HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 20 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Մարտի 16-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

20:18

Ռուսաստանի առաջին ալիքի աշխատակից Մարիա Օվսյանիկովան տուգանվել է 30 000 ռուբլով։

Նրան մեղավոր են ճանաչել չհամաձայնեցված հանրային ակցիա կազմակերպելու մեջ։ Խոսքը ոչ թե հակապատերազմական ակցիայի, այլ նրա տեսաուղերձի մասին, որտեղ վերջինս կոչ է անում բողոքի դուրս գալ պատերազմի դեմ։

19:57

⚡️Ռուսաստանը դուրս է գալիս Եվրոպայի խորհրդից

Համապատասխան նամակը, որը ստորագրվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից, փոխանցվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին։

19:54

Կիևի մարզում զոհվել է Fox News-ի 55-ամյա լրագրող Պիեռ Զակրշևսկին։

«Մենք հաստատում ենք, որ նա սպանվել է երկուշաբթի օրը Ուկրաինայում այն պատահարի ժամանակ, որի արդյունքում հիվանդանոցում էր հայտնվել նաև հեռուստաընկերության թղթակից Բենջամին Հոլը»,- հայտնում է Fox-ը։

19:53

⚡️Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի նկատմամբ։

19:48

Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան օգնություն կտրամադրի Ռուսաստանի առաջին ալիքի աշխատակից Մարինա Օվսյանիկովային

«Բնականաբար, մենք կձեռնարկենք դիվանագիտական քայլեր, որպեսզի օգնենք կա'մ մեր դեսպանության, կա'մ մեկ այլ ձևով»։

Մակրոնը նաև խոստացել է, որ Օվսյանիկովայի հարցը կքննարկի նաև Վլադիմիր Պուտինի հետ։

19:42

⚡️Սպորտային արբիտրաժային դատարանը ուժի մեջ է թողել ՈւԵՖԱ-ի արգելքը՝ մրցաշարերին ռուսական ֆուտբոլային ակումբների և հավաքականի մասնակցության արգելքի վերաբերյալ

Այսպիսով, դատարանը մերժել է բավարարել Ռուսաստանի ֆուտբոլային միության բողոքը։ Որոշումը միջանկյալ է և կարող է բողոքարկվել։

19:37

Ռոսելխոզնադզորն արգելել է ԱՄՆ չորս նահանգներից՝ Մերիլենդից, Հարավային Դակոտայից, Այովայից և Միսուրիից ձվի ու թռչնամսի ներկրումը։

19:29

ՌԴ ՊՆ նոր ճեպազրույցի հիմնական մտքերը.

  • Ուկրաինան համաձայնվել է Ռուսաստանի առաջարկած 9 հումանիտար միջանցքներից 3-ին։ Կիևը չի հաստատել դեպի ՌԴ որևէ երթուղի։
  • Վերջին մեկ օրվա ընթացքում ստացվել է Ուկրաինայից Ռուսաստան տարհանման 11,4 հազար դիմում։
  • 2 709 տոննա հումանիտար բեռ է հասցվել Ուկրաինայի հինգ մարզերի բնակավայրեր, ինչպես նաև «ԴԺՀ» և «ԼԺՀ»։
  • Արևմուտքի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ երկրները և ԿԽՄԿ-ն լռում են Դոնեցկի խիտ բնակեցված շրջաններին հասցված հրթիռային և հրետանային հարվածների մասին։
  • Մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի վտանգավոր շրջաններից, «ԴԺՀ»-ից և «ԼԺՀ»-ից տարհանվել է 11 372 մարդ, որից 1 873-ը երեխա։
  • «Ուկրաինայում գրոհայիններին գերի է մնում» ավելի քան 7 000 արտասահմանցի, ինչպես նաև օտաերկրյա 70 նավերի անձնակազմ, որոնք արգելափակվել են այդ երկրի նավահանգիստներում։
  • Մեկ օրվա ընթացքում «ազատագրված շրջանների» խաղաղ բնակչությանը փոխանցվել է առաջին անհրաժեշտության 544 տոննա ապրանք, ներառյալ դեղորայք և սնունդ։
  • ՌԴ զինված ուժերին մեկ օրվա ընթացքում հաջողվել է Ժիտոմիրի, Լուգանսկի, Դոնեցկի և Մարիուպոլի ուղղություններից տարհանել 36 721 մարդ։
  • Մարիուպոլ է հասցվել ավելի քան 450 տոննա մթերք, դեղամիջոցներ և առաջին անհրաժեշտության պարագաներ։

19:22

Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը Ռուսաստանի կառավարությանն առաջարկել է կես տարով սահմանել հիմնական սննդամթերքի գների պետական կարգավորում։

19:16

Հատված ՌԴ ԱԳՆ հայտարարությունից.

Ի պատասխան մի շարք աննախադեպ պատժամիջոցների, որոնք, ի թիվս այլոց, արգելում են ԱՄՆ Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձանց մուտքը, մարտի 15-ից ռուսական «ստոպ-լիստ»-ում փոխադարձության սկզբունքով կներառվեն Ջ. Բայդենը, պետքարտուղար Է. Բլինքենը, պաշտպանության նախարար Լ. Օսթինը և շտաբների հրամանատարների միացյալ կոմիտեի նախագահ Մ. Միլին, ինչպես նաև մի շարք գործակալությունների ղեկավարներ և ամերիկացի հայտնի գործիչներ։

19:11

Ռուսաստանի առաջին ալիքի աշխատակից Մարինա Օվսյանիկովան դատարանում է, որտեղ քննվում է Առաջին ալիքի եթերում իր ակցիայից հետո կազմված վարչական արձանագրությունը:

19:08

Անվադողերի արտադրությամբ զբաղվող ֆրանսիական Michelin ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում, ինչպես նաև ապրանքների արտահանումը։

Ընկերությունը գործարան ունի Մոսկվայի մարզի Դավիդովո բնակավայրում, որը բացվել է 2004 թվականին։ Այնտեղ տարեկան արտադրվում է մինչև երկու միլիոն անվադող, հիմնականում Ռուսաստանի և Հյուսիսային Եվրոպայի որոշ երկրների մարդատար ավտոմեքենաների համար։ Գործարանում աշխատում է 750 մարդ։

19:04

Կանադան պատժամիջոցներ է սահմանել ևս 15 ռուսաստանցիների նկատմամբ, որոնք, Կանադայի կառավարության հայտարարության համաձայն, «թույլատրել և աջակցել են նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը ներխուժելու խաղաղ երկիր»։ Պատժամիջոցների ցանկում, մասնավորապես, հայտնվել են.

  • ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը,
  • ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Նիկոլայ Եվմենովը,
  • ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Սերգեյ Սուրովկինը,
  • ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Սերգեյ Դրոնովը,
  • ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը,
  • ՌԴ պաշտպանական կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ գնդապետ Միխայիլ Միզինցևը։

19:02

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Կիևի Սվյատոշինի շրջանում ցույց է տվել ավերված բնակելի շենքը, որտեղ, նախնական տվյալներով, զոհվել է չորս մարդ։

18:45

Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնին հայտարարել է, որ ուկրաինական բանակը մի քանի ուղղություններով անցնում է հակահարձակման։

«Ուկրաինայի զինված ուժերը կատարում են իրենց առջև դրած խնդիրները։ Մենք կանգնեցրել ենք ագրեսորին, ծավալել ռեզերվային ուժերը և կոնկրետ ուղղություններով անցնում ենք հակահարձակման։ Ցավոք, մենք կորուստներ ենք կրում։ Դրանք մի քանի անգամ ավելի քիչ են, քան հակառակորդի մոտ։ Սակայն մեր յուրաքանչյուր զինծառայողի կյանքն ու առողջությունն անգին են»,- հայտարարել է Զալուժնին։

18:39

Լրագրող Ժաննա Ագալակովան հեռացել է Ռուսաստանի առաջին ալիքից, իսկ լրագրող Վադիմ Գլուսկերը՝ НТВ-ից։ Գլուսկերը Ալեքսանդր Վենեդիկտովին հաստատել է, որ մարտի 2-ից չի աշխատում НТВ-ում։

«Ընկերներ Առաջին ալիքից հայտնում են, որ Օվսյանիկովայի երեկվա ելույթից հետո հեռուստաընկերությունում մեծ խառնաշփոթ է։ Աշխատանքի եկած բոլոր աշխատակիցներին մանրակրկիտ ստուգում են»,- հայտարարել է Ռոման Սուպերը։

18:23

Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ։

«Պարզ է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Մենք դա հասկանում ենք։ Մենք ադեկվատ մարդիկ ենք։ Տարիներով լսել ենք, որ դռներն իբր բաց են, բայց արդեն լսել ենք այն մասին, որ մենք այնտեղ չենք կարող մտնել։ Եվ դա ճիշտ է ու պետք է դա ընդունել։ Ես ուրախ եմ, որ մեր ժողովուրդն սկսում է դա հասկանալ և հույսը դնել իր ու մեր գործընկերների վրա, որոնք մեզ օգնում են»։

18:12

Slack-ը ջնջել է ռուսական մի քանի ընկերությունների աշխատանքային տարածքներ։ Օրինակ՝ «Сбербанк»-ինը։

18:03

⚡️Ուկրաինայի Գերագույն ռադան մարտի 26-ից մինչև ապրիլի 25-ը 30 օրով երկրում երկարաձգել է ռազմական դրության ռեժիմը։

17:56

Վլադիմիր Զելենսկին մասնակցել է Միացյալ էքսպեդիցիոն կորպուսի երկրի առաջնորդների հանդիպմանը։

17:36

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մասին։

«Բանակցությունները շարունակվում են։ Վերսկսվել են գլխավոր բանակցային հարթակում խորհրդակցությունները։ (Քննարկվում են) կարգավորման ընդհանուր հարցերը, հրադադարը, երկրի տարածքից զորքերի դուրսբերումը»։

17:08

Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ մարտական գործողությունների հետևանքով տուժել է 35 լրագրող։

Ըստ ուկրաինական կողմի տվյալների՝ զոհվել է 3-ը, տասնյակ լրագրողներ ստացել են մարմնական վնասվածքներ։ Ըստ ՄԻՊ-ի՝ ռուսական կողմը հարվածներ է հասցնում նաև հեռուստատեսային ենթակառուցվածքներին։

16:39

Կիևի ժամանակով 14:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով՝ 16:00-ին) հումանիտար միջանցքով Մարիուպոլը լքել է 2000 մարդատար մեքենա։ Այդ մասին հայտնել է Մարիուպոլի քաղաքային խորհուրդը։ Մոտ այդքան մեքենա էլ սպասում են քաղաքը լքելու իրենց հերթին։

16:22

Ընդհանուր առմամբ պատժամիջոցների ցուցակում ռուսաստանցի մի քանի հարյուր գործարարներ, պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ և պետական լրատվամիջոցների ներկայացուցիչներ են։

16:18

Պատժամիջոցների ցուցակում հայտնվել են նաև Օլգա Սկաբեեևան, Տիգրան Քեոսայանը, Ռոման Բաբայանը, Զախար Պրիլեպինը, Անտոն Կրասովսկին, Արկադի Մամոնտովը։

16:12

Մեծ Բրիտանիան սառեցնում է գործարարներ Միխայիլ Ֆրիդմանի և Պյոտր Ավենի ակտիվները։ Կարգելվի նաև նրանց մուտքը Մեծ Բրիտանիա։ Բացի այդ, պատժամիջոցներ կսահմանվեն նաև Դմիտրի Մեդվեդևի, Միխայիլ Միշուստինի, Մարիա Զախարովայի և Վլադիմիր Սոլովյովի նկատմամբ։

15:59

Լուկաշենկոն հայտարարել է, որ երկու օր առաջ «Точка-У»-ից փորձ է արվել հրթիռակոծել Բելառուսի տարածքը։

15:41

Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն հայտարարել է, որ մարտական գործողություններն Ուկրաինային հասցրել են մոտ 500 միլիարդ դոլարի վնաս։

15:37

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ մարտի 14-ին՝ մեկ օրվա ընթացքում, Ուկրաինայի տարբեր մարզերում ձերբակալվել է 60-ից ավելի կոլաբորացիոնիստ, ինչպես նաև 20 դիվերսիոն-հետախուզական խումբ։

15:23

⚡️Վերսկսվել են ռուս-ուկրաինական բանակցությունները

Ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան հայտնել է, որ ռուսական կողմի հետ բանակցությունները վերսկսվել են։

«Արդեն գալիս են»,- ասել է Արախամիան։

Նախօրեին բանակցություններում վերցվել էր «տեխնիկական դադար»։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցություններն ուղղված են նրա «չեզոք կարգավիճակի ապահովմանը»։

14:53

Խարկովում արկն ընկել է բնակելի շենքի վրա։ Մարդկանց փորձում են տարհանել։

14:19

ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ, ենթադրաբար, երևում են Խերսոնի մարզում Ուկրաինայի ԶՈւ ոչնչացված տեխնիկան և սպառազինությունը։ Ավելի վաղ, ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Խերսոնի մարզն ամբողջությամբ գտնվում է ռուսական զինուժի վերահսկողության տակ։

14:06

⚡️Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ռուսաստանի հետ համագործակցության համար քրեական պատասխանատվության ենթարկման մասին օրենքը։

13:37

ԵՄ-ից անմիջապես հետո Մեծ Բրիտանիան ևս արգելել է շքեղության ապրանքներ արտահանել Ռուսաստան, ինչպես նաև չեղարկել ՌԴ-ից և Բելառուսից հարյուրավոր ապրանքատեսակների համար առավել բարենպաստության ռեժիմը։

13:27

Կիևում մարտի 15-ին՝ ժամը 20:00-ից մինչև մարտի 17-ը, ժամը 07:00-ն մտցվել է պարետային ժամ։ Այդ մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Այսօր բարդ և վտանգավոր պահ է։ Դուրս գալ կարելի է միայն թաքստոց հասնելու համար։ Այդ իսկ պատճառով բոլոր կիևցիներին խնդրում եմ պատրաստվել նրան, որ երկու օր ստիպված կլինեն մնալ տանը, կամ էլ, տագնապի ազդանշանի պարագայում՝ թաքստոցներում»,- հայտնել է Կլիչկոն։

13:21

Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը հրթիռակոծվել է Դնեպրի օդանավակայանը։ Թռիչքուղին ավերվել է, վնասվել է նաև տերմինալը։

13:16

РИА Новости-ն, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Լիբանանում սկսել են ձևավորել կամավորների խմբեր, որոնք Ռուսաստանի կողմից ցանկանում են մասնակցել Ուկրաինայում մարտական գործողություններին։

12:53

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթի մասին։ Նոր պատժամիջոցները ներառում են.

  • Ռազմական արդյունաբերական համալիրի մեջ մտնող տնտեսության տարբեր հատվածների որոշակի ռուսական պետական ձեռնարկությունների հետ ցանկացած գործարքի ամբողջական արգելք:
  • Պողպատե արտադրատեսակների ներմուծման արգելք, որը Ռուսաստանին կզրկի մոտ 3,3 մլրդ եվրոյի արտահանման հասույթից:
  • Ռուսական էներգետիկ հատվածում նոր ներդրումների վրա արգելք՝ բացառությամբ ատոմային էներգետիկայի։
  • Ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձնանց նկատմամբ պատժամիջոցների ցանկի ընդլայնում։ Ապատեղեկատվության տարածմանը մասնակից ընկերությունների ցանկի կազմում։
  • Ռուսաստան շքեղության ապրանքների արտահանման արգելք։
  • Կարգելվի եվրոպական վարկանիշային գործակալություններին ծառայություններ մատուցել Ռուսաստանին և ռուսական ընկերություններին, ինչն էլ ավելի կդժվարացնի հասանելիությունը ԵՄ շուկային։ 

Բացի այդ, Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Մեծ յոթնյակի կողմից ավելի վաղ ընդունված առևտրում Ռուսաստանի առավել բարենպաստության ռեժիմի չեղարկումը։

12:42

Այսօր Կիև են ժամանելու Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի վարչապետները։ Այցելության ծրագրում են Ուկրաինայի նախագահի և վարչապետի հետ հանդիպումները։

12:32

«Укрзализныця»-ն սկսում է ռուսական վագոնների ազգայնացման գործընթաց, որոնք գտնվում են Ուկրաինայում։ «Украина Сегодня»-ն գրում է, որ խոսքը ավելի քան 3000 վագոնների մասին է։

12:25

Արտյոմ Ձյուբան խնդրել է իրեն չհրավիրել Ռուսաստանի հավաքական, քանի որ Ուկրաինայում ապրող բարեկամներ ունի։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը։

12:23

Խարկովում և Խարկովի մարզում նախորդ գիշեր շարունակվել է հրթիռակոծումը։ Փոխանցվում է առնվազն 7 զոհի մասին։

12:20

Բրատսկի քաղաքապետ Սերգեյ Սերեբրեննիկովը հայտարարել է, որ Ուկրաինայում զոհվել է քաղաքի երեք բնակիչ։ Նրանցից մեկը եղել է 18 տարեկան։

12:17

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագիրը կարող է կնքվել մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում, ծայրահեղ դեպքում՝ մայիսին։ 

12:14

Լրատվամիջոցները մի քանի օր շարունակ հետևում էին Ռոման Աբրամովիչի անձնական ինքնաթիռի տեղաշարժին։ Նախօրեին տեղեկություններ էին ստացվել, որ այն վայրէջք է կատարել Թել Ավիվում։ Այսօր էլ գրում են, որ ինքնաթիռը ժամանել է Մոսկվա։ Հավանաբար, ինքնաթիռում եղել է նաև ռուսաստանցի միլիարդատերը։

12:11

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը նոր տվյալներ է հրապարակել ռուսական կորուստների վերաբերյալ։

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ փետրվարի 24-ից մարտի 15-ը ռուսական զինուժի անձնակազմի կորուստները կազմել են 13,5 հազար։ Մինչ այդ, մի քանի օր շարունակ Ուկրաինայի ԳՇ-ն հայտնում էր, որ ռուսական զորքերը կորցրել են ավելի քան 12 հազար զինվորականի։

Ներկայում ՌԴ ՊՆ-ն միայն մեկ անգամ է հայտարարել իր զոհերի մասին։ Մարտի 2-ին տարածված հաղորդագրւթյան մեջ նշվում էր, որ Ուկրաինայում մարտական գործողությունների ժամանակ զոհվել է 498 ռուսաստանցի զինծառայող։ Այդ ժամանակ ՌԴ ՊՆ-ն նշում էր, որ ուկրաինական կողմն ունի 2870 զոհ։

Ուկրաինայի ՊՆ-ն ևս չի հրապարակում իր զոհերի մասին տվյալները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 12-ին հայտարարել էր, որ Ուկրաինան ունի մոտ 1400 զոհված զինծառայող։

12:07

Ռուսական առաջին ալիքի լրատվական ծրագրի խմբագիր Մարիա Օվսյանիկովայի նկատմամբ, որը նախօրեին «Ոչ պատերազմին» պաստառով մտել էր ուղիղ եթեր, կարող է քրեական գործ հարուցվել։ Թե որտեղ է հիմա Օվսյանիկովան, հայտնի չէ։

12:05

НТВ-ի հաղորդավար Լիլիա Գիլդեևան, որն այդ հեռուստաընկերությունում աշխատել է 2006 թվականից, հեռացել է Ռուսաստանից և արտասահմանից գրել աշխատանքից ազատման դիմում։

«Սկզբում հեռացա, վախենալով, որ հենց այնպես չեն թողնի, այնուհետ գրեցի ազատման դիմում»,- Varlamov News-ին պատմել է Գիլդեևան։

12:03

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը հայտարարել է, որ մարտի 15-ին նախատեսվում է խաղաղ բնակիչների տարհանում հումանիտար 9 միջանցքով։

12:00

Ինչ է կատարվել մարտի 15-ի գիշերը` հակիրճ.

  • Ուկրաինայի ԳՇ-ն հայտարարել է, որ ռազմաճակատում էական փոփոխություններ չկան։
  • Շարունակվում է Ուկրաինայի քաղաքների ռմբակոծությունը։ Կիևում, ամենայն հավանականությամբ, խոցված հրթիռի բեկորներից այրվել է տասը և տասնվեց հարկանի բնակելի շենք, վնասվել է նաև երկհարկանի մի տուն։
  • Շրջափակված Մարիուպոլում, ըստ տեղական իշխանությունների, զոհվել է առնվազն 2357 մարդ։
  • ԱՄՆ-ն և Ճապոնիան ընդլայնել են իրենց պատժամիջոցների ցանկերը։ Մեծ Բրիտանիան պատրաստվում է հայտարարել մեծ ընդլայնման մասին։
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է հարկային արմատական բարեփոխումների մասին։ ԱԱՀ-ն և շահութահարկը փոխարինվում են ընդամենը 2 % հարկով, իսկ փոքր բիզնեսի համար հարկերը կդառնան կամավոր։
  • ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ամբողջությամբ իր վերահսկողության տակ է անցել Խերսոնի մարզը։

Լուսանկարը՝ Ուկրաինայի ՊՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter