HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գեղամ Մանուկյանն առաջարկում է պատերազմի հանգամանքները քննող անկախ հանձնաժողով ձևավորել

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն առաջարկում է արցախյան երկրորդ պատերազմի դեպքերը քննող նոր հանձնաժողով ձևավորել, որը կլինի անկախ, ինքնավար մարմին:

Ըստ առաջարկվող նախագծի՝ հանձնաժողովի նպատակն է բացահայտել և ամբողջացնել պատերազմի քաղաքական, դիվանագիտական, ռազմական, տնտեսական նախադրյալները, արտաքին քաղաքականության երկկողմ և բազմակողմ հարաբերությունների, բանակցային գործընթացի ձախողման, ինչպես նաև` հայկական կողմի անհաջողությունների պատճառներն ու պայմանները, ինչպես նաև ուսումնասիրել և գնահատել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի, ինչպես նաև դրանից հետո հայկական կողմի իրավազորության ներքո գտնվող տարածքների՝ ադրբեջանական վերահսկողությանն անցնելու փաստական հանգամանքներն ու ձեռնարկված գործողությունների օրինականությունը, իրավաչափությունն ու համաչափությունը:

Նշվում է, որ հանձնաժողովի անդամը փաստերի հավաքագրման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի, նյութերի, տեղեկությունների ձեռքբերման և հետազոտման, պարզաբանումների ստացման համար ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ստորաբաժանումների իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաև կազմակերպությունների ղեկավարների և այլ պաշտոնատար անձանց մոտ անհետաձգելի ընդունելության իրավունք:

Հանձնաժողովը կազմված է 9 անդամից, 4-ական թեկնածուի առաջադրման իրավունք ունեն Ազգային ժողովի համապատասխանաբար մեծամասնությունը և ընդդիմադիր խմբակցությունները, 1 թեկնածու՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը (խորհրդակցելով Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հետ):

Կան որոշ սահմանափակումներ, թե ովքեր չեն կարող հանձնաժողովի անդամ դառնալ, օրինակ՝ անձինք, որոնք մինչև օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում զբաղեցրել են նախագահի, վարչապետի, պաշտպանության նախարարի, արտաքին գործերի նախարարի, ինչպես նաեւ անվտանգության խորհրդի քարտուղարի, գլխավոր ռազմական տեսուչի, ազգային անվտանգության ծառայության ղեկավարի, ոստիկանապետի կամ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոն:

 2018 թվականի ապրիլի 9-ից հետո մինչև օրենքի ուժի մեջ մտնելը չեն զբաղեցրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Ազգային ժողովի նախագահի տեղակալի կամ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոն և այլն: Նշվում է նաև, որ հանձնաժողովի ցանկացած աշխատող և փորձագետ իր լիազորությունն իրականացնելիս պարտավոր է պահպանել քաղաքական չեզոքություն: Ամրագրվում է նաև հանձնաժողովի ֆինանսական անկախության պահանջի դրույթը:

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ից խորհրդարանում իրավունքի ուժով ձևավորվել է պատերազմի դեպքերը քննող հանձնաժողով: Հանձնաժողովը ձևավորվել է ՔՊ-ական պատգամավորների ստորագրությունների հիման վրա, սակայն ընդդիմությունը չի մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին՝ կասկածի տակ առնելով վերջինիս օբյեկտիվությունը:

Փոփոխություններով նաև քրեական պատասխանատվություն է սահմանվում. հանձնաժողովի, նրա նախագահի կամ այլ անդամի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, այդ թվում՝ նրա գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովին ակնհայտ սուտ վկայություն տալը կամ վկայություն տալուց հրաժարվելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Հանձնաժողովի կամ նրա անդամի պահանջով անհրաժեշտ նյութերը, փաստաթղթերը, տեղեկությունները կամ պարզաբանումները չտրամադրելը, որը կատարվել է նույն արարքի համար կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով:

Խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշեցնում է՝ եղել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամ, ըստ նրա՝ ընդդիմությունն այժմ նմանատիպ առաջարկով է հանդես գալիս, սակայն գործող Սահմանադրությունը նման ձևաչափով հանձնաժողովի ձևավորում թույլ չի տալիս:

«Այն ժամանակ Սահմանադրությունը թույլ չէր տալիս փաստահավաք խմբից դուրս ավելի վստահելի մարմին ձևավորել: Գործող Սահմանադրությունը, որին մեր գործընկերոջ կուսակցությունը կողմ է քվեարկել, լրիվ այլ սահմանադրական իրավակարգավորումներ է առաջարկում: Սահմանադրությունը հստակ ասում է՝ անվտանգությանը և պաշտպանությանը վերաբերող քննիչ հանձնաժողովը պետք է ձևավորվի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի կազմում»,-ասում է Անդրանիկ Քոչարյանը:

Խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նախագահն այն կարծիքին է, որ քաղաքական մեծամասնության պատգամավորների ստորագրությամբ և իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովը շատ ավելի անկախ կարգավիճակ ունի, քան ընդդիմության առաջարկով:

Ըստ նրա՝ գործող հանձնաժողովը բալանսավորված է ըստ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների: Քոչարյանը հիշեցնում է՝ ընդդիմությունը հանձնաժողովում 4 անդամ ունի, «թող գան, աշխատեն»:

«Այս նախագիծը հեռանկար չունեցող քաղաքական օրակարգ է ձևավորում, որը ճանապահ չունի անցնելու: Հանձնաժողովն արդեն ստեղծված է, չորս անդամ ունի ընդդիմությունը, աշխատանքներին պատվիրակված են զոհերի և անհետ կորածների հարազատները, անկախ խորհրդատուներ, հանձնաժողովը լեգիտիմության խնդիր չունի»,-ասում է նա:

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ ընդդիմադիր խմբակցության առաջարկը նպատակ ունի երկիրը տանել քաղաքական ճգնաժամի, «չաշխատելով՝ ուզում են անվստահության մթնոլորտ ստեղծել քննիչ հանձնաժողովի շուրջ»:

Նախագծերի փաթեթի հեղինակ Գեղամ Մանուկյանն ասում է՝ շատ ավելի վաղ էին հայտարարել նման հանձնաժողովի ձևավորման անհրաժեշտության մասին, քանի որ 44-օրյա պատերազմի հանգամանքները լիարժեք ուսումնասիրելու համար անհրաժեշտ է հանրային վստահություն ունեցող մարմին ստեղծել: Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ գործող հանձնաժողովը չի ապահովելու այն, քանի որ «սուբյեկտիվությունը սարսափելի բարձր է լինելու»:

Գեղամ Մանուկյանը վստահեցնում է՝ իրենց առաջարկած հանձնաժողովը կարող է անկախ լինել, նախագծով առաջ քաշված սահմանափակումները կարող են այն ապահովել:

«Կուսակցության ղեկավար մարմնի անդամ չլինելը, վերջին մեկ տարին պետական պաշտոն չզբաղեցնելը, պատերազմական գործողություններին որևէ առնչություն չունենալն ինքնին թույլ է տալիս, որ հանձնաժողովն անկախ լինի, նաև՝ ֆինանսական անկախությունը: Այդ հանձնաժողովն ուղղակի հաշվետվություն է ներկայացնելու խորհրդարանին, կախվածություն չի ունենալու խորհրդարանից»,-ասում է Գեղամ Մանուկյանը:

Ընդդիմադիր պատգամավորը համակարծիք չէ Անդրանիկ Քոչարյանի հետ, որ իշխանության ստեղծած հանձնաժողովն անկախ է: Ասում է՝ որքան ժամանակ է հանձնաժողովը ստեղծվել է, մինչև հիմա որևէ նիստ չեն արել, «քարոզչական նպատակով 2 աշխատանքային քննարկում են արել, ոչ ավելի»:

«Մեզ համար գերկարևոր է, որ հանրությունը օբյեկտիվ և ամբողջական պատկերացում ստանա և վստահի այն եզրակացություններին, որ քննիչ հանձնաժողովը կներկայացնի»,-ասում է Մանուկյանը:

Պատգամավորի խոսքով՝ փորձելու են համոզել քաղաքական մեծամասնությանը նախագիծն ընդունել՝ հանուն միասնականության և հասարակության՝ բոլոր հարցերի պատասխանները ստանալու իրավունքի:

Նշենք, որ նախագիծը  գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո միայն կարող է ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter