Առաջարկվում է 1 մլն դրամը չգերազանցող ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատել
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին:
Փոփոխություններով առաջարկվում է մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր՝ ընդհանուր մաքսային արժեքը 1 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքների արտահանումն ազատել մաքսատուրքերից: Նշենք, որ այս օրենքի համաձայն մաքսատուրքից ազատվում են՝
- Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքները,
- միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները՝ այդ փոխադրումների իրականացման ժամանակ,
- ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման կամ մաքսատուրքերի և հարկերի վճարումից ազատմամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքները,
- անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող՝ Միության անդամ պետություններում հաշվառված թեթև մարդատար տրանսպորտային միջոցները,
- ցուցադրման նպատակով «Ժամանակավոր արտահանում» կամ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված, ինչպես նաև դրանց ժամկետի ավարտից հետո համապատասխանաբար «Վերաներմուծում» և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգերով վերաձևակերպված՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները,
- «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքները:
Առաջարկվող փոփոխությունների հետևանքով նախատեսվում է պետական բյուջեում եկամուտների նվազեցում միջինում 106.35 մլն դրամի չափով։
Նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որի խոսքով՝ նախարարությունում նախագծի աշխատանքային անվանումը «վոլտերմենի նախագիծ» է կոչվում: Փոփոխությունն առաջարկվել է համանուն դրամապանակներ արտադրող ընկերության կողմից:
«Խնդիրն այն է, որ իրենք և բազմաթիվ այլ ընկերություններ ինտերնետով ապրանք վաճառելիս և Հայաստանից արտահանելիս բախվում են այն խնդրին, որ շատ փոքր գումարի ապրանքների արտահանման ժամանակ ստիպված մաքսատուրք են վճարում, որը որոշ դեպքերում կարող է գերազանցել ապրանքի արժեքը: Բացի այդ, զբաղեցնում է շատ ժամանակ, օրինակ՝ «վոլտերմեն» դրամապանակները, որոնց միջին արժեքը 250 դոլարին համարժեք դրամ է, մի քանի օր է տևում մինչև մաքսային ձևակերպումներ են արվում»,- ասաց Քերոբյանը:
Նախագիծը դրվեց քվեարկության՝ ստանալով հանձնաժողովականների դրական եզրակացությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել