HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 22 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Մարտի 18-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

21:31

Լատվիան աջակցում է Կիևի կոչերին Ուկրաինայում հաստատելու ոչ թռիչքային գոտի։ Ավելի վաղ, այդ նախաձեռնությանն աջակցել էին Էստոնիան և Լիտվան։

21:24

Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ պատերազմի մեկնարկից ի վեր այդ երկիր է վերադարձել 320 000 ուկրաինացի, հիմնականում տղամարդիկ։

21:22

ԵՄ պատժամիջոցների տակ հայտնված Կոնստանտին Էրնստը դուրս է եկել МТС-ի տնօրենների խորհրդից։ Այդ մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։

21:20

Զեմֆիրան հակապատերազմական տեսահոլովակ է հրապարակել։ «Մի' կրակեք»։

Տեսահոլովակում երևում են հրթիռակոծված ուկրաինական քաղաքները։ Երգչուհին յութուբյան իր էջից ջնջել է բոլոր տեսահոլովակները, բացառությամբ այս և  «Океана Ельзи»-ի «Вiдпусти» երգի քավըրի։

21:18

Չեխիայի իշխանությունները զգուշացրել են, որ այլևս Ուկրաինայից չեն կարող փախստականների ընդունել

«Մենք պետք է հասկանանք, որ հասնում ենք այն սահմանին, որ այլևս չենք կարող առանց հատուկ խնդիրների ընդունել փախստականներին»,- հայտարարել է երկրի վարչապետ Պետեր Ֆիալան։ Վերջինիս խոսքով՝ Չեխիան ընդունել է 270 000 ուկրաինացիների, որոնք ստիպված էին լքել իրենց տները։

21:15

Մեծ Բրիտանիան ամբողջությամբ դադարեցրել է Ռուսաստանի և Բելառուսի հետ հարկային տեղեկատվության փոխանակումը։

21:12

Խարկովում հրդեհի մարման ժամանակ, որն առաջացել էր շուկայի հրթիռակոծման արդյունքում, հրշեջ է զոհվել։

20:53

Ուկրաինական ՀՕՊ-ը Կիևի վրա խոցել է «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռ։

20:37

Hromadske-ն հայտնում է Խարկովի մարզի Կազաչյա Լոպան և Կիևի մարզի Նովիյե Պետրովցի գյուղերի արկակոծման մասին, ենթադրաբար, արգելված կասետային ռումբերով։

Կազաչյա Լոպանում, ըստ տեղական իշխանությունների տվյալների, զոհվել է վեց մարդ, իսկ Նովիյե Պետրովցիում՝ 2-ամյա երեխա։

20:23

Վերջերս տելեգրամյան ալիքներում տեսանյութեր էին տարածվում, որտեղ երևում էր, թե ինչպես են Ռուսաստանի խանութներում կռվում շաքարավազի համար։ Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն արմատական որոշում է առաջարկում. 2022 թվականի հունիսի 1-ից ՌԴ տարածքում շաքարի արտադրության և շրջանառության պետական մենաշնորհ, ներառյալ դրա ներկրման և արտահանման թույլատրելի կարգ։

20:19

Ռուսաստանում մտադիր են համաներում հայտարարել փոքր և միջին ծանրության տնտեսական հանցագործություն իրականացրածների նկատմամբ։

20:10

Էլի կադրեր Կիևից։

20:09

«Украина Сегодня»-ն հրապարակել է Խարկովում և Կիևում հրդեհների տեսանյութերը։ Այդ քաղաքները պարբերաբար ռմբակոծվում են։

20:06

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է Կիևում Ռուսաստանի 60-ամյա քաղաքացու ձերբակալության մասին։ Ուկրաինական գերատեսչության տվյալներով՝ նա զբաղվել է հսկիչ անցակետերն անարգել անցնելու կեղծ փաստաթղթերի պատրաստմամբ և վաճառքով։

19:55

⚡️Շվեյցարական բանկիրների ասոցիացիան հայտարարել է, որ երկրի ֆինանսական հաստատություններում ռուսական գործարարների ակտիվները, որոնք դուրս են բերվել օֆշորներ, ընդհանուր առմամբ կազմում են 150-200 միլիարդ շվեյցարական ֆրանկ կամ մոտ 213 միլիարդ դոլար։

Ինչպես նշում է Reuters-ը, առաջին հերթին, այս գումարը էականորեն մեծ է, քան նախկինում համարվում էր։ Երկրորդը, խոսքը գնում է խիստ հազվադեպ դեպքի մասին, երբ շվեյցարական բանկերը, որոնք հայտնի են իրենց գաղտնիությամբ, բացահայտում են հաճախորդների վերաբերյալ նման տվյալներ։

19:53

Բելառուսը քրեական գործ է հարուցել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի նկատմամբ։

19:42

Եվրոպայի խորհրդի նախարարների կաբինետը որոշել է դադարեցնել Բելառուսի հետ բոլոր հարաբերությունները՝ «Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային նրա ակտիվ մասնակցության համար»։ Այդ մասին նշվում է Եվրոպայի խորհրդում Իսլանդիայի մշտական ներկայացուցչության թվիթերյան միկրոբլոգում։

Միաժամանակ, Եվրոպայի խորհուրդը որոշել է առավել ակտիվորեն զարգացնել հարաբերությունները բելառուսական հասարակության և հանրապետության սահմաններից դուրս գտնվող ընդդիմության հետ։

19:36

Զելենսկին հիվանդանոցում այցելել է Վլասենկոյի ընտանիքին, որոնք գնդակոծության տակ էին ընկել Վորզելից տարհանման ժամանակ։

19:19

Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Քննարկվել են Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության անցկացման շուրջ իրավիճակի զարգացման տարբեր ասպեկտներ։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է նաև ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների ընթացքի մասին։ Հեռախոսազրույցում հատուկ շեշտադրում է դրվել մարդասիրական բաղադրիչի վրա»,- նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Իր հերթին Էրդողանի աշխատակազմը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահը կրկին առաջարկել է Անկարայում կամ Ստամբուլում կազմակերպել Պուտին-Զելենսկի հանդիպում։

18:59

The Insider-ը հրապարակել է ՌԴ մշակույթի նախարարությանն ուղղված Սերգեյ Շոյգուի դիմումը, որն առաջարկում է «Վլադիմիր Զելենսկուն և Ալեքսանդր Ռոդնյանսկիին հեռացնել ՌԴ մշակութային օրակարգից»։

Ռոդնյանսկին հայտարարել է, որ իր համար միևնույն է, քանի որ չի պատրաստվում օգտվել ռուսական պետության միջոցներից։

18:38

⚡️Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականը Ռուսաստանի հետ համաձայնագրի կնքման հնարավորության մասին։

«Ռուսական Դաշնությունը ելնում էր վերլուծական որոշակի տվյալներից, թե ինչպես նա պատերազմ կվարի։ Արդյունքում նա այս պատերազմը վարում է 21 օր և, իհարկե, արդեն այլ կերպ է գնահատում վնասը, որը առաջին հերթին հասցնում է իրեն։ Այս ժամանակահատվածում նրանք սկսել են առավել իրատեսական գնահատել այդ թվում նաև իր բանակցային հարթակը։ Եվ այն ռիսկերը, որոնց հետ հետագայում էլ կշարունակեն աշխատել։ Դա հռետորաբանության փոփոխություն է, վարքագծի մոդելները մեզ մոտ որոշակի զգուշավոր լավատեսություն են առաջացնում։

Մենք իրոք ցանկանում ենք դուրս գալ պայմանավորվածությունների ինչ-որ փոխզիջումային նախագծի։ Ես դեռևս չեմ խոսում «խաղաղության պայմանագրի մասին»։ Նրանք, անխոսք, չէին սպասում այն վարկանիշին, որը Ռուսաստանը կունենա աշխարհում, այն բացասական գնահատականին, այն միասնական պատժամիջոցների փաթեթին, որոնք նրանց դեմ ներդրվում են»։

18:19

Սվյատոսլավ Վակարչուկը տեսանյութ է հրապարակել Զապորոժյեի հիվանդանոցից, որտեղ գտնվում են Մարիուպոլի վիրավոր երեխաները։

«Սա ամենաահավոր տեսանյութն է, որը ես երբևէ նկարահանել եմ»,- գրել է երաժիշտը։

17:57

Եվրոպական տիեզերական գործակալությունը հրաժարվել է Մարսի առաքելության հարցով Ռոսկոսմոսի հետ համագործակցությունից

ExoMars առաքելության մեկնարկը նախատեսվում էր 2022 թվականին։ Մարսի մակերևույթին պետք է իջեցվեր մարսագնաց՝ այդ մոլորակում նախկինում կամ ներկայումս կյանքի գոյության վերաբերյալ ապացույցների հավաքման համար։ Ուկրաինայում պատերազմի մեկնարկի պատճառով՝ Եվրոպական տիեզերական գործակալությունն արդեն իսկ հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով նախագիծը քիչ հավանական է։

«Ցավալի է, որ Եվրոպական տիեզերական գործակալության գործընկերները իրենց հակառուսական դիրքորոշումը վեր են դասում տիեզերքի ուսումնասիրման համամարդկային նպատակներից»,- ի պատասխան հայտարարել է Ռոսկոսմոսի մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Ստրուգովեցը։

17:55

Չեռնիգովի իշխանությունները հայտարարել են մեկ օրում 53 զոհի մասին։

17:49

Առնոլդ Շվարցնեգեր. «Ես սիրում եմ ռուս ժողովրդին։ Ահա, թե ինչու ես պետք է ձեզ ասեմ ճշմարտությունը»

17:38

Human Rights Watch-ը Ուկրաինային կոչ է արել դադարեցնել ռուսական զինծառայողների տեսանյութերի հրապարակումը։

Ուկրաինական պաշտոնատար անձինք սոցիալական ցանցերում հրապարակում են ռուսական գերիների հարցաքննության տեսանյութեր, որտեղ նրանք բացահայտում են իրենց անձնական տվյալները և ընտանիքների հետ հեռախոսազրույցները։ Դա գերիների և նրանց հարազատների իրավունքների խախտում է, հայտարարել է իրավապաշտպան կազմակերպությունը։

17:27

⚡️Լեհաստանը 2023 թվականից կհրաժարվի ռուսական գազից։ Այդ մասին հայտարարել է  Ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքի հարցերով լեհական կառավարության ներկայացուցիչ Պետր Նաիմսկին։

17:16

Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Ղրիմի և Սևաստոպոլի զարգացման վերաբերյալ: Հիմնական մտքերը.

  • 2014 թվականին ղրիմցիները և սևաստոպոլցիները «արիություն, հայրենասիրություն են ցուցաբերել և պատի պես կանգնել նեոնացիստների և արմատականների ճանապարհին», որոնք Կիևում գրավել էին իշխանությունը։
  • Տարիներն ապացուցել են, թե ինչքանով էր ճիշտ և տեղին նրանց ընտրությունը։ Բավական է տեսնել, թե ինչ է հիմա կատարվում Դոնբասում։
  • Պատժամիջոցները ոչ միայն խնդիրներ են ստեղծում, այլև բացում նոր հնարավորություններ։ Խոշոր բիզնեսը, որն առաջ վախենում էր պատժամիջոցներից, հիմա ազատ կարող է գործել Ղրիմում։

17:03

Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն և սպորտի նախարարությունը կստեղծեն ներքին մրցաշարարերի համակարգ։ Պատճառը միջազգային մրցաշարերին ռուսաստանցիների մասնակցության չթույլատրումն է։

16:52

Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչև. ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերին, չեզոքության խախտման պարագայում, պետք է ճանաչել անորակ, ինչպես սպառողական արտադրանքը։

16:35

ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը համաձայնագիր է պատրաստում «ԼԺՀ»-ում և «ԴԺՀ»-ում տրված դիպլոմների և գիտական աստիճանների Ռուսաստանում ճանաչման վերաբերյալ։

16:19

«Дождь» հեռուստաընկերության աշխատակցին Ղազախստանից արտաքսել են Ռուսաստան։

Նրա հետ արտաքսվել է ևս ութ մարդ, որոնք գտնվում էին միևնույն հյուրանոցում։

16:10

Խարկովի արկակոծման հետևանքով նաև եկեղեցի է վնասվել։ Վնասվել են եկեղեցու տանիքը, լուսամուտները և դռները։

16:02

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դադարեցրել է Ռուսաստանից դատավոր Միխայիլ Լոբովի լիազորությունները։ Նա իր պարտականությունների կատարմանն անցել էր 2022 թվականի հունվարի 1-ից։

Նախօրեին Ռուսաստանը հեռացվել էր Եվրոպայի խորհրդից, իսկ ՄԻԵԴ-ը դադարեցրել էր ՌԴ դեմ բոլոր բողոքների ուսումնասիրությունը, որպեսզի գնահատի ԵԽ-ից Ռուսաստանի դուրս գալու «իրավական հետևանքները»։

15:41

Тинькофф բանկը հերքում է պլաստիկի դեֆիցիտի վերաբերյալ սեփական տեղեկատվությունը

Մարտի 16-ին Тинькофф-ը Twitter-ում պատասխանել էր օգտատերերից մեկին՝ նշելով, որ ժամանակավորապես չի թողարկում «Мир» պլաստիկ քարտեր, քանի որ ավարտվել են բանկի պլաստիկի պաշարները։

Ավելի ուշ, բանկը ջնջել էր իր թվիթը՝ նշելով, որ բակում «սխալվել են պատասխանի հետ»։ «Մենք թողարկել և թողարկում ենք «Мир» քարտեր, մեր պաշարները բավարար են, որպեսզի քարտերով ապահովենք բոլոր ցանկացողներին»,- հայտարարել է բանկը։

15:20

Միշուստին. այսօր կեսգիշերին կհանվեն Ռուսաստանի և Բելառուսի միջև քաղաքացիների տեղաշարժի բոլոր սահմանափակումները։

15:16

Ուկրաինայի ռազմական հետախուզություն. Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոստացել է Ռուսաստանին տրամադրել 40 000 գրոհային։ 

Մեկ շաբաթ առաջ ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն հայտնել էր Մերձավոր Արևելքից 16 հազար կամավորների մասին, որոնք ցանկացել են կռվել Դոնբասում։ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր օգնել նրանց հայտնվելու «մարտական գործողությունների գոտում»։

15:08

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալ. խոսել եմ Nestle-ի գործադիր տնօրեն Մարկ Շնայդերի հետ՝ Ռուսաստանում ընկերության ոչ էթիկական գործունեության վերաբերյալ։ Չենք գտել փոխըմբռնում։

14:52

Ուկրաինայի գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան հաստատել է, որ Մարիուպոլի թատրոնի ապաստարանում գտնվող մարդիկ կենդանի են մնացել։

14:35

Էստոնիայի խորհրդարանի որոշումից հետո Լիտվայի խորհրդարանը ևս աջակցել է ՄԱԿ-ին ուղղված բանաձևին, որով կոչ է արվում Ուկրաինայում ոչ թռիչքային գոտի հայտարարել ռուսական ավիացիայի համար։

14:04

Դմիտրի Պեսկովը ռուս-ուկրաինական բանակցությունների մասին.

«Աշխատանքները շարունակվում են։ Երբ կլինի առաջընթաց, մենք կհայտնենք»։

14:03

Тинькофф-ը չունի պլաստիկ՝ պլաստիկ քարտերի արտադրության համար։

14:01

Xerox ընկերությունը դադարեցրել է Ռուսաստան մատակարարումները։

13:39

«Лукойл»-ի տնօրենների խորհուրդը լքել են երեք արտասահմանցիներ, այդ թվում Ավստրիայի նախկին կանցլեր Վոլֆգանգ Շյուսելը։

13:25

⚡️Ուկրաինացի պատգամավոր. մարդիկ, որոնք թաքնվել էին Մարիուպոլի թատրոնում, կենդանի են մնացել

Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր և Դոնեցկի մարզի նախկին ղեկավար Սերգեյ Տարուտան հայտարարել է, որ Մարիուպոլի Դրամատիկական թատրոնի տակ գտնվող ռմբապաստարանը, որը նախօրեին հրթիռակոծվել էր, չի տուժել։ «Սկսել ենք փլատակները մաքրել, մարդիկ կենդանի են դուրս գալիս»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Տարուտան։

Այլ աղբյուրներ դեռևս չեն հաստատել այս լուրը։ Ավելի վաղ, Մարիուպոլի քաղաքային խորհուրդը հայտարարե էր, որ թատրոնի շենքում թաքնվել է մի քանի հարյուր մարդ։

13:12

⚡️Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը եվրոբոնդերի վճարումն արել է արժույթով։

Դա նշանակում է, որ Ռուսաստանին տեխնիկական դեֆոլտ այս պահին չի սպառնում։

12:47

Վլադիմիր Զելենսկին տեսակապով հանդես է եկել Բունդեսթագում։ Ելույթից հետո պատգամավորները հոտնկայս ծափահարել են։

Ավելի վաղ, Զելենսկին հանդես էր եկել ԱՄՆ կոնգրեսի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության խորհրդարանների առաջ։

12:26

Մարիուպոլի փոխքաղաքապետի հարցազրույցը։ Հիմնական մտքերը.

  • Մարիուպոլի պաշարման մեկնարկի պահին քաղաքում մնում էր 350-450 հազար մարդ։ Հարցազրույցի պահին զոհվել էր արդեն 2358 մարդ։ Սակայն փլատակների տակ դեռ մարդիկ կան, այնպես որ զոհերի թիվը կարելի է կրկնապատկել։
  • Քաղաքային շինությունների 80-90 %-ն ամբողջությամբ կամ մասամբ ավերված է։ Չկա առանց վնասման որևէ շենք։ Որևէ գործարան չի աշխատում։ «Азовсталь»-ն ամբողջությամբ ռմբակոծված է։
  • Մարդիկ ջուրը վերցնում են հորերից, ջեռուցման համակարգերից և, ինչպես ասում են, ցեխաջրերից։ 
  • Ռուսական զորքերը գրավել են հիվանդանոցը և ազատ չեն արձակում անձնակազմին։ Երկու օր առաջ այնտեղից տվյալ ստացանք, որ վիրավոր ռուսաստանցիներին բերում են հիվանդանոց և մեր անձնակազմին ստիպում բուժել նրանց։

12:19

Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար. Մենք չենք ճանաչում «ԴԺՀ» և «ԼԺՀ» անկախությունն ու դեմ ենք Ուկրաինայում պատերազմական գործողություններին։

12:11

ՌԴ ՊՆ-ն նոր ճեպազրույց է տարածել։ Հիմնական մտքերը.

  • ԱՄՆ-ն Ուկրաինայում տարիներ շարունակ չղջիկների միջոցով մարդու հիվանդությունների փոխանցման ուղիների ուսումնասիրման գաղտնի նախագիծ է իրականացրել։
  • ԱՄՆ-ի՝ Ուկրաինայում խիստ հարուցիչ թռչնագրիպով վարակման նախագծի շրջանակներում գնահատվել է նաև տնտեսական վնասի հնարավորությունը։
  • Ռովենի մարզում ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է զինամթերքի պահեստ, որտեղ պահվում էին «Точка-У» համալիրի հրթիռներ։
  • Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական ավիացիան և ՀՕՊժ-ը խոցել են Ми-24 և Ми-8 ուղղաթիռներ, ինչպես նաև՝ 12 անօդաչու։
  • Մեկ օրվա ընթացքում ռուսական ավիացիան խոցել է զենիթահրթիռային 11 համալիր, այդ թվում՝ С-300-ի դիվիզիոն։
  • ՌԴ ՊՆ-ն հրապարակում է Ուկրաինայում բիոլաբորատորիաների մշակման փաստաթղթերի նոր փաթեթ և կներկայացնի դրանց փորձաքննության արդյունքները։

12:07

Մոլդովայի նախագահ Մայա Սանդու. Մենք միշտ պահանջել ենք Մերձդնեստրից ռուսական զորքերի դուրսբերում

Այդ մասին Մոլդովայի նախագահը հայտարարել է Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի հեռացման ԵԽԽՎ բանաձևը մեկնաբանելիս, որտեղ նշվում է նաև «մերձդնեստրյան տարածաշրջանի բռնազավթման մասին»։

ԵԽԽՎ-ում մոլդովական պատվիրակության ղեկավար Վլադ Բատրինչան բանաձևն անվանել էր «վտանգավոր փորձ»՝ Մոլդովային ներգրավելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտությանը։

12:05

Twitter-ը մակնշել կամ հեռացրել է Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ ավելի քան 50 000 ոչ հավաստի տեղեկատվություն։

12:03

Netflix-ն ԱՄՆ-ի իր հարթակում ավելացրել է «Ժողովրդի ծառա» հեռուստասերիալը։

11:59

Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել NBC-ին։ Հիմնական մտքերը.

  • Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են, բայց շատ դժվար են ընթանում։
  • Որևէ մեկը չգիտի՝ կսկսվի, արդյոք, Երրորդ համաշխարհային պատերազմ, եթե ԱՄՆ-ն ապահովի Ուկրաինայի օդի փակումը։ Կարող է այն արդեն իսկ սկսվել է։ Եվ որևէ մեկը չգիտի, թե ինչ կլինի հետո, եթե Ուկրաինան գրավվի։
  • Ռուսաստանը հատեց բոլոր կարմիր գծերը, երբ սկսեց ռմբակոծել խաղաղ բնակչությանը։

11:52

Նոր ռազմական օգնության փաթեթի շրջանակներում ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի Switchblade 100 «դրոն կամիկաձե»

Այդ մասին Politico-ին հայտնել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հանրապետականների առաջնորդ Մայքլ Մաքքոլը և հաստատել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի անանուն ներկայացուցիչը։

11:48

Որ դեղագործական կազմակերպություններն են սահմանափակել իրենց աշխատանքը Ռուսաստանում

«Ведомости»-ն կազմել է դեղագործական ընկերությունների ցանկը, որոնք հրաժարվել են Ռուսաստանում իրենց արտադրանքի նոր կլինիկական հետազոտությունների իրականացումից։

  • Pfizer
  • Eli Lilly
  • AbbVie
  • Sanofi
  • MSD

Բացի այդ, Pfizer-ը, Bayer-ը, Eli Lilly-ը, Abbott Laboratories-ը և Novartis-ը հայտարարել են իրենց ներդրումների դադարեցման մասին, որոնք կապ չունեն Ռուսաստան դեղամիջոցների ներկրման հետ։ Իսկ Eli Lilly-ն ի հավելումն որոշել է դադարեցնել Ռուսաստան իր դեղամիջոցների մի մասի արտահանումը։

11:44

Խարկովի մարզի Մերեֆա քաղաքի դպրոցներից մեկը

Քաղաքապետ Վենիամին Սիտովը հայտարարել է, որ ռուսական հրթիռակոծության հետեւանքով ավերվել են դպրոցն ու մշակույթի տունը, ինչպես նաև՝ վնասվել հարևան բնակելի շենքերը։

11:42

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է, որ Ուկրաինայում պատերազմական գործողություններից ի վեր 43 հարձակում է իրականացվել բժշկական հաստատությունների վրա։

11:37

ԱՄՆ-ն ստեղծել է Արևմուտքում ռուսական ակտիվների որոնման և ձերբակալության միջազգային խումբ։

Դրա կազմում մտել են Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ճապոնիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ։

11:35

ՌԴ տրանսպորտի նախարարություն. Ռուսաստան են թռչում 20 երկրների 29 ավիաընկերություններ

Այդ երկրների թվում են Ալժիրրը, Հայաստանը, Բահրեյնը, Բելառուսը, Վենեսուելան, Իսրայելը, Հնդկաստանը, Իրաքը, Ղազախստանը, Քաթարը, Ղրղզստանը, Մարոկկոն, Մոնղոլիան, ԱՄԷ-ն, Սերբիան, Սիրիան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Թուրքիան և Ուզբեկստանը։

Արտասահմանյան թռիչքներ էլ իրականացնում են ռուսական 6 ավիաընկերություններ՝ դեպի Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Ղրղզստան, ԱՄԷ, Տաջիկստան, Թուրքիա և Ուզբեկստան։

11:32

Դմիտրի Մեդվեդևը գրանցվել է Telegram-ում։ Նրա առաջին գրառումը եղել է «Արևմուտքի մոլի ռուսատյացության» մասին

«Ռուսաստանը բավարար հզորություն ունի, որպեսզի իր տեղը դնի մեր երկրի բոլոր լկտիացած ոչ բարեկամներին։ Մենք կշարունակենք հետագայում ևս պայքարել այդ աշխարհակարգի համար, որը ձեռք է տալիս Ռուսաստանի Դաշնությանն ու նրա քաղաքացիներին։ Որտեղ չկա տեղ սառեցված նացիստներին, պատմական ստին և ցեղասպանությանը։ Բարոյական ուժն ու պատմական ճշմարտությունը, ինչպես նախկինում, մեր կողմն են»,- գրել է Մեդվեդևը։

11:30

Ինչ է կատարվել մարտի 17-ի գիշերը` հակիրճ.

  • Ուկրաինայում պատերազմական գործողություններից ի վեր կարող է զոհված լինել շուրջ 7000 ռուսաստանցի զինծառայող։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզությանը։
  • Ռուսաստանում խոշորագույն բեռնատար ավիափոխադրողը՝ «Волга-Днепр»-ն ամբողջությամբ դադարեցրել է իր թռիչքները։
  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ»։ Կրեմլում հայտարարել են, որ այդպիսի հռետորաբանությունն անթույլատրելի է։
  • Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է, թե իր ուժերն են հրթիռակոծել Մարիուպոլի դրամատիկական թատրոնը։ Ռուսական կողմի պնդմամբ՝ դա ուկրաինական «Ազով» գումարտակի ձեռքի գործն է։
  • Ազատ է արձակվել Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆյոդորովը, որն առևանգվել էր մարտի 11-ին։ Ըստ Ուկրաինայի նախագահի գրասենյակի՝ նրան փոխանակել են ռուսաստանցի 9 ժամկետային զինծառայողների հետ։

Լուսանկարը՝ UNICEF/UN0599222/Moldovan

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter