HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 25 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Մարտի 21-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

21:59

Բոլոր չորս խոշոր նավթային ընկերությունները հայտարարել են Ռուսաստանում ներդրումների դադարեցման մասին։ Վերջինը դարձել է շվեյցարական Weatherford International-ը։ Ավելի վաղ այդ մասին հայտարարել էին Schlumberger-ը, Baker Hughes-ը և Halliburton-ը։ Halliburton-ն ամբողջությամբ դադարեցրել է Ռուսաստանում իր աշխատանքը։

21:47

Իսկ սա ՌԴ ՊՆ երեկոյան ճեպազրույցն է։

  • Ռուսաստանի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան մեկ օրվա մեջ խոցել է Ուկրաինայի 89 ռազմական օբյեկտ։
  • Ռուսական ՀՕՊ միջոցներն օդում խոցել են ուկրաինական 7 անօդաչու։
  • Ռուսական զինված ուժերի ստորաբաժանումներն ավարտում են «Դոնբաս» ազգայնական գումարտակի ջախջախումը։
  • ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում «հատուկ գործողության» մեկնարկից ի վեր խոցել է 214 անօդաչու և 1 483 տանկ։

21:43

Ուկրաինայի ԶՈւ ԳՇ երեկոյան տեղեկագիրը։ Հիմնական մտքերը.

  • Ռուսական զորքերը կորցրել են հարձակողական պոտենցիալը, նրանց առաջխաղացումը կանգնեցվել է գրեթե բոլոր ուղղություններով։ Ռուսաստանը շարունակում է կորուստներ կրել։
  • Կրասնոդարի և Պրիմորյեի երկրամասում, Յարոսլավի մարզում և Ուրալի շրջաններում իրականացվում է գաղտնի զորահավաք, մարդիկ զանգվածային խուսափում են ծառայությունից։
  • Ռուսաստանցի քարոզիչները Ռուսաստանի բնակիչներին պատրաստում են երկարատև պատերազմի։
  • Ուկրաինա Ռուսաստանի կազմում պատերազմելու համար մարտիկներ կուղարկվեն Լիբիայից։
  • Դոնեցկի և Լուգանսկի մարզերի ժամանակավոր բռնազավթված տարածքներում շարունակվում է զորահավաքը։
  • Խերսոնում ռուսաստանցիները ուկրաինական զինվորական ստորաբաժանումներին սկսել են փոխարինել Ռոսգվարդիայով և ոստիկաններով։
  • Կիևի վրա հարձակման ժամանակ ռուսական զորքերը կորցրել են 6-րդ տանկային գնդի հավաքական ջոկատը։

21:39

Կիևի մարզի ողջ տարածքում մարտի 20-ի ժամը 20:00-ից մինչև մարտի 21-ը ժամը 07:00-ն հայտարարվել է պարետային ժամ։ Այդ մասին հայտարարել է Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պավլյուկը։

21:32

Իսրայելի Քնեսեթին ուղղված իր ուղերձում Վլադիմիր Զելենսկին համեմատականներ է արել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման և Երկրորդ համաշխարհային պատերազմի միջև։

21:12

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության իշխանությունները պնդում են, որ Ուկրաինայի զինուժը Գրադ կայանքներից հրթիռակոծել է Դոնեցկի Պետրովսկու շրջանը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ այդ շրջանում, վերջին մեկ օրվա ընթացքում, տուժել է երկու խաղաղ բնակիչ։

21:01

Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանում տեղի է ունեցել անձնակազմի մասնակի ռոտացիա և տարհանվել 64 մարդ։ Այդ մասին հայտնում է ուկրաինական «Энергоатом»-ը։ Կայանից տարհանվել է հերթափոխի 50 աշխատակից, որոնք 600 ժամ շարունակ գտնվում էին աշխատավայրում։ Բացի այդ, տարհանվել է Ուկրաինայի ազգային գվարդիայի 9 ծառայող, մեկ հրշեջ և չորս «սթալքեր»։ Տարհանված անձնակազմին փոխարինել է կայանի 46 այլ աշխատակից։

20:39

Էներգոդար, Զապորոժյեի մարզ

Ռուսական զորքերի դեմ բողոքի ցույցի մասնակիցները թույլ չեն տալիս, որ ռուսաստանցի զինծառայողները բերման ենթարկեն ցուցարարին։ Ուշադրությո'ւն, տեսանյութում կա հայհոյանք։

20:15

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության իշխանությունների տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում ինքնահռչակ հանրապետության տարածքում, ռմբակոծության հետևանքով, տուժել է 5 խաղաղ բնակիչ։ Երկու մարդ տուժել է Դոնեցկի Պետրովսկու շրջանում, մեկական էլ՝ Ալեքսանդրովկայում, Մարիուպոլում և Նովոտրոիցկում։

20:06

Ռուսաստանցի լրագրողների խումբը, որոնց թվում եղել է նաև РИА Новости-ի թղթակիցը, Մարիուպոլում հայտնվել են գնդակոծության տակ։ Տուժածներ չկան։

19:48

Սևաստոպոլից սենատոր Եկատերինա Ալտաբաևան հաստատել է, որ Ուկրաինայում զոհվել է Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ Անդրեյ Պալին։

«Ուկրաինայում հատուկ գործողության անցկացման ժամանակ, նացիստներից Մարիուպոլի ազատագրման մարտերի ժամանակ, զոհվել է Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ, 1-ին կարգի կապիտան Անդրեյ Նիկոլաևիչ Պալին»,- հայտարարել է նա։ Լուրը հաստատել է նաև Սևաստոպոլի քաղաքապետ Միխայիլ Ռազվոժաևը։

19:36

Պատերազմի մեկնարկից ի վեր 10 միլիոն ուկրաինացի ստիպված լքել է իր տունը։ Այդպիսի տվյալներ է ներկայացրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։ Նրա ղեկավարած մարմնի գնահատմամբ՝ մարտի 19-ի դրությամբ այլ երկրներ են մեկնել 3 389 044 ուկրաինացի։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր, զոհվել առնվազն 902 խաղաղ բնակիչ, ևս 1 459-ը վիրավորվել են։ Մեծամասնության մահվան կամ վիրավորման պատճառ են դարձել ծանր հրետանին, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, հրթիռային և ավիացիոն հարվածները։ 

19:18

Վլադիմիր Զելենսկին նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ Ուկրաինայի նախագահը խոսում է անգլերենով։ Նա պատմում է Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի մասին և խոսում այն մասին, թե ինչ կլինի, երբ Ուկրաինան հաղթի։ Զելենսկին տեսանյութը հրապարակել է հետևյալ գրառմամբ.

«Մենք կհաղթենք։ Կլինեն նոր քաղաքներ։ Կլինեն նոր երազանքներ։ Կլինի նոր պատմություն։ Այդպես կլինի, կասկած չկա։ Իսկ նրանց, ում մենք կորցրել ենք, մենք կհիշենք։ Եվ նորից կսկսենք երգել և նորից կսկսենք տոնել»։

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Володимир Зеленський (@zelenskiy_official)

19:09

Վլադիմիր Զելենսկին պատերազմի նոր կադրեր է հրապարակել 

«Մենք ահռելի տարածք չունենք՝ օվկիանոսից օվկիանոս, չունենք միջուկային զենք, մենք համաշխարհային շուկան չենք լցնում նավթով և գազով։ Բայց մենք ունենք մեր մարդկանց և մեր զորքերը։ Մեր համար դա ոսկի է»,- ինստագրամում գրել է Զելենսկին։

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Володимир Зеленський (@zelenskiy_official)

18:42

⚡️Վլադիմիր Զելենսկի. Ես պատրաստ եմ Պուտինի հետ բանակցություններին, բայց եթե դրանք հաջողություն չունեցան, Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմը կհանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմի։

18:39

«Украинская правда»-ի աղբյուրների տվյալներով՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի առցանց ձևաչափով բանակցությունները տեղի կունենան երկուշաբթի օրը՝ մարտի 21-ին։ Ուկրաինական պատվիրակության անդամ, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան պարբերականին նշել է, որ «փորձագիտական խմբերի մակարդակով» բանակցությունները տեղի են ունենում ամեն օր։

18:18

CIT. Ռուսաստանը շարունակում է զորքեր և ինժեներական տեխնիկա տեղափոխել Ուկրաինա

Ինչպես հայտնում է Conflict Intelligence Team-ը, մարտի 17-ին Դոնի Ռոստովում նկատել են տանկերի էշելոն, իսկ մարտի 18-ին քաղաքից հյուսիս՝ զրահամեքենաների և բեռնատարների էշելոն։

Բացի ռազմական տեխնիկայից CIT-ն գրանցել է նաև ինժեներական մեքենաների տեղափոխում։ Այսպես, Իրկուտսկի մարզում տեսել են РЭМ-КЛ և МТП-А2 ռազմական էվակուատորներ, որոնք կարող են կիրառվել լքված կամ ոչնչացված տեխնիկայի տեղափոխման համար։

CIT-ն նշել է, որ զորքերն ու տեխնիկան տեղափոխվում են ոչ այդքան ինտենսիվորեն, որքան ներխուժումից առաջ։

18:06

«Ռազմաճակատը փաստացի կանգ է առել». Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչ

  • «Ռազմաճակատը փաստացի կանգ է առել։ Ոչ մենք, ոչ ռուսական կողմը բավարար ուժեր չունենք այս կամ այն ուղղությամբ իրավիճակը շրջելու համար»։
  • «Կողմերը վարում են մարտավարական գործողություններ, կենտրոնացնում ռեզերվները և հարվածներ հասցնում միմյանց, բայց մենք ավելի լավ հարվածներ ենք հասցնում»։
  • «Եթե նկատել եք, գրեթե չկան հրթիռային հարվածներ քաղաքների ուղղությամբ։ Գրեթե չի գործում ռուսական ավիացիան»։
  • «Այն փուլում, երբ ռուսական հրամանատարությունը չկարողացավ իրականացնել հիմնական խնդիրը, որը նրա առջև դրված էր, սկսեց բռնաճնշումների փուլը։ Մեր հատուկ ծառայություններից ստացվում են բազմաթիվ հաղորդագրություններ, որ ԱԴԾ-ն սկսել է մեղավորների փնտրել ՌԴ ԶՈւ-ում, մյուս կազմավորումներում, անգամ Ռոսգվարդիայում»։

17:57

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում 30 օրով ռազմական դրության ռեժիմի երկարաձգման որոշումը։ Այն մարտի 26-ից կերկարաձգվի մինչև ապրիլի 25-ը։

Ուկրաինայում ռազմական դրության ռեժիմը գործում է փետրվարի 24-ից։

17:54

Ուկրաինայի մի քանի քաղաքներում ռուսական զորքերի դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Զապորոժյեի մարզի Բերդյանսկ քաղաքում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 200 մարդ։ Hromadske-ի փոխանցմամբ՝ ցուցարարներին ձերբակալել և ծեծի են ենթարկել։

17:49

Royal Flight-ը ևս իր աշխատակիցներին կուղարկի հարկադիր պարապուրդի։

17:47

Ուրալյան ավիաուղիներն աշխատողների մեծ մասին ուղարկել է հարկադիր պարապուրդի։

17:40

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն պատմել է Կիևի հերթական հրթիռակոծման մասին։ Նրա խոսքով՝ արկն ընկել է Սվյատոշինի շրջանի բնակելի շենքերից մեկի բակ։ 5 մարդ տուժել է, շենքը վնասվել, այրվել են բակում գտնվող ավտոմեքենաները։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։

17:35

Կախովկայից լրագրող Օլեգ Բատուրինն ազատ է արձակվել։ Ռուսական գերության մեջ նա անց է կացրել գրեթե 8 օր։ Այդ մասին հայտնում է Hromadske-ն՝ հղում անելով լրագրողի քրոջը։ Վերջինիս խոսքով՝ լրագրողը խիստ նիհարել է և հոգնած է երևում։

«Ստորացրել են։ Սպառնացել են։ Ասել, որ կսպանեն։ Գրեթե ութ օր։ 187 ժամ գերություն։ Գրեթե առանց սննդի։ Մի քանի օր գրեթե առանց ջրի։ Առանց օճառի, առանց փոխնորդ շորերի<...> Նրանք ցանկանում էին կոտրել, ոտնատակ անել։ Ցույց տալ, թե ինչ կլինի յուրաքանչյուր լրագրողի հետ», - ասել է նա։

Պարբերականի տվյալներով՝ Hromadske-ի լրագրող Վիկտորիա Ռոշինան, հավանաբար, ևս գտնվում է ռուսական գերության մեջ։ Նրա հետ կապ չկա մարտի 12-ից։

 

17:13

Էներգոդարի բնակիչները պահանջում են ազատ արձակել առաջին փոխքաղաքապետ Իվան Սամոյդյուկին։ Ավելի վաղ նրա առևանգման մասին հայտարարել էր քաղաքապետ Դմիտրի Օրլովը։

16:56

Խաղաղ բողոքի ցույց Խերսոնում։ Հավաքվածները վանկարկում են «Գնացեք տուն, քանի ողջ եք» և «Խերսոնն Ուկրաինա է»։

16:34

The Telegraph. Մեծ Բրիտանիան Կրեմլի ապատեղեկատվությանը կհակազդի ռուսական սոցիալական ցանցերում գովազդի միջոցով։ VK-ն հերքում է։

Պարբերականի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը փետրվարի սկզբին ստեղծել է Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարի հատուկ ստորաբաժանում։ Գերատեսչությունն ստացել է «Կառավարական տեղեկատվական բջիջ» (Government Information Cell, GIC) անվանումը։ Դրա կազմում են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ, ՆԳՆ, ՊՆ և կառավարական այլ կառույցների 35 աշխատակիցներ։

Պարբերականի փոխանցմամբ՝ Լոնդոնի դիրքորոշումների առաջմաղման համար գերատեսչությունը ռուսական սոցիալական կայքերում, այդ թվում VK-ում, գովազդներ է ձեռքբերել։

VK-ի մամուլի ծառայությունը հերքել է այդ տվյալները։ «Նշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Մեր գովազդային հարթակներում առաջխաղացումն անցնում է պարտադիր մոդերացում։ VK-ի ռեսուրսներում և գովազդային ցանցերում կարող է ցուցադրվել միայն այնպիսի գովազդ, որոնք համապատասխանում են VK-ի և ՌԴ օրենսդրության պահանջներին», - РБК-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

16:02

Ֆրանսիան սառեցրել է ՌԴ ԿԲ 22 միլիարդ եվրոյի ակտիվները։

15:59

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր տեղեկագիրը: Հիմնական մտքերը.

  • Պահպանվում է հակառակորդի կողմից մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով հրթիռային հարվածներ հասցնելու սպառնալիքը, այդ թվում՝ «Кинжал» հիպերձայնային հրթիռային համալիրով:
  • Գրանցվել են Բելառուսի Հանրապետության զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ուղիղ ներխուժելու նախապատրաստման նշաններ։
  • ՌԴ ԶՈւ բարձր ղեկավարությունն ու հրամանատարական կազմը կորուստներ են կրում։ Այսպես, վիրավորվել է 346-րդ հատուկ նշանակության առանձին բրիգադի հրամանատարը, սպանվել են Կոստրոմայի 331-րդ գվարդիական պարաշյուտադեսանտային հարվածային գնդի, Ստավրոպոլի 247-րդ դեսանտագրոհային գնդի, ինչպես նաև Չաբարկուլյայի 6-րդ գվարդիական տանկային գնդի հրամանատարները։
  • Ռուսական բանակը չի թողնում Իզյում քաղաքի նկատմամբ վերահսկողություն ունենալու մտադրությունը, սակայն կորցրել է իր ստորաբաժանումների մարտունակությունը և կանգնեցվել է։

15:42

Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավարը ռուսաստանցի զինծառայողներին մեղադրել է ծերանոցի արկակոծման մեջ

Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտարարել է, որ ռուսաստանցի զինծառայողները մարտի 11-ին ռմբակոծել են Կրեմեննայա քաղաքի ծերանոցը։

Նրա խոսքով՝ զինվորականները «տանկը կանգնեցրել են տան դիմաց և սկսել կրակել»։ 

Գայդայը հայտնել է, որ 56 մարդ զոհվել է, ևս 15 մարդ ուկրաինացի զինծառայողների կողմից տեղափոխվել մարզային հիվանդանոց։

15:29

Զապորոժյեի մարզի Էներգոդար քաղաքի քաղաքապետ Դմիտրի Օրլովը հայտնել է ռուսական զորքերի կողմից առաջին փոխքաղաքապետ Իվան Սամոյդուկի առևանգման մասին։ Օրլովի խոսքով՝ ռուսաստանցիները նաև սկսել են ֆիզիկական և հոգեբանական ճնշում գործադրել քաղաքային ակտիվիստների վրա։

Այն մասին, որ ռուսաստանցի զինվորականներն ձերբակալում և առևանգում են ուկրաինացի պաշտոնյաներին ու ակտիվիստներին, գրել էր նաև Медиазона-ն։

15:09

Բողոքի ցույց Մադրիդում Ռուսաստանի դեսպանության մոտ։

14:46

Մարտի 18-ին Սումիի մարզի Տրոստյանեց քաղաքում ռուսաստանցի զինծառայողները նռնակ են նետել խաղաղ բնակչության մեջ։ Այդ մասին հայտնում է մարզային դատախազությունը։ Պատահարի հետևանքով զոհվել է 2 մարդ։

14:32

Խերսոնի մարզի Կախովկա քաղաքի բնակիչներն Ուկրաինայի ազգային դրոշներով դուրս են եկել ցույցի։

14:19

Ռուսաստանի ռազմածովային ուժերի չորս նավեր ռմբակոծել են Մարիուպոլը։ Այդ մասին հայտնում է Hromadske-ն՝ հղում անելով «Ազով»-ի գնդին։

14:04

Փետրվարի 24-ից ի վեր ռուսական կողմի կորուստները՝ ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի.

  • անձնակազմ՝ 14 700 մարդ,
  • տանկ՝ 476 միավոր,
  • մարտական զրահամեքենա՝ 1 487 միավոր,
  • հրետանաային համակարգ՝ 230 միավոր,
  • համազարկային կրակի ռեակտիվ համակարգ՝ 74 միավոր,
  • ՀՕՊ համակարգեր՝ 44 միավոր,
  • ինքնաթիռներ՝ 96 միավոր,
  • ուղղաթիռներ՝ 118 միավոր,
  • ավտոմոբիլային տեխնիկա՝ 947 միավոր,
  • նավեր՝ 3 միավոր,
  • ՎՔՆ ցիստեռներ՝ 60 միավոր,
  • անօդաչուներ՝ 21 միավոր։

13:59

Ռուսական զորքերը Գրադ կայանքներից հրթիռակոծել են Կրիվորոժսկի շրջանի Մալայա Կոստրոմկա գյուղը։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը։ Նախնական տվյալներով՝ բնակչության շրջանում զոհեր չկան, սակայն հարվածների հետևանքով վնասվել են մի քանի շենք և ավտոմեքենա։ Ուկրաինական կողմն ընդգծում է, որ գյուղում չկա ռազմական որևէ օբյեկտ։

13:45

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան պահանջել է մեկ տարով որակազրկել ռուսաստանցի մարմնամարզիկ Իվան Կուլյակին, որը մարտի 6-ին Դոհայի մրցաշարում պարգևատրման արարողությանը դուրս է եկել Z տարբերանշանով։

13:37

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը կլարի իրավիճակը Եվրոպայում։

13:25

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ մարտի 20-ի համար համաձայնեցվել է մարդասիրական 7 միջանցք։

13:11

Վլադիմիր Զելենսկի. «Մարիուպոլի շրջափակումը կմնա պատմության մեջ»

«Շրջափակված Մարիուպոլը կմտնի ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության պատմության մեջ: Այդպիսի բան անել խաղաղ բնակչության հետ, ինչ արել են բռնազավթիչները, տեռոր է, որը կհիշեն և մեկ դար անց։ Եվ ինչքան շատ ուկրաինացի աշխարհին պատմի այդ մասին, այնքան շատ աջակցություն մենք կգտնենք։ Ինչքան շատ Ռուսաստանը տեռորի ենթարկի Ուկրաինային, այնքան վատ հետևանքներ կլինեն նրա համար»,- ասել է Զելենսկին։

12:58

ՌԴ ՊՆ առավոտյան ճեպազրույցը։ Հիմնական մտքերը.

  • ռուսական օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոսցել է Ուկրաինայի 62 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ հրթիռահրետանային սպառազինության երկու պահեստ և համազարկային կրակի մեկ ռեակտիվ համակարգ։
  • ՀՕՊ միջոցները խոցել են ուկրաինական մեկ Ми-8 ուղղաթիռ և վեց անօդաչու, այդ թվում՝ մեկ Bayraktar TB-2:
  • Բացի այդ, Իզյումի մոտ ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական «Точка-У» հրթիռ։
  • Սև ծովի ավազանից արձակված «Калибр» հրթիռները խոցել են Նեժինսկի շինարարական գործարանը, որտեղ վերանորոգվում էր ուկրաինական տեխնիկան։
  • Կասպից ծովի ավազանից արձակված «Калибр», ինչպես նաև հիպերձայնային հրթիռները, որոնք արձակվել էին Ղրիմի տարածքից, խոցել են Նիկոլաևի մարզի Կոնստանտինովկայի շրջանում ուկրաինական բանակի վառելիքաքսուքային նյութերի խոշոր բազան։
  • «Ուկրաինայում ռազմական գործողության» մեկնարկից ի վեր խոցվել է 207 անօդաչու, 1476 տանկ և այլ զրահամեքենա, համազարկային կրակի 148 ռեակտիվ համակարգ, 573 միավոր հրետանի և ականանետ ու ավելի քան 1 262 ավտոմեքենա։

12:48

Ուկրաինայի նախագահի գրասենյակ. երկրում սննդի հետ կապված խնդիր չի լինի

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոստիսլավ Շուրման խոստացել է, որ երկրում սննդի ճգնաժամ չի լինի։ 

«Սննդի տեսանկյունից մենք հիմա ապահովված ենք և ապահովված կլինենք նաև հաջորդ տարի, որովհետև պահեստներում ցորենի, եգիպտացորենի, ձեթի, բազային մթերքների 3-5 տարվա պաշար կա։ Մենք միշտ այդ ապրանքի 70-80 %-ը արտահանում էինք։ Հետևաբար ինքներս մեզ մենք կկերակրենք»,- Շուրմանի խոսքերը փոխանցել է BBC-ն։

12:36

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության իշխանությունները հայտարարել են 55 խաղաղ բնակչի զոհվելու մասին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ սա վերջին 30 օրվա թիվն է, չնայած Ուկրաինա ներխուժումն սկսվել է 25 օր առաջ։

12:23

Սիրիայի պաշտպանության ազգային ուժերի կամավորները պատրաստ են մեկնել Ուկրաինա, որպեսզի կռվեն Ռուսաստանի կազմում։ Reuters-ը գրում է, որ դեռևս չեն ստացվել համապատասխան հրամաններ։

12:17

Ավստրալիան հավելյալ ֆինանսական միջոցներ կհատկացնի Ուկրաինային և նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ։ Ինչպես նշվում է այդ երկրի ԱԳՆ հայտարարության մեջ, Ուկրաինան կստանա.

  • 21 միլիոն դոլար՝ պաշտպանության համար։ Այդպիսով` ռազմական օգնության ընդհանուր չափը կհասնի 91 միլիոն դոլար։
  • 40 միլիոն դոլար հումանիտար օգնության համար, որը կուղղվի երեխաների, կանանց, ծերերի և սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց պաշտպանությանը։ Այսպիսով` հումանիտար օգնության ընդհանուր չափը կկազմի 65 միլիոն դոլար։

Բացի այդ, Ավստրալիան կարգելի դեպի Ռուսաստան գլինոզեմի և ալյումինե հանքաքարի արտահանումը, ինչը կսահմանափակի Ռուսաստանում ալյումինի արտադրության հնարավորությունները՝ ռուսական արտահանման հիմնական ուղղություններից մեկը։

12:08

Ուկրաինայի ԶՈւ ԳՇ առավոտյան տեղեկագիրը.

  • Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նախորդ օրվա ընթացքում խոցել են ռուսական երեք ուղղաթիռ։
  • ՌԴ զինված ուժերը ակտիվ հարձակում չեն իրականացրել՝ ուժերը կենտրոնացնելով ընթացիկ կորուստների լրացման, մասնակի ոչնչացված տեխնիկայի վրա, ուկրաինական շրջաններին սահմանակից արտասահմանցի վարձկանների տեղափոխման վրա։ 
  • ՌԴ ԶՈւ-ն չի թույլատրել մարդասիրական շարասյան մուտքը Խերսոնի մարզ, որը շարժվում էր Դնեպրոպետրովսկի մարզից։
  • Կոստրոմայի 331-րդ գվարդիական պարաշյուտա-դեսանտային հարվածային գնդից, որը Կիևի ուղղությամբ մասնակցում էր մարտական գործողություններին, կենդանի է մնացել մեկ զինծառայող։
  • Ռուսական հրամանատարությունը հայտարարել է «ԴԺՀ» տարածքում զորահավաքի նոր ալիքի մասին և զորահավաքի ենթակա անձանց առավելագույն տարիքը հասցրել մինչև 65-ի։

12:05

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մեկնարկից ի վեր զոհվել է 115 երեխա։

12:03

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը «Զելենսկու հերթական սխալն է անվանել» Ուկրաինայում ռուսամետ կուսակցությունների գործունեության ժամանակավոր արգելքը։ Վոլոդինը կարծում է, որ դրանով Զելենսկին «խարխլել է հանրությանը»։

12:00

Ինչ է կատարվել մարտի 20-ի գիշերը` հակիրճ.

  • Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը պնդում է, որ հակամարտող կողմերի դիրքերում գիշերվա ընթացքում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Շրջափակված Մարիուպոլի վերաբերյալ կողմերից ոչ մեկը հստակ տեղեկատվություն չեն տրամադրում։
  • Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշել է պատերազմի ժամանակ արգելել ռուսամետ 11 կուսակցությունների գործունեությունը, այդ թվում` «Ընդդիմադիր հարթակ, կյանքի համար»-ը, «Ընդդիմադիր դաշինք»-ը և «Շարիայի կուսակցություն»-ը։ 
  • Բացի այդ, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը ու նախագահ Զելենսկին բոլոր հեռուստաընկերություններին հանձնարարել են ցուցադրել միասնական մարաթոնը, որն սկսվել է պատերազմի մեկնարկից ի վեր։ Մինչ այդ, դրան չեն միացել երեք հեռուստաընկերություններ, որոնք կապ ունեն Պետրո Պորոշենկոյի հետ։
  • Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ Ռուսաստանին մինչ օրս չի հաջողվել գերակայություն ունենալ օդում։ Ուկրաինական ՀՕՊ-ն ու ՌՕՈւ-ն հաջողությամբ դիմադրում են, և դա խստորեն դանդաղեցրել է հողի վրա ռուսաստանցիների հարձակումը։

Լուսանկարը՝ Expressen-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter