HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պատմության ուսուցչի գործով դատարանում ցուցմունք տվեցին նրա աշակերտները

Երևանի թիվ 129 դպրոցի պատմության արդեն նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանը, դատական նիստերի դահլիճ մտնելով, նախ իր մեղադրանքը պաշտպանող դատախազի, հետո՝ դահլիճում գտնվող մյուս կանանց միամսյակը շնորհավորեց: Քիչ անց դահլիճ եկան նաև դպրոցի սաները՝ ծնողների հետ:

«Էրեխեքս են»,- ասաց Հակոբ Գրիգորյանը, ու ժպիտ հայտնվեց դեմքին: Պատմության ուսուցիչն այս պահին չի աշխատում. իր վերաբերյալ քրեական գործի հարուցումից հետո դիմում է գրել ու դուրս եկել դպրոցից: Նրան մեղադրում են Հայատանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի հասցեին բռնության հրապարակային կոչեր անելու մեջ: Ուսուցիչը 7-րդ դասարանի աշակերտների հետ դասի ընթացքում խոսել է 44-օրյա պատերազմի, Շուշին հանձնելու մասին ու ասել, որ Նիկոլ Փաշինյանին ու ընտանիքին պետք է հրապարակում վառել: Դասի որոշ հատված, որի ընթացքում պատմության ուսուցիչն արել է նրա մեղադրանքի հիմքում դրված արտահայտությունը, ձայնագրել են ու ձայնագրությունը տեղադրել «Ֆեյսբուք»-ում: Հայտնի չէ, թե ուսուցչին ով է ձայնագրել: Ուսուցիչն իր գործով առաջին դատական նիստին առանց պաշտպանի է մասնակցել: Հայտնել է, որ զղջում է իր խոսքերի համար: Այժմ նրա շահերը դատարանում պաշտպանում է փաստաբան, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Այսօրվա դատական նիստի ընթացքում ցուցմունք տվեց դպրոցի 4 աշակերտ, բոլորը՝ մինչև 14  տարեկան: Դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, միջոցներ էր ձեռնարկել երեխաների հարցաքննության տեսաձայնագրման համար. դատարանում «Դատական դեպարտամենտը» տեսաձայնագրություն էր իրականացնում: Դատարան նաև հոգեբան էր հրավիրվել. մինչև 14 տարեկան երեխաները հարցաքննվում են հոգեբանի մասնակցությամբ:

Դատարան հրավիրված վկա երեխաները և վերջիններիս օրինական ներկայացուցիչները նիստի մեկնարկին դուրս եկան դահլիճից. դա օրենքի պահանջն է: Մինչ հարցաքննության կհրավիրվեր երեխաներից որևէ մեկը, դատարանը հոգեբանից ճշտեց՝ գուցե երեխաները կաշկանդված են կամ վախեցած: Իսկ երեխաներից մեկն իսկապես կաշկանդված էր: Մինչև նիստի մեկնարկը, դատարանի միջանցքում ասում էր, որ ներս չի գնալու: Երեխայի դեմքից ակնհայտ էր, որ խիստ հուզված է դատարանում հայտնվելու փաստից: Ծնողներն էլ նեղսրտեցին, որ երեխային այդ տարիքում դատարան են կանչել: Հետո երեխան ասաց, որ չի ցանկանում տեանկարահանվել: Երեխայի հետ միջանցքում զրուցելուց հետո որոշվեց, որ նա առաջինը չի գնա հարցաքննության. առաջինը ներս մտավ երեխաներից նա, ով պատրաստակամություն հայտնեց:

Վկա Արտակ Կարապետյանը (անունը փոխված է-հեղ․) դատարանին հայտնեց, որ Հակոբ Գրիգորյանն իր սիրելի ուսուցիչներից մեկն է: Երեխան ասաց, որ ուսուցիչը պատերազմի հետ կապված ինչ-որ բան է խոսել, բայց հստակ չհիշեց, թե ինչ: Երբ երեխային հարցրին՝ քննիչի մոտ ցուցմունք տալիս ճի՞շտ ես ասել, դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան հորդորեց ազատորեն խոսել, որովհետև ոչ ոք իր տված ցուցմունքների համար անգամ իրավունք չունի նրան դիտողություն անել: Երեխան ասաց, որ ճիշտն է պատմել քննիչին: Հետո դատավորը փորձեց պարզել՝ երեխան չի՞ հուզվի, չի՞ նեղվի, եթե դատարանում հրապարակվի քննիչի մոտ նրա տված ցուցմունքը, երեխան ասաց, որ չի նեղվի:

Նախաքննական ցուցմունքում վկան պատմել էր, որ միայն մեկ անգամ է եղել, որ ընկեր Գրիգորյանը բարկացած է եղել ու խոսել է Շուշին տալու մասին, սակայն այդ պահին նա ուղղակի ջղայնացած է եղել, ուսուցչի խոսքերն իր վրա տպավորություն չեն թողել:

Երկրորդը հարցաքննվեց այն երեխան, որը, ինչպես արդեն վերը նշեցինք, չէր ցանկանում հարցաքննվել: Մինչ երեխան դահլիճ կմտներ, հոգեբանն ասաց, որ նա չի ցանկանում տեսանկարահանվել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը լրատվամիջոցներին խնդրեց դադարեցնել տեսանկարահանումը: Երեխայի հարցաքննության ընթացքում տեսաձայնագրություն իրականացնում էր միայն Դատական դեպարտամենտը: Դատավորը երեխային պարզաբանեց, որ այդ տեսաձայնագրությունը միայն գործին կցելու համար է, երեխային լրատվամիջոցներով «ցույց չեն տալու»:

Երեխան ասաց, որ պատմության դասի օրը իրենց ուսուցիչն ուղղակի նեղված է եղել ու ցանկություն է ունեցել «կիսվել իրենց հետ», իսկ նրա խոսքերը իրենց՝ երեխաների մեջ չի տպավորվել:

Դատախազ Վանուհի Փայտյանը հարցեր տալուց առաջ փորձեց երեխային գործին չառնվող հարցեր տալ, օրինակ՝ սիրո՞ւմ է պատմության դասը, թե՝ ոչ, որպեսզի երեխան իրեն անկաշկանդ և ապահով զգա:

Երեխան ասաց, որ չգիտի՝ իրենց ուսուցիչն ինչի վրա էր բարկացած, չհիշեց՝ օրվա դասից դուրս արտահայտություն արե՞լ է, մեկին վիրավորե՞լ է, թե՝ ոչ: Երեխան հայտնեց, որ քննիչին իրականությունն է պատմել: Վկայի հարցաքննության ժամանակ հարցեր տալիս ուսուցչի փաստաբան Ռուբեն Մելիքյանը ցանկանում էր ոտքի կանգնած հարցերը տալ, սակայն դատավոր ՄՆացական Մարտիրոսյանը նշեց, որ հարցերը կողմերը պետք է նստած տան: Մելիքյանն այս դիրքորոշմանն առարկում է: Չնայած այդ հանգամանքին՝ չցանկացավ երեխաների ներկայությամբ բանավիճել ու նստած տվեց հարցերը: Մելիքյանը հետաքրքրվեց՝ դատարանում հարցաքննվող վկան ընկեր Գրիգորյանից ի՞նչ է սովորել: «Որ հայրենասեր լինենք»,- պատասխանեց երեխան: Վերջինս ասաց, որ ուսուցիչը հայրենիքը կորցնելուց էր նեղվել, նա պատերազմի մասնակից է եղել:

Դատարանում հարցաքննված մյուս վկան ևս մանրամասներ չհիշեց ուսուցչի խոսքերից, նա ևս հայտնեց, որ ուսուցիչը մեկ անգամ է իրենց հետ խոսել պատերազմի թեմայով, դատարանին հայտնեց, որ երեխաներից մեկն է հարց տվել և ուսուցիչը պատասխանել է:

Այս երեխան նախաքննության ընթացքում քննիչին պատմել է, որ պարոն Գրիգորյանը շատ է զայրացել ու ասել է, որ Նիկոլը դավաճան է, իրեն պետք է վառել երկրում տիրող իրավիճակի համար: Երեխայի մայրը դատարանին հայտնեց, որ իրեն տեղյակ չեն պահել այն մասին, որ երեխան հարցաքննվում է:

Հարցաքննված 4-րդ վկան ասաց, որ ինքը ոչ մի բան չի հիշում, պատմության դասին էլ ուշադիր չի եղել: Երեխան նախաքննության ընթացքում ծնողի ներկայությամբ ցուցմունք է տվել ու հայտնել, որ պատմության ուսուցիչը դասերի ընթացքում քննադատում էր Նիկոլ Փաշինյանին, հերթական դասի ժամանակ քննադատել է ու ասել, որ նրա ընտանիքին պետք է վերացնել, բայց նրա խոսքերն իր վրա ազդեցություն չեն գործել: Ուսուցիչն, ըստ երեխայի ցուցմունքի, նաև իրենց հորդորել է լավ սովորել, որ Նիկոլ Փաշինյանի նման չլինեն:

Երեխան դատարանին հայտնեց, որ քննիչին ասածը ֆեյսբուքում տեղադրված ձայնագրությունից է պատմել: Դատախազը հարցրեց՝ դու սովորաբար ինչ ասում ես, ճի՞շտ ես ասում:

«Մեկ-մեկ խաբում եմ, բաներ կան՝ խաբել եմ»,- պատասխանեց երեխան:

Նշենք, որ երեխաների ցուցմունքներից պարզ է դառնում, որ վերջիններիս հարցաքննության ժամանակ կողմնակի անձինք, մասնավորապես՝ ուսուցիչներ են ներկա եղել սենյակում, ինչպես նաև՝ տնօրենը, որն այս գործով վկա է: Սա այն դեպքում, երբ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ վկաները հարցաքննվում են միմյանցից անջատ և դեռևս չհարցաքննված վկաների բացակայությամբ:

Այսօրվա նիստի ընթացքում խոսեց նաև ամբաստանյալ Հակոբ Գրիգորյանը: Ուսուցիչն ասաց, որ կիսով չափ արցախցի է, մայրը Հադրութից է, Արցախում կռվել ու վիրավորվել է: «Հայրենիքիս հանդեպ ցավը ստիպեց, որ ես այդպես խոսեմ»,- դատարանին բացատրեց Հակոբ Գրիգորյանը:

Նիստի ընթացքում դատարանում հրապարակվեց նաև դասի ձայնագրությունը: Ռուբեն Մելիքյանը դիրքորոշում հայտնեց, որ ձայնագրությունը պետք է անթույլատրելի ապացույց ճանաչել, քանի որ ձայնագրության աղբյուրը պարզ չէ. գուցե դա հենց ոստիկանությունն է իրականացրել:

Մելիքյանը նաև հայտարարեց, որ ուսուցիչն իրեն վերագրվող արարքի համար արդեն իսկ ենթարկվել է պատասխանատվության. խոսքը կարգապահական  պատասխանատվության մասին է:

Դատախազ Վանուհի Փայտյանը հայտարարություն արեց այն մասին, որևէ փաստական տվյալ առկա չէ այն մասին, որ պետական իշխանության ներկայացուցիչներն առնչություն ունեն դասաժամին արված ձայնագրության հետ: Ինչ վերաբերում է կարգապահական պատասխանատվությանը, ապա կարգապահական պատասխանատվության ենթարկելը չի բացառում անձի քրեական պատասխանատվությունը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 25-ին:

Գլխավոր լուսանկարում՝ (ձախից) Ռուբեն Մելիքյանը, Հակոբ Գրիգորյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter