HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԳԱԱ ԵԳԻ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում նշվեց Ջրի համաշխարհային օրը 

Գիտությունների ազգային  ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում նշվեց Ջրի համաշխարհային օրը: Սեմինար-միջոցառումը կազմակերպել էին Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը և «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ն:

ԳԱԱ լրատվական բաժնի փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցեցին Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության, Օրհուս կենտրոնի, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի,  Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցի, Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոցի, Գեղանիստի հիմնական դպրոցի ներկայացուցիչները:  

Ջրի համաշխարհային օրը նշվում է մարտի 22-ին: Այն սահմանվել է 1992 թ-ին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Ջրի համաշխարհային օրվա խորհուրդն է հրավիրել հանրության ուշադրությունը քաղցրահամ ջրի սահմանափակության և կարևորության վրա: 2022 թվականին ուշադրության կենտրոնում ստորերկրյա ջրերն են՝ «Անտեսանելի ռեսուրս, որի ազդեցությունը տեսանելի է ամենուր»: 

«Բնական ռեսուրսների մեջ, նախևառաջ, գնահատում ենք ջուրը, այն անփոխարինելի է: Ջուրն առկա է երկրագնդի բոլոր թաղանթներում: Այն կենդանի նյութի կարևորագույն բաղադրիչն է, առանց որի կյանքն անհնար է»,- ասաց Երկրաբանական թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանը: 

«Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի նախագահ Արևիկ Հովսեփյանը նշեց, որ Հայաստանն ունի տարեկան մոտ 4 միլիարդ խմ ստորգետնյա ջրային պաշար: «Ամենամեծը՝  Արարատյան արտեզյան ավազանն է, որը հարուստ է բարձրորակ ստորերկրյա ջրերով։  Արարատյան ավազանի ջրերը պիտանի են խմելու համար` առանց լրացուցիչ մաքրման, և դրանք համարվում են մեր երկրի համար խմելու ջրի ռազմավարական պաշար»,- ասաց նա: 

Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դոցենտ, «Վեոլիա ջուր» ընկերության բնապահպան, հիդրոերկրաբան Արտաշես Աղինյանը ներկայացրեց Երևանի ջրօգտագործման ապահովման համար ջրաղբյուրները և դրանց հիդրոերկրաբանական պայմանները: «Երևանի ջրամատակարարումն իրականացվում է միայն ստորերկրյա ջրերի ջրառով: Այստեղ մենք առավելություն ունենք, քանի որ ստերորկրյա ջրերն ավելի կայուն են, մաքուր և պաշտպանված մարդածին ազդեցությունից»,- նշեցնա: 

Արտաշես Աղինյանը նաև անդրադարձավ Արարատյան արտեզյան ավազանի խնդիրներին. «Հայաստանում խմելու ջրամատակարարման համար կատարվում է մոտ 21 հազար լիտր/վրկ ջրառ, իսկ Արարատյան դաշտավայրում ձկնաբուծարանների համար՝ 25 հազար լիտր/վրկ, ավելի շատ, քան ամբողջ Հայաստանի խմելու ջրամատակարարումը: Արարատյան դաշտավայրը համարվում է ապագա սերունդների շտեմարան, և մենք պետք է այդ ռեսուրսն ավելի արդյունավետ օգտագործենք, միայն որպես խմելու ջուր»: 

«Համաշխարհային ջրի պաշարներն այսօր անսպառ չեն, հատկապես՝ քաղցրահամ ջրերի: Կարևոր է աշակերտի էկոլոգիական դաստիարակության առանցքում դրվի այդ հարցը՝ ինչպես օգտագործել և խնայել քաղցրահամ ջուրը: Մենք ունենք քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար՝ Սևանա լիճը, որը պետք է պահենք ու պահպանենք»,- ասաց Երևանի Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Անուշ Խաչիկյանը։

Միջոցառման ժամանակ Արևիկ Հովսեփյանը մանկավարժներին նվիրեց «Ջրային էկոհամակարգերի բաղադրիչները» գրքերի հավաքածուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter