
ՔՊ-ին՝ 268 մլն, «Հայաստան»-ին՝ 163 մլն, ԲՀԿ-ին՝ 50 մլն, «Հանրապետությանը»՝ 39 մլն դրամ․ աջակցություն կուսակցություններին
Կառավարությունն ընդհանուր 521 մլն դրամի աջակցություն կտրամադրի Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններում սահմանված շեմը հաղթահարած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքներին։ Որոշման նախագիծն ընդունվեց կառավարության մարտի 17-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կհատկացվի 268 մլն 310 հազ․ դրամ, «Հայաստան» դաշինքին՝ 163 մլն 222 հազ․ դրամ, «Բարգավաճ Հայաստան»-ին՝ 50 մլն 444 հազ․ դրամ, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 38 մլն 758 հազ․ դրամ։
Աջակցությունը տրամադրվում է Ըստ «Կուսակցությունների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Պետական բյուջեից միջոցներ հատկացվում են այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն երեք տոկոսը»:
Նշենք նաև, որ կառավարության մարտի 3-ի նիստում «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին» ծրագրով 46 մլն 976 հազ․ դրամ էր հատկացվել։ Թե ում էր փոխանցվել այդ գումարը, հայտնի չէ, քանի որ կառավարությունը որոշման նախագծի 2-րդ կետը հույժ գաղտնի էր համարել։
Մեկնաբանել