ԱԺ-ում հրատապ քննարկում կհրավիրվի Արցախում հումանիտար իրավիճակի, սպառնալիքների և անելիքների օրակարգով
Մարտի 22-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյայի երրորդ հիմնական նիստի ժամանակ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների պահանջով տեղի կունենա հրատապ թեմայով քննարկում Արցախի Հանրապետությունում հումանիտար իրավիճակի, սպառնալիքների և հրատապ անելիքների օրակարգով: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ընդդիմությունը։
Նիստի ավարտին ընդդիմությունը կներկայացնի հայտարարության տեքստ, որն արդեն ուղարկվել է իշխող խմբակցությանը՝ ծանոթանալու եւ դիրքորորշում արտահայտելու։
Հայտարարության տեքստը՝ ստորեւ։
Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի եւ ահաբեկչության վերաբերյալ
Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության շարունակական ագրեսիան և ահաբեկչությունն Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի, ինչպես նաև ակնհայտ ոտնձգությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, այդ թվում՝
- Արցախի Հանրապետության բնակչության գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելը, ինչը ստեղծում է հումանիտար աղետ,
- Արցախի Հանրապետության հետ շփման գծի երկայնքով ռազմական էսկալացիան և Արցախի բնակավայրերի թիրախավորումը տարատեսակ զինատեսակներով,
- Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ հոգեբանական ահաբեկչությունը՝ շփման գծի երկայնքով բարձրախոսների կիրառմամբ և սեփական տներն ու հայրենիքը լքելու կոչերով,
- Արցախի Հանրապետության հայաթափման նպատակով իրականացվող անթաքույց գործողություններն ու կոչերը,
- Բոլոր հնարավոր միջոցներով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության հետևողական հեղինակազրկումը՝ նպատակ ունենալով վերացնել Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության մինիմալ երաշխիքները,
- Հումանիտար իրավունքի և ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ՝ գերիներին և պահվող անձանց չվերադարձնելը,
- Միջազգային համապատասխան մանդատ ունեցող միակ լեգիտիմ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից փաստացի հրաժարումը, որով փորձ է արվում լեգիտիմացնել ուժի կիրառումը, սանձազերծած պատերազմը, ագրեսիան, Արցախի Հանրապետության տարածքի որոշակի հատվածի օկուպացիան և հրաժարումը ճանաչելու Արցախի ինքնորոշման իրավունքը,
- Ակնհայտ հակահայկական բնույթ կրող «Շուշիի հռչակագրի» ստորագրումն ու վավերացումը,
- Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի՝ 2021թ. մայիսի 12-ից փաստացի ներթափանցումը, առ այսօր այդ տարածքում գտնվելը,
- Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով հերթական էսկալացիան, որի արդյունքում ունենք զոհ և վիրավոր,
- Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ Թուրքիայի լիակատար օժանդակությամբ իրականացվող հարկադրանքի քաղաքականությունը՝
ՀՀ ԱԺ-ն հայտարարում է՝
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը սատարում է Արցախի Հանրապետությանը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովին և Արցախի ժողովրդին,
- Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվություն կրեն ուժի կիրառման, 44-օրյա պատերազմի սանձազերծման, ագրեսիայի, հազարավոր զոհերի, ռազմական հանցագործությունների և դրանց արդյունքում ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ շարունակվող ահաբեկչության և հումանիտար աղետի հրահրման համար,
- Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումը չունի այլընտրանք և Ադրբեջանի կողմից հրահրված երեք պատերազմներն ու շարունակվող ահաբեկչությունը լավագույն ապացույցն են, որ ժամ առաջ պետք է լուծվի Արցախի կարգավիճակի հարցը, այդ թվում՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի ներքո,
- Արցախի Հանրապետության և արցախցիների անվտանգության երաշխավորման նպատակով՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը չպետք է ունենա ժամկետային և առաքելության լիարժեք իրականացման գործառութային սահմանափակումներ,
- անկախ Ադրբեջանի քմահաճույքից պետք է վերսկսվեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության շրջանակներում՝ օրակարգում ունենալով Արցախի հումանիտար վիճակի, անվտանգության երկարաժամկետ երաշխիքների ապահովման, դեօկուպացիայի և կարգավիճակի հարցերը,
- Ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից,
- Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ կիրառվող հարկադրանքի քաղաքականությունը միջազգային իրավունքի ակնհայտ ոտնահարում է, ենթակա է համարժեք արձագանքի միջազգային հանրության կողմից և չի բերելու որևէ արդյունքի:
Ելնելով վերը շարադրվածից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դաշնակից և բարեկամ երկրներին, խորհրդարանականներին, միջազգային կառույցներին և կազմակերպություններին, միջազգային հանրությանը կոչ է անում՝
- Բարձրացնել իրենց ձայնը և կանխել Ադրբեջանի ու Թուրքիայի ցեղասպան գործունեության հերթական դրսևորումները, Ադրբեջանի և Թուրքիայի ամենաթողության վերածվող անպատժելիությունը:
- Ձեռնարկել գործուն միջոցներ, նպաստելու տարածաշրջանում իրական խաղաղության ապահովմանը՝ կանխելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների ոտնահարումը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, ագրեսիան, ահաբեկչական գործելաոճը, հարկադրանքի և շանտաժի քաղաքականության իրականացումը:
Հիմնավորում
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հանցավոր գործողությունները, ըստ էության քաղաքացիական բնակչության և օբյեկտների նկատմամբ հարձակումները, մշտական ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունը, որոնք նպատակ են հետապնդում հայաթափել Արցախի Հանրապետությունը, ևս մեկ անգամ փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունը իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների, ամբողջ հայ ժողովրդի, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանի անվտանգության համար:
Հաշվի առնելով վերոգրյալը և Ադրբեջանի շարունակական ագրեսիան և դրա արդյունքում ստեղծված հումանիտար աղետը, Ադրբեջանի և Թուրքիայի տարածաշրջանն ապակայունացնող քաղաքականությունը անհրաժեշտ է արժանացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հստակ իրավաքաղաքական գնահատականին:
Մեկնաբանել