
67 մլն դրամ՝ Կապանի 13 բնակավայրում դպրոցների կառուցման և վերանորոգման համար
Կառավարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեն ավելացրեց 67 մլն 125 հազար դրամով։ Որոշումն ընդունվեց գործադիրի մարտի 17-ի նիստում։
60 մլն 60 հազ․ դրամը նախատեսվում է հատկացնել Քաղաքաշինության կոմիտեին՝ Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերից ընտրված 13 բնակավայրի դպրոցների շենքային պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար:
«Աճանանում, Օխտարում, Արծվանիկում, Գեղանուշում, Սյունիքում, Եղեգում, Ծավում և Ճակատենում կկատարվի կրթահամալիրների վերակառուցում, Ներքին Հանդում, Շիկահողում կկառուցվեն կրթահամալիրներ, Վերին Խոտանանում, Դավիթ Բեկում և Եղվարդում կկառուցվեն մոդուլային շենքեր։ Նախատեսվում է ունենալ արդիական շենքային և գույքային պայմաններ՝ համապատասխան լաբորատորիաներով, մարզադահլիճներով և այլ անհրաժեշտ պայմաններով, որտեղ կկազմակերպվեն նախադպրոցական, դպրոցական, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրեր, օրինակ՝ արհեստագործական, ըստ համայնքների կարիքների»,- քննարկման ժամանակ հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Նրա խոսքով՝ այդ արդիական պայմանները կծառայեն նաև որպես բնակավայրի մշակութային, սպորտային, ժամանցային միջավայր՝ դառնալով համայնքային ժամանակակից կենտրոններ։
Նախագծով նախատեսվում է նաև գումար հատկացնել Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքի լուսավորության ցանցի իրականացման աշխատանքների ձեռքբերման համար:
Մեկնաբանել