«Սրանով ազդակ ենք տալիս, որ որևէ մեկը չի կարող ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնել»․ Ա Վարդևանյան
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանի, Իշխան Սաղաթելյանի, Աղվան Վարդանյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությանը, որով պատգամավորներն առաջարկում են քրեական պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունների համար: Նախագիծը ներկայացրեց Արամ Վարդևանյանը, որի խոսքով այն բխում է Հայաստանի սուվերեն շահերից, և ըստ նրա` այս հարցում կարծիքի շեղում հանձնաժողովականները չեն կարող ունենալ:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով:
«Մենք սրանով ազդակ ենք տալիս առ այն, որ որևէ մեկը չի կարող ՀՀ տարածքային ամբողջականությունը կամ տարածքների մի մասը կասկածի տակ դնել կամ դրա նկատմամբ պահանջատիրություն ցուցաբերել: Ցավոք սրտի, նման հռետորաբանություն վերջին շրջանում մենք շատ ենք տեսնում, ես հասկանում եմ բոլոր այն քաղաքական թեզերը խաղաղության վերաբերյալ, բայց նույն այդ խաղաղությունն ում ուղղված է, իրենք համանման կարգավորումներ ունեն իրենց օրենսդրության մեջ»,- ասաց Վարդևանյանը:
Ընդդիմադիր պատգամավորն իր համոզմունքը հայտնեց առ այն, որ նախագիծն ընդունվելու դեպքում հանցակազմն առավելապես վերաբերելու է արտաքին սպառնալիքներին, այսինքն՝ շահառուները լինելու են ՀՀ տարածքից դուրս:
«Սա ազդակ է լինելու, որ կան որոշակի կարմիր գծեր, որոնք երբեք սակարկման ենթակա չեն, և այն անձինք, ովքեր նման գծերը կանցնեն, պետը է գիտակցեն որ քրեական հետապնդման են ենթարկվելու: Եթե մի այլ երկրի բարձրաստիճան պաշտոնյայի մտքով կարող է անցնել, որ ասի` Երևանն էլ պետք է վերցնի Հայաստանից, նա պետք է գիտակցի, որ դա իրավական հետևանք է ունենալու է Հայաստանում»,-ասաց պատգամավորը:
Քաղաքական մեծամասնության պատգամավոր Արփինե Դավոյանն ասաց, որ չնայած նախագծի համահեղինակը ներկայացնում է, թե օրենքի շահառուները այլ երկրի պաշտոնյաներ են, սակայն նախագծի հիմնավորման մեջ նշվում է ՀՀ որոշ պաշտոնյաների երկակի արտահայտությունների մասին:
Վարդևանյանն արձագանքեց` հիմնավորման մեջ ներկայացված են այն ռիսկերը, որոնք տեսնում են ՀՀ-ի ներսում, ռիսկերը հիմնավորելու համար օգտագործվում են «երկիմաստ հայտարարություններ» արտահայտությունը:
Դավոյանը նաև հավելեց` հակառակորդ երկրի առաջնորդի թեզերը հիմնականում հայաստանյան ներքաղաքական դաշտ է բերվում ընդդիմադիրների կողմից:
Նախագծի հարակից զեկուցող Վահագն Հովակիմյանը կոչ արեց գործընկերներին դեմ քվեարկել նախագծին, ապա դիմելով ընդդիմությանը՝ հորդորեց հեղինակել նախագծեր, որոնք կնպաստեն երկրի անվտանգության, տնտեսության հզորացմանը:
«Եւ եթե քաղաքական մեծամասնությունը պետության շահը սպասարկելուն ուղղված նախագծերին դեմ կքվեարկի, կոնկրետ իմ դեպքում եմ ասում` մտցրեք իմ աչքը, բայց չի կարելի ենթատեսքով, պետության շահին վնասող նախագծեր բերել և ծավալել քննարկում, որն ուղղակի իր էությամբ հակապետական է: Երկրի սուվերենությանը վնասում են նման քննարկումները, կոչ եմ անում դեմ քվեարկել նման անորոշ ձևակերպումներով հոդվածին»,- ասաց Հովակիմյանը:
Ըստ նրա` Հայաստանի քրեաիրավական քաղաքականությունը չի կարող թելադրվել թշնամիների կողմից, Հայաստանը չի կարող թշնամիների վարքագծով պայմանավորված քրեաիրավական քաղաքականություն վարել: Հովակիմյանի խոսքով՝ դրա հետևանքով տուժելու են ՀՀ քաղաքացիները:
Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանն էլ ասաց, որ ամեն ինչ շատ հստակ է, օրինակ չի կարելի օգտագործել Էյվազլի, Չայզամի անունները, չի կարելի ասել, թե ՀՀ-ում կան տարածքներ, որոնք Հայաստանին չեն պատկանում:
Հովակիմյանն էլ արձագանքեց, թե պատըգամավորը խոսում է այն մասին, ինչի մասին, ըստ վերջինիս, չի կարելի խոսել: Հովակիմյանը նշեց՝ նման նախագիծն ընդունվելու դեպքում հենց Ղազինյանը կհայտնվեր քրեորեն պատժելի արարք դիտարկողի տիրույթում:
Երկար քննարկումներից, փոխադարձ վիրավորանքներից և երկու անգամ ընդմիջվելուց հետո նախագիծը դրվեց քվեարկության և մերժվեց:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել