ԱԶԲ․ Հայաստանում ներդրվել է հեռավար կրթության հարթակ
Այսօր Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) և Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներդրել են նոր հեռավար կրթության հարթակ, ինչի նպատակը ֆորմալ դասավանդման շարունակականության ապահովումն է նույնիսկ այնպիսի անսպասելի խաթարումների պայմաններում, ինչպիսին կորոնավիրուսային հիվանդության (ՔՈՎԻԴ-19) համավարակն է։ Այս մասին հայտնում է Ասիական զարգացման բանկի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հարթակի հանդիսավոր բացումը կայացել է մի միջոցառման ընթացքում, որին ներկա էին ԱԶԲ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն՝ Պաոլո Սպանտիգատին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանը, կառավարության այլ ղեկավար պաշտոնյաներ, և զարգացման գործակալությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հարթակը մշակվել է ԱԶԲ-ի Գիտելիքի և օժանդակության տեխնիկական աջակցության ծրագրի միջոցով, որի ֆինանսավորումը կազմում է 750,000 դոլար։
«ԱԶԲ-ն ուրախ է աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ նորարարական թվային տեխնոլոգիաների մշակման և օգտագործման միջոցով բոլորի համար որակյալ և շարունակական կրթության հասանելիություն ապահովելու գործում», - ասել է Սպանտիգատին։ «Մենք կշարունակենք աջակցել Հայաստանում կրթության ոլորտի մյուս նախաձեռնություններին՝ որպես մեր Երկրի գործընկերության ռազմավարության բաղկացուցիչ մաս»։
Ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ համավարակի պայմաններում ակնհայտ դարձավ, որ կրթության մարտահրավերները փոխվում են, և նոր խնդիրները պահանջում են նոր լուծումներ:
ՔՈՎԻԴ-19-ի բռնկումից հետո Հայաստանի ֆորմալ կրթության ողջ համակարգն անցում կատարեց դեպի առցանց դասեր՝ օգտագործելով առցանց համաժողովների ծառայությունների տարբեր տեսակներ։ Հարթակն աջակցում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (ԿԳՄՍՆ)՝ անկախ իրավիճակից որակյալ և շարունակական կրթություն ապահովելու հարցում։ Հարթակից կօգտվեն Հայաստանի հեռավոր շրջանների դպրոցները, որոնք չունեն որակյալ մանկավարժական կազմ, և այն կբերի Հայաստանում կրթության հիբրիդային եղանակի ընդունմանը, ինչը կբարելավի կրթության վերջնարդյունքները։
Հարթակն աջակցում է հանրակրթական հաստատություններին՝ անցկացնելու առցանց դասընթացներ սովորողների համար հարմար ձևաչափով, և ուսուցիչներին ու սովորողներին ապահովում իրական ժամանակում հետադարձ կապի մեխանիզմներով, հանձնարարությունների բաշխումով և մոնիթորինգով, ինչպես նաև՝ ուսուցման աշակերտակենտրոն այլ գործիքներով։
Տեխնիկական աջակցությունը բարելավում է կանոնակարգման և ինստիտոցիոնալ դաշտը՝ աջակցելով հեռավար կրթությանը, ինչպես նաև օգտատերերի հեռավար կրթության հարթակի արդյունավետ գործարկման կարողությունը՝ վերապատրաստողների վերապատրաստման սխեմայի միջոցով։ Ավելին, ՏԱ-ն օգնում է կրթության նոր ստանդարտներին համապատասխան մշակել առցանց կրթության բովանդակություն չորս առարկաների գծով (երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն)։
Աջակցությունը կառավարությանն օգնում է նաև մշակել բոլորի համար հարթակից օգտվելու հավասար հնարավորություններ ընձեռող քաղաքականություններ, որոնք կուղղվեն սովորողների, նրանց խնամակալների և ուսուցիչների կարիքներին ու բազմազան ֆիզիկական կարողություններին։
ԱԶԲ-ը հանձնառու է իրականություն դարձնել բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն Ասիա և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, միևնույն ժամանակ՝ շարունակելով ջանքեր գործադրել ծայրահեղ աղքատությունը վերացնելու ուղղությամբ։ Ստեղծվելով 1966թ-ին՝ այն ունի 68 անդամ երկիր, որից 49-ը տարածաշրջանից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել