
Ավտոմեքենաների գազաբալոնների փորձաքննության համար բավարար թվով կազմակերպություններ չկան
Կառավարությունը մինչև օգոստոսի 1-ը հետաձգել է առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների նույնականացման ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների լցավորման արգելքը: Դեռ պատրաստ չէ տվյալների շտեմարանը, որտեղ պետք է մուտքագրվեն գազաբալոնների տվյալները: Բացի այդ, բավարար թվով կազմակերպություններ չկան, որոնք պետք է իրականացնեն տեղադրված գազաբալոնների փորձաքննությունները:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) նախաձեռնությամբ Ազգային ժողովը լրացում էր կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում, ըստ որի՝ «Արգելվում է գազաբալոնների լցավորումն առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում, բացառությամբ այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների»:
Թեև օրենքում փոփոխությունը կատարվել է 2021թ. հունվարի 20-ին, սակայն մեկ տարի անց կառավարությունը դեռ չի կարողացել ապահովել առաջադրված տեխնիկական պահանջները: Այդ էր պատճառը, որ օրենքի պարտադիր պահանջը հետաձգվեց մինչև օգոստոսի 1-ը:
Թեև պարտադիր պահանջը հետաձգվել է, սակայն այս օրերին էլ գազաբալոնային համակարգերով ավտոմեքենա շահագործողները կարող են գազաբալոնները ենթարկել փորձաքննության: Այլ հարց է, որ ավտոմեքենա շահագործողների համար ստեղծված չեն բավարար պայմաններ:
Մասնավորապես, 2022թ. փետրվարի 23-ին ՏԿԵՆ-ում տրամադրվել են ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության առաջին 5 լիցենզիաները: Լիցենզիա է ստացել 5 կազմակերպություն, որից 2-ը՝ Երևան քաղաքում, 3-ը՝ Շիրակի և Լոռու մարզերում: Ստացվում է, որ, օրինակ, Սյունիքի մարզում ապրող ավտոմեքենա շահագործողը գազաբալոնը փորձաքննելու նպատակով պետք է հասնի Երևան կամ գնա Լոռու և Շիրակի մարզեր: Նույնը՝ այլ մարզերի բնակիչները:
«Մարզերում և Երևան քաղաքում ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և և գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների թիվը բավարար չէ: Սակայն լիցենզավորումն անընդհատ պրոցես է, և մինչև օգոստոսի 1-ը կունենանք բավարար քանակության լիցենզավորված կազմակերպություններ»,-ասում է ՏԿԵՆ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Որևէ պետական մարմին տեղեկություն չունի, թե Հայաստանում քանի ավտոմեքենայի վրա է տեղադրված գազաբալոնային համակարգ: Նման հաշվառում երբևէ չի իրականացվել:
Գազաբալոնային համակարգի տեղադրման կամ վկայագրման լիցենզիա Լոռու մարզում ստացել է անհատ ձեռնարկատեր Սպարտակ Այվազյանը: Նա գործունեություն է իրականացնում Սպիտակ քաղաքում:
Սպարտակ Այվազյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ արդեն 4 օր է՝ որևէ մեկն իր մեքենայի գազաբալոնային համակարգը փորձաքննության չի ներկայացրել:
«Բոլորը սպասում են օգոստոսի 1-ին: Որ ասում ենք՝ ինչու չեք բերում փորձաքննության, ասում են՝ մինչև օգոստոս ժամանակ կա: Մարդիկ հիմա ձեթ ու ալյուր են առնում, ոչ թե գազաբալոնը տանում փորձաքննության»,-ասում է Սպարտակ Այվազյանը:
Նա օրական միջինում 20 գազաբալոնի փորձաքննություն կարող է իրականացնել: Եթե մարդիկ սպասեն վերջին օրերին, իրենք ֆիզիկապես չեն հասցնի ժամանակին իրականացնել փորձաքննությունները:
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքը սահմանում է, որ գազաբալոնային սարքավորումների տեղադրումից, գազաբալոնների պարբերական վկայագրումից հետո լիցենզավորված անձը տրամադրում է գազաբալոնների պարբերական հերթական վկայագրման ժամկետը նշող փաստաթուղթ, իսկ ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների մասին տվյալները մուտքագրում է էլեկտրոնային շտեմարան:
«Էլեկտրոնային շտեմարանի ստեղծման հիմնական նպատակներից մեկը գազաբալոնով շահագործվող տրանսպորտային միջոցների քանակի, գազաբալոնների շահագործման ժամկետների, բալոնների պիտանիության վերաբերյալ տեղեկատվության տիրապետումն է լիազոր մարմնի կողմից: Ինչպես նաև՝ շահագործման համար ոչ պիտանի գազաբալոնների հետագա շահագործման կանխումը»,-հավելում է նախարարի տեղակալը:
Շտեմարանի ստեղծման համար հայտարարվել է մրցույթ, կա հաղթող: Շտեմարանը կստեղծվի պետական միջոցներով:
Հայտարարված մրցույթին մասնակցել է երեք կազմակերպություն՝ «Լոկատոր», «Այթիռեսուրսիս» և «Սմարթսոֆթ» ՍՊԸ-ները: Հաղթող է ճանաչվել «Լոկատոր» ընկերությունը՝ 19 մլն 500 դրամ գնային առաջարկով (առանց ավելացված արժեքի հարկի): Այս ընկերության առաջարկած գինը 300 հազար դրամով պակաս է եղել երկրորդ տեղը զբաղեցրած «Սմարթսոֆթ» ընկերության առաջարկից: Ամենաբարձր գինն առաջարկել է «Այթիռեսուրսիս» ՍՊԸ-ն՝ սկզբում 200 մլն դրամ, ապա գինն իջեցրել է 24 մլն 800 հազար դրամ:
Հաղթողին որոշելու համար կիրառված չափանիշը մասնակցին հանձնաժողովի տված ամենաբարձր գնահատականն է եղել: «Լոկատոր» ՍՊԸ-ն ստացել է առավելագույն 100 միավոր, երկրորդ տեղը զբաղեցրած ընկերությունը՝ 81, երրորդը՝ 74,1 միավոր:
«Լոկատոր» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2007թ.-ին: Ընկերության 25% բաժնեմասը պատկանում է Արման Խաչատրյանին, 75%-ը՝ Հակոբ Հակոբյանին:
Այս ընկերությունը պետական գնումների ոլորտում ակտիվ մասնակցություն ունի: Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանի և «Լոկատոր» ընկերության միջև կնքվել էր պայմանագիր՝ 2017թ.-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը համայնքի 100% մասնակցությամբ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարումն իրականացնելու նպատակով: Ծառայությունը վերաբերում էր վճարովի ավտոկայանատեղերին («կարմիր գծեր»): Նշված ժամանակահատվածի համար պայմանագրային գինը կազմել է 420 մլն դրամ: Քաղաքապետարանը նշված ընկերության հետ պայմանագրեր է կնքել նաև էլեկտրաշչակների նորոգման, ազդարարման համակարգերի ձեռքբերման նպատակով և այլն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել