HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դավիթ Գալստյանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Հարությունյանի, քիչ առաջ որոշել է 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել ՊՆ-ից ենթադրյալ հափշտակություն կատարելու գործով անցնող ամբաստանյալ Դավիթ Գալստյանին:

Վերջինս ՊՆ-ին զենք մատակարարած ընկերության տնօրենն է: Գրավի գումարը վճարելուց հետո Գալստյանն ազատ կարձակվի:

Հիշեցնենք, ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն` քրեական գործը վերաբերում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես` ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն:

Դատախազությունից էլ մանրամասնել են, որ քրեական գործով պարզվել է, որ ԶՈւ և ՊՆ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից Պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։

Պարզվել է նաև, որ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։

Ընդ որում՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։

Քրեական գործն` ըստ մեղադրանքի` Դավիթ Տոնոյանի՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Դավթյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Մուրադյանի՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Բաբայանի՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Համբարյանի՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանի՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, այժմ դատարանում է, քննվում է դռնփքկ:

Մեղադրյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, նրանց պաշտպանները բազմիցս հայտարարել են, որ ձեռք բերված հրթիռներն անպիտան չեն եղել, միջնորդել են փորձաքննություն նշանակել այս հանգամանքն ապացուցելու համար, հայտնել են նաև, որ պատերազմի օրերին հրթիռները կիրառվել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter