HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի՛ խանգարեք, որ դեղերը լինեն հասանելի ու մատչելի

Վահե Վարսանյան, «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր

Պատերազմ լինի, պանդեմիա, թե համաշխարհային ճգնաժամ, ՀՀ առողջապահության նախարարությունն ունի անփոփոխ օրակարգ՝ սպասարկել արտասահմանյան մի քանի դեղարտադրող ընկերությունների ներկայացուցչությունների և ներմուծողների շահերը, եթե անգամ  բնակչությունը, առողջապահական համակարգը զրկվում է կենսական դեղերից և դրանք հնարավորինս մատչելի գնով ձեռք բերելու հնարավորությունից:

Հիմնավորեմ:

Համաձայն դեղերի շրջանառության օրենսդրության՝ դեղերի ներմուծման գրեթե ամբողջ ծավալի իրավունքը բաժին էր հասնում դրանց գրանցման իրավատերերին: Դեղի գրանցման իրավատերը դեղը Դեղգործակալությունում գրանցողն է: Օրենսդրությունը գրված է այնպես, որ արգելվի այլ շուկաներից, մասնավորապես Եվրամիությունից և ԵԱՏՄ-ից նույն դեղի հոսքը մեր շուկա: Այդպես է գրված՝  դեղերի գրանցման իրավատերերի շահերը սպասարկելու համար, որ ստիպված դեղերը ներկրենք բացառապես իրենցից: Մրցակցության բացակայության այդ պայմաններում դեղեր գրանցող մեր իրավատերերն անհագ բարձրացնում էին գները, բնակչությունն էլ կողոպտվում էր: Եվ այդ ամենը ներկայացվում էր դեղերի անվտանգության և արդյունավետության ապահովման քողի ներքո:

Վերջին երկու տարում, երբ նախ՝ քովիդի պատճառով հայտարարված արտակարգ դրության, հետո ռազմական դրության, այնուհետև արտակարգ իրավիճակի պայմաններում թույլատրվեց Եվրամիությունից և ԵԱՏՄ-ից  չգրանցված կենսական դեղերի ներմուծումը, շուկայում դեղերի գները կտրուկ ընկան: Ի դեպ, ռազմական դրությունը մարտի 24-ին հանելուց հետո չգրանցված դեղերի ներմուծման թույլտվությունը նախարարի կողմից դադարեցվեց և վերականգնվեց միայն աշնանը՝ նրա համառ դիմադրության պայմաններում:

Այս 2 տարվա ընթացքում շրջանառվող դեղերի քանակն աճեց ավելի քան 2 անգամ՝ հասնելով 6000 անվանման: Եթե 2019 թ.-ին ներմուծվել էր 95 մլն դոլարի դեղ, 2020-ին՝ 145 մլն-ի, ապա 2021թ.-ին  ներմուծվել է 175 մլն դոլարի դեղ. աճը կազմել է ավելի քան 84 տոկոս: ԱԱՀ-ի և շահութահարկի գծով  բյուջե համախառն մուտքագրվել է 50 մլն դոլարից ավելի հարկ: Եթե նախկինում դեղերի ներմուծման 60 տոկոսը բաժին էր հասնում 3 ընկերության, և շուկայի կենտրոնացվածությունը շատ բարձր էր, ապա այդ ընթացքում ավելի քան 15 ընկերություն ներգրավված էր ներմուծման գործընթացում:

Ծավալուն վերլուծություն ենք կատարել, թե  2020թ.-ի մարտից մինչև 2021թ.-ի դեկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում, զուգահեռ ներմուծման շնորհիվ ո՞ր դեղերի գները որքա՞ն են նվազել. ուսումնասիրել ենք 700 կենսական նշանակության դեղի գնի նվազման դեպքերը և կազմել դրանց ցանկը (ցանկ N1): Առաջին սյունակում  նախնական գինն է՝ միչև նվազումը, երկրորդում՝ այդ ժամանակահատվածում նվազած գինը, երրորդում՝ դրանց տոկոսային հարաբերակցությունը, և չորրորդում՝ այս պահին գործող ընթացիկ գինը, եթե դեռ այդ պահին առկա է եղել զուգահեռ ներմուծված դեղի մնացորդ:

Նաև առանձնացրել ենք այդ ժամանակահատվածում ներկրված այն 1000-ից ավելի դեղերի ցանկը (ցանկ N 2), որոնք ներկրվել են դեֆիցիտի պատճառով, մեր ընկերության կողմից: Այդ ցանկն ընդգրկում է թե' չգրանցված, թե' գրանցված դեղերը, որոնք իրավատերը չի կարողացել մատակարարել՝ իր մոտ դեֆիցիտի պատճառով:

Ի դեպ, առողջապահության նախարարի հետ երկու անգամ՝ հունվարին և փետրվարին հանդիպել եմ չգրանցված դեղերի ներմուծման թույլտվության ժամկետը երկարացնելու առաջարկով:

Առաջին հանդիպմանը լսեց փաստարկները, վիճակի հետ կապված մտահոգություն արտահայտեց և խնդրեց ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին հանդիպել՝ նրան ներկայացնել հիմնավորումները: Զեյնալյանն ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահն է և դեմ է զուգահեռ ներմուծմանը: Էն դեպքում, երբ խնդրի լուծման հարցը բացառապես նախարարության տիրույթում է:
Հունվարի 15-ին զանգահարեցի Նարեկ Զեյնալյանին՝ առաջարկելով հանդիպել: Մի անգամ հարմար չէր խոսել, հաջորդ անգամներն արդեն զանգերին չէր պատասխանում: Վերջին՝ համառ զանգիցս հետո նրա օգնականն ասաց, թե նստաշրջանի օրերն են, հաջորդ շաբաթ զանգ կտան, որ հանդիպենք: Չերկարացնեմ՝ մինչ օրս այդ հանդիպումը տեղի չի ունեցել:

Փետրվարի 7-ին երկրորդ անգամ հանդիպեցի նախարարին, որ վերջ տա այս կարևոր հարցի լուծումն անիմաստ «ցրելուն»: Նորից ներկայացրեցի նույն փաստարկները, անկեղծ եռանդով լսեց, երկու սրտացավ հարց տվեց, ասաց, որ հասկանում է մտահոգությունս, բայց քանի որ ինքը կոնկրետ տեղեկատվության չի տիրապետում, խնդրեց գների նվազման և շրջանառվող զուգահեռ ներմուծման տեսականու վերաբերյալ վերլուծություն տրամադրել. ձեռքի տակ լինի, որ զուգահեռ ներմուծման հակառակորդներին կարողանա ցույց տալ և ապացուցել, որ թույլտվությունը պետք է: Փետրվարի 17-ին այդ վերլուծությունը՝ վերոնշյալ ցանկերով և ուղեկցող բացատրություններով, ուղարկեցինք նրան: Նույնն ուղարկեցինք նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որ գները համեմատելով՝ պատկերացնի վիճակը, ու գոնե դրանից հետո հարցին լուծում տրվի: Հաջորդ օրը նրանից ստացանք գրություն, որ մեր նամակն ուղարկել է Առողջապահության նախարարին, ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Զեյնալյանին և Մրցակցության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին, որ տան կարծիք: Փետրվարի 28-ին ստացանք ԱՆ-ի կողմից  փոխվարչապետին ներկայացված  պատասխանը, թե իրենք դեղերի շուկայի գների դիտարկում չեն իրականացնում՝ արձանագրելով, որ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում դեղերի գների հետ այս երկու տարվա ընթացքում, և որ դա իրենց առանձնապես չի էլ հետաքրքրում, իսկ մեր ուղարկած ցանկերի մասին հետևություններ չեն կարող անել, քանի որ չեն հասկանում՝ ներկայացված գները մեծածա՞խ են, թե՞ մանրածախ: Իբրև թե՝ ցանկացել են դիրքորոշում ունենալ, բայց աղյուսակում նշված գներից չեն հասկացել՝ խոսքը մանրածա՞խ, թե՞ մեծածախի մասին է: Նաև արձանագրել են, որ գրանցված դեղերն իրենց բաղադրություններով փոխադարձաբար փոխարինելի են, և եթե դեֆիցիտի պատճառով ներմուծված դեղերը բացակայում էին շուկայում, դա դեռևս չի նշանակում, որ առողջապահական համակարգը լուրջ խնդրի առաջ է, քանի որ այդ պահին առկա են եղել համարժեք այլ փոխարինողներ: Մարտի 4-ին փոխվարչապետին ներկայացրել ենք մեր դիրքորոշումը ԱՆ այդ պատասխանի վերաբերյալ՝ եզրափակելով, որ ԱՆ-ն պետք է բացատրություն տա, թե ինչու՞ է առանց հարցին տիրապետելու, լրիվ անտեղյակ՝ նման անորոշ և թեմային չառնչվող հակափաստարկներ փորձում գտնել:  Անցել է 10 օր՝ լռություն: Իրար «պասեր տալով» (խոսքը փոխվարչապետի ու նախարարի մասին է), ժամանակ սպանելով, էս կողմ-էն կողմ ցրելով, հեռախոսազանգերին չպատասխանելով  կամ հանդիպելու անորոշ խոստում տալով` խնդիրը  թաղում են, քեզ էլ վերջնական զզվացնում, որ իրենց հետ գործ ունենալու մասին անգամ չմտածես՝ նախապես իմանալով, որ ոչինչ չի լուծվելու, որ նրանց համար միևնույն է՝ դեղերը կա՞ն, թե չէ, թա՞նկ են, թե էժան:

Ռուս-ուկրաինական պատերազմն ընթացքի մեջ է: Ռուսաստանում և ԵԱՏՄ-ում լուրջ խնդիրների նման առկայությամբ, Ուկրաինայի՝ մեր գործընկեր դեղագործական գործարանների խափանման, Կիևում եվրոպական շատ արտադրողների տարածաշրջանային պահեստների վերացման (որտեղից ամենակենսական, անփոխարինելի դեղերն էինք ստանում) պայմաններում ոլորտի պատասխանատուները շարունակում են մնալ բացարձակ ոչ ադեկվատ ու ոչ պրոֆեսիոնալ, անտարբեր, զրո սրտացավությամբ են ընկալում վիճակը:
Եթե չտարվեին մի քանի արտասահմանյան ընկերությունների ներկայացուցչությունների և ներմուծողների շահերի լոբբինգով, մինչև օրս էլ ամեն կերպ չաշխատեին պահպանել չգրանցված կենսական դեղերի ներմուծման արգելքը, այսօր դեղերի շուկան անհամեմատ պատրաստ կարձագանքեր հերթական աննախադեպ մարտահրավերին: 

Հիմա իրավիճակն անկայուն է՝ քովիդի և պատերազմի ժամանակ  ստեղծված վիճակի համեմատ.  նախկինում կայուն մատակարարումներն այժմ խափանվել են: Ներկրողներն անորոշության մեջ են:
Րոպե առաջ պետք է բոլոր արհեստական խոչընդոտները վերացնել, իր արդյունավետությունն ապացուցած զուգահեռ ներմուծումը թույլատրել ոլորտում մոտալուտ կոլապսից նվազագույն վնասներով դուրս գալու  համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter