
ԲԴԽ-ն մերժեց Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը
Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ նախարարությունը Ռշտունու նկատմամբ կարգապագական վարույթ էր հարուցել նախարարության վերահսկողական ծառայության պետի զեկուցագրի հիման վրա:
Ըստ Արդարադատության նախարարության՝ Վազգեն Ռշտունին արձակուրդում գտնվելու ընթացքում իր վարույթում եղած տասը գործ վերամակագրման է հանձնել: Ռշտունու գործերը վերամակագրման են հանձնվել վերջինիս` երկու ամսով արձակուրդում գտնվելու ընթացքում: Դատավորը երկարատև արձակուրդ է մեկնել հիվանդության պատճառով:
Երկու ամսվա ընթացքում մի քանի օրով վերադարձել է աշխատանքի, որպեսզի ավարտական փուլում գտնվող նիստերին մասնակցի՝ որպես դատական կազմի դատավոր: Ռշտունին ԲԴԽ-ին հայտնել է, որ վերամակագրման հանձնվել են այն գործերը, որոնցով ըստ էության քննություն չէր կատարվել, որ արձակուրդի ընթացքում այդ գործերը վարույթում երկու ամիս պահելու դեպքում դրանց ողջամիտ ժամկետում քննության խնդիր կառաջանար: Արդարադատության նախարարությունն էլ պնդում է, որ գործերի վերամակագրման հանձնելն է վտանգել գործերի ողջամիտ ժամկետում քննության սկզբունքը:
Ռշտունուն կարգապահական պատասխանատվության չենթարկելու որոշումը ստորագրել են ԲԴԽ-ի դատավոր անդամներ Մեսրոպ Մակյանը, Սերգեյ Չիչոյանը, Անի Մխիթարյանը և գիտնական անդամ Գրիգոր Բեքմեզյանը, իսկ Դավիթ Խաչատուրյանը և Վիգեն Քոչարյանը որոշման վերաբերյալ հատուկ կարծիք են հայտնել:
Մեկնաբանել