«ԳեոՊրոՄայնինգԳոլդը» ոսկու արտադրությունը 62 %-ով ավելացրել է
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջան: Նա այցը սկսել է «ԳեոՊրոՄայնինգԳոլդ» ընկերությունից, որտեղ ներկայացվել են արտադրական հզորությունները, ընթացիկ եւ առաջիկա ծրագրերը:
Ընկերությունն ավելացրել է արտադրության ծավալները, մասնավորապես` 2011թ. առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ոսկու արտադրությունն ավելացել է 62 տոկոսով` հասնելով մինչեւ 7 831 ունցիայի, արդյունահանումն աճել է 56 տոկոսով, վերամշակման ծավալները` 59 տոկոսով:
Ավելացվել է նաեւ աշխատակիցների թվաքանակը. ընկերությունը ձեռք բերելու ժամանակ այնտեղ աշխատում էր 500 մարդ` միջինը 100-110 հազ. դրամ աշխատավարձով, ներկայումս աշխատում է 769 մարդ, իսկ միջին աշխատվարձը կազմում է 165 հազ. դրամ: Նշվել է, որ էապես լուծվում է տարածաշրջանում զբաղվածության հարցը, ինչը նաեւ սոցիալական կարեւոր նշանակություն ունի:
Ներկայումս իրականացվում են Սոթքի հանքավայրի տեխնիկական վերազինման եւ վերակառուցման աշխատանքներ:
Ընկերությունը Արարատի ֆաբրիկայի վերակառուցման նախագծի շրջանակում 2011թ. հուլիսին ծրագրում է սկսել վերամշակող նոր գործարանի կառուցումը, որը նախատեսվում է շահագործել 2013թ. առաջին եռամսյակում: Այն հնարավորություն կտա արտադրության ծավալներն ավելացնել ավելի քան 5 անգամ: Նախագծի նախնական բյուջեն 100 միլիոն դոլար է:
Անդրադարձ է եղել նաեւ Սոթքում հանքաքարի մանրացման գործընթացին: Ընկերության ղեկավարությունը հավաստիացրել է, որ հանքանյութի մշակման արտադրական գործընթաց չի իրականացվում, ուստի իրենց գործունեությունը չի կարող հակասել օրենքի պահանջներին: Նրանք խոստացել են, որ համապատասխան փաստաթղթերը կներկայացվեն իրավասու մարմիններին: Ա. Գեւորգյանն առաջարկել է հանքաքարի մանրացման արտադրամասի վերաբերյալ տեղեկատվությունը դարձնել հասանելի եւ քննարկել ոլորտի ՀԿ-ների հետ:
Քննարկվել են ընկերության եւ տարածաշրջանի համայնքների միջեւ համագործակցությանը վերաբերվող հարցեր, մասնավորապես` ընկերության կողմից Սոթք համայնքի գազիֆիկացման աշխատանքների համաֆինանսավորման հնարավորությունը:
Ա. Գեւորգյանը ներկա է եղել նաեւ Վարդենիսի թիվ 4 դպրոցում ռուսաց լեզվի վերազինված, ժամանակակից սարքավորումներով հագեցած դասարանի բացմանը, որին ֆինանսապես աջակցել է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը:
Փոխվարչապետն այցելել է Վարդենիսի վերակառուցվող մշակույթի տուն, որտեղ ներկայացվել է հիմնանորոգման նախագծը:
Մշակույթի տունը նորոգվում է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության եւ Գեղարքունիքի մարզպետարանի միջեւ 2010թ. ստորագրված տարածաշրջանի սոցիալական զարգացման ոլորտում համագործակցության պայմանագրի շրջանակում:
Անհրաժեշտ գումարից 127 մլն դրամը հատկացրել է ՀՍՆՀ-ն, 108 մլն դրամը` «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը, եւս 90 մլն դրամ տրամադրվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից` մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով: Շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են:
Փոխվարչապետը ողջունել է համատեղ ծրագրի իրականացումը` այն համարելով միասնական ուժերով խնդիրները լուծելու լավագույն օրինակ: Նա վստահություն է հայտնել, որ ջանքերը համատեղելու, համագործակցված աշխատանքի միջոցով հնարավոր է աստիճանաբար հասնել համայնքային խնդիրների լուծմանը:
Մարզպետ Մ. Պողոսյանի, Վարդենիսի քաղաքապետ Վ. Խլոյանի հետ քննարկվել են նաեւ համայնքային նշանակության հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել քաղաքի ջրամատակարարման եւ ջրահեռացման հարցերին, սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին:
Այցի ավարտին Ա. Գեւորգյանը եղել է նաեւ Ակունք գյուղում, ծանոթացել համայնքի մշակույթի տան շենքային պայմաններին: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով մշակույթի տան նորոգման համար հատկացվել է 33,7 մլն դրամ: Փոխվարչապետին տեղեկացրել են, որ շինարարական աշխատանքներն առաջիկայում կմեկնարկեն:
Մարզպետին հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել ծրագրի ընթացքը:
Տեղում քննարկվել են համայնքի խնդիրներին վերաբերող այլ հարցեր եւս: Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել