HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 26 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Մարտի 22-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

18:23

⚡️Պուտինի մասին Բայդենի խոսքերի պատճառով Մոսկվայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

«Ընդգծվել է, որ ամերիկյան նախագահի նման հայտարարությունները, որոնք հարիր չեն այդքան բարձր կարգի պետական գործչին, ռուս-ամերիկյան հարաբերությունները դնում են խզման եզրին։ Զգուշացրել ենք, որ Ռուսաստանի դեմ ձեռնարկվող թշնամական գործողությունները կարժանան որոշիչ և կոշտ դիմադրության»։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին անվանել էր ռազմական հանցագործ։

18:14

Իտալական խոշորագույն Enel էներգակոնցեռնն առաջիկա ամիսների ընթացքում կլքի ռուսական շուկան։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ընկերության ղեկավար Ֆրանչեսկո Ստարաչեին։

Reuters-ի տվյալներով՝ Enel-ին է պատկանում «Энел Россия» հոլդինգի 56 %-ը, որը կառավարում է երեք կոնդենսացիոն էլեկտրակայան և երկու հողմաէլեկտրակայան։

18:02

⚡️Ռուսական դատարանը Meta-ն հայտարարել է ծայրահեղական կազմակերպություն և արգելել ընկերության սոցիալական ցանցերը՝ Facebook-ն ու Instagram-ը։

Արգելքի մասին որոշումն անհապաղ ենթակա է կատարման։ Այն չի անդրադառնա WhatsApp-ի վրա։

Եվ Facebook-ը, և Instagram-ն արդեն են իսկ արգելափակված են Ռուսաստանում։

17:51

Ուկրաինայում հայտարարել են ՏԻՄ հերթական ներկայացուցչի առևանգման մասին։ Այս անգամ ռուսաստանցի զինվորականների կողմից առևանգվել է Խարկովի մարզի Ցիրկունի գյուղի ղեկավար Նիկոլայ Սիկալենկոն։ 

17:36

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է առնվազն 557 ռուսաստանցի զինծառայող։ Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով լրատվամիջոցների տվյալներին, ՌԴ շրջանների իշխանություններին և սեփական տվյալներին։

Բացի 557 հաստատված դեպքերի, BBC-ն պարզել է ևս 38 զոհված զինծառայողների մասին։ Թե ինչքան է իրական թիվը, մինչև օրս անհայտ է։

ՌԴ ՊՆ-ն փետրվարի 24-ից ի վեր միայն մեկ անգամ է զոհերի թիվը հրապարակել։ Ըստ ռուսական պաշտոնական տվյալների՝ մարտի 2-ի դրությամբ Ռուսաստանն ուներ 498 զոհ։

17:18

Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դեսանտայիններին հետ է քաշում Ուկրաինայի հետ սահմանից

Բրեստի 38-րդ առանձին գվարդիական դեսանտա-գրոհային բրիգադի դեսանտայինները վերադարձել են մշտական տեղակայման վայրեր՝ Բելառուսի Հանրապետության պետական սահմանի անցակետերի ուժեղացման խնդիրների հաջող իրականացումից հետո»,- հայտարարել են նախարարությունում։

Մարտի 20-ին Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել էին, որ նախանշաններ են տեսնում, որ Բելառուսի զինված ուժերը պատրաստվում են ուղիղ ներխուժել Ուկրաինա։

Բրեստի դեսանտայինները երեք շաբաթ գտնվում էին Ուկրաինայի հետ սահմանին։ Բելառուսում պնդում էին, որ նրանք «ուժեղացնում են սահմանային հսկողությունը»։

17:02

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) էթիկայի հանձնաժողովը 6 ամսով որակազրկել է Սերգեյ Կարյակինին, որն աջակցել էր Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը։

16:54

Խարկովում, ռուսաստանցի զինծառայողների կողմից քաղաքի հրթիռակոծման հետևանքով, զոհվել է 96-ամյա Բորիս Ռոմանչենկոն, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է գերմանական համակենտրոնացման ճամբարների բանտարկյալ։ 

Այդ մասին հայտնել է The Insider-ը։

16:23

Խերսոնում ռուսական ներխուժման դեմ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ցուցարարների ուղղությամբ նետվել են լուսաձայնային նռնակներ։ Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները և հրապարակում տուժածների տեսանյութերը։

16:04

Մելիտոպոլի «Местные вести» մեդիահոլդինգի աշխատակիցներ Եվգենիա Բորանին, Յուլիա Ալխովսկուն և Լյուբով Չայկային, որոնց այսօր առավոտյան առևանգել էին ռուսաստանցի զինվորականները, անհրաժեշտ համագործակցության մասին զրույցից հետո ազատ են արձակել։ Դեռևս անհայտ է հրատարակիչ Միխայիլ Կումոկի գտնվելու վայրը։

15:54

Եվրամիության ընդլայնման և բարիդրացիության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարխելին հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովը անցել է ԵՄ Ուկրաինայի անդամակցության հայտնի գնահատականի կազմանը։ «Մենք կաշխատենք այնքան արագ, որքան կարող ենք»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Վարխելին՝ հստակ նշելով, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Ուկրաինային և նրա ժողովրդին։

15:33

Մելիտոպոլում ռուսաստանցի զինծառայողներն առևանգել են տեղի չորս լրագրողների։ 

«Եկան զինված մարդիկ, վերցրեցին նրանց և տարան անհայտ ուղղությամբ։ Ռուսաստանցիները փորձում են համագործակցության հասնել»,- գրում է «Местные новости»-ն։

15:16

Լատվիան նախատեսում է փակել իր նավահանգիստները ռուսական դրոշով նավերի համար։ Այդ մասին, ըստ Delfi-ի փոխանցման, TV3 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Լատվիայի հաղորդակցության նախարար Տալիս Լինկայստսը։ 

Նրա խոսքով՝ նախարարությունը նավահանգիստների ղեկավարությանը կոչ էր արել թույլ չտալ ռուսական դրոշներով նավերին մտնել նավահանգիստ, սակայն այդ կոչերը չեն լսվել։

«Ռուսական դրոշներով նավերը շարունակում են մտնել լատվիական նավահանգիստներ, ինչն իմ կարծիքով անընդունելի է, այդ իսկ պատճառով մենք կառավարությունում պատրաստում ենք համապատասխան որոշումը»։

Վատատեսական գնահատականներով, արգելքի պատճառով, Վենտսպիլսկի նավահանգստում բեռնաշրջանառությունը կկրճատվի 2/3-ով, Ռիգայում՝ մոտ 45 %-ով, Լիեպայում՝ 20-30 %-ով։ 

Լինկայտսը հավելել է, որ Լատվիան հույս ուներ, որ նավերի մուտքի արգելքը կտարածվի ԵՄ մակարդակով, սակայն «կան երկրներ, որոնք կտրականապես դեմ են հանդես գալիս դրան, այդ իսկ պատճառով ակնհայտ է, որ որոշումը տարածաշրջանային կլինի»։

Նախարարի խոսքով՝ սպասվում է, որ արգելքին կմիանան նաև Էստոնիան և Լիտվան։

14:53

«Մարիուպոլի վերահսկողության տակ վերցնումը երկու-երեք օրվա և նույնիսկ մեկ շաբաթվա խնդիր չէ»,- հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։ 

«Россия 1»-ի եթերում Պուշիլինը պատմել է, որ Մարիուպոլում դեռևս մնում է ուկրաինացի մի քանի հազար զինվորական։ 

14:35

The Washington Post, Financial Times, Dow Jones, The Economist և օտարերկրյա մյուս պարբերականները հանել են Ուկրաինայի և Ռուսաստանի ընթերցողների համար մի շարք նյութերի վճարովի հասանելիությունը։ 

«Մեր առաքելության և նպատակների մի մասը կայանում է նրանում, որ բարդ և դժվար ժամանակներում ապահովենք մարդկանց հասանելիությունը լրագրողական նյութերին, այդ իսկ պատճառով դրանք անվճար դարձնելը պարզ որոշում է։ <...> Չնայած նրան, որ մեզ չեն վճարի, մենք կարծում ենք, որ դա լավ է մեր լրագրության համար»,- հայտարարել է FT-ի կոմերցիոն տնօրեն Ջոն Սլեյդը։

14:17

Facebook-ի և Instagram-ի օգտատերի անվտանգությունը, Meta-ի ծայրահեղական կազմակերպություն ճանաչվելու պարագայում, չի կարող երաշխավորել ոչ դատախազությունը, ոչ էլ դատարանը։ Նման կարծիք է հայտնել «Ագորա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Պավել Չիկովը։

14:10

Մոսկվայում դատարանը քննում է ՌԴ գլխավոր դատախազության պահանջը, արգելելու Meta ընկերության գործունեությունը, «ծայրահեղական գործունեության իրականացման հիմքով»։

13:49

Օդեսան գիշերն արկակոծվել է։ Այդ մասին հայտարարել է Օդեսային մարզային պետական վարչակազմի ներկայացուցիչ Սերգեյ Բրատչուկը։ Վնասվել են մի քանի տներ, սակայն, նախնական տվյալներով, զոհեր և վիրավորներ չկան։

Բրատչուկի խոսքով՝ քաղաքը ռմբակոծվել է ռուսական նավերից։

13:46

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել ուղղված Գերմանիայի բնակիչներին

Տեսաուղերձի սկզբում Զելենսկին հեռախոսով միացրել է օդային տագնապի ազդանշանները։ Ըստ Զելենսկու՝ այդ ձայնն Ուկրաինայի բնակիչները լսում են ամեն րոպե, ամեն ժամ, ամեն օր։ Հետո Զելենսկին կոչ է արել մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։

13:42

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը հայտարարել է, որ ռուսական կողմի հետ համաձայնեցվել է փախստականների տարհանման ութ միջանցք։ Նա հավելել է, որ Մարիուպոլ մարդասիրական բեռ հասցնելը դեռևս անհնարին է։

13:40

Կիևում դարձյալ հայտարարվել է պարետային ժամ, որը կգործի 1,5 օր։ Այդ մասին հայտարարել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ 

«Վաղը չեն գործի խանութները, դեղատները, լցակայաններն ու հաստատությունները»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Կլիչկոն։

12:19

Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով՝ Կիևի Պոդոլսկի շրջանի գիշերային հրթիռակոծության հետևանքով, որտեղ այրվել էր առևտրային կենտրոնը, զոհվել է 8 մարդ։

12:02

Գենադի Տիմչենկոն մարտի 21-ից լքում է «Նովատեկի» տնօրենների խորհուրդը։

11:37

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ իր գերատեսչության ջանքերն ուղղված են նրան, որ արտասահմանյան ընկերություններին ստիպեն հեռանալ ռուսական շուկայից։ 

Ըստ նրա՝ խոսքը ոչ միայն խոշոր կոնցեռների, ինչպես, օրինակ, Nestle-ն և Danone-ն են, այլև փոքր և միջին ընկերություների հեռանալու մասին է։

11:29

Guardian-ը, հղում անելով Կիևում Agence France-Presse-ի թղթակցին, իր առցանց լուսաբանման մեջ հայտնում է, որ Կիևի առևտրի կենտրոնի հրթիռակոծման հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ։

Լրագրողի խոսքով՝ այդքան դիակ է ինքը տեսել պատահարի ժամանակ։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զոհերի վերաբերյալ դեռևս տվյալներ չի հրապարակել։

11:24

Բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հանդիպել է Լիտվայում Ուկրաինայի դեսպան Պետր Բեշտեի հետ և նրան ներկայացրել բելառուսական հակապատերազմական շարժման մասին։

Ինչպես նշվում է Տիխանովսկայայի տելեգրամյան ալիքում, նրանք քննարկել են Կալինովսկու անվան բելառուսական կամավորների գումարտակի գործունեությունը, որը մասնակցում է Կիևի ինքնապաշտպանությանը, ինչպես նաև Ուկրաինա մարդասիրական օգնության առաքումը։

11:19

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը վերացրել է «Сумыхимпром»-ի գործարանում առաջացած վթարը։ Վնասվել էր ամոնիակի պահեստներից մեկը, որի հետևանքով տեղի էր ունեցել արտահոսք։ Տեղական իշխանությունները հայտարարել էին, որ վթարի պատճառ էր դարձել արկակոծումը։

11:14

Սլովենիայի վարչապետ Յանշա Յանեզը հայտարարել է, որ իր երկիրն առաջիկայում Կիև կվերադարձնի իր դիվանագետներին։ 

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքը կմեկնեն միայն դիվանագիտական կորպուսի այն ներկայացուցիչները, որոնք համաձայնություն են հայտնել։

Յանեզը ԵՄ անդամ մյուս երկրներին ևս կոչ է արել իրենց դիվանագետներին վերադարձնել Ուկրաինա, որպեսզի այդպես իրենց աջակցությունը հայտնեն Ուկրաինային։

11:11

Զուգահեռաբար Ռուսաստանում պատրաստվում են այս տարվա սեպտեմբերից վերանայել որոշ շրջաններում նահանգապետների ուղիղ ընտրությունը։ Այդ մասին գրում է «Коммерсант»-ը։

Այս տարվա աշնանը նահանգապետների ուղիղ ընտրություն նախատեսվում է իրականացնել Վլադիմիրի, Տամբովի, Յարոսլավլի, Կալինինգրադի, Կիրովի, Նովգորոդի, Ռյազանի, Տոմսկի, Սարատովի և Սվերդլովի մարզերում, ինչպես նաև Կարելիայի, Բուրյաթիայի, Ուդմուրտիայի և Մարի Էլի հանրապետություններում։

11:09

Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը և քննարկում ռուսական նավթի դեմ էմբարգոյի հնարավորությունը։ Այդ մասին հայտնում են Reuters գործակալության աղբյուրները։

11:05

Ինչպե՞ս է Ուկրաինայում իրավիճակը գնահատում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը

  • Կիևից հյուսիս ընթանում են ծանր մարտեր։
  • Ռուսական զորքերը, որոնք հյուսիս-արևելքից հարձակվում են Կիևի ուղղությամբ, փակուղի են մտել։ Հյուսիս-արևմուտքից՝ Գոստոմելից հարձակվող ուժերը հետ են մղվել ուկրաինական զինուժի կողմից։ Ռուսական զորքերի մեծ մասը գտնվում է Կիևի կենտրոնից 25 կիլոմետր հեռավորության վրա։
  • Չնայած առաջընթացի շարունակական բացակայությանը՝ Կիևը շարունակում է մնալ Ռուսաստանի գլխավոր ռազմական թիրախը։ Հավանական է, որ ռուսական կողմն առաջիկա շաբաթներին հիմնական ուժերը կկենտրոնացնի քաղաքի շրջափակման վրա։

11:02

Այսօրվանից Չեռնիգովի մարզում պարետային ժամը կձգվի 20:00-06:00-ն։ Այդ ընթացքում կարգելվի լքել ապաստարանները կամ սեփական բնակարանները, եթե տվյալ անձը չունի հատուկ անցագիր։

11:00

Ի՞նչ է կատարվել մարտի 20-ի գիշերը` հակիրճ.

  • Ռուսաստանը առաջարկել է ուկրաինական զինվորականներին մարտի 21-ին՝ ժամը 10:00-12:00-ն, առանց զենքի և զինամթերքի լքել Մարիուպոլը։ Ուկրաինական իշխանությունները հրաժարվել են։
  • Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ արդեն վեց երկիր՝ Էստոնիան, Լիտվան, Գերմանիան, Լեհաստանը, Սլովակիան և Շվեդիան սկսել են Ռուսաստանի ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետաքննությունը։
  • Ուկրաինայի բոլոր շրջաններում արգելվել է տեսառեգիստրատորների կիրառումը, որպեսզի չբացահայտվի զորքերի տեղաշարժը։
  • Կիևի Սվյատոշինի շրջանում արկն ընկել է 10 հարկանի բնակելի շենքի վրա, 6 մարդ տուժել է։
  • Ֆրանսիայի իշխանությունները սառեցրել են ՌԴ ԿԲ 22 միլիարդ եվրոյի ակտիվները և արգելափակել ռուսաստանցիների 839 միլիոն եվրոյի սեփականությունը։
  • Ուկրաինայի իշխանությունների փոխանցմամբ՝ ռազմաճակատը «փաստացի կանգնել է», որովհետև կողմերից և ոչ մեկը բավարար ուժեր չունի իրավիճակի կտրուկ փոփոխության համար։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter