HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական հետապնդում է հարուցվել պարեկային ծառայության 3 աշխատակցի և 2 քաղաքացու նկատմամբ

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի պարեկ Ա. Ա.-ն, տեղեկանալով, որ առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար պարեկ Վ. Մ.-ի կողմից իր ծանոթի նկատմամբ 100 000 դրամ տուգանք նախատեսող վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել, հիշյալ պարեկին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք: Այս մասին ասվում է կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Մասնավորապես, Վ. Մ.-ի կողմից արձանագրությունում նշվել է, թե իբրև քաղաքացին տուգանվել է երթևեկության ժամանակ հեռախոսակապից օգտվելու համար, որի արդյունքում 100 000 դրամի փոխարեն վերջինս տուգանվել է 10 000 դրամով:

Այնուհետև հիշյալ քաղաքացին, տեղեկանալով իրավախախտման փաստը ոչ պատշաճ արձանագրելու և դրանով էականորեն նվազ չափով վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին, պարեկային ծառայության մեկ այլ պաշտոնատար անձի` Ա. Մ.-ի միջնորդությամբ, իր օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար, Ա. Ա.-ին տվել է կաշառք:

Բացի այդ, ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների, պարեկ Ա. Ա.-ն  պարբերաբար չի արձանագրել մեկ այլ քաղաքացու` իր ծանոթ Գ. Մ.-ի կողմից կատարված ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումներ: Իր հերթին հիշյալ քաղաքացին ճանապարհային երթևեկության ոլորտում Ա. Ա.-ի հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու և հետագայում իր կողմից կատարվելիք իրավախախտումների համար վարչական պատասխանատվությունից ազատվելու համար նշված պարեկին տվել է կաշառք:

Ինչպես փոխանցում է Հակակոռուպցիոն կոմիտեն, ձեռք բերված հանցավոր համաձայնության շրջանակներում Գ. Մ.-ն հետագայում շարունակել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ տրանսպորտային միջոցներ վարելը, սակայն հայտնաբերված իրավախախտումները չեն արձանագրվել ակնհայտ ապօրինի գործողության համար կաշառք ստացած պարեկ Ա. Ա.-ի անձնական միջնորդությամբ:

2022թ․ մարտի 14-ին ոստիկանության պարեկային ծառայության աշխատակից Ա. Ա.-ն ձերբակալվել է կաշառք ստանալու և այլ հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով: Ի դեպ, վերջինիս բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:

Նույն օրը ձերբակալվել է նաև պարեկին կաշառք տված քաղաքացի Գ. Մ.-ն, որին 2022թ․ մարտի 15-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մարտի 16-ին Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/ և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Ա. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: 

Կաշառքի միջնորդություն և պաշտոնեական կեղծիք կատարած մյուս պարեկների, ինչպես նաև կաշառք տված ևս մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել համապատասխանաբար քրեական օրենսգրքի 313-րդ, 314-րդ և 312-րդ հոդվածների 1-ին մասերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջիններս տվել են խոստովանական ցուցմունքներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter