
«Էական կարգապահական խախտման հիմքով» դադարեցվել են դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները
Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) այսօր որոշել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները «էական կարգապահական խախտման հիմքով» դադարեցնել: ԲԴԽ-ի այս որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել էր արդարադատության նախարարությունը: Միջնորդությունը պաշտպանելու նպատակով ԲԴԽ էր եկել նաև արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ, ըստ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հայկ Սանոյանի, Սիմա Իսկանդարյանի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել, եւ նա, լինելով ոչ սթափ վիճակում, պատշաճ վարքագիծ չի դրսևորել իրենց լիազորություններն իրականացնող ոստիկանների նկատմամբ: Պատշաճ վարքագիծ չդրսևորելն արտահայտվել է դեպքի վայրում ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չնենթարկվելով, հարցերին քամահրանքով պատասխանելով և նրանց վիրավորելով:
Ոստիկանության բաժին բերվելուց հետո Ս. Իսկանդարյանն իր սթափության վիճակի վերաբերյալ կազմված արձանագրությունը հրաժարվել է ստորագրել:
Դատավոր Սիմա Իսկանդարյանն իր նկատմամբ վարույթ հարուցելու որոշումից հետո բացատրություն է ուղարկել արդարադատության նախարարին և միջնորդել է վարույթը կարճել, քանի որ ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանել օբյեկտիվ իրականությանը: Իրավական որոշակիության հետ կապված՝ դատավորը ևս անհամաձայնություն է հայտնել:
Արդարադատության նախարարությունը ձեռք է բերել դեպքին վերաբերող տեսանյութ: Հայկ Սանոյանը, ԲԴԽ-ում ներկայացնելով դատավորին կարգապահական պատասխանատության ենթարկելու միջնորդությունը, մեջբերեց նաև այդ տեսանյութից որոշ հատվածներ:
Մասնավորապես, ոստիկանների կողմից բերման ենթարկելու փորձի ժամանակ դատավոր Իսկանդարյանը դիմադրություն է ցույց տվել, իսկ երբ ցանկացել են նրան նստեցնել ավտոմեքենան, ասել է, որ չի քայլի, ավտոմեքենա չի նստի: Բացի այդ, ըստ նախարարության ներկայացուցչի, դատավոր Իսկանդարյանը «ոչխար» է անվանել ոստիկանության ծառայողին:
«Հետք»-ն անդրադարձել էր միջադեպին: Հիշեցնենք, որ ոստիկանությունը դիմել է Վարչական դատարան՝ Սիմա Իսկանդարյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունից փոխանցել էին, որ 2021թ. սեպտեմբերի 8-ին Սիմա Իսկանդարյանը, Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցում խոչընդոտելով ճանապարհային երթևեկությանը, չի ենթարկվել հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարող ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների օրինական պահանջին: Ս. Իսկանդարյանը պարեկային ծառայության աշխատակիցների հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել:
Դատավորի ներկայացուցիչները ԲԴԽ-ում միջնորդեցին, որպեսզի կարգապահական վարույթի գործի քննությունը հետաձգվի մինչև ոստիկանության հայցադիմումի հիման վրա հարուցված վարչական գործն ըստ էության լուծվի, քանի որ ԲԴԽ-ի որոշումը կարող է կաշկանդել վարչական դատարանին: Սակայն ԲԴԽ-ն մերժեց այդ միջնորդությունը:
Սիմա Իսկանդարյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել 2019թ.-ին: Մինչ այդ նա դատավոր էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:
Լուսանկարը՝ Բարձրագույն դատական խորհրդի (Սիմա Իսկանդարյանը՝ մեջտեղում)
Մեկնաբանել