HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Մոտակա 2-3 ամվսա ընթացքում սննդի խնդիր չունենք, խուճապի իմաստ չկա». ՍԱՏՄ պետ

Վերջերս մարդիկ սննդամթերքի ակտիվ գնումներ են իրականացնում՝ պայմանավորված նրանով, որ պարենային ապրանքների մի մասը Հայաստան է ներկրվում պատերազմող երկրներից՝ Ուկրաինայից և Ռուսաստանից։ Բացի դրանից՝ ՌԴ-ն հացահատիկային մշակաբույսերի արտահանման արգելք է սահմանել մինչև այս տարվա օգոստոսի վերջ։

Սակայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետ Գեորգի  Ավետիսյանն ասում է՝ խուճապի կարիք չկա, քանի որ 2-3 ամսվա պաշար ունենք, իսկ հետագայի համար բանակցություններ են տարվում։

Հայաստանի համար, ըստ ՍԱՏՄ պետի, ամենառիսկայինը մսի փողոցային վաճառքն է, որի դեմ չեն կարողանում պայքարել, քանի որ ՍԱՏՄ իրավասությունների շրջանակը սահմանափակ է։

 

Հայաստանն առաջիկա ամիսներին պարենի կարիք չի ունենա։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանը, իսկ հետագայում պարենի ապահովման նպատակով բանակցություններ են ընթանում։

«Մոտակա 2-3 ամսվա ընթացքում մենք որևէ խնդիր չունենք, խուճապի իմաստ չկա։ Տանելու են իզուր այդ սննդամթերքը փչացնեն, հետո թափեն, իմաստ չկա»,-ասում է ՍԱՏՄ պետը՝ ընդգծելով, որ եղած պահուստները 2-3 ամիս միանաշանակ բավարար են։ 

Սերմացուների ներկրման խնդիր նույնպես չկա։ Այս ոլորտում խնդիրը, ըստ Գեորգի Ավետիսյանի, չգրանցված սերմերի մասով է. ով ինչ սերմ ցանկանում, ներկրում է, հետո հայտնի չի լինում՝ ինչ որակի բերք կստանա։

Խոսելով սննդի ոլորտում առկա խախտումների մասին՝ Գերոգի Ավետիսյանն ասում է, որ 2021թ. մոտ 60 տնտեսվարողի գործունեություն է կասեցվել. նրանց մեծ մասը եղել են հացաբուլկեղեն արտադրողներ, որոնք հիմնականում խախտել են սանիտարահիգիենիկ նորմերը։ Հացի արտադրությունը համարվում է ոչ ռիսկային, այդ պատճառով ՍԱՏՄ-ն իր լիազորությունների շրջանակներում 3 տարին մեկ է կարողանում վերահսկողություն իրականանցնել. ոլորտն ավելի արդյունավետ վերահսկելու համար ՍԱՏՄ-ն ավելի լայն գործառույթների անհրաժեշտություն ունի։

Գ. Ավետիսյանը նշում է, որ նույնիսկ խախտումներ հայտնաբերելուց հետո տնտեսվարողների մի մասը խնդրում է չհարապարակել դա, սակայն ՍԱՏՄ պետը կարծում է՝ իրազեկումը շատ կարևոր գործիք է, որը պետք է օգտագործել, քանի որ նշանակվելիք 100 000-300 000 դրամ տուգանքը տնտեսվարողի վրա կարող է ազդեցություն չունենալ։

Ինչ վերաբերում է սննդամթերքի անվտանգությանն ու սպառողների պաշտպանվածությանը՝ Ավետիսյանն ասում է, որ թեև կոնկրետ վիճակագրություն չունեն, սակայն ՍԱՏՄ դիտարկումները և ահազանգերը ցույց են տալիս, որ «սպառողներն ավելի պահանջատեր են դարձել»։

«Եթե հաշվի առնենք, որ ամեն տարի ավելանում են մեր թեժ գծի անահազանգերը, կարող ենք վկայել, որ քաղաքացիները քիչ-քիչ դառնում են պահանջատեր և քիչ-քիչ սպառողի վարքագիծ են ձևավորում, դրա համար դա մենք դիտում ենք որպես դրական միտում։ Սննդամթերքի անվտանգության ոլորտում խնդիրների վերացում, որպես այդպիսին, չի կարող լինել, ու որևէ տեղ չի կարող լինել, նույնիսկ ամենազարգացած երկրներում»,-ասում է Գ. Ավետիսյանը։

ՍԱՏՄ պետի խոսքով՝ քանի դեռ սպառողների պահանջատիրությունը պատշաճ մակարդակի չէ, սննդամթերքի անվտանգության ոլորտում անընդհատ խնդիրներ են լինելու։

Հարցին՝ արդյոք ՍԱՏՄ-ն իր հերթին չի կարող խստացնել վերահսկողությունը խախտումները նվազեցնելու համար, կառույցի ղեկավարն ասաց, որ տեսչությունն իր իրավասությունների շրջանակներում ամեն ինչ անում է։ Օրինակ՝ 2021թ. գրեթե 100%-ով իրականացրել են պլանային ստուգումները՝ մոտ 1000 ստուգայց, 300 ստուգում էլ իրականացվել է սպառողների ահազանգերի հիման վրան։ Գ. Ավետիսյանը համարում է, որ 30%-ով ՍԱՏՄ վերահսկողությունն ավելացել է։

ՍԱՏՄ համար ամենառիսկայինը կենդանական ծագման մթերքների ոլորտն է, մսի չվերահսկվող վաճառքը։ Չնայած 2020թ.-ից սպանդանոցային մորթը պարտադիր է, սակայն որոշ մարդիկ, ըստ ՍԱՏՄ պետի, կարողանում են «մոլորեցնել» թե’ ՍԱՏՄ-ին, թե’ սպառողներին։ 

«Մենք էլ հակազդում ենք և մտածում ենք մեխանիզմներ, որով կկարողանանք կանխել խաբելու պրոցեսը և թույլ չտանք, որ ոչ սպանդանոցային ծագման միս վաճառվի խանութներում, էլ չեմ խոսում՝ փողոցային առևտրի մասին»,- ասում է Ավետիսյանը։

Օրինակ՝ վերջերս ՍԱՏՄ-ն ահանզանգ է ստացել մեքենայի բեռնախցիկում վաճառվող հավի մսի մասին, բայց քանի որ իրենք որևէ գործողություն իրականացնելու իրավասություն չեն ունեցել, հորդորել են դիմել ոստիկանություն կամ տեղական ինքնակառավարման մարմիններ։ 

«Մենք իրավասություն չունենք փողոցային առևտրի վրա ազդելու, միայն արձանագրում և գրավոր դիմում ենք թե’ ոստիկանությանը, թե’ տեղական ինքնակառավարման մարմիններին, որ իրենց գործառույթների շրջանակներում վերահսկողություն իրականացնեն»։

Ամեն դեպքում, Գ. Ավետսիյանը հորդորում է սպառողներին միսը գնել միայն սառնարանից և հիշեցնում, որ այն պարտադիր պետք է մակնշված լինի. «Եթե մորթից 2 ժամ հետո այդ միսը չպաղեցվեց, ապա այնտեղ առաջանալու են դիակային ցուպիկներ, հետևաբար՝ դիակային թույներ։ Այսինքն, մենք տարիներ շարունակ կերել ենք դիակային թույն, մսի միջոցով, հետագայում մեր օրգանիզմում ի՞նչ փոփոխություններ են եղել, ի՞նչ ազդեցություն է ունեցել, դա կարող ենք տեսնել ստատիստիկայով, թե մեր մոտ ինչ տոկոս են կազմում մահերը, անոթային հիվանդությունները, հետևաբար պետք է մտածենք և հարգենք սեփական առողջությունը»,-ասում է ՍԱՏՄ պետը։

Ավետիսյանի խոսքով՝ առաջիկայում պլանավորում են սննդամթերքի անվտանգության վերահսկողությունն իրականացնել ռիսկերի գնահատմամբ, որը, ըստ նրա, ավելի արդյունավետ կլինի։ Ռիսկի գնահատումն անելու է գիտական կենտրոնը։

Ինչ վերաբերում է անընդհատ հանդիպող մակնշման խախտումներին, ՍԱՏՄ պետն ասում է, որ «դրանք կան ու միշտ էլ կլինեն»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter