Տելեգրամ-ալիքների միջոցով ապօրինի շրջանառվել է 180 միլիոն դրամի թմրամիջոց
ՀՀ քննչական կոմիտե քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են «Տելեգրամ» ալիքների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող մի քանի կազմակերպված խմբեր: Այս մասին հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը։
Նշված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են շուրջ 50 խուզարկություններ, համացանցային հասանելիության և բաժանորդային տվյալներ ստանալու 100-ից ավել միջնորդություններ են ներկայացվել դատարան, 10-ից ավել իրավական օգնության միջնորդություններ են ուղարկվել օտարերկրյա իրավասու մարմիններին, որոնցից մեկի հիման վրա քրեական գործ է հարուցվել նաև Ռուսաստանում:
Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչը, 2017թ. մինչև 2021թ. օգոստոսի 30-ը հեռահաղորդակցության «Տելեգրամ» հավելվածում ստեղծել ու կառավարել է 5 ալիք, որոնց միջոցով իր կողմից ստեղծված և ղեկավարվող կազմակերպված խմբի անդամների հետ, հիմնականում Երևան քաղաքի տարածքում իրացրել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, որի արդյունքում միայն ՌԴ-ում գործող վճարահաշվարկային կազմակերպությունում բացված վերջինիս պատկանող 2 էլեկտրոնային դրամապանակներին ստացվել է 52 մլն 327 հազար դրամին համարժեք գումար։ Ստացված հիշյալ ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու, իրական բնույթը խեղաթյուրելու նպատակով դրանք հետագայում փոխանցվել են մեղադրյալի և նրա հետ փոխակապակցված անձանց կողմից ՀՀ-ում վճարահաշվարկային գործունեություն իրականացնող կազմակերպություններում բացված էլեկտրոնային դրամապանակներին կամ բանկային քարտերին, որից հետո տնօրինվել են հանցակիցների հայեցողությամբ։
Բացի այդ, նույն քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը 2019թ.-ից համացանցային տարբեր հավելվածներով զբաղվել է «Շոկո» անվանմամբ «5F-MDMB-PICA» տեսակի թմրամիջոցի ապօրինի իրացմամբ, որի արդյունքում 2019 թվականի 3 ամսվա ընթացքում քննությանը հայտնի միայն ՌԴ-ում գործող վճարահաշվարկային կազմակերպությունում բացված էլեկտրոնային դրամապանակին ստացել է 15 մլն 822 հազար դրամին համարժեք գումար, որը ֆինանսկան միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու, իրական բնույթը խեղաթյուրելու նպատակով հետագայում փոխանցվել է մեղադրյալի և նրա հետ փոխկապակցված անձանց անուններով բացված ՀՀ-ում գործող վճարահաշվարկային կազմակերպությունների էլեկտրոնային դրամապանակներին, բանկային քարտերին և տնօրինվել նշված անձանց հայեցողությամբ:
Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ կատարված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ մեղադրյալի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար օգտագործված օտարերկրյա վճարահաշվարկային կազմակերպություններում բացված դրամապանակներից ՀՀ-ում նմանատիպ գործունեություն ծավալող կազմակերպությունների ավելի քան 3 տասնյակ դրամապանակներին փոխանցվել է շուրջ 74 մլն դրամ:
Բացի այդ, 2022թ. հունվարի 20-ին հայտնաբերվել և ձերբակալվել է թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող համացանցային «Տելեգրամ» հավելվածի ալիք ստեղծած և ղեկավարած մեկ այլ անձ, որից անմիջապես հետո միաժամանակյա խուզարկություններ են կատարվել վերջինիս բնակության վայրում, ամառանոցում և նրա կողմից շահագործվող գրասենյակում, որոնց արդյունքում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ:
Ձեռք բերված տվյալների համաձայն՝ իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար օգտագործված ՌԴ-ում գործող դրամապանակից նշված անձի՝ ՀՀ-ում գործող էլեկտրոնային դրամապանակին 2020 թվականի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում փոխանցվել է 5 մլն 302 հազար դրամ։ Տվյալներ են ձեռք բերվել նաև, որ նույն դրամապանակին 2020-2021թթ. ընթացքում այլ օտարերկրյա դրամապանակներից ստացվել է ընդհանուր 73 մլն 447 հազար դրամ գումար:
Դրանից բացի, 2022թ. հունվարի 23-ին և 25-ին տարբեր վայրերից հայտնաբերվել և ձերբակալվել է 5 անձ:
Կատարված խուզարկություններով հայտնաբերվել, ինչպես նաև մեղադրյալների կողմից ներկայացվել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ:
Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ նշված անձանց կողմից կառավարվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող տելեգրամյան ալիքների ցանց՝ բաղկացած ավելի քան 20 էջից: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. սկսած նշված անձինք իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրականացրել են կրիպտոարժույթներով, քննությամբ մինչ օրս պարզվել է թմրամիջոցների ապօրինի իրացման նպատակով օգտագործված 1 «Դաշքոին» և 1 «Բիթքոին» հաշիվների տվյալներ, որոնց կատարված փոխանցումների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 50 մլն դրամ: Նշված անձանցից 2-ի բնակարանների խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 70 000 ԱՄՆ դոլար:
Դատախազության փոխանցմամբ՝ նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից զննության են ենթարկվել թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող և գործով անցնող տելեգրամյան ալիքները, որոնցում առկա տվյալների համաձայն՝ նախաքննության ընթացքում հայտնաբերված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արժեքը վաճառքի գներով կազմել է շուրջ 180 միլիոն, իսկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ առնչություն ունեցող էլեկտրոնային դրամապանակներով և տարբեր հաշիվներով շրջանառվել է շուրջ 320 միլիոն դրամ։
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար 17 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի և 190-րդ հոդվածի տարբեր մասերով, որոնցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել