստ Բրենթ Ռենոն։ Այդ մասին հայտնել է քաղաքապետ Ալեքսանդր Մարկուշինը։ «Այդպիսով մենք ցանկանում ենք պահպանել և նրանց, և մեր պահապանների կյանքերը»,- գրել է Մարկուշինը և խնդրել մեդիայի ներկայացուցիչներին ու բոլոր ուկրաինացիաներին սոցիալական ցանցերում չհրապարակել այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են ցույց տալ զինծառայողների և տեխնիկայի գտնվելու վայրերը։

19:23

Վլադիմիր Զելենսկին այցելել է վիրավոր զինվորականներին։ Ուկրաինայի նախագահի այցի վերաբերյալ տեսանյութը, որտեղ նա ոտքով քայլում է Կիևով, հրապարակվել է Զելենսկու տելեգրամյան ալիքում։ Հրապարակումից մի քանի րոպե անց քաղաքում միացվել են օդային տագնապի ազդանշանները։

19:14

Բելառուսի պաշտպանության նախարարությունը կեղծ է անվանել ուկրաինական իշխանությունների պնդումներն այն մասին, որ Բելառուսի զինված ուժերի շարքերում խռովություն է առաջացել՝ իբր զորքերի Ուկրաինա հնարավոր ուղարկման պատճառով։ Այդ մասին հայտնում է «Беларусь 1» հեռուստաընկերությունը։

Ավելի վաղ, ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով Ուկրաինայի ռազմավարական հաղորդակցությունների և տեղեկատվական անվտանգության կենտրոնին, հայտնել էին, որ Բրեստ քաղաքի շրջանում տեղակայված առանձին զորամասերում խռովություններ են տեղի ունենում։ Ըստ կենտրոնի տվյալների՝ զինծառայողները, այդ թվում սպաները, չեն ցանկանում մասնակցել Ուկրաինայի դեմ պատերազմին։

19:03

⚡️Հեռավոր Արևելքի ռուսական շրջաններում, որտեղ արդեն մարտի 14-ն է, Instagram-ը դադարել է գործել։

18:55

⚡️Մարիուպոլի իշխանությունները հայտարարել են 2187 զոհի մասին

Վերջին 24 ժամվա ընթացքում քաղաքի ուղղությամբ իրականացվել է առնվազն 22 ավիահարձակում։ Այդ մասին հայտնել է տեղական քաղաքային խորհուրդը։ Պատերազմի ողջ ընթացքում, իշխանությունների տվյալներով, քաղաքի ուղղությամբ նետվել է 100 ռումբ։

18:27

Այսօր առավոտյան Մելիտոպոլում ենթադրաբար առևանգվել է շրջանային խորհրդի ղեկավարը

Ինչպես պնդում է РИА Мелитополь-ը, առավոտյան 07:30-ին Սերգեյ Պրիյմեի տունը խուզարկելու է եկել 8 մարդ։ Նրանք վերցրել են ողջ տեխնիկան և ձերբակալել շրջանային խորհրդի ղեկավարին։

Սա Մելիտոպոլից առևանգման վերաբերյալ առաջին հաղորդագրությունը չէ։ Մարտի 11-ին զինված անձինք ձերբակալել էին քաղաքապետ Իվան Ֆյոդորովին, իսկ մարտի 12-ին՝ ակտիվիստ Օլգա Գայսումովային։ Թե որտեղ են նրանք ներկայումս, անհայտ է։

18:16

Չեչնիայի պետական հեռուստառադիոընկերության «Грозный» հեռուստաընկերությունը հաստատել է, որ Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը գտնվում է Ուկրաինայում։ Հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ, ինչպես պնդվում է, Կադիրովը «խոսում է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը մասնակից մարտիկների հետ»։ Տեսանյութում ուժայիններից մեկն ասում է, որ նրանք գտնվում են Կիևից յոթ կիլոմետր հեռավորության վրա։ Նա նաև Կադիրովին պատմում է, թե ինչպես են փորձել երեխաներին տարհանել մանկապարտեզից, սակայն չեն հասցրել։

17:58

ԱՄՆ առևտրի նախարարությունը հրապարակել է շքեղության ապրանքների երկար ցանկ, որոնք արգելված է մատակարարել Ռուսաստան։

Ցանկում հայտնվել են ալկոհոլային տարբեր ապրանքներ, ծխախոտ, կոսմետիկա, օծանելիքներ, կանացի պայուսակներ, մետաքսի և մորթե հագուստ, Royal դաշնամուրներ, թանկարժեք հագուստ և կոշիկ, որոնց ինքնարժեքը գերազանցում է 1000 ԱՄՆ դոլարը, զարդեր, ձնագնացներ, մոտոցիկլետներ, էլեկտրամոբիլներ։

Նման արգելք Միացյալ Նահանգները սահմանել է նաև Բելառուսի նկատմամբ։ Ավելի վաղ, Ռուսաստան շքեղ ապրանքների մատակարարման արգելքի մասին հայտարարել էին Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն։

17:44

 Բողոքի ակցիա Բեռլինում ընդդեմ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման։

17:31

The New York Times-ի հայտարարությունը Բրենթ Ռենոյի մահվան վերաբերյալ

«Մենք խորապես վշտացած են Բրենթ Ռենոյի մահվամբ։ Բրենթը տաղանդավոր ռեժիսոր էր, որը երկար տարիներ համագործակցել է The New York Times-ի հետ։

Չնայած նրան, որ նա նախկինում (վերջին անգամ 2015 թվականին) նյութեր է պատրաստել Times-ի համար, Ուկրաինայում նա չի գործել խմբագրության հրահանգով։ Times-ի համար աշխատելու առաջին հաղորդագրությունները ի հայտ եկան Times-ի լրագրողի բեյջի պատճառով, որը նրան տրվել էր շատ տարիներ առաջ»,- նշվում է հայտարարության մեջ։

17:24

Կիևի «Օխմատդիտ» հիվանդանոցի մամուլի քարտուղար Անաստասիա Մագերամովան ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հիվանդանոց է ընդունվել Ուեյն անունով ամերիկացի լրագրող։ Մագերամովան պնդում է, որ վերջինս ռմբակոծության տակ է ընկել դոկումենտալիստ Բրենթ Ռենոյի հետ։ Հրապարակված տեսագրության մեջ Ուեյնը պատմել է, որ իր գործընկերոջ հետ նկարահանում էր Իրպենի կամրջի մոտ գտնվող փախստականներին, այնուհետ նրանք գնացել են մեկ այլ կամրջի մոտ գտնվող հսկիչ անցագրային կետ, որից հետո նրանց ուղղությամբ սկսել են կրակել։ Նրա խոսքով՝ Ռենոն մահացու վիրավորում է ստացել մեջքից, նրանք բաժանվել են։ Թե ինչ է եղել Ռենոյի հետ, նա չգիտի։

17:12

⚡️Կիևի մարզային ոստիկանությունը հայտնել է Իրպենում 51-ամյա Բրենթ Ռենոյի զոհվելու մասին։ Զոհվածի լուսանկարն ու փաստաթղթերը, այդ թվում՝ The New York Times-ի հավատարմագրման վկայականը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մարզային ոստիկանության ղեկավար Անդրեյ Նեբիտովը։

16:39

Իտալիայում կողաշրջվել է քաղաքացիական ավտոբուսը, որը տեղափոխում էր ուկրաինացիների։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իտալիայի ՆԳՆ-ին։

Ավտովթարը տեղի է ունեցել Չեզենայի և Ռիմինիի միջև։ Զոհվել է մեկ ուղևոր, մի քանիսն էլ ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ։

Պեսկարա մեկնող ավտոբուսում եղել է մի քանի տասնյակ մարդ, հիմնականում կանայք և երեխաներ, որոնք պատերազմի պատճառով լքել էին Ուկրաինան։

16:18

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել, որտեղ, մասնավորապես, հայտնել է, որ երկրի բնակիչներն ու զինվորականները շարունակում են հաջողությամբ մարտնչել ներխուժման դեմ։

Զելենսկին պատմել է, որ Մարիուպոլ է ուղարկվել 100 տոննա հումանիտար բեռով շարասյուն, ինչպես նաև ձեռնարկվել դիվանագիտական բոլոր ջանքերը, որպեսզի այն հասնի կարիքավորներին։

Զելենսկին հավելել է, որ հումանիտար միջանցքներով մարտական գործողությունների վայրերից արդեն իսկ դուրս է հանվել գրեթե 125 հազար մարդ։

16:05

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը տելեգրամյան իր ալիքում Ռուսաստանի բնակիչներին կոչ է արել չվախենալ ապրանքների պակասորդից, իսկ բիզնեսի ներկայացուցիչներին՝ չօգտվել առիթից։

15:48

⚡️Պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը զրկվել է իր ոսկեարժութային պահուստների կեսի հասանելիությունից։

Այդ մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։ 

«Մեր պահուստների ընդհանուր ծավալը մոտ 640 միլիարդ դոլար է։ Մոտ 300 միլիարդ դոլարը հիմա գտնվում է այնպիսի վիճակում, որը մենք չենք կարող օգտագործել»։

Սիլուանովի խոսքով՝ պահուստների սառեցման պատճառով ՌԴ-ն ունի խնդիրներ պարտականությունների կատարման մասով, այդ թվում՝ պարտքերի։ 

Ֆինանսների նախարարը հայտարարել է, որ քանի դեռ պահուստների մի մասը չի ապասառեցվի, «ոչ բարեկամական երկրներին պարտքերը կվճարվեն ռուբլով»։

15:41

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն իր հերթին հայտարարել է, որ Զելենսկու և Պուտինի հանդիպումը կարող է կայանալ արդեն տեսանելի ապագայում։

«Մեկ օր, երկու, երեք՝ ոչ։ Դեռևս որոշ ժամանակ կանցնի, բայց կջանանք, որ դա որքան հնարավոր է, շուտ լինի», - նշել է Պոդոլյակը։

15:39

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «ոչ ոք չի բացառում Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորությունը, սակայն պետք է հասկանալ, թե ինչ է քննարկվելու և ինչ արդյունք կլինի»։

15:36

Ուկրաինական և ռուսական տելեգրամյան ալիքները գրում են, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իբր ժամանել է Ուկրաինա։ 

Պատերազմական գործողությունների պատճառով տեղեկատվությունը ստուգելն անհնարին է։

15:34

Խերսոնում և Բերդյանսկում, որոնք գտնվում են ռուսական վերահսկողության տակ, բողոքի ցույցեր են ընթանում «Խերսոնն Ուկրաինա է» և «Բերդյանսկն Ուկրաինա է» կարգախոսներով։

15:23

Մեծ Բրիտանիան դիտարկում է պատժամիջոցների շրջանակներում ռուսաստանցի գործարարների ձերբակալված սեփականության օգտագործումը՝ փախստականներին տեղավորելու համար։ Այդ մասին, Reuters գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի բնակարանային տնտեսության, համայնքների և տեղական ինքնակառավարման նախարար Մայքլ Գոուվը՝ պատասխանելով BBC Television-ի հարցին։

«Մենք չենք խոսում մշտական բռնագրավման մասին, բայց մենք ասում ենք. «Ձեր վրա պատժամիջոցներ են դրվել, դուք աջակցում եք Պուտինին, այս տունն այստեղ է, դուք իրավունք չունեք այն օգտագործել կամ դրանից շահ ստանալ, և ... եթե մենք կարող ենք դա օգտագործել ուրիշներին օգնելու համար, եկեք անենք դա»։

15:12

Յավորովի ռազմական հրաձգարանին հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի։

Այդ մասին հայտարարել է Լվովի մարզի նահանգապետ Մաքսիմ Կոզիցկին։ Եվս 134 մարդ վիրավորվել է։

14:57

Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։

14:44

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանում դեսպանության և հյուպատոսությունների աշխատանքի դադարեցման մասին։

Ուկրաինայի իշխանություններին խորհուրդ է տրվել ձեռնպահ մնալ ՌԴ այցերից, իսկ Ռուսաստանի տարածքում գտնվող ուկրաինացիներին՝ անմիջապես լքել երկիրը։

Ուկրաինան փետրվարի 24-ին՝ պատերազմի առաջին օրը, հայտարարել էր Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին։

14:28

Մելիտոպոլի քաղաքային իշխանության պատգամավորները դիմել են Ուկրաինայի նախագահին, Ուկրաինայի գլխավոր դատախազին և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին։

Նրանք, մասնավորապես, կոչ են արել անել ամեն հնարավորը՝ ազատ արձակելու քաղաքապետ Իվան Ֆյոդորովին, որը ձերբակալվել է ՌԴ զինվորականների կողմից, ինչպես նաև «պետական դավաճանության» մեղադրանքով քրեական պատասխանատվության ենթարկել «Ընդդիմադիր հարթակ» կուսակցությունից պատգամավոր Գալինա Դանիլչենկոյին՝ «օկուպացիոն վարչակազմ ստեղծելու փորձի համար»։ ՆԱՏՕ-ի երկրներին պատգամավորները խնդրում են Ուկրաինայի վրա հայտարարել ոչ թռիչքային գոտի։

14:11

Ռուսաստանում արգելափակել են «Наша Нiва»-ի կայքը։ Պարբերականն իր տելեգրամյան ալիքում չի նշել պատճառը։

13:56

Նիկոլաևի մարզային վարչակազմի ղեկավարը հայտարարել է, որ Նիկոլաևի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 9 մարդ։

13:49

El Periodico թերթին տված հարցազրույցում Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ուկրաինայում ոչ թռիչքային գոտու հայտարարումը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի։

13:41

Կադրեր Մարիուպոլի հրթիռակոծությունից։

13:39

Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ ռուսական զորքերը համազարկային կրակի կառավարման համակարգերը տեղակայում են խիտ բնակելի հատվածներում։ Տեսանյութում, ենթադրաբար, ռուսական Գրադ համակարգը տեղակայված է Սումիի մարզի Ախտիրկա շրջանի Տրոստյանեց քաղաքի բնակելի թաղամասում։

13:36

Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ Լուգանսկի մարզի Պոպասնայա քաղաքում ռուսական զինծառայողները կիրառել են ֆոսֆորային զինամթերք։

Ավելի վաղ, ֆոսֆորային զինամթերքի կիրառման մեջ ռուսական կողմն էր մեղադրել ուկրաինացիներին։

13:34

Թարթանը Շոտլանդիայի գլխավոր խորհրդանիշներից մեկն է։ Ի համերաշխություն Ուկրաինայի՝ Թարթանն այսուհետ նոր գունավորում ունի՝ դեղնակապտագույն։

13:29

Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը հայտնել է, որ պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 85 երեխա, ավելի քան 100-ը վիրավորվել են։

Տուժածների մեծ մասը Կիևի, Խարկովի, Դոնեցկի, Սումիի, Խերսոնի, Նիկոլաևի և Ժիտոմիրի մարզերից են։

Ռմբակոծությունների և հրթիռակոծությունների հետևանքով վնասվել են 369 ուսումնական հաստատություններ, որոնցից 57-ն ամբողջությամբ ավերվել են։

13:26

Իրպենի քաղաքապետ Ալեքսանդր Մարկուշին. «Այսօրվա դրությամբ Իրպենի 70 %-ը գրավված չէ։ 70 %-ը մերն է, ուկրաինական քաղաք։ 30 %-ի համար մարտեր են ընթանում»։

13:25

Խարկովի Մոսկովյան պողոտան հրթիռակոծությունից հետո։

13:22

Մոտ 20 րոպե առաջ Կիևում միացվել է օդային տագնապի ազդանշանը։

13:18

Ուկրաինական իշխանությունները հայտնել են, որ Յավորովի ռազմական հրաձգարանի ուղղությամբ արձակվել է 30 թևավոր հրթիռ։ Այդ մասին գրում է УНИАН-ը։

Հրաձգարանը գտնվում է Լեհաստանի սահմանից 10 կիլոմետր հեռավորության վրա։

13:14

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզությունը մարտի 13-ի դրությամբ առկա իրավիճակի վերաբերյալ.

  • Երկրի արևելքում ռուսական զորքերը փորձում են շրջափակել ուկրաինական զորքերը՝ հյուսիսում շարժվելով Խարկովի կողմից, իսկ հարավում՝ Մարիուպոլից։
  • Ղրիմից հարձակվող ռուսական զորքերը փորձում են շրջանցել Նիկոլաևը, որպեսզի շարժվեն արևմուտք՝ Օդեսայի ուղղությամբ։
  • Ռուսաստանը մեծ գին է վճարում յուրաքանչյուր առաջխաղացման համար, քանի որ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են ցուցաբերել համառ դիմադրություն երկրի ողջ տարածքում։

13:10

BBC-ի թղթակից Ջերեմի Բոուենը Կիևից փոխանցել է նորակոչիկների լուսանկարները։ Նրա խոսքով՝ նրանք միայն վերջերս են ավարտել դպրոցը։ 

Բոուենը գրում է, որ եռօրյա բազային նախապատրատությունից հետո նրանք պետք է մեկնեն առաջնագիծ կամ էլ դրան շատ մոտ։ Բոուենի խոսքով՝ հավաքակայաններում նրանց մի մասն ունեցել է քնապարկեր, իսկ տղաներից մեկն էլ՝ յոգայի գորգ։

Իսկ արդեն մեկ շաբաթ անց նրանք համազգեստով և զրահաբաճկոններով էին։

13:07

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ Յավորովի զինվորական հրաձգարանում գործել են նաև արտասահմանցի հրահանգիչներ։

Հրաձգարանի հրթիռակոծությունը նա անվանել է «ԵՄ-ՆԱՏՕ-ի սահմանների մոտ նոր ահաբեկչական հարձակում խաղաղության և անվտանգության վրա»։ Ռեզնիկովը նաև հերթական անգամ կոչ է արել Ուկրաինայում հայտարարել ոչ թռիչքային գոտի։

12:59

Ըստ Риа Новости-ի՝ ուկրաինական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, որտեղ իբր կանադացի վարձկանները Վարշավայով մեկնում են Ուկրաինա։

12:51

Եվրամիության պատժամիջոցների տակ հայտնվելուց հետո Բերմուդյան կղզիների ավիացիոն իշխանությունները զրոյացրել են ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռների թռիչքային պիտանիության սերտիֆիկատները։ Առանց այդ փաստաթղթերի՝ օդանավերին թռչելն արգելվում է։

IBA խորհրդատվական գործակալության տվյալներով՝ Բերմուդյան կղզիներում գրանցված է 745 ինքնաթիռ՝ ռուսական ավիաընկերությունների ողջ պարկի մոտ կեսը։ Որպեսզի ինքնաթիռները շարունակեն թռիչքներ իրականացնել, այդ թվում՝ ներքին չվերթներ, ռուսական իշխանությունները ստիպված կլինեն այդ ինքնաթիռները տեղափոխել ռուսական ռեեստր։

12:41

⚡️Լվովի մարզային իշխանությունները հայտարարել են, որ Յավորովի ռազմական հրաձգարանի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 9, վիրավորվել՝ 57 մարդ։

12:32

Յակուտիայի թռչնաֆաբրիկան սահմանափակ թվաքանակով թողարկել է «#ZaРоссию» մակնշումը կրող հավի ձվեր։

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by АО ЯКУТСКАЯ ПТИЦЕФАБРИКА (@yakutskaya.pticefabrika)

12:18

Նիկոլաևի մարզային պետական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը հայտարարել է, որ Նիկոլաևում հրթիռակոծման հետևանքով ավերվել է ««Զորյա»-«Մաշպրոյեկտ» գազախողովակաշինության գիտաարտադրական համալիրը»։

12:09

Զապորոժյեի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Ստարուխը հայտնում է, որ առևանգվել է Դնեպրորուդնիի քաղաքապետ Եվգենի Մավեևը։

11:57

Պատերազմի պատճառով ավելի քան երկու միլիոն մարդ ստիպված է եղել լքել Ուկրաինան։ Փախստականներին ընդունում են հարևան երկրները, այդ թվում՝ Մոլդովան։ Մոլդովայի ԱԳ նախարար Նիկու Պոպեսկուն հայտարարել է, որ փախստականների հետ կապված իրավիճակը մոտենում է «կրիտիկական կետին»։ Նրա խոսքով՝ հանրապետությունում գտնվում է մոտ 100 000 մարդ, որոնք ստիպված լքել են Ուկրաինան։ 

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Էլիզաբեթ Թրասը թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է, որ Մեծ Բրիտանիան օգնություն է տրամադրում Ուկրաինայից ժամանած փախստականներին։ Մասնավորապես, Մոլդովային է փոխանցվել փախստականների համար առաջին անհրաժեշտության պարագաների բեռ։

11:54

Ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի պետական ծառայությանը, հայտնում են Չեռնիգովի բնակելի 9-հարկանի շենքի հրթիռակոծության մասին, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը վիրավորվել։

11:50

Ժիտոմիրի հրթիռակոծության հետևանքները, որտեղ մարտի 12-ին հրթիռներից մեկն ընկել էր դպրոցներից մեկի մոտ։

11:46

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը այսօր կհանդիպի Բալթյան երկրների և Հյուսիսային Եվրոպայի առաջնորդների հետ։

«Հյուսիսային և Բալթիկ ծովերի գործընկերների հետ միասին մենք պետք է ապահովենք պաշտպանությունը Ռուսաստանի միջամտությունից և էներգակիրների մեր մատակարարումների, տնտեսության և արժեքների վրա նրա ազդեցությունից»,- Ջոնսոնի խոսքերը մեջբերել է Интерфакс-ը։

Սպասվում է, որ հանդիպման ընթացքում կորոշվի լրացուցիչ զորավարժություններ իրականացնել Հյուսիսային Ատլանտիկայում և Բալթիկ ծովում։

11:39

Սթիվեն Քինգը կոչ է արել քանդել Ուկրաինայի շուրջ պատերազմի ապատեղեկատվության պատը։

«Սա Պուտինի պատերազմն է։ Կանայք և երեխաները նրա ձեռքով են զոհվում։ Կենսական կարևոր է, որ Ռուսաստանի մարդիկ հասկանան, թե ինչ է կատարվում։ Կենսական կարևոր է կործանել ապատեղեկատվության պատը»,- գրել է Քինգը։

Նա կոչ է արել բոլոր նրանց, որոնց համար միանշանակ չէ տեղի ունեցողը, հետևել #PutinLies հեշթեգով արվող գրառումներին։

11:32

Իվանո-Ֆրանկովսկի քաղաքապետը հայտնել է քաղաքային օդանավակայանի արկակոծման մասին և խնդրել հարակից շրջաններում ապրող մարդկանց հնարավորության դեպքում լքել իրենց տները։

11:28

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան տեղեկագիրը.

  • Պաշտպանության ուժերի վիճակը, դիրքերը և գործողությունների բնույթը շարունակվում են մնալ առանց էական փոփոխությունների։
  • Ռուսական բանակն օգտագործում է քաղաքացիական ենթակառուցվածքներն իր ռազմական կարիքների համար, տեղակայում ստորաբաժանումներն ու տեխնիկան բարձր վտանգավորության օբյեկտներում ապօրինաբար խուզարկում խաղաղ բնակիչներին։
  • Առկա տվյալների համաձայն՝ մեծ թվով ռուսաստանցի զինծառայողներ բուժում են ստանում Բելառուսի հարավարևելյան շրջանի բուժհաստատություններում։
  • Վիրահատությունների անցկացման համար արյան պաշարները չեն բավականացնում։ Սկսվել է քաղաքացիների և բյուջետայինների շրջաններում արյան հավաքման գործընթացը։
  • Ռուսական զորքերի բարոյահոգեբանական վիճակը շարունակում է ընկնել, մեծանում են դասալքության ու հրամանների կատարումից հրաժարման դեպքերի թվերը։
  • Կորուստների պատճառով Ռուսաստանը ձևավորում է նոր ստորաբաժանումներ։ Այսպես, հրամանատարությունը պլանավորում է պատերազմին մասնակից դարձնել ծովային հետևակի 40-րդ առանձին բրիգադի կազմից մոտ 1500 զինծառայողի (Կամչատկայի Պետրոպավլովսկ, Խաղաղօվկիանոսյան նավատորմ)։
  • Վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը խոցել են ռուսական երկու ուղղաթիռ, երկու կործանիչ և երկու անօդաչու։

11:23

ՌԴ ՊՆ առավոտյան ճեպազրույցը.

  • Ռուսական բանակի ստորաբաժանումները «Ուկրաինայում ռազմական գործողության» ընթացքում առաջ են շարժվել 14 կիլոմետրով։ Վերահսկողություն է սահմանվել Բլագոդատնոյե, Վլադիմիրովկա, Պավլովկա և Նիկոլսկոյե բնակավայրերի հարավային շրջանների նկատմամբ։
  • «Հատուկ գործողության» ժամանակ ՌԴ-ն շարքից հանել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 3 687 օբյեկտ։
  • ՌԴ ԶՈւ-ն «ազատ է արձակել մոտ 300 քաղաքացիների, որոնց ուկրաինական Նիկոլսկոյե գյուղի վանքում ազգայնականները գերի էին պահում»։
  • Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան և ՀՕՊ-ը խոցել են ուկրաինական Су-24 ինքնաթիռ և երկու անօդաչու։

11:16

Ուկրաինան և Ռուսաստանը մտնում են հացահատիկ արտահանող խոշորագույն երկրների ցանկում։ Պատերազմի ավարտից հետո ցորենի համաշխարհային գները կտրուկ աճել են։ 

Հյուսիսային Աֆրիկայի բազմաթիվ երկրների համար, ինչպես օրինակ Թունիսի, Մարոկկոյի և Լիբիայի, ցորենի կարիքների մեծ մասն ապահովվում էր Ռուսաստանից և Ուկրաինայից ներկրումների հաշվին։ Ինչպես գրում է BBC-ի ռուսական ծառայությունը, հղում անելով AFP-ին, այդ երկրների բնակիչներն արդեն սկսել են ալյուրի, սպիտակաձավարի և այլ մթերքների պաշարներ հավաքել՝ ենթադրելով, որ Ուկրաինայում պատերազմի պատճառով այդ ապրանքների գները կաճեն և կառաջանա դեֆիցիտ։

11:14

ՌԴ պաշտպանության նախարարությունը կադրեր է հրապարակել Կիևի մարզում Ուկրաինայի զինված ուժերի դաշտային հրամանատարական կետի խոցումից, որն իրականացվել է «Краснополь» գերճշգրիտ կառավարվող արկի օգնությամբ։

11:09

Տելեգրամյան «Украина сейчас» ալիքը լուսանկարներ է հրապարակել հրթիռակոծված Յավորովի ռազմական հրաձգարանից։ Ըստ նախնական տվյալների՝ զոհեր չկան։

11:07

Ուկրաինայի երկաթուղին (Укрзалізниця) հայտնել է, որ բնակիչների տարհանման նպատակով Դոնեցկի մարզ ուղարկված մարդատար գնացքը, «գնդակոծության ժամանակ բեկորներից վնասվել է»։ Ուղեկցորդուհիներից մեկը զոհվել է, երկրորդը՝ վիրավորվել։

«Укрзалізниця»-ն ներդնում է բոլոր ջանքերը, որպեսզի տարհանի անձնակազմին և վնասված գնացքի բոլոր ուղևորներին, որոնց թվում մոտ 100 երեխա կա»,- հայտնել է ընկերությունը։

11:00

Ի՞նչ է կատարվել մարտի 13-ի գիշերը՝ հակիրճ.

  • Լվովի մարզային վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին պնդում է, որ ռուսական զինծառայողները հարվածներ են հասցրել Լվով քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Յավորովի ռազմական հրաձգարանին։ 
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանը «ինքը կարող է պլանավորել քիմիական զենքով գործողություններ»՝ Ուկրաինայի հասցեին մանրէաբանական զենքի մշակման մեղադրանքներից հետո։
  • Ուկրաինայի նախագահը մեկ ժամանոց հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի հետ։ Իսրայելական ԶԼՄ-ները, հղում անելով իրենց աղբյուրներին, գրում են, որ երկրի իշխանությունները պատրաստ են Իսրայելի տարածքում կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցություններ, բայց եթե միայն վստահ լինեն, որ հաջողության հնարավորություն կա։
  • Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին հայտնել է, որ արկակոծության հետևանքով տուժել են Դոնեցկի մարզի Սվյատոգորի վանքի կառույցները։
  • Նախօրեին հումանիտար միջանցքներով հնարավոր է եղել տարհանել 12 729 մարդ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
  • Ռազմագերիների հարցերով շտաբի ղեկավարումն ստանձնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը։
  • Ռուսական ավիաընկերությունների հարյուրավոր մարդատար ինքնաթիռներ կարող են արգելափակվել արտասահմանում՝ Բերմուդյան կղզիների ավիացիոն իշխանությունների՝ թռիչքային սերտիֆիկատների զրոյացման որոշումից հետո։
  • Հյուսիսային Աֆրիկայի բնակիչներն սկսել են գնել ալյուր և սպիտակաձավար, քանի որ այդ տարածաշրջանում գնաճ է սկսվել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։
  • Այն բրիտանացիներին, որոնք կհամաձայնվեն անվճար կեցավայր տրամադրել ուկրաինացի փախստականներին, պետությունն ամսական մինչև 350 ֆունտ կտրամադրի։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter