HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը

Արդարադատության նախարարությունն այսօր հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին ու միջազգային գործընկերներին ներկայացրեց դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը: Այն մեկ շաբաթ առաջ է հանրային քննարկման դրվել e-draft-ում (իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք): Փոխնախարար Գրիգոր Մինասյանի խոսքով ՝ ռազմավարության ծրագրին արդեն իսկ բավականին լայն արձագանք ունի:

Ռազմավարության նախագծի նախաբանում խոսվում է այն մասին, որ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները օրակարգ բերեցին իրապես անկախ, արդյունավետ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանություն ունենալու բացարձակ առաջնահերթությունը։ Այս առաջնահերթությունը ընդգծվեց  ՀՀ կառավարության 2019թ. ծրագրում, որի կետերից մեկի համաձայն՝ օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարության խնդիրը լուծելու առանցքային գործոնը Կառավարության քաղաքական կամքն է, իսկ արդարության զգացման և օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու կարևորագույն նախապայմանն անկախ, արհեստավարժներով հագեցած և արդյունավետ դատական համակարգն է։

Դատաիրավական համակարգում առկա խնդիրներին արձագանքելու նպատակով և հաշվի առնելով ՀՀ դատական իշխանության և իրավական համակարգի առկա խնդիրները, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության դիտողությունները և առաջարկությունները, դատաիրավական բարեփոխումների միջազգային առաջադեմ փորձը՝ մշակվել և 2019 թվականի հոկտեմբերի 10-ին ընդունվել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. բարեփոխումների ռազմավարությունը, որով մատնանշվել են բարեփոխումների 18 ռազմավարական նպատակներ:

Ռազմավարությամբ նախատեսված գործողությունների իրականացման վրա, սակայն, ըստ ռազմավարության նախաբանի, էական բացասական ազդեցություն  են ունեցել կորոնավիրուսային հիվանդության հետևանքով արտակարգ դրության, ապա նաև՝ կարանտինի հայտարարումը և սահմանափակումների կիրառումը, ապա նաև՝ 2020թ-ի  44-օրյա պատերազմը:

2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ըստ ռազմավարության նախաբանի, ի ցույց են դրել  դրել ժողովրդավարական գործընթացների անշրջելիությունը Հայաստանի Հանրապետությունում, և ընտրություններից հետո ընդունվել է Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը:

Կառավարության ծրագրով և դրանից բխող միջոցառումների ծրագրով նախատեսվել են նոր Կառավարության առաջնահերթությունները նաև արդարադատության, այդ թվում՝ դատաիրավական ոլորտում, ինչը ենթադրում էր նաև դատական-իրավական բարեփոխումների ռազմավարության վերանայումը՝ Կառավարության նոր ծրագրի լույսի ներքո: Արդյունքում, միջոցառումների ծրագրով որպես միջոցառում նախատեսվեց դատաիրավական բարեփոխումների ռազմավարության վերանայումը:

Վերոնշյալը հաշվի առնելով՝ մշակվել է դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությունը՝ որպես վերանայում 2019-2023թթ. ռազմավարության:

Ըստ այդմ՝ նախանշվել է ռազմավարական 14 նպատակ:

  • «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգի ստեղծում և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովում ու արդիականացում
  • Անցումային արդարադատության գործիքների կիրառում՝ փաստահավաք գործունեության միջոցով մարդու իրավունքների համակարգային խախտումների բացահայտմամբ
  • Սահմանադրական բարեփոխումների իրականացում
  • Ընտրական համակարգի շարունակական բարեփոխում
  • Դատական համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովում
  • Հանրային ծառայությունների մատուցման քաղաքացիական կենտրոնների և էլեկտրոնային հարթակի գործարկում
  • Քրեաիրավական ոլորտի բարեփոխումներ
  • Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխում
  • Վարչական և վարչական դատավարության օրենսդրության բարեփոխում
  • Սնանկության ոլորտի բարեփոխումներ
  • Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում     
  • Փաստաբանության ոլորտի զարգացում
  • Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներ
  • Ռազմավարական այլ ուղղություններ

Ռազմավարության ընդունմամբ, ըստ նախարարության, ակնկալվում է համապատասխանեցնել դատական և իրավական բարեփոխումների շրջանակը ներկայում առկա հասարական և իրավական զարգացումներին և պահանմունքներին, կանխորոշել բարեփոխումների ուղղությունները՝ դրանք համապատասխպանեցնելով կառավարությն նոր ծրագով սահմանված առաջնահերթություններին:

Ռազմավարության և գործողությունների ծրագրերի ֆինանսական կայունությունն ապահովվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հասանելի միջոցների շրջանակում ռազմավարական նպատակներից բխող գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրման միջոցով: Գործողությունների արդյունավետ իրականացման տեսանկյունից կարևորվում է Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական բարեփոխումներին մշտապես աջակցող գործընկերների, այդ թվում՝ ԵՄ բյուջետային աջակցության շրջանակներում տրամադրվող ֆինանսական աջակցությունը:

Չնայած ռազմավարությամբ նախանշված նպատակների բազմազանությանը՝ երեք ժամ տևած միջոցառման ընթացքում առավել շատ քննարկման առարկա դարձավ դատական համակարգի բարեփոխումների թեման, դատավորների բարեվարքության, նրանց նկատմամբ կարգապահական վարույթի խնդիրները: Հասարակական կազմարպության ներկայացուցիչներից ոմանք դժգոհություն հայտնեցին, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո իշխանության երկու ճյուղերում փոփոխություններ են եղել, իսկ դատական իշխանությունում՝ ոչ, և այն տեմպերով, որով այժմ են դատական համակարգում փոփոխություններ կատարվում, փոփոխությունները երկար տարիներ կտևեն: Փոխնախարար Գրիգոր Մինասյանը խոսեց  նաև «վատ դատավորներին» համակարգից հեռացնելու քայլերի մասին, որպիսի միջոց դարձել են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները:

Նշենք, որ միայն 2021 թվականի ընթացքում դատավորների նկատմամբ ԲԴԽ-ում քննվել է 29 կարգապահական վարույթ, 2  դատավորի լիազորություն է դադարեցվել, 4 դատավորի հայտարարվել է խիստ նկատողություն, 2  դատավորի՝ նկատողություն, 3 դատավորի՝ նախազգուշացում: Մեկ տարվա ընթացքում հարուցված 29  և բավարարված 11  միջնորդությունը, սակայն, ինչպես պարզվում է, փոքր ցուցանիշ է:

Դատավորների նկատմամբ ինտենսիվ կերպով կարգապահական վարույթներ հարուցող նախարարությունը ռազմավարության ծրագրով նաև նախատեսում է բարձրացնել դատական իշխանության դերը հանրության շրջանում:

Ռազմավարության ծրագրով նախատեսվում է դատավորի աշխատանքը առավել գրավիչ դարձնել  անձանց համար, բարձրացնել դատավորի սոցիալական երաշխիքները: Նախարարությունը կարծում է, որ դատավորները բարձր աշխատավարձեր պետք է ստանան, և հատկանշական է այն հանգամանքը, որ առաջին հերթին  պլանավորում է բարձրացնել բարձր ատյանների՝ Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերը: Այս մոտեցման վերաբերյալ անհամաձայնություն հայտնեց:

Նախատեսվում է նաև կատարելագործել դատական գործերի էլեկտրոնային մակագրության և բաշխման կարգը:

Գործող կարգի պայմաններում գործերի բաշխման կարգը հաշվի չի առնում դատավորի ծանրաբեռնվածությունը և գործի բարդությունը, ինչը հանգեցնում է որոշ դատավորների անհամաչափորեն ավելի շատ ծանրաբռնվածության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter