HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հայաստանում ամուսնանում են միջինում 30 տարեկանում. ամուսնալուծությունները 5%-ով ավելացել են

Վերջին 10 տարում Հայաստանում ամուսնությունները 32,3 %-ով նվազել են, ամուսնալուծությունները՝ 5 %-ով շատացել։ Ամուսնություններն ամենաշատը քչացել են Արմավիրի մարզում՝ 48 %-ով, իսկ Լոռու մարզում, ընդհակառակը, 48 %-ով նվազել են ամուսնալուծությունները։

Թե’ կանայք, թե’ տղամարդիկ ամուսնանում են 3-5 տարի ավելի ուշ, քան նախկինում։

«Հետք»-ն ուսումնասիրել է ամուսնությունների և ամուսնալուծությունների վերջին 10 տարվա վիճակագրությունը։




Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2010-2020թթ. գրանցված ամուսնությունները նվազել են 32,3 %-ով, կամ 5805 դեպքով, իսկ ամուսնալուծություններն, ընդհակառակը, ավելացել են 5 %-ով, կամ 158 դեպքով։

2020թ.-ին ամուսնալուծվել է այդ տարի ամուսնացած զույգերից ամեն 4-րդը։ 2010-ին այդ թիվն ավելի քիչ էր. ամուսնալուծվում էր այդ տարի ամուսնացածներից ամեն 6-րդ զույգը։

2010-2020թթ. ամենաշատ ամուսնությունները գրանցվել են 2011-2012թթ. ին՝ մոտ 19 000 ամուսնություն, ամենաքիչը՝ 2020թ-ին՝ 12 179 ամուսնություն։ Միևնույն ժամանակ, ամուսնալուծությունները վերջին 10 տարում ամենաշատը գրանցվել են 2014թ.-ին՝ 4 496 դեպք։

Ամուսնությունների ընդհանուր թվի մեջ ամուսնալուծությունների տոկոսը վերջին 10 տարում ավելացել է։ Օրինակ, եթե 2010թ. ամուսնալուծությունները կազմում էին ամուսնությունների ընդհանուր թվի 16 %-ը, ապա 2020թ.-ին այդ թիվը հասել 26 %-ի։

Վերջին տարիներին փոփոխվել է ամուսնացողների և առաջին անգամ ամուսնացողների միջին տարիքը. թե’ կանայք, թե' տղամարդիկ 3-4 տարով ավելի ուշ են ամուսնանում։

2003-2020թթ. տղամարդկանց ամուսնության միջին տարիքը ավելացել է 4 տարով. նախկին 28-ի փոխարեն տղամարդիկ ամուսնանում են 32 տարեկանում։ Կանայք նույնպես ավելի ուշ են ամուսնանում։ 2003-2020թթ. կանանց ամուսնանալու միջին տարիքը 24-ից դարձել է 28։

Նույն ժամանակահատվածում մեծացել է նաև առաջին անգամ ամուսնացողների միջին տարիքը։ Տղամարդկանց դեպքում առաջին անգամ ամուսնանալու միջին տարիքը 27-ից դարձել է 31, կանանց դեպքում ՝ 23-ից 27։

Ընդ որում՝ այս տվյալները գրեթե նույնն են թե’ քաղաքային, թե’ գյուղաական բնակչության համար։

Օրինակ, 2020թթ. քաղաքներում տղամարդիկ ամուսնանում են 32 տարեկանում, գյուղում ՝ 30։ Քաղաքում բնակվող կանայք միջինում ամուսնանում են 28 տարեկանում, գյուղում՝ 26։

Միևնույն ժամանակ, կանանց, ինչպես առաջին ամուսնության միջին տարիքը, այնպես էլ ամուսնության միջին տարիքն ավելի բարձր է, քան առաջին անգամ մայրանալու միջին տարիքը։

Սա պայմանավորված է նրանով, որ, սովորաբար, ամուսնությունների գրանցումներն իրականացվում են երեխայի ծննդից հետո։ Բացի այդ, կան դեպքեր, երբ երկրորդ և հետագա ամուսնությունների գրանցումը կատարվում է ավելի բարձր տարիքում:

Ամուսնությունների և ամուսնալուծությունների թվով առաջատարը Երևանն է։

Մանրամասն՝ ինֆոգրաֆիկայում

Ամուսնություններն ու ամուսնալուծությունները
Infogram

Երևանում վերջին 10 տարում ամուսնությունների թիվը 17,5 %-ով կամ 1100-ով նվազել է, ամուսնալուծություններն ավելացել են 19 %-ով, կամ՝ 340-ով։

Ինչ վերաբերում է մարզերին, ապա գրեթե նույն պատկերը նաև այնտեղ է. ամուսնությունները բոլոր մարզերում նվազել են, ամուսնալուծությունները՝ հիմնականում շատացել։

2010-2020թթ ամուսնալուծությունները նվազել են միայն Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում, սակայն դրանք հիմնականում մեծ թվեր չեն։ Ամուսնալուծությունների զգալի կրճատում՝ 48 %-ով գրանցվել է միայն Լոռու մարզում։ Վերը նշված մնացած մարզերում՝ 10-20%։

Նույն ժամանակահատվածում ամուսնություններն ամենաշատը նվազել են Արմավիրի մարզում՝ 48 %-ով, ամուսնալուծություններն ավելացել՝ 6 %-ով։ Արմավիրին հաջորդում է Կոտայքը՝ 44 %, ապա՝ Վայոց Ձորը՝ 42 %։

Արագածոտնում և Լոռիում ամուսնությունները նվազել են 40 %-ով։

 

Գլխավոր լուսանկարը՝ Մարիամ Թերզյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter