HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Անժելա Էլիբեգովան պաշտոնյաներին կոչ է անում ընտանիքների հետ տեղափոխվել Խրամորթ

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան խորհրդարանական լսումներին Հայաստանի արտաքին քաղաքականությունը որոշողներին երեք հարց հղեց` ո՞րն է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Արցախի կարգավիճակի վերաբերյալ, ի՞նչ նախապայմանների շուրջ են բանակցում Թուրքիայի հետ, և ե՞րբ է Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվելու ռազմական հանցագործությունների համար:

«Եթե մենք դիտարկում ենք միայն Արցախի անկախությունը, որևէ պարագայում այն չենք դիտարկում Ադրբեջանի կազմում, ապա ինչո՞ւ եք դրա մասին մոռացել զգուշացնել ձեր թիմակիցներին, որոնք անառողջ համառությամբ շարունակում են մեզ հակառակը համոզել, եթե ձեզ մոտ անվերահսկելի ցանկություն է առաջանում նման մտքեր արտահայտելու, լրագրողներին մի պատմեք դրա մասին, հոսող ջրին պատմեք»,- ասաց նա:

Ադրբեջանագետը ենթադրեց, որ հավանաբար նման պաշտոնյաները չգիտեն հայ ժողովրդի պատմություն, աշխարհագրություն, ուստի օրինակներ ներկայացրեց, որ երբ չորրորդ դարում Ամարասի վանքը հիմնում էին, և երբ Մեսրոպ Մաշտոցը առաջին դպրոցը Արցախում հիմնեց, այն ժամանակ չէին կարող ենթադրել, որ կհայտնվեն ադրբեջանցիներ ու կասեն, որ դա իրենցն է:

«Ես կարող եմ ենթադրել, որ իրենք նույնիսկ հայկական Նախիջևանի պատմությունը չգիտեն, բայց դրանից ո՛չ Ջուղայի հայկական խաչքարերն են դադարում հայկական լինել, ո՛չ Ագուլիսի ավերված եկեղեցիները, ինչպես և Շուշին չի դադարում լինել հայկական՝ հայերի զանգվածային ջարդերից հետո: Եթե ձեզ հայկական Արցախը պետք չէ, մեզ պետք է, մեր երեխաներին պետք է, Մեսրոպ Մաշտոցին պետք է վերջիվերջո, հուսով եմ` տառաճանաչ եք և գիտեք՝ ով է նա»,- ասաց ադրբեջանագետը:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա բանակցություններին՝ բանախոսը հետաքրքրվեց՝ կան արդյոք նախապայմաններ, քանի որ եթե հայկական կողմը պնդում է, որ դրանք չկան, սակայն թուրք-ադրբեջանական կողմը հերթով դրանք բարձրաձայնում է, իսկ բանակցությունները շարունակվում են:

«Եթե չկան նախապայմաններ, պատմեք, տեսնենք՝ ինչ եք խոսում այդ բանակցությունների ժամանակ, ինչ է ձեզ առաջարկում մի պետություն, որը տարիուկես առաջ մեր տղաներին բայրաքթարներով ու վարձկաններով սպանում էր: Եթե էդքան վստահ եք, որ Ադրբեջանն իր կրակոցներով չի կարող ձեզ շեղել խաղաղության ճանապարհից, խնդրեմ, ձեր ընտանիքներով տեղափոխվեք Խրամորթ, ապրեք և ըմբոշխնեք ձեր բացած խաղաղության դարաշրջանի բոլոր պտուղները»,- նշեց նա:

Էլիբեգովան նաև հարց հնչեցրեց, թե երբ է Ադրբեջանը պատժվելու ռազմական հանցագործությունների համար, երբ է Ադրբեջանը հայտարարվելու որպես ագրեսոր և ենթարկվելու սանկցիաների:

«Ե՞րբ է բարձրացվելու Արցախի դեօկուպացիայի հարցը, 1,5 տարին կարծում եմ բավականաչափ ժամանակ է, որ ամբողջ ապացուցողական բազան հավաքեք և ներկայացնեք աշխարհին»,- եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter