HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկավարժական համալսարանի ռեկտոր է ընտրվել պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը

Մարտի 19-ին կայացել է Մանկավարժական համալսարանի Խորհրդի նիստը: Օրակարգում ռեկտորի ընտրության հարցն էր, առաջարդրված միակ թեկնածուն հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սրբուհի Գևորգյանն էր:

Համալսարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նիստին ներկա էին Խորհրդի բոլոր` 20 անդամները: Առաջադրված ռեկտորի թեկնածուն ներկայացրել է բուհի զարգացման գործողությունների իր ծրագիրը:

Սրբուհի Գևորգյանն առանձնացրել է բուհի զարգացման  առաջնահերթությունները, ներկայացրել առաջիկա տարիների տեսլականն ու անելիքները մանկավարժական կրթության ճգնաժամի համատեքստում: Նա անդրադարձել է նաև դիմորդների թվի նվազման, ընդունելությունն այլընտրանքային եղանակով կազմակերպելու նոր փաթեթի մշակման անհրաժեշտության, հետազոտող ուսուցչի հրամայականի մասին հարցերին:

«Փոխվել են սովորողները, ուսուցման գործընթացը, սպասումները: Կրթական համակարգը ենթարկվել է տրանսֆորմացիայի. տրանսֆորմացիա է պահանջում նաև ուսուցչի դերը:Այս առումով նորարար, արագորեն զարգացող հասարակությունը պահանջում է լուրջ փոփոխություններ նաև մանկավարժական կրթության համակարգում: Փաստենք, որ մանկավարժական կրթությունը ճգնաժամ է ապրում»,-նշել է Սրբուհի Գևորգյանն ու հավելել, որ մանկավարժական մայր բուհն այս տեսանկյունից պետք է հանդես գա որպես մանկավարժական գործունեության գաղափարների մոդելների ստեղծող, նախաձեռնող:

Խոսելով ուսուցչի մասնագիտության յուրահատկությունների մասին` Սրբուհի Գևորգյանը անդրադարձել է նաև ժամանակակից մանկավարժական կրթության առջև ծառացած մարտահրավերներից բխող այլ խնդիրներին:

Ներկաները ռեկտորի թեկնածուին ուղղել են հարցեր, որոնք վերաբերում էին բուհ-դպրոց-շրջանավարտ կապին, միջգիտակարգային հետազոտություններին, դասախոսների մասնագիտական վերապատրաստումներին, ուսումնառության որակի ապահովմանը, ինչպես նաև հետազոտական ձեռքբերումները դպրոց հասցնելու հնարավորություններին, համընդհանուր ներառականության խնդիրներին և այլն:

ՀՊՄՀ-ի Խորհրդի նախագահ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, որպես պետության ներկայացուցիչ, վստահեցրել է, որ բուհը միայնակ չի կարող լուծել ծառացած խնդիրները և այդ գործում պետությունը մեծ անելիք ունի. «Պետք է մշակվի հատուկ պետական քաղաքականություն, լրացուցիչ գործիքակազմ, ինչի հետևանքով կկարողանանք ունենալ որակյալ ուսուցիչներ: Պետք է ցուցաբերվի համակցված մոտեցում` սկսելով ուսուցչի մասնագիտությունը գրավիչ դարձնելուց»,-հավելել է Խորհրդի նախագահը:

Վերջինս այն կարծիքին է, որ նոր խնդիրներ չավելացնելու համար պետք է համատեղ աշխատանք տանել, գտնել լավ ներուժ և փորձառություն ունեցող հաստատությունները և նրանց ներգրավվել այդ աշխատանքներում` դրական և կառուցողական մթնոլորտում:

«Մանկավարժական բուհը մեր երկրի համար ունի վճռորոշ նշանակություն: Յուրաքանչյուրիս աշխատանքից շատ բան է կախված»,-վստահեցրել է փոխնախարար Անդրեասյանն ու հույս հայտնել, որ արդյունքները երկար սպասեցնել չեն տա:

Ելույթ են ունեցել նաև խորհրդի անդամներ պրոֆեսորներ Էդվարդ Ղազարյանը, Լեմս Ներսիսյանը, Սամվել Պիպոյանը, Համլետ Հարությունյանը, խորհրդի քարտուղար Կամո Վարդանյանը և ուսանողական համակազամից՝ Համլետ Պետրոսյանը։

Փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով՝ միաձայն` 19 կողմ ձայնով, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանն ընտրվել է Մանկավարժական համալսարանի ռեկտոր: 1 քվեաթերթիկ անվավեր է համարվել՝ քվեարկության նշանը սահմանված կարգով չդնելու համար։ Խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նորընտիր ռեկտորին և նշել, որ միաձայն քվեարկությունն այն ամուր հիմքն է, որի վրա համատեղ կկատարեն ահռելի աշխատանք: Խորհրդի անունից Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է. «Խորհուրդը Ձեզ հետ գործելու է որպես մեկ թիմ: Ձեր հաջողությունները մեր հաջողություններն են»:

Սրբուհի Գևորգյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավելել, որ դա շատ պատվաբեր և պարտավորեցնող է: Նա ոգեշնչող է համարել Խորհրդի պատրաստակամությունը և ընդգծել՝ լիահույս է, որ բուհը կհաղթահարի մանկավարժական կրթության առջև ծառացած ճգնաժամը:

Խորհրդի անդամներն իրենց ելույթներում վստահեցրել են, որ Սրբուհի Գևորգյանի անցած գիտամանկավարժական ուղին, փորձառությունն ու գիտելիքները, երկարամյա նվիրումն  աշխատանքին միայն օգտակար կլինեն բուհի ղեկավարման գործում: Նրանք ևս մեկ անգամ պատրաստակամություն են հայտնել համախմբել ջանքերն ու աջակցել այս բարդ ժամանակներում բուհի ռազմակավրության իրագործմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter