Հրանտ Բագրատյանն ապրիլ-մայիսին պատերազմի վերսկսման վտանգ է կանխատեսում
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Արցախի անկախության ճանաչման գործընթաց են սկսել, որի ստորագրահավաքին միացել են «բավականին հետաքրքիր մարդիկ»:
Այս մասին խորհրդարանում հրավիրված լսումներին ասաց Հրանտ Բագրատյանը: Նա կոչ արեց հանրությանը միանալ ու սատարել Արցախի անկախության ճանաչման գործընթացին:
«Մենք եղել ենք Արցախում, եղել ենք Արցախի խորհրդարանում, հանդիպել ենք բոլոր ֆրակցիաների հետ: Կարծում եմ, որ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի իշխանությունների հետ թև թևի տված ոչնչացնում են Արցախի Հանրապետության ճանաչման բոլոր հիմքերը, էրոզիայի են ենթարկում: Արցախի ղեկավարության հետ հանդիպումից հետո տպավորություն ստացանք, որ ոչինչ էլ չի արվում Արցախի ճանաչման ու նույնիսկ Միսնկի խմբի համանախագահների շրջանակում խնդիրը առաջ տանելու համար»,- ասաց Բագրատյանը:
Նախկին վարչապետը կոչ արեց իլյուզիաներով չապրել, ասաց՝ եթե հակառակորդն այս անգամ գազամուղն է պայթեցրել, ապա մյուս անգամ պարզապես կկտրեն կապն Արցախի հետ, ու դրանով ամեն ինչ կվերջանա:
«Մի քանի ժամ ժամանակ կտան ու ժողովրդին կասեն` դե դուրս եկեք ստեղից ու մենք էլ դուրս ենք գալու՝ առանց որևէ կասկածի: Ադրբեջանը 2022-ի բյուջեն ավելացնում է իրական թվերով՝ 22 %, Հայաստանը պակասեցնում 1 %-ով, մենք պաշտպանության բյուջեն ավելացրել ենք 11 %-ով, բայց գնաճն արդեն 12 % է: Հաճախ իմ ելույթներից հետո տարբեր մարմիններ են հրավիրում, ասում` իշմար ես տալիս, թե իբր մենք թույլ ենք, հա բա թույլ ենք, ձեր օրոք թույլ ենք, ոչ բյուջե կա, ոչ մի բան: Հիմա էլ ասում են` իբր իշմար եմ տալիս, Ադրբեջանը չի բացում կայքերը, չի տեսնում Հայաստանի բյուջեն ավելացել է, թե պակասել»,- ասաց նա:
Նախկին վարչապետն առաջարկեց սահմանամերձ գյուղերը վերածել ռազմական բնակավայրերի, որտեղ 16-60 տարեկան թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք կկարողանան կրակել, շաբաթական մեկ անգամ մարզանքների մասնակցեն:
«Կառուցեք կապսուլներ, հերիք է խրամատներ ստից փորեք, 3-5 մետր հաստությամբ բետոնից կապսուլներ սարքեք, որոնք ոչ մի բայրաքթար չի խփում: Պրեմիա եք ձեզ մենակ տալիս, 3-400 միլիոնի պատմություն է Հանրապետության բոլոր սահմաններում 100 նման կապսուլ կառուցելը»,- նշեց Հրանտ Բագրատյանը:
Բանախոսը պատերազմի վտանգ կանխատեսեց, ասաց, որ օրերը տաքանալուն պես պատերազմի հավանականությունն ավելի քան 50 % է:
«Փորձը ցույց է տալիս, որ թուրքը չի սիրում ցեխի մեջ թաղվել կռվելուց, վտանգը ավելի քան 50 % է, որ ապրիլ-մայիսին Հայաստանի վրա կլինի հարձակում, թող ես սխալվեմ, թող հաշվի առնենք այս սխալը և պատրաստվենք դրան: Ես կխնդրեի խորհրդարանական ընդդիմությանը սրա վրա ուշադրություն դարձնել, պատերազմի վտանգը 50 %-ից ավելի եմ համարում, ստից խոսակցությունները շատ շուտով ավարտվելու են, ոչ մի խաղաղություն, դեմարկացիա, դելիմիտացիա չի պատրաստվում հակառակորդն անել»,- եզրափակեց նա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել