HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 27 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Մարտի 23-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

21:08

Փարիզում Ռուսաստանի առաջին ալիքի նախկին հատուկ թղթակից Ժաննա Ագալակովան, որն աշխատանքից հեռացել էր պատերազմի սկզբում և հիմա գտնվում է Ֆրանսիայում, պատմել է իր հեռանալու պատճառների մասին։ Նրա ելույթից մի հատված հրապարակել է «Ազատություն» ռադիոկայանը։

21:01

Google-ը սկսել է գաղտնի դուրս բերել իր մոսկովյան գրասենյակի աշխատակիցներին։ Այդ մասին հայտնել են Bloomberg գործակալության աղբյուրները։ Ընդհանուր առմամբ, ընկերության գրասենյակում աշխատում էր 244 մարդ։

20:58

Վինիցայում և Չեռնովցիում օդային տագնապի ազդանշաններ են միացվել։

20:46

Լրագրող Ալեքսանդր Նևզորովի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ռուսական բանակի վերաբերյալ «ֆեյքերի տարածման համար»։

Քննչական կոմիտեի վարկածով՝ մարտի 9-ին Նևզորովը սոցիալական ցանցերում տարածել է «կեղծ տեղեկատվություն ՌԴ զինված ուժերի կողմից Մարիուպոլ քաղաքի ծննդատան մտածված հրթիռակոծության վերաբերյալ»։

ՔԿ-ն պարզում է Նևզորովի գտնվելու վայրը, որպեսզի անցկացնի քննչական և դատավարական գործողություններ։ Լրագրողի մեղավոր ճանաչման պարագայում՝ նրան սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում։

20:34

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ժողովրդական ոստիկանությունը հայտնել է ուկրաինական զորքերի ծովային հետևակի բրիգադներից մեկի «ամբողջական ապանացիֆիկացման» մասին։ Եվ բացատրել է, թե ինչ է դա նշանակում։ «Զինծառայողները գրավել են չորս տանկ, երկու զրահամեքենա, կապի «Harris» տեսակի երկու կոմպլեկտ»։

20:31

Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն հայտարարել է, որ Խերսոնում «գրեթե վերջացել են» դեղամիջոցներն ու սնունդը, իսկ ռուսական զորքերը հրաժարվում են մարդասիրական միջանցքներ բացել խաղաղ բնակիչների համար։

20:22

Ուկրաինական Hromadske հեռուստաընկերությունը հայտնել է, որ ազատ է արձակվել իր լրագրող Վիկտորիա Ռոշինան։ Ավելի վաղ, հեռուստաընկերության տվյալներով, նա ձերբակալվել էր Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կողմից։

«Մի քանի ժամ առաջ ռուսամետ ԶԼՄ-ներն ու տելեգրամյան ալիքները սկսել էին տեսանյութեր տարածել, որտեղ Վիկտորիա Ռոշինան հերքում է իրեն գերի վերցրած ռուսական ծառայությունների նկատմամբ պահանջները և նշում, որ նրանք իբր փրկել են իր կյանքը։ Այդ տեսագրությունը, որը դարձել է ազատ արձակման պայման, լրագրողն արել է ռուսական ուժայինների ճնշման տակ»,- հայտարարել է Hromadske-ն։

20:05

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորման գործընթացում «առաջընթացի տարրերի» մասին։

«Իմ տեղեկություններով, որոնք ստանում եմ տարբեր կողմերից, դիտարկվում են մի քանի հիմնական հարցերով դիվանագիտական առաջընթացի տարրերը։ Կան բավարար թեմաներ, որպեսզի հիմա դադարեցվեն մարտական գործողություններն ու սկսվեն լուրջ բանակցությունները»,- ասել է Գուտերիշը։

20:01

ՌԴ Պետդումայի «Միասնական Ռուսաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ օրենսդրական նախագիծ են շրջանառել, որով նախատեսվում է Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» մասնակիցներին ճանաչել մարտական գործողությունների վետերան։

19:51

Ռոսկոմնադզորը «Новая газета»-ի խմբագրությանը պաշտոնական գրավոր նախազգուշացում է տվել օրենքի խախտման համար։ Պատճառն առանց «արտասահմանյան գործակալ» մակնշման հասարակական կազմակերպության անվան կիրառումն է։ «Новая газета»-ն հայտնել է, որ դեռևս չի ստացել նախազգուշացման տեքստը։

Ռուսական օրենսդրությամբ սահմանված է, որ մեկ տարվա ընթացքում երկու անգամ նախազգուշացնելուց հետո, Ռոսկոմնադզորը կարող է դատարանի միջոցով պահանջել ԶԼՄ-ի գործունեության դադարեցումը։

19:36

Մոսկվայի քաղաքապետարանը հատկացրել է յոթ միլիարդ ռուբլի՝ քաղաքի բնակչությանը հասցեական սոցիալական օգնության տրամադրման համար։ Սա «պատժամիջոցներով ճնշումների պայմաններում» քաղաքացիներին աջակցության միջոցների փաթեթի մի մասն է։

19:28

Ինչպես նշվում է, հրթիռակոծվել է Դոնեցկի մարզի Կրամատորսկի օդակայանը։

19:19

Չեռնիգովում արդեն մեկ շաբաթ է էլեկտրականություն չկա, քաղաքը լքել է բնակչության կեսը

Չեռնիգովից, որտեղ մինչև պատերազմն ապրում էր 285 հազար մարդ, դուրս է եկել բնակչության կեսը։ Այդ մասին հայտնել է քաղաքապետ Վլադիսլավ Ատրոշենկոն։ Նրա խոսքով՝ քաղաքում հիմնականում մնացել են խնամքի կարիք ունեցող մարդիկ, որոնք գնալու տեղ չունեն։

Բացի այդ, նա հայտարարել է, որ Չեռնիգովում մեկ շաբաթից ավելին է էլեկտրականություն չկա։ «Եվ մենք այսօր նույնիսկ հնարավորություն չունենք վերականգնելու էլեկտրականությունը։ Եթե դա նույնիսկ տեխնիկապես հնարավոր լինի անել, դա բավարար է միայն մեկ, առավելագույնը երկու ժամվա համար»,- ասել է նա։

19:06

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմական նոր կադրեր է հրապարակել։

Լուսանկարներն ուղեկցվել են հետևյալ գրությամբ.

«Էլ ի՞նչ պետք է անեն բռնազավթիչները, էլ որքա՞ն մարդկանց նրանք պետք է սպանեն, որպեսզի Արևմուտքի, ՆԱՏՕ-ի առաջնորդները դրական պատասխանեն ոչ թռիչքային գոտի հայտարարելու ուկրաինական դիմումին կամ մեր երկրին տրամադրեն ինքնաթիռներ, որոնց կարիքը մենք ունենք»։

19:02

Ռուսաստանում duty free խանութները հայտնվել են կրիտիկական իրավիճակում՝ պահանջարկի կտրուկ անկման պատճառով։

18:57

Կիևը դարձել է «Փարիզի պատվավոր քաղաքացի»։ Ֆրանսիայի մայրաքաղաքի իշխանություններն առաջին անգամ նման կոչում են տվել ամբողջ քաղաքին, հայտնել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն։ Այսպես քաղաքային իշխանությունները որոշել են «իրենց աջակցությունը հայտնել ուկրաինական մայրաքաղաքին, որը պայքարում է իր ազատության համար»։

18:44

Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Բեզբորոդովը հակապատերազմական բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված ուսանողներին հայտարարել է, որ իրենք «խաչ են քաշում իրենց ապագայի վրա»։ Բացի այդ, նա սպառնացել է հեռացնել այն ուսանողներին, որոնք կմասնակցեն բողոքի նոր ցույցերին։

18:37

Ռուսաստանը խնդրել է մարտի 23-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում անցկացնել քվեարկություն՝ Ուկրաինայում մարդասիրական իրավիճակի վերաբերյալ բանաձևի նախագծի մասով։

18:28

⚡️Իտալիայի վարչապետն աջակցել է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցելուն

«Մենք ցանկանում ենք Ուկրաինային տալ Եվրոպայի հետ մերձենալու ճանապարհը։ Ուզում եմ ասել նախագահ Զելենսկուն, որ Իտալիան աջակցում է իր երկրին այդ ճանապարհին։ Իտալիան ցանկանում, որ Ուկրաինան անդամակցի Եվրամիությանը»,- հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին։

18:13

Դերասանուհի Մարիա Մաշկովան CNN-ին հայտարարել է, ոի իր հայրը՝ ռուսաստանցի դերասան Վլադիմիր Մաշկովը մեղադրել է իրեն «դավաճանության մեջ»՝ հակապատերազմական դիրքորոշման համար։ Նրա խոսքով՝ հայրն իրեն խնդրել է Միացյալ Նահանգներից վերադառնալ Ռուսաստան։

«Նա ինձ խնդրել է անմիջապես վերադառնալ Ռուսաստան, լինել դուստրերի հետ, լինել լավ ռուսաստանցի, ներողություն խնդրել դավաճանության համար, լինել ռուսաստանցիների հետ և օգնել պայքարել ուկրաինացի նացիստների դեմ»,- պատմել է դերասանուհին։

17:56

Ալեքսեյ Նավալնու փաստաբաններ Օլգա Միխայլովային և Վադիմ Կոբզևին ազատ են արձակել ոստիկանության բաժանմունքից։ Նրանց բերման էին ենթարկել դատարանի մոտից, երբ փաստաբանները լրագրողներին ճեպազրույց էին տալիս։ 

Հիշեցնենք, որ այսօր Նավալնին դատապարտվեց 9 տարվա ազատազրկման։

17:49

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում պատմության մեջ առաջին անգամ հնչում է Ուկրաինայի օրհներգը։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն։

17:34

Նախորդ գիշեր Նիկոլաևի նավահանգստին հարված է հասցվել։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ծովային նավահանգիստների վարչությունը։ Տեղի ունեցածի հետևանքով նավահանգստի ենթակառուցվածքներն էականորեն վնասվել են։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

17:31

⚡️Ուկրաինայի գրեթե ողջ տարածքում միացվել են օդային տագնապի ազդանշանները։

17:27

Միևնույն ժամանակ Ալեքսեյ Նավալնու սոցիալական ցանցերի էջերում հայտնվել է այսպիսի գրառում։

17:15

Պոկրովի բանտի մոտից բերման են ենթարկվել Ալեքսեյ Նավալնու փաստաբաններ Օլգա Միխայլովան և Վադիմ Կոբզևն այն բանից հետո, երբ սկսել են շփվել լրագրողների հետ։ Նրանց նստեցրել են ավտոզակեր և տարել։

РИА Новости-ն գրում է, որ փաստաբաններին բերման են ենթարկել այն բանից հետո, երբ նրանք «չեն իրականացրել ոստիկանության պահանջը` նիստից հետո ազատելու երթևեկելի հատվածը»։ TACC-ն էլ գրում է, որ նրանց բերման են ենթարկել «հարցազրույց տալու համար»։

17:04

Կիևի Վիշեգորոդի շրջանում անհետացել է ֆոտոլրագրող Մաքսիմ Լևինը։ Այդ մասին հայտնում է УНИАН-ը՝ հղում անելով Լևինի ընկերոջը՝ Մարկիյան Լիսեյկոյին։

16:57

BBC-ն, հղում անելով ուկրաինական կողմին, գրում է, որ Ուկրաինայի որոշ քաղաքներում մնացել է 3-4 օրվա սնունդ։

16:54

ՌԴ գերագույն դատարանը հրաժարվել է դադարեցնել «Мемориал» միջազգային պատմալուսավորչական կազմակերպության լուծարումը։

Ավելի վաղ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարգադրել էր դադարեցնել «Мемориал»-ի լուծարման որոշումը՝ ՄԻԵԴ-ում բողոքի ուսումնասիրման համար։

16:51

Նավալնին դատավճռի մասին.

«9 տարի։ Ինչպես ասում էին իմ սիրելի հեռուստասերիալի՝ «The Wire»-ի հերոսները. «You only do two days. Thatʼs the day you go in and the day you come out»։ Ես նույնիսկ շապիկ ունեի այդ կարգախոսով, սակայն բանտային իշխանություններն այն առգրավեցին՝ համարելով, որ գրառումը ծայրահեղական է»,- գրում է Тайга.инфо-ն։

16:43

«Սկզբում Լենինգրադը, հիմա՝ Խարկովը». շրջափակումը վերապրած կինը խոսում է ռուսական-ուկրաինական նոր պատերազմի մասին։ BBC-ի ռեպորտաժը

16:39

⚡️Ալեքսեյ Նավալնին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։

16:35

Բրիտանական լրատվամիջոցներն ուշադրություն են դարձրել մի տեսանյութի վրա, որտեղ Ուկրաինայի դրոշով երիտասարդ յախտսմեններ փորձում խանգարել թուրքական Բոդրում քաղաքի ափին մոտենալ «Սոլյարիս» զբոսանավին, որը կապում են Ռոման Աբրամովիչի հետ։ Տեսանյութն իր էջում տարածել է նաև ուկրաինացի նախկին դիվանագետ Ալեքսանդր Շերբան։

16:29

Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ Սերգեյ Շոյգուն պաշտոնից հեռացրել է ՌԴ 6-րդ բանակի հրամանատար Վլադիսլավ Երշովին։ Ըստ ուկրաինական կողմի պնդման՝ պատճառն Ուկրաինայում մեծ թվով մարտական կորուստներն են։

16:16

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով ելույթ է ունեցել Իտալիայի խորհրդարանի պատգամավորների առաջ

«Երբ մոտ մեկ շաբաթ առաջ ես ուղերձով հանդես եկա Ֆլորենցիայում հակապատերազմական ակցիայի մասնակիցների առաջ և ևս տասնյակ եվրոպական քաղաքներում, ես բոլոր իտալացիներին, բոլոր եվրոպացիներին խնդրեցի, որ հիշեն 79 թիվը։ Այդ պահի դրությամբ այդքան երեխա էր սպանվել Ուկրաինայում։ Հիմա՝ 117։ 38 երեխա այս մի քանի օրվա ընթացքում։ Այդպիսի գին ունի հապաղումը։ Հապաղումը Ռուսաստանի նկատմամբ ճնշում գործադրելու, որպեսզի նա դադարեցնի այս դաժան պատերազմը»,- ասել է Զելենսկին։

Նա նաև Իտալիային կոչ է արել «չլինել մարդասպանների համար հանգստավայր»։ «Դուք գիտեք նրանց, որոնք Ուկրաինա են բերել պատերազմը։ Լավ գիտեք նրանց, որոնք կոչ են անում պատերազմելու և նրանց, որոնք դա քարոզում են»,- ասել է Ուկրաինայի նախագահը՝ իտալական իշխանություններին կոչ անելով «արգելափակել բոլոր նրանց ակտիվները, որոնք Ռուսաստանում ունեն ազդեցություն, որպեսզի այդ ազդեցությունը օգտագործվի խաղաղության համար»։

15:50

Կիևում հրթիռ է ոչնչացվել, ենթադրաբար, Точка-У։ Այն ընկել է Դնեպր գետը։

Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն։

15:29

Կիևում հայտարարվել է օդային տագնապ։ Լսվում են պայթյուններ։ Այդ մասին հայտնում է Hromadske-ն՝ իր առցանց լուսաբանման մեջ։

15:26

Խերսոնում բնակիչները կրկին դուրս են եկել բողոքի ցույցի։ Ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, խաղաղ ցույցը ցրելու համար ռուսաստանցի զինվորականները կիրառել են արցունքաբեր գազ։

15:07

Վլադիմիր Զելենսկին խոսել է Հռոմի պապի հետ

Վլադիմիր Զելենսկին Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ քննարկել է Ուկրաինայում մարդասիրական իրավիճակը։ 

«Նորին սրբությանը պատմել եմ հումանիտար բարդ իրավիճակի և ռուսական զորքերի կողմից փրկարարական միջանցքների արգելափակման մասին։ Կողջունեինք Սուրբ Աթոռի միջնորդական դերը մարդկային տառապանքների դադարեցմանը։ Շնորհակալություն եմ հայտնել Ուկրաինայի և խաղաղության համար աղոթքների համար»,- գրել է Զելենսկին։ 

14:59

Oriflame-ը հայտարարել է, որ դադարեցնում է Ռուսաստանում ներդրումները և իր արտադրանքի առցանց վաճառքի հնարավորությունը ռուսաստանցի չգրանցված գնորդների համար։

14:55

Դմիտրի Պեսկովի պնդմամբ՝ Կրեմլում «բացարձակ անհերքելի փաստ» են համարում այն հանգամանքը, որ ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունն աջակցում է Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողությանն» ու Վլադիմիր Պուտինի քայլերը։ 

14:44

Դմիտրի Պեսկով. «Ռուս-ուկրաինական բանակցություններն ընթանում են ավելի դանդաղ և քիչ բովանդակային, քան ցանկալի կլիներ»

14:36

Չեռնիգովը մնացել է առանց լույսի և ջրի։ Այդ մասին հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը։ Քաղաքում գտնվում է մոտ 130 000 մարդ։ «Корреспондент.net»-ը գրում է, որ Չեռնիգովից Կիև տանող ճանապարհն ականապատված է։

14:23

Դեղագործական ևս մեկ խոշոր ընկերություն՝ Novartis-ը դադարեցրել է Ռուսաստանում նոր կլինիկական հետազտությունների մեկնարկը։ Պատճառն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումն է։

14:09

Օդեսան պատրաստվում է մարտերին: Լողափերին կառուցում են ամրաշինություններ և կանգնեցնում հակատանկային ոզնիներ։

13:54

Ուկրաինայի պաշտպանության նախարարություն. մեկ օրվա ընթացքում ռուսական կողմի կորուստների թիվը կազմել է մոտ 300

Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է, որ, գերատեսչության հաշվարկներով, մարտի 22-ի դրությամբ, ռուսական բանակի կորուստների թիվը հասել է մոտ 15 300-ի։ Նախօրեին ուկրաինական պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր ռուսական կողմի մոտ 15 000 կորուստների մասին։

Կորուստների մեջ Ուկրաինայի ՊՆ-ն հաշվում է ինչպես զոհերին, այնպես էլ վիրավորներին։

13:50

Ռուսաստանցի բժիշկներն իրենց գործունեության ընթացքում բախվել են ավելի քան 80 դեղամիջոցի պակասորդի հետ։ Այդ մասին գրում է «Ведомости»-ն՝ հղում անելով «Врачи.рф» մասնագիտացված կայքի իրականացրած հարցումների արդյունքներին։

13:35

ՌԴ տրանսպորտի նախարարություն. ռուսական ավիաընկերություններն այս պահի դրությամբ կորցրել են 78 ինքնաթիռ, որոնք ձերբակալվել են արտասահմանում։

13:24

«Новая газета»-ն և Դմիտրի Մուրատովը Նոբելյան մրցանակի ֆոնդի գումարը՝ մոտ 10 միլիոն դոլար փոխանցում են ուկրաինացի փախստականներին։

13:01

Կոնտեյների փոխադրման աշխարհի խոշորագույն ընկերությունը՝ Maersk-ը հայտարարել է Ռուսաստանում իր աշխատանքների փաստացի դադարեցման մասին, ինչը պայմանավորված է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ։

«Ներկա պահից սկսած Maersk-ը դադարեցնում է Ռուսաստանից և դեպի Ռուսաստանիր բոլոր ծառայություններում նոր ամրագրումների ընդունումը, ներառյալ օվկիանոսային, միջմայրցամաքային, երկաթուղային և ավիացիոն»,- նշվում է ընկերության հաղորդագրության մեջ, որը տարածվել է մարտի 21-ին։ 

Ճանապարհին գտնվող բեռները, Maersk-ը խոստացել է հասցնել ստացողներին։

12:56

ՌԴ Պետդումայում դեռևս չի մշակվում VPN-ծառայությունների կիրառման ժամանակ Facebook և Instagram սոցիալական ցանցերի օգտագործման օրենսդրական սահմանափակումների նախաձեռնությունը։ Այդ մասին հայտարարել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Խինշտեյնը։

12:49

Լուգանսկի, Դոնեցկի և Խարկովի մարզերի բազմաթիվ համայնքներում կորել է Vodafone-ի կապը

Այդ մասին մասնավորապես հայտնել է Սլավյանսկի քաղաքապետ Վադիմ Լյախը։ Նա հիշեցրել է, որ այդպիսի խնդրի առաջացման պարագայում, բավարար է անցել հասանելիության մեկ այլ կետի, ինչպես օրինակ, Lifecell-ն է։ Դրա համար սմարթֆոնի կարգավորումներում անհրաժեշտ է անջատել ցանցի ավտոմատ ընտրությունը։

Կապի անջատվելու մասին բողոքները զանգվածաբար հայտնվում են նաև Vodafone-ի ֆեսյբուքյան էջում։ 

Վարկածներից մեկի համաձայն՝ Պոկրովսկի շրջանում վնասվել է Պոկրովսկ-Պավլոգրադ կաբելը։

12:34

Ռուսաստանի բանկը հայտնել է, որ փետրվարին ռուսաստանցիները բանկերից հանել են 1,2 տրիլիոն ռուբլի։ Սա վերջին 14 տարվա համար ռեկորդային ցուցանիշ է։

12:21

Եվրատեսիլ 2021 երգի մրցույթի հաղթող իտալական Måneskin խումբը հրաժարվել է առաջիկա շրջագայության ընթացքում Ռուսաստանում համերգներ տալուց։ Պատճառն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն են։ 

12:15

ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի խորհրդային արտադրության ՀՕՊ համակարգեր։ Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը` հղում անելով կառավարության իր աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով՝ այդ սպառազինությունն ԱՄՆ-ն ձեռք էր բերել տեխնոլոգիական ուսումնասիրման գաղտնի ծրագրի շրջանակներում իր զինծառայողներին ուսուցանելու համար։

Խոսքը մասնավորապես «Оса» տիպի ցածր հեռահարության «երկիր-երկինք» զենիթահրթիռային համալիրի մասին է (NATO-ի դասակարգմամբ SA-8)։

Ինչպես նշում է WSJ-ի աղբյուրը, ուկրաինական զինծառայողները ստիպված չեն լինի սովորել դրանցից օգտվել, քանի որ այն արդեն իսկ նրանց հայտնի է։

ԱՄՆ-ն պաշտոնապես չի գաղտնազերծում, թե ինչ սպառազինություն է մատակարարում Ուկրաինային՝ միայն նշելով, որ այդ երկրին ուղարկվող ռազմական օգնությունը կազմում է ավելի քան մեկ միլիարդ դոլար։

12:10

S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հայտարարել է մինչև 2022 թվականի ապրիլի 15-ը ռուսական բոլոր ընկերությունների վարկանիշների չեղյալ հայտարարման մասին։

12:04

Պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայում զոհվել է 117 երեխա

Այդ մասին հայտնել են Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակից։ Ավելի քան 155 երեխա էլ վիրավորվել է։ 

Այս տվյալները վերջնական չեն՝ հաշվի առնելով մարտական գործողությունների վայրերից ստացվող տեղեկատվության ուշացումը։

11:55

Ուկրաինացի հաղորդավար Դմիտրի Գորդոնը տեսաուղերձ է հրապարակել, որտեղ, մասնավորապես, հայտարարել է, որ իր համար պատիվ է քրեական գործ ստանալ Ռուսաստանից, «ինչը նշանակում է, որ ես իմ աշխատանքն արդար եմ անում»։

«Ես ձեզնից չեմ վախենում»,- ասել է Գորդոնը՝ հավելելով, որ, իր տվյալներով, իր նկատմամբ քրեական գործի հարուցումն անձամբ հանձնարարել է Վլադիմիր Պուտինը։

Դիմելով Պուտինի՝ն Գորդոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահին սպասվում է «ոչ միայն երկրային, այլև երկնային դատարան»։

11:49

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը հայտնել է խաղաղ բնակչության տարհանման համար մարդասիրական միջանցքների մասին, որոնք պետք է գործեն այսօր։ Մասնավորապես, Մարիուպոլից մարդկանց կտարհանեն երեք միջանցքներով դեպի Զապորոժյե։

11:34

Մարտի 22-ի գիշերն արկակոծվել է Կրիվոյ Ռոգի արվարձաններից մեկը և Ժիտոմիրի մարզի երկու գյուղ։ Այդ մասին հայտնում է Hromadske-ն՝ հղում անելով տեղական իշխանությունների հայտարարությանը։ Երկու դեպքերում էլ նշվում է, որ վնասվել են շենքեր, բայց զոհեր և տուժածներ չկան։

11:21

ՌԴ ՊՆ առավոտյան ճեպազրույցը.

  • Ռուսական ստորաբաժանումները առաջ են շարժվել 6 կիլոմետրով և զբաղեցրել Ուրոժայնոյե գյուղը։ Մարտեր են ընթանում Ուկրաինայի բանակի 128-րդ առանձին լեռնագրոհային բրիգադի հետ։
  • «ԴԺՀ» ուժերն զբաղեցրել են Սլավնոյե, Տրուդովսկոյ, Շախտու Չելյուսկինցև և Մարինկու բնակավայրերը, մարտեր են ընթանում Կամենկա, Նովոսելովկա Վտորայա և Վերխնետորեցկի բնակավայրերի համար։
  • «ԼԺՀ» ուժերը վերահսկողություն են հաստատել Կալինովո Պոպասնի, Նովոալեքսանդրովկա, Ստեպնա և Բոգուսլավսկի բնակավայրերի նկատմամբ։
  • Ուկրաինայում «հատուկ գործողության» մեկնարկից ի վեր խոցվել է ուկրաինական 230 անօդաչու, զենիթահրթիային 181 համալիր, 1 528 տանկ և այլ զրահատեխնիկա, համազարկային կրակի 154 ռեակտիվ համակարգ, 602 հրետանի և ականանետ։

11:10

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ.

  • Չնայած ծանր մարտերին, ուկրաինական ուժերը շարունակում են հետ մղել Մարիուպոլը գրավելու ռուսական զորքերի փորձերը։
  • Ուկրաինայի մյուս հատվածներում հիմնականում չի գրանցվել ռուսական զորքերի էական տեղաշարժ։ Ուժերի մեծ մասը մնում են նույն տեղում։
  • Ուկրաինական որոշ քաղաքներ շարունակում են ենթարկվել ռուսական օդային և հրետանային ռմբակոծությունների։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 10 միլիոն ուկրաինացի ստիպված տեղահանվել են։

11:08

Ուկրաինայի զինված ուժերը մարտի 22-ի գիշերը հայտարարել են, որ իրենց հաջողվել է հետ վերադարձնել Մակարով քաղաքը, որը գտնվում է Կիևի մարզում և մայրաքաղաքից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա։ ՌԴ ՊՆ-ն չի մեկնաբանում այս տեղեկատվությունը։

11:05

Ֆինլանդիայի մաքսային ծառայությունը բերման է ենթարկել 21 զբոսանավ, որոնք կարող են պատկանել ռուսաստանցի գործարարներին կամ նրանց հետ կապ ունեցող ընկերություններին։ Եթե հաստատվի, որ զբոսանավերը կապված են պատժամիջոցների ցանկերում ներառված անձանց հետ, ապա դրանց վրա արգելանք կդրվի։

11:03

BBC News-ն իր առցանց լուսաբանման մեջ գրում է, որ վավերացրել է այն տեսանյութը, որտեղ երևում է Ուկրաինայում մարտական գործողությունների ժամանակ թերմոբարիկ (վակուումային) սպառազինության կիրառումը։ Համազարկային կրակի ТОС-1А «Солнцепек» ռեակտիվ համակարգից այդպիսի արկերի արձակման տեսանյութը հրապարակել էր Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ժողովրդական ոստիկանությունը։

11:00

Ի՞նչ է կատարվել մարտի 22-ի գիշերը` հակիրճ.

  • Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը պնդում է, որ ռուսական զորքերն ունեն սննդի, զինամթերքի և վառելիքի միայն երեք օրվա պաշար։ Այս տեղեկատվությունն ստուգել հնարավոր չէ։
  • Fitch վարկանիշային գործակալությունը կանխատեսում է, որ տարվա վերջին, պատերազմով և պատժամիջոցներով պայմանավորված, ռուսական տնտեսությունը կկրճատվի ավելի շատ, քան 1998 թվականի ճգնաժամի ժամանակ։
  • Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասի ու Ղրիմի շուրջ փոխզիջումները, որոնք ձեռք կբերվեն ՌԴ հետ բանակցությունների ժամանակ, վերջնական տեսքով կդրվեն հանրաքվեի։
  • ՄԱԿ. Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 975 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 75 երեխա։
  • ՌԴ քննչական կոմիտեն երեք հոդվածներով քրեական գործ է հարուցել ուկրաինացի հաղորդավար Դմիտրի Գորդոնի դեմ։
  • Ռոսկոմնադզորը ռուսական լրատվամիջոցներին արգելել է ցուցադրել Meta-ի, Facebook-ի և Instagram-ի տարբերանշանները։ Meta ընկերությանն էլ իրենց նյութերում լրատվամիջոցները պետք է մակնշեն որպես ՌԴ-ում արգելված կազմակերպություն։

Լուսանկարը՝ Aris Messinis/AFP/Getty Image

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter