HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

2,035 մլրդ դրամ՝ Լոռիում և Շիրակում պարեկային ծառայության ներդրման համար

Կառավարությունը 2 մլրդ 35 մլն 100 հազ․ դրամով կավելացնի ոստիկանության բյուջեն՝ Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայության ներդրմամբ պայմանավորված տրանսպորտային միջոցների ձեռքբերման և դրանց կահավորման նպատակով։ Որոշումն ընդունվեց կառավարության մարտի 17-ի նիստում։

«Տրանսպորտային սարքավորումներ» միջոցառման հատկացումները նախատեսվում է ավելացնել 289.9 մլն դրամով: Ըստ որոշման նախագծի՝ նոր պարեկային ծառայության համար ձեռք կբերվի 140 տրանսպորտային միջոց։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկման ժամանակ հայտնեց, որ Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ոստիականության ծառայությունը կգործարկվի ապրիլ ամսվա ընթացքում։

Փաշինյանն ընդգծեց, որ սա մեծ նշանակություն ունեցող բարեփոխում է․ «Պարեկային ոստիկանությունը հուլիսից գործում է Երևանում, և պետք է արձանագրենք, որ պարեկային ոստիկանության գործունեության արդյունքները գոհացուցիչ են։ Ուզում եմ ընդգծել, որ մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ Հայաստանի արտաքին դիմագծի ամենակարևոր բրենդը, եթե կարելի է այսպես ասել, ժողովրդավարությունն է։ Մենք, ըստ էության, ձևավորում ենք ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ոստիկանություն։ Իհարկե, այս գործընթացն առանց թերությունների և բարդությունների չի անցնում։ Նույնիսկ, երբ հուլիսին նախատեսվածի նման Երևանում պիտի գործարկվեր պարեկային ոստիկանությունը, մեծ հարց էր՝ արդյոք այդ որոշումը կայացնենք, թե ոչ, որովհետև տեխնիկական բազմաթիվ հարցեր կային, որոնք էդ պահի դրությամբ լուծված չէին։ Հիմա հետադարձ շատ ուրախ եմ, որ մենք այդ որոշումը կայացրինք, ակնհայտ է, որ այս բարեփոխումն իրեն արդարեցնում է»։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ հաջորդ փուլում պարեկային ոստիկանություն կներդրվի Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում։

Վերջինս կոչ արեց կանանց՝ ակտիվորեն մասնակցել պարեկային ծառայությունում ներգրավվելու գործընթացին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter