HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսուցիչների կամավոր ատեստավորում. գիտելիքների ստուգու՞մ, թե մանկավարժական ունակությունների գնահատում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարտի 4-ին հանրային քննարկման ներկայացրեց «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը» հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է ատեստավորման միջոցով փոփոխել ուսուցչի դրույքաչափը՝ ըստ ցուցաբերված արդյունքի եւ դրա վրա հավելավճար հաշվարկել հինգ տարի ժամկետով: Հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը 200 000 դրամ կսահմանվի, որին կավելանա հավելավճարը` ուսուցչի հավաքած միավորներին համապատասխան:

Ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական փուլի ժամանակ  (2021-ի սեպտեմբեր-հոկտեմբեր) դրույքաչափի փոփոխություն չէր նախատեսվում: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանի խոսքով՝  քննարկումների արդյունքում ավելի նպատակահարմար է համարվել  ոչ միայն հավելավճար տրամադրել, այլեւ  դրույքաչափի փոփոխություն կատարել:

«Օրենքի փոփոխություններով  դա  ամրագրեցինք: Ճիշտ է՝  չենք կարող  կիրառել նախկինում ատեստավորման փուլը հաղթահարած ուսուցիչների նկատմամբ, սակայն նրանք արդեն գիտեն` ինչի են մասնակցել, ծանոթ են գործընթացին: Կարծում եմ՝ եւս մեկ անգամ մասնակցելով` կարող են ավելի լավ արդյունքներ ցուցաբերել»,- ասաց Արսեն Բաղդասարյանը:

Շիրակի մարզի Առափիի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Անահիտ Սարգսյանը մասնակցել է կամավոր ատեստավորման փորձնական փուլին: Դասավանդում է «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաները։ Ատեստավորմանը նա մասնակցել է «Հայոց պատմություն» առարկայից։ Ասում է՝  հարցաշարը բավականին դժվար էր, ծավալուն, բայց ծրագրային նյութից դուրս թեմաներ չկային, պարզապես նախարարության երաշխավորած դասագիրքը միջնակարգ դպրոցում բնագիտական հոսքի դասագիրքն է, իսկ շատ հարցեր ընդգրկված են եղել «Հայոց պատմության» հումանիտար հոսքի դասագրքերից:

«Խնդիրը միայն դա էր, հարցերի պատասխանների քանակի անորոշություն եւս կար։

Մեր դպրոցում մասնակցել ենք ես և մաթեմատիկայի ուսուցչուհին, երկուսս էլ 50% հավելավճարի հնարավորություն ենք ձեռք բերել։ Մյուսների մոտ առայժմ ցանկություն չկա մասնակցելու, երևի մեկ֊-երկու ամսից արդեն պարզ կլինի մասնակցել ցանկացողների մոտավոր քանակը»,-ասաց Անահիտ Սարգսյանը եւ հավելեց՝ ժամանակը չէր համապատասխանում հարցերի քանակին:

«Ես շուտ եմ դուրս եկել, բայց մյուսների համար ժամանակը կարծես թե խնդիր էր։ Յուրաքանչյուր հարց շատ ծավալուն էր և բավական ժամանակ էր անհրաժեշտ։ «Հայոց պատմության» ատեստացիային մասնակցում էին ինձ ծանոթ գիտակ և գերազանց ուսուցիչներ, ովքեր չկարողացան հաղթահարել նույնիսկ անցումային շեմը»,- ասաց նա:

Նարա Երկանյանը եւս ուսուցիչ է: Նա սխալ է համարում ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու ատեստավորման գործընթացը: Նրա խոսքով՝  հաշվի չի առնվում դպրոցում ուսուցչի կատարած ծանր աշխատանքը, չգնահատված լինելը, եւ վիրավորական է քննություն վերցնել այն ուսուցչից, որին պետությունն է ընդունել աշխատանքի մրցութային ընթացակարգով։

«Գալու է ժամանակ, երբ ոչ մի երիտասարդ չի աշխատելու դպրոցում` ելնելով այս անհեռատես փոփոխություններից։ Իրենց գիտելիքների վրա վստահ ու ամենահամարձակ ուսուցիչների կեսն անգամ չի հաղթահարել  նախարարության առաջարկած թեստերը։ Ի՞նչ ատեստավորում նման արդյունքների դեպքում»,-ասաց նա:

Նարա Երկանյանը կարծում է, որ ուսուցիչը քիչ է վարձատրվում, ուստի պետք է բոլորին հավասարապես խրախուսել ու աշխատավարձի շեմը բարձրացնել:

«Մենք դպրոցում ունենք հոյակապ մասնագետներ, ովքեր անգամ միավորների կեսը չեն հավաքել, բավականին բարդ ու ծրագրից դուրս է եղել հարցաշարը: Եթե լավ ուսումնասիրեք, կտեսնեք, որ ավելի շատ մաթեմատիկայի մասնագետներն են կարողացել շեմը հաղթահարել ու բարձր միավորներ հավաքել: Անփորձ թեստ է, ժամանակի մեջ չեն տեղավորվել եւ չեմ կարծում, որ նման ձեւով կարելի է ուղղակի ուսուցչի աշխատավարձ բարձրացնել»,- նշեց Նարա Երկանյանը:

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի խոսքով՝   հասարակությունն ակնածանք կտածի ուսուցչի նկատմամբ միայն այն պարագայում, եթե ուսուցչի աշխատավարձը գոնե միջինից բարձր լինի, ինչպես եղել է  Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիայում, Գերմանիայում, իսկ դրանից հետո այդ պետությունները կարողացել են հասնել մեծ հաջողությունների տնտեսության մեջ: Այս դեպքում անհրաժեշտ է իսկապես բարձրացնել ուսուցչի աշխատավարձը, իսկ կամավոր ատեստավորումը հնարավորություն է տալիս որոշ ուսուցիչների ինչ-որ ձեւական արգելքներ հաղթահարելու դեպքում ունենալ մի քիչ բարձր աշխատավարձ:

«Այն իրեն չի արդարացնում, որովհետեւ կան մի քանի հանգամանքներ, որոնք հաշվի առնելով` ուսուցիչները չեն գնում կամավոր ատեստավորման: Դրանցից կարեւորն այն է, որ դա որոշակի մրցակցության էլեմենտ ունի ուսուցիչների համար, որն այդքան էլ բնութագրական չի եւ դրական չի դիտվում մանկավարժական  միջավայրում: Մյուս կողմից,  հնարավոր ձախողումն է, որն ունի իր վատ հետեւանքները: Ընկնում է ուսուցչի վարկն ու հեղինակությունը, իսկ շեմը չհաղթահարելու պարագայում հնարավոր է նաեւ երկրորդ ճանապարհը, երբ ուսուցչին պարտադրվում է պարտադիր ատեստավորումը, իսկ դա չհաղթահարելու դեպքում ուսուցիչն ուղղակի կկորցնի իր աշխատանքը: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանի ավելի քան 100 դպրոցներում կան ուսուցիչների թափուր հաստիքներ, մենք այդ ֆոնին ավելացնում ենք եւս մեկ խնդիր եւ ուսուցիչներին դուրս ենք մղում կրթական համակարգից»,-ասաց նա:

Փորձագետի խոսքով՝ կամավոր ատեստավորումը չի գնահատում ուսուցչի մանկավարժական ունակությունները, այլ  ստուգում է ուսուցչի գիտելիքները տվյալ առարկայից, որը շատ սխալ է: Կան  մասնագետներ, որոնք ամեն ինչ լավ գիտեն, բայց հնարավորորություն, հմտություն ու կարողություն չունեն այդ ամբողջը երեխաներին փոխանցելու, իսկ ատեստավորումը ուսուցիչների մեթոդաբանության ու դասավանդման մեջ որեւէ փոփոխություն չի կանխատեսում: 

«Միակ ձեւն այն է, որ ուսուցիչներին ժամանակ առ ժամանակ պետք է վերապատրաստել՝ տարբեր մեթոդներ սովորեցնելով, փորձի փոխանակության հնարավորություններ ստեղծելով: Այսինքն՝  միջոցառումները պետք է լինեն խրախուսող, ոչ թե ստուգող: Այս ստուգելու մեթոդը գալիս է դեռեւս խորհրդային ժամանակներից, իսկ ժամանակակից պահանջները լրիվ ուրիշ են, պետք է համապատասխան մասնագետները ուղղակի գնան դպրոց եւ ուսուցիչներին նախապատրաստեն տարբեր թեմաներով: Սա է միակ ձեւը, եւ ոչ թե քննություններ կազմակերպել ուսուցիչների համար»,-նշեց փորձագետը:

Նրա խոսքով՝ կամավոր ատեստավորման մեխանիզմներ կան նաեւ Հյուսիսային Եվրոպայի տարբեր երկրներում, սակայն դրանք այն ժամանակ են արդիական, երբ ուսուցիչների ընդհանուր մակարդակը եւ կրթության որակը շատ բարձր են, եւ որոշ ուսուցիչների խրախուսելու համար մտածվում են այդպիսի մեխանիզմներ:

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանն էլ ասում է, որ կամավոր ատեստավորման փորձնական փուլի ժամանակ մասնակիցների եւ մասնագետների հետ լայն քննարկումներ են եղել, որի արդյունքում գործընթացը բավականին շտկվել է ինչպես կազմակերպչական եւ իրավական կարգավորումների, այնպես էլ բովանդակային առումով:

«Թեստի  կառուցվածքին, ծավալին ու ժամանակահատվածին համապատասխան մեծ չափով կարգավորումներ են կատարվել: Հաշվի ենք առել նաեւ փորձնական փուլում բողոքարկումների եւ քննարկումների արդյունքները: Կարծում եմ, որ բավական տեղեկացված է մեր կրթության համակարգը գործընթացի մասին, եւ պետք է ասեմ, որ մեր հանդիպումները  հույս են ներշնչում, որ գործընթացին մասնակցելու հետաքրքրվածությունը բավականին մեծ է, գնալով դա ավելի է աճելու, իսկ  համակարգը կայանալու է»,- ասաց Արսեն Բաղդասարյանը:

Անի Թամրազյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter