HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 21-ին ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովում: Վեհաժողովի օրակարգի հիմնական ուղղվածությունը կլիմայական փոփոխությունների դեմ համախմբված պայքարն է, ինչը նաեւ տարբեր երկրների խորհրդարանների համակարգված աշխատանք է պահանջում:

Ինչպես հայտնում են ԱԺ լրատվականից, Ալեն Սիմոնյանը ելույթը սկսել է Ինդոնեզիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փուան Մահարանիին ուղղված շնորհակալական խոսքով:

Ելույթում ԱԺ նախագահն անդրադարձել է միջազգային գործընթացներում կլիմայի փոփոխության կողմնակի ազդեցությանը: Նա գործընկերներին տեղեկացրել է, որ Հայաստանն ակտիվ միջոցներ է ձեռնարկում կլիմայափոխության եւ մարդածին աղետների դեմ ուղղված  միջազգային հանրության ջանքերին նպաստելու ուղղությամբ:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանն ընդունել է Կլիմայափոխության գործողությունների ազգային հարմարվողականության ծրագիր, ինչը խորացնում է  համագործակցությունը ոլորտային նախաձեռնությունների միջեւ: Ներկայացնելով  կլիմայական խնդիրների հայաստանյան առանձնահատկությունները՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ միջազգային մի շարք համաձայնագրերի շրջանակներում ՀՀ կառավարությունը հաստատել է 2021-2030թթ. համար նախատեսված ներդրումների ծրագիրը, ինչը նպաստելու է արտանետումների մակարդակի նվազեցմանը եւ կանաչ գոտիների աճին:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը խթանում է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում վերականգնվող էներգիայի ավելացման քաղաքականությունը՝ հավելելով, որ իրականացվում են համապատասխան օրենսդրական բարեփոխումներ:

Հաշվի առնելով համաշխարհային բնապահպանական մարտահրավերները եւ դրանց անշրջելի ազդեցությունը կլիմայի վրա՝ ԱԺ նախագահը վերահաստատել է տվյալ հարցում  մեր պետության համագործակցային պատրաստակամությունն անդամ բոլոր պետությունների խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների հետ:

Եզրափակելով ելույթը՝ ԱԺ նախագահը շեշտել է, որ խորհրդարանները պատասխանատու են կոնվենցիաների եւ համաձայնագրերի, ինչպես նաեւ ազգային օրենսդրության բարեփոխումների  հարցերում, եւ Ազգային ժողովը պատշաճ վերահսկում է այս գործընթացները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter